Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Նոյեմբերը մեզ մոտ ամենաաշնանային ամիսն է

Նոյեմբերը մեզ մոտ ամենաաշնանային ամիսն է
03.11.2023 | 07:36

Նոյեմբերն էլ եկավ։ Հետաքրքիր է՝ հուլիսին ոչ մի կերպ չես պատկերացնում, որ նոյեմբեր է գալու, իսկ նոյեմբերին թվում է, թե հուլիսը չի եղել՝ էն, որ գիշերը պատուհանները պատին տված շնչահեղձ պառկած ես խոնավ բարձի վրա ու շոգից տանջվում ես։ Կարծես քեզ հետ չի եղել։

Նոյեմբերը մեզ մոտ ամենաաշնանային ամիսն է՝ աշնան կուլմինացիան։ Տերևները նոյեմբերին ամենադեղինն են, ամենաչորացածն են, ամենամեռածն են, տխուր խշխշում են ոտքերիդ տակ։ Նոյեմբերյան ծիծաղն էլ է մի քիչ թախծոտ՝ աշնանային, ուրախությունն էլ է ցրտոտ՝ նոյեմբերյան։

Տան հեռավոր դարակներից կամաց-կամաց հանում ես տաք շորերը։ Դեռ չես հագնում, չես ուզում հանձնվել, բայց գիտես՝ ամեն օր կարող է պետք գան։

Աշնան երկինքը ծանր է, իսկ նոյեմբերին ամենածանրն է՝ մտքերը շատ վեր չեն բարձրանում, աշխատում են քեզնից շատ չհեռանալ։ Ուշ աշունն ինքնամփոփ է։ Շուտով ցրտերը կընկնեն, կփաթաթվես մտքերիդ մեջ, որ չմրսես։

Էն տարիներին նոյեմբերի մեկն ինձ համար նշանակում էր, որ Նոր տարվան երկու ամիս է մնացել։ Նոյեմբերից արդեն սկսում էինք սկյուռի նման պաշար հավաքել Նոր տարվա համար՝ տանձ, խնձոր, պոպոք-մոպոք, մանդարին։ Փաթաթում էինք թղթերի մեջ, ու տնից սկսում էր Նոր տարվա հոտ գալ։

Բայց հիմա նոյեմբերը, մի տեսակ, աննկատ է գալիս։ Դեկտեմբերն էլ աննկատ կգա-կանցնի, Նոր տարին էլ։ Առաջ ոչ մի Նոր տարի մյուսին նման չէր, իսկ հիմա իրարից չեն տարբերվում, կրակահերթի նման ճարճատում են սառն օդի մեջ ու քեզ տանում դեպի հավերժություն։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 11094

Մեկնաբանություններ