Որ ծանրամարտի Հայաստանի հավաքականն Անթալիայում ընթացող աշխարհի առաջնությունում, ինչպես կանխագուշակել էինք մեր նախորդ նյութում, պիտի բացեր ոսկե մեդալների հաշվարկը, իրականացավ: Որ Տիգրան Մարտիրոսյան կրտսերը, ինչպես ամիսներ առաջ ասել էինք մեր մեկ այլ նյութում, հաշիվներ ուներ փակելու չին Լու Քսայոյունի հետ ու փակեց, նույնպես իրականացավ` ապացուցելով, որ իր մասին «Տղա ունենք` աշխարհը չունի» մեր հոդվածի վերնագիրը ո՛չ տուրք էր գեղեցկախոսությանը, ո՛չ էլ ազգային սնապարծության արտահայտություն: Որ մեր ազգային հավաքականի անվիճելի առաջատարը խոսքի տերը եղավ` իր անձնական մարզիչ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, վաղամեռիկ Աշոտ Մխիթարյանի հիշատակը կհավերժացնի աշխարհի չեմպիոն դառնալով, դարձյալ իրականացավ: Սակայն թող տպավորություն չստեղծվի, թե առաջին երկու «որ»-երով մենք մեր կանխագուշակելու ունակությունն ենք ուզում շեշտած լինել (թեպետ գլուխ գովելու տեղ ունենք) և կամ մեր ոսկե տղայի բազմաթիվ լավ գծերից հատկապես մեկն ենք ուզում առաջ մղած լինել, որովհետև շատ ավելի առաջնայինն այս պարագայում այլ բան է` անկախ Հայաստանի պատմության մեջ Տիգրան Գևորգի Մարտիրոսյանն առաջին ծանրորդն է, ում հաջողվեց լինել առաջինն աշխարհում, ով կարողացավ Թուրքիայում հնչեցնել հայոց օրհներգը, վեր խոյացնել հայոց եռագույնը: Եթե կլինի մեկը, որը կասի, թե սրանից մեծ հայրենասիրություն կա, թող առաջինը քար նետի ինձ վրա:
Իսկ պայքարը չափազանց լարված էր: Իրականում այն սկսվել էր դեռևս Գոյանգից, որտեղ Քսայոյունին պարզապես հաջողվեց ոսկին խլել մեր ձեռքից: Եթե այն ժամանակ անակնկալի էֆեկտը գործեց, չինացիներն այս անգամ մեզ փորձեցին «վերցնել» հոգեբանական գրոհով. չինացու նախնական պատվերը` 170 կիլոգրամ, ժողովրդական բառուբանով ասած, կատու ձևել էր նշանակում: Բարեբախտաբար, մեր մարզչական խումբը կուլ չտվեց խայծը` առաջին մոտեցման համար ընտրելով ավելի «համեստ» քաշ` 165, թեպետ պատրաստ էինք ավելիին: Տեսնելով սա` չինացիներն արագ կողմնորոշվեցին և փորձեցին օգտվել իրենց մարզիկի անձնական քաշի ավելի թեթև լինելու գործոնից, ինչը հավասար արդյունքի դեպքում առավելություն է, ինչպես նաև նրանից, որ վիճակահանության արդյունքում Քսայոյունը մրցահարթակ էր դուրս գալու Տիգրանից հետո և հնարավորություն ուներ վերահսկելու մեր քայլերը: Կարճ կապելով ասենք, որ երկու մարզիկների երկու մոտեցումներն էլ ավարտվեցին հավասար ծանրության բարձրացմամբ: Երրորդ մոտեցումով Տիգրանը սանձեց 173 կիլոգամ կշռող ծանրաձողը, և հենց այստեղ էր, որ մրցակցի նյարդերը տեղի տվեցին. չինացին գրոհեց 175-ը: Բարձրացնելու դեպքում այն նրան երեք կիլոգրամի առավելությունն էր ապահովում (երևում է` կատուն ինչ-որ բան էր թստացել մեր տղայի գերազանց մարզավիճակի մասին): Չուրախանանք ուրիշի անհաջողության համար, սակայն չինացին մոտեցումը ձախողեց, և վերջնահաշվում ստացվեց մեր մրցակիցների պլանավորածի ճիշտ հակառակը: Արդեն այդ պահից պարզ դարձավ, որ երկամարտի ոսկին հաստատ մերն է, որովհետև չինացիներն իրենց հարմարավետ չեն զգում հետապնդողի դերում: Սակայն այս ավելորդ վստահությունը քիչ էր մնում չար կատակ խաղար մեզ հետ: Մանրամասների մեջ չմտնելով` ասենք, որ, երբ պահը վրա հասավ, մեր մարզչական խումբն էլ իր հերթին չինացիներին պարտադրված քայլ անելու փաստի առաջ կանգնեցրեց` Քսայոյունին ստիպելով գրոհել հաղթանակի համար պահանջվող 206-ը, ինչը նրա ուժերից վեր եղավ: Արդյունքում` երկու ոսկե և արծաթե մեկ մեդալով Տիգրան Մարտիրոսյանը մինչև 77 կիլոգրամ քաշային կարգում հռչակվեց աշխարհի թիվ մեկ մարզիկ: Թե այդ գիշեր Անթալիայում ինչ եղավ, սիրելի ընթերցող, թողնում եմ քո երևակայությանը, սակայն մի դիպվածի մասին չեմ կարող չհիշատակել: Ծանրամարտի երկրպագուների մի խումբ ու նրանց մեջ իմ վաղեմի բարեկամ ու ընկեր Համբարձում Մաթևոսյանը, հանգրվանել էին մի հյուրանոցում, որի ազգությամբ քուրդ տերը մերոնց հետ ողջ գիշեր վայրի քեֆ է արել ի պատիվ Տիգրան Մարտիրոսյանի հաղթանակի, մինչև առավոտ «քոքել» երաժշտությունն ամբողջ հարակից տարածքում (նրա իջևանատունը եղել է ադրբեջանցու և թուրքի պատկանող հյուրանոցների մեջտեղում), հետն էլ, ձենը գլուխը գցած, մարտակոչ հնչեցրել` ով հայերի հաղթանակի համար ուրախ չէ, ինձ հետ գործ կունենա:
Այսպիսի բաներ:
Նախորդ օրվա պես հաջորդ քաշային կարգի մրցումներն էլ մեզ համար սկսվեցին չափազանց հաջող: Պոկում վարժությունից ոսկե մեդալն արդեն գրպանում` Արա Խաչատրյանը մոտեցավ ծանրաձողին ու... Անասելիորեն ցավալի էր մեր մարզիկի ստացած վնասվածքը, ինչը նրան զրկեց մրցելույթը շարունակելու ու հաջորդ ոսկե մեդալը Հայաստան բերելու հնարավորությունից: Սա կատարյալ ողբերգություն էր, մանավանդ որ նախորդ օրն իր մրցելույթը ձախողել էր Գևորգ Դավթյանը` թիմին զրկելով օդի պես անհրաժեշտ միավորներից: Սակայն, ինչպես ասում են, եթե փորձանքը գալիս է, մենակ չի գալիս: Գևորգի անհաջողությունը զարմանալի զուգադիպությամբ, տրամաբանությամբ, տխուր հետևողականությամբ (ինչ բառ ուզում եք` ավելացրեք) կրկնեց և Տիգրան Մարտիրոսյան ավագը: Հետևումս նստած հանրահայտ ռուս մասնագետն անկարող եղավ դիմանալ: Արձագանքը հետևյալն էր. «Да что тут происходит? Что за безалаберность»: Եղածը շատ լուրջ վերլուծություն է պահանջում, ես էլ չեմ ուզում տաք գլխով «սառը» բաներ ասել (մոտավորապես պատվերով համերգի կարգի)` հուսալով, որ հարցը լուրջ քննարկման առարկա կդառնա համապատասխան օղակներում։ Բայց որ Լոնդոնի օլիմպիադային տղամարդկանց մեր ընտրանու մասնակցությունը լրջորեն վտանգված է, ցավալի փաստի վերածվելու իրողություն է դառնում: Հուսանք, որը հաջորդ տարի Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունում վիճակը փոքրիշատե կհաջողվի շտկել, և հավաքականի կազմավորման հարցում շատ ավելի լուրջ վերաբերմունք կլինի: Բավարարվենք, ուրեմն, այս կեսբերան ասվածով ու անցնենք առաջ:
Սեպտեմբերի 25-ին մենք դարձյալ ունեինք երկու մասնակից. մեկը Հռիփսիմե Խուրշուդյանն էր` կանանց ընտրանու վերջին ներկայացուցիչը, մյուսը` Գևորգ Պողոսյանը: Մեր աղջիկը պատվով լուծեց իր առջև դրված խնդիրը և ծանրամարտի մասին սիրողական մակարդակով դատող մարդը միայն կարող է մտածել, թե Հռիփսիմեի գրաված չորրորդ տեղը ցածր արդյունք է: Իրականում սա շատ բարձր արդյունք է իր համար նոր քաշային կարգ տեղափոխված մեր մարզուհու համար, որը գերծանրքաշայինի համար պարզապես ծտի քաշ ունի: Եվս գոնե մի տասը կիլոգրամ, ու մենք շատ լուրջ ասելիք կունենանք այստեղ: Համենայն դեպս, այսպես է կարծում հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, իսկ նրա մասնագիտական հմտությունը քննարկման ենթակա չէ: Մնում է, որ մարզուհին իր մարզչի` Արման Ղազարյանի հետ շարունակի հետևողական աշխատանքը, չթուլացնի տեմպերը: Ի դեպ, ասենք նաև, որ կանանց մեր ընտրանին Հռիփսիմեի հաջող ելույթից հետո մտավ լավագույն իննյակ և ամուր հիմք նախապատրաստեց լոնդոնյան օլիմպիադային լրիվ կազմով մասնակցելու համար: Ինչ վերաբերում է Գևորգ Պողոսյանին, նա թիմին կարևոր միավորներ բերեց, ինչը հաջողությամբ արեց և մինչև 105 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկած Արթուր Բաբայանը: Հանուն ճշմարտության պիտի ասել, որ գոնե այս մարզիկի ավելի լավ հանդես գալուն, մեր համոզմամբ, էապես խոչընդոտեց տղամարդկանց հավաքականի վատ մրցելույթը: Հնարավոր հերթական տհաճ անակնկալից խուսափելու համար բացահայտորեն ցածր քաշեր էր պատվիրվում առաջին մոտեցումներում, իսկ սա չէր կարող հոգեբանորեն չազդել ծանրորդի մրցելույթի վրա: Զուտ համեմատության համար ասեմ, որ ամիս-ամիսուկես առաջ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունում Արթուրը բարձրացրել էր 415 կիլոգրամ, իսկ այստեղ ընդամենը կրկնեց Եվրոպայի ընթացիկ տարվա առաջնությունում ցույց տված արդյունքը` 394 կիլոգրամ:
Վերջում դարձյալ չեմ կարող չանդրադառնալ տղամարդկանց ընտրանու ընդհանուր առմամբ չհաջողված մասնակցությանը: Ասելիքիս մեջ դարձյալ չեմ ուզում կոշտ լինել, բայց և ասում եմ` իսկ եթե, Աստված մի արասցե, Տիգրան Մարտիրոսյանի ոսկին չլինե՞ր...
Իհարկե, տխուր է, որ նյութն ավարտում ենք մռայլ նոտայով, թեպետ Անթալիայից խոսելու բավականին բան կա: Ի վերջո, աշխարհի առաջնությունը հո միայն հայերով չի սկսվում ու ավարտվում: ՈՒրիշների ելույթների մեջ էլ ուսանելի շատ բան կա: Եվ հետո, Անթալիան կարելի է ու պետք է ընթերցողին ներկայացնել նաև ուրիշ առումներով, սակայն այդ մասին մեր հաջորդ նյութում, իսկ գուցե և` նյութերում: Կարծում ենք` ընթերցողի համար հետաքրքիր կլինի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Անթալիա-Երևան