«Պուտինի Ռուսաստանը տեսանելի ապագայում մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը կլինի Եվրոպայում»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը, հավելելով, որ պաշտպանական քաղաքականությունը պետք է «հանգամանորեն համապատասխանեցվի այս իրականությանը»։ Նա կոչ է արել պաշտպանել եվրոպական աշխարհակարգը և Ռուսաստանի դեմ պայքարում ուժեղացնել աջակցությունն ՈՒկրաինային։               
 

«Ես Քոչարյանին այնտեղ չէի էլ փնտրում»

«Ես Քոչարյանին այնտեղ չէի էլ փնտրում»
23.09.2008 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ
-Պարոն Դալլաքյան, սեպտեմբերի 21-ին մասնակցե՞լ եք նախագահի ընդունելությանը` Անկախության օրվա առիթով:
-Այո՛:
-Ռոբերտ Քոչարյանի ժամանա՞կ էլ եք մասնակցել «նման բաների»:
-Ո՛չ:
-Ինչո՞ւ:
-2003-ին ես արդեն գնահատական տվել եմ:
-Հիշենք:
-2003-ի նախագահական ընտրությունները կեղծվել էին, և «Արդարություն» խմբակցությունը, որի քարտուղարն էի, հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ: ՈՒստի չեմ մասնակցել չընտրված նախագահի ինաուգուրացիային և մնացած հրավերներին:
-Պարոն Դալլաքյան, եթե իմ հիշողությունն ինձ չի դավաճանում, Սերժ Սարգսյանի մասով նույն բանն է ասվում:
-Որքան էլ ցավալի է, Ձեր հիշողությունն իսկապես դավաճանում է. «Արդարություն» խմբակցությունն այլևս չկա:
-Իսկ ընտրություններ կայի՞ն:
-Դարձյալ հիշողության կորուստ առաջացավ. 2003 թ. Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել` նախագահական ընտրությունների հետ կապված մեկ տարվա ընթացքում անցկացնել վստահության հանրաքվե, փոփոխություններ կատարել հանրաքվեի մասին օրենքում: Եվ եթե Դուք հիշում եք (հուսամ` հիշում եք)` 2004-ին «Արդարություն» դաշինքն «Ազգային միաբանության» և մյուս ուժերի հետ զանազան ակցիաներով պահանջում էր իրականացնել ՍԴ-ի որոշումը, ինչն ավարտվեց ապրիլի 12-ին` ժողովրդի նկատմամբ հանցագործությամբ: Իսկ 2008 թ. նախագահական ընտրությունների հետ կապված՝ Սահմանադրական դատարանը նման որոշում չի ընդունել:
-Կարելի՞ է ճակատային հարց:
-Խնդրեմ:
-Շնորհակալություն։ Ճի՞շտ է, որ ԱԺ կանոնակարգի հետ կապված պատմության «հետևում» Դուք էիք կանգնած։ Հիշենք. ԱԺ կանոնակարգի համաձայն ստեղծված հոկտեմբերի 27-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը հնարավորություն էր տալիս իմպիչմենտ հայտնել Քոչարյանին: Կանոնակարգային այդ ճեղքվածքը, ըստ լավատեղյակների, «բացել» էիք Դուք, Ձեր հետևում էլ կանգնած էր Սերժ Սարգսյանը: Այո՞ :
-Իմ թիկունքին (ոչ հետևում) միշտ էլ վանաձորցիներն են կանգնած, իսկ կանոնակարգային այդ փոփոխությունները, որոնք, իրոք, ես էի առաջարկել, և որոնք էլ ընդունել էր ԱԺ-ն, շատ տրամաբանական էին:
-Ձեր մասնակցությունը նախորդ օրվա նախագահական ընդունելությանն է՛լ ավելի «տրամաբանական» է դարձնում կանոնակարգի այդ «առաջարկները»:
-Սիրելիս, դարձյալ հիշողության խնդիր առաջացավ. ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հաղորդումը եղել է 2001 թ., իսկ երեկվա արարողությունը 2008-ին էր, կարծես թե յոթ տարվա տարբերություն կա արանքում:
-... Օրերից մի օր հարցազրույց էի անում «31»-ի գործով անցնող Արմեն Ռուստամյանի հետ, որը մեկուսարանում էր ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի օրոք։ Ա. Ռուստամյանն ասաց, որ վերջինս ոչ մի կապ չունի իրենց «նստեցման» հետ: Ձեզ ուղղում եմ իրեն ուղղված հարցը. Սերժ Սարգսյանի նկատմամբ «սերը» Ձեզ մոտ միանգամի՞ց է բռնկվել, թե՞ առաջացել է տարիների ընթացքում:
-Կարծում եմ, քաղաքական գործիչները պետք է հարգեն իրար, եթե անգամ չեն կիսում միմյանց տեսակետները: ՈՒրիշ ոչինչ:
-Իսկ նախորդ օրվա միջոցառումը լա՞վ անցավ:
-Նորմալ: Ես այնտեղ մնացել եմ ընդամենը քսան րոպե:
-Լրիվ բավարար է երջանիկ լինելու համար: Իսկ Քոչարյանին «էդ կողմերում պատահաբար» չտեսա՞ք:
-Ես նրան այնտեղ չէի էլ փնտրում: Բավարարեմ Ձեր հետաքրքրասիրությունը. ստացվել էր այնպես, որ ես գտնվում էի արվեստագետների շրջապատում` Արա Շիրազ, Կարեն Աղամյան, ակադեմիկոսներ:
-Որպես լոռեցի, որպես արվեստագետների ու ակադեմիկոսների շրջապատում գտնվող, որպես պատգամավոր, Ձեզ լա՞վ էիք զգում նախագահականում, մանավանդ որ անկախություն բերող տղերքից 75-ը գտնվում էին բանտերում: Անկախության օրը:
-Այդ մասով, իհարկե` ոչ: Ես չեմ սիրում ցուցադրական բաներ, բայց քանի որ «հիշողության» առումով հիմա էլ Ձեզ մոտ հետաքրքրասիրության խնդիր է առաջացել, ևս մեկ անգամ բավարարելով այդ հետաքրքրասիրությունը, ասեմ. այցելել եմ մեկուսարաններում գտնվող մեր գրեթե բոլոր ընկերներին` Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Գագիկ Ջհանգիրյանին, Ալեքսանդր Արզումանյանին... օրերս` Վանաձորի ՀՀՇ կառույցի ղեկավար Աշոտ Մանուկյանին:
-Վե՞րջը:
-Վերջը, կարծում եմ, երկրում պետք է իրականացվի լայնամասշտաբ համաներում:
-Ե՞րբ. որպես «օսոբեննո պրիբլիժյոննի կ իմպերատորու», պատահաբար չգիտե՞ք` ե՞րբ:
-ԱԺ ամբիոնից մի քանի անգամ հայտարարել եմ, որ համաներումն ու ներումը ճիշտ կլիներ իրականացվեր Անկախության օրվա առիթով` սեպտեմբերի 21-ին:
-Եթե հիշողությունս չի դավաճանում, այդ օրը Դուք նախագահականում էիք՝ «ա»: Եվ «բ»՝ այդ օրն արդեն ավարտվել է:
-Այո, այս հարցում Ձեր հիշողությունը Ձեզ չի դավաճանում, բայց տարին դեռ չի վերջացել, և չեմ բացառում, որ համաներում տեղի կունենա:
Ճեպազրույցը՝ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 2640

Մեկնաբանություններ