Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

«ՀՀ-Ն ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ՀԱՐՈՒՍՏ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՐՐՈՐԴ ՌԵՍՈՒՐՍ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԵՐԿՐԻ»

«ՀՀ-Ն ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ՀԱՐՈՒՍՏ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՐՐՈՐԴ ՌԵՍՈՒՐՍ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԵՐԿՐԻ»
12.03.2010 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԱ ՆՌԱՆՅԱՆԸ
-Իրո՞ք Հայաստանում ճգնաժամը հաղթահարված է, ինչպես հայտարարում են կառավարության ներկայացուցիչները, և իսկապե՞ս տնտեսական աճի ռեալ երաշխիքներ ունենք:
-Նայած ինչպե՞ս ենք գնահատում ներկա իրավիճակը, ի՞նչ դասեր ենք քաղել ճգնաժամից, ինչպե՞ս ենք պատրաստվում ճգնաժամից դուրս գալ: Ճգնաժամը վեր հանեց մեր տնտեսության կառուցվածքի բազում թերությունները: Կառավարությունը, ունենալով երկու ճանապարհ, գնաց ամենահեշտ ճանապարհով. գերադասեց ոչ թե կառուցվածքային, հաճախ ցավոտ բարեփոխումները, այլ արտաքին միջոցներ ներգրավելուց հետո սկսեց սպասել մինչև ճգնաժամը հաղթահարվի ամբողջ աշխարհում, ինչը դրական ազդեցություն կունենա նաև Հայաստանի վրա:
-Այսինքն` սպասում ենք, որ վերադառնանք այն վիճակին, ինչ առաջ կա՞ր, դա հնարավո՞ր է:
-Այսօր կառավարության քայլերը համահունչ չեն երկրի առջև կանգնած մարտահրավերներին: Ավելին` կառավարության քայլերը ճգնաժամածին են: Եթե նույնիսկ կարողանանք դիմակայել այս ցնցումներին և վերադառնանք 2008-ի իրավիճակին, հաջորդ ճգնաժամը կլինի ավելի ավերիչ և խոր: Իշխանության որոշ ներկայացուցիչների հայտարարությունները չեն համապատասխանում նույնիսկ կառավարության քաղաքականության արդյունքներին` մենք չենք ձևավորել նոր տնտեսակարգ, չենք մտել տնտեսական զարգացման երրորդ փուլ: Մեր տնտեսության առաջին փուլն անցումային շրջանն էր` խորհրդայինից անկախ Հայաստանի տնտեսական համակարգի ձևավորումը, 90-ականի կեսերից անցանք վերականգնողական շրջանի: Եկել է երրորդ շրջանի անհրաժեշտությունը` արդյունաբերական և զարգացման քաղաքականություն իրագործելու ժամանակն է արդեն: Կառավարությունը երրորդ փուլ մտնելու և, ճգնաժամից օգտվելով, անհրաժեշտ կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու փոխարեն փորձում է երկիրը վերադարձնել նախկին վիճակին: Երևի կառավարության ներկայացուցիչները ճգնաժամի հաղթահարում են համարում 2-3 ամսում 1,5 միլիարդ դոլարից ավելի վարկ բերելը և բյուջետային դեֆիցիտը ծածկելն ու դրամի շուկայում փոխարժեքը պահելը: Ակնհայտ է, որ 2011 թ. ճգնաժամը շարունակվելու է:
-Նույնիսկ եթե աշխարհում հաղթահարվի՞, ինչո՞ւ է շարունակվելու:
-Որովհետև ռեսուրսների մի մասն օգտագործվեց 2009 թ. բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար, մի մասը` 2010-ի համար կօգտագործվի: Եթե փոփոխություն չեղավ, ստիպված ենք լինելու ներգրավել վարկային նոր միջոցներ կամ շատ ավելի փոքր բյուջե ենք ունենալու: Կարծում եմ` կառավարությունը չի գնա բյուջետային ծախսերի կրճատման և կներգրավի վարկային նոր միջոցներ, իսկ դա նշանակում է, որ մեր տնտեսական պրոբլեմները կշարունակվեն: Շարունակում է մեծ մնալ արտահանման և ներմուծման տարբերությունը, տրանսֆերտները չեն աճում, իսկ դա նշանակում է, որ կառավարությունը պետք է տարադրամի պաշարները վատնի շուկայում փոխարժեքը պահելու համար, կամ էլ դոլարի փոխարժեքը շարունակելու է բարձրանալ: Այդ դեպքում ՀՆԱ-ի կառուցվածքում արտաքին պարտքի տեսակարար կշիռը կաճի և կգերազանցի հոգեբանական ու տնտեսական վտանգավորություն ունեցող 50 տոկոսի սահմանագիծը:
-Կառավարությունը որպես նվաճում է ներկայացնում, որ ճգնաժամի պայմաններում կենսաթոշակներն ու աշխատավարձերը չեն կրճատվում ու վճարվում են ժամանակին, իրո՞ք նվաճում է, երբ այլ երկրներում, ճգնաժամի պայմաններում, կենսաթոշակները բարձրացվում են:
-Ճգնաժամի պատճառով նվազեց գնողունակությունը, 2009 թ. տրանսֆերտների անկումը գրեթե 40 տոկոս էր, քաղաքացիների գրպանի պարունակությունը կտրուկ նվազեց: Կառավարությունը ոչինչ չարեց ինդեքսավորման, կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացման համար: Գուցե տարօրինակ է, բայց գործարարները կողմնակից էին ոչ թե արտոնյալ վարկերին, այլ քաղաքացիների եկամուտների բարձրացմանը, որովհետև ունեին արտադրանքի և ծառայությունների սպառման խնդիր: Կառավարությունն այդ ճանապարհով չգնաց` վախենալով գնաճից:
-Բայց գները, միևնույն է, անշեղ աճում են:
-Գազի գնի բարձրացումից հետո ոչ ոք չի կարող կանխատեսել, թե թանկացումներն ուր կհասնեն: Խնդիրը կանխիկ աշխատավարձը բարձրացնելը չէ, այլ աշխատատեղ ստեղծելը: Ամենակարևոր խնդիրը տնտեսական քաղաքականության փոփոխությունն է, տնտեսական մրցակցության պայմանների ստեղծումը: Ճգնաժամը նաև ապացուցեց, որ փոքր ու միջին բիզնեսը շատ ավելի ճկուն է և հեշտ է վերակառուցում իր գործունեությունը, սակայն մենք ոչինչ չարեցինք նրանց զարգացման համար: Հայաստանը շարունակում է ոչ բարենպաստ դաշտ լինել գործարարության, ներդրումների համար:
-Կենսաթոշակային գործող համակարգն այսօրվա պահանջներին համապատասխանո՞ւմ է:
-Մենք ունենք խորհրդային կարգերից մնացած կենսաթոշակային համակարգ, որը չի ապահովում կենսաթոշակների վճարման արդարության սկզբունքը, չի խրախուսում քաղաքացիներին` իրենց եկամուտները ցույց տալ, չի ապահովում արժանապատիվ կյանքին բավարարող կենսաթոշակ: Հավելենք, որ գրանցված աշխատողների քանակը հավասար է կենսաթոշակառուների թվին և այդ պատճառով կենսաթոշակային հիմնադրամի ռեսուրսները չեն բավարարում կենսաթոշակների բարձրացմանը:
-Կառավարությունն առաջարկում է համակարգի բարեփոխում, ի՞նչ է դա բերում:
-Կառավարությունն առաջարկում է ծայրահեղ նեոլիբերալ ճանապարհ` կենսաթոշակային հիմնադրամի մասնավորեցում:
-Ի՞նչ է դա նշանակում:
-Ըստ կառավարության ներկայացրած փաթեթի` քաղաքացիներն ամբողջ բեռը պիտի վերցնեն իրենց վրա. 26 տոկոսը որպես միասնական եկամտահարկ վճարվելու է պետական բյուջե, ևս 5 տոկոսը վճարվելու է մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներին: Սա ավելի մեծ բեռ է, քան այսօր: Լրացուցիչ 5 տոկոս էլ փոխանցվելու է քաղաքացու հաշվին պետական բյուջեից, որը, ըստ էության, նույնպես քաղաքացիների գումարն է: Այդ 5 տոկոսը լրացուցիչ բեռ է պետական բյուջեի համար և խախտելու է կառավարության հռչակած արդարության սկզբունքը, քանի որ, հավաքելով գումարներ ամբողջ հասարակությունից, դրանք ուղղելու ենք բացառապես աշխատողներին: Կառավարությունը զրկվելու է լրացուցիչ սոցիալական և ներդրումային ծրագրերի հնարավորությունից: Գումարները հավաքագրվելու են քաղաքացիների անհատական հաշիվներում և կառավարվելու են կառավարչի կողմից, որը գումարները տեղակայելու է տարբեր ֆինանսական շուկաներում` հավելյալ եկամտի ակնկալիքով:
-Ֆինանսական շուկաների մոնիթորինգ, կառավարչի գործողությունների վերահսկողություն ո՞վ է իրականացնելու: Խնդիրը քաղաքացու կենսաթոշակի բարձրացո՞ւմն է, թե՞ ֆինանսական շուկաների հարստացումը:
-Քանի որ Հայաստանի տնտեսությունն ի վիճակի չի լինելու կլանել այդքան գումար, օրենսդրական փաթեթով նախատեսված է, որ գումարների մի մասը տեղաբաշխվելու է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրներում: ՀՀ-ն, ունենալով հետամնաց երկրի տնտեսական կառուցվածք, արտահանում է աշխատուժ և հումք, և հիմա վերածվում է հարուստ երկրների համար երրորդ ռեսուրս արտահանող երկրի: Երբ քաղաքացին անցնի կենսաթոշակային տարիքի, իր հաշվեհամարում կուտակված գումարը, որը հայտնի չէ` ավելի, թե պակաս է լինելու հավաքագրվածից, որովհետև ֆինանսական շուկաների ցնցումները կարող են գումարը նվազեցնել, ապահովագրական ընկերություններից գնելու է իր կենսաթոշակը: Եթե ենթադրենք, որ 25 տարի միջին աշխատավարձ ստանալու պայմաններում նոր համակարգով քաղաքացին անցնելու է թոշակի, ապա կուտակված գումարը` 3 միլիոն դրամը, որի ճակատագիրն այդ 25 տարիներին անորոշ է, չնչին գումար է տարեկան կտրվածքով: Այսօր որևէ ապահովագրական ընկերություն չի կարող ասել, թե ինչ գումար է պատրաստ վճարելու քաղաքացու ամբողջ կյանքի ընթացքում:
-Իսկ եթե 65 տարեկանում վախճանվե՞ց:
-Օրինագիծը թույլ է տալիս գումարները ժառանգել:
-Իսկ եթե ժառանգ չունի՞:
-Դա ծագող միակ խնդիրը չէ: Ոչ ոք չգիտի` ինչքան է կազմելու մասնավոր կենսաթոշակը: Կառավարությունն առաջարկում է հասարակությանը վճարել նաև սոցիալական նվազագույն կենսաթոշակը, որը հավասար է նվազագույն կենսազամբյուղին: Հաշվարկները ցույց են տալիս, որ սոցիալական նվազագույն կենսաթոշակն ավելի բարձր է լինելու մասնավորից, ուստի հարց է ծագում` ի՞նչ կարիք կա հավելյալ գումարներ ուղղելու ֆինանսական շուկաներ` անհասկանալի ելքով: Կառավարությունն առաջարկում է նաև կամավոր կուտակային համակարգ ստեղծել, որտեղ քաղաքացիները կարող են իրենց ցանկությամբ լրացուցիչ մասհանումներ կատարել: Բազմաստիճան համակարգի պայմաններում կառավարությունը ենթադրում է, որ կենսաթոշակը կարող է լինել ավելի բարձր, քան այսօր է: Փաստորեն, Հայաստանում իրականացվում է պետության ֆունկցիաները մասնավորին հանձնելու գործընթաց` օրեցօր պետության պարտավորությունները նվազում են քաղաքացու հանդեպ:
-Տպավորությունը` գնա` չգիտեմ ուր, բեր` չգիտեմ ինչ, մի կողմից, մյուս կողմից` իսկապես կա բարեփոխման անհրաժեշտություն, ո՞րն է ելքը: Ի՞նչ համակարգ է գործում այլ երկրներում:
-Այս համակարգը ներդրվել է Լատինական Ամերիկայի երկրներում և ձախողվել է: Դա ընդունում են նաև փաթեթը ներկայացնողները: Ներդրվել է մի քանի զարգացող պետություններում, օրինակ` Մակեդոնիայում, արդյունքների մասին վաղ է խոսել: Ինչպե՞ս լուծել խնդիրը: ՀՀ տնտեսական քաղաքականությունը չի նպաստում աշխատատեղերի ստեղծմանը, տարեկան մոտ 100000 մարդ մեկնում է արտագնա աշխատանքի, թաքցված զբաղվածությունը պաշտոնական տվյալներով կազմում է 250000 մարդ: Այս ռեսուրսները մենք չենք օգտագործում: Կառավարությունն ասում է, որ այս քաղաքացիներին կարելի է խրախուսել նոր համակարգով, սակայն նրանց եկամուտների հայտարարագրումը կարելի է խրախուսել նաև այլ ճանապարհով: Ամբողջ խնդիրը տնտեսական քաղաքականությունն է, որը պետք է ապահովի ժողովրդագրական խնդիրների լուծումը, խթանի ծնելիությունը, նպաստի աշխատատեղերի ստեղծմանը, ներգաղթին, և, իհարկե, կենսաթոշակային համակարգի բարեփոխմանը: Մենք առաջարկում ենք կիրառել պայմանական կուտակային համակարգ:
-Ո՞րն է այդ համակարգի տարբերությունը կառավարության առաջարկածից:
-Պայմանական կուտակային համակարգում գումարները հաշվեգրվում են, բայց չեն կուտակվում. գործում է սերունդների համերաշխության սկզբունքը` այսօրվա քաղաքացիները վճարում են այսօրվա կենսաթոշակառուներին, իսկ գումարները հաշվեգրվում են նրանց հաշվեհամարներին: Մենք կողմնակից ենք զուգահեռաբար կամավոր մասնավոր կուտակային համակարգի ներդրմանը: Մեր առաջարկած մոդելը նման է ԱՄՆ-ում գործող մոդելին, որտեղ կա պետական կենսաթոշակային համակարգ, իսկ քաղաքացիները, ցանկության դեպքում, կարող են օգտվել այն հնարավորությունից, որը տալիս են օրենսդրությունը և ֆինանսական շուկան, բայց այս պարագայում չկա պարտադրանք, և ռիսկը բացառապես քաղաքացունն է:
-Ե՞րբ է նախատեսվում համակարգը ներդնել:
-Ծրագիրը ներդնելու թվականը մշտապես հետաձգվել է: Փաթեթը մշակել է Կենտրոնական բանկը, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովում ստանալով դրական կարծիք` ներկայացվել է ԱԺ-ի քննարկմանը: Ներդրում նախատեսվում է 2011-ից: Մի քանի օր առաջ ՀՀ նախագահը հրավիրել էր խորհրդակցություն այս հարցով և տվել մի շարք հանձնարարականներ: Կարծում եմ` հիմնախնդիրն այնքան լուրջ է, որ, հավանաբար, այն չի ներդրվի նաև 2011 թվականին:
-Փաթեթը վերաբերում է այն մարդուն, որը բոլորել է 65-ը և ավելին, երբ կան ոչ միայն սոցիալական, այլև առողջական, բարոյահոգեբանական խնդիրներ, այդ տարիքում մարդն այլևս մրցունակ չէ աշխատաշուկայում, եթե նույնիսկ առողջությունը թույլ տա աշխատել: Ի՞նչ անի այդ քաղաքացին, որ տարիներ շարունակ հարկ է վճարել ծերության օրերին արժանապատիվ ապրելու համար ու գործնականում մատնվում է կիսաքաղց կյանքի: Պատգամավորները հանձն կառնե՞ն անմեղ մարդկանց դատավճռի պատասխանատվությունը:
- Սա այն հարցը չէ, որ կոալիցիոն համերաշխություն դրսևորվի, այս խնդիրը վերաբերում է բոլորին: Կողմնակիցներ և հակառակորդներ համակարգն ունի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մեջ: Այս խնդիրը սերունդներին է վերաբերում, և կարևորը քաղաքական կողմնորոշումը չէ: Մի կողմից անհրաժեշտ է երիտասարդներին ճանապարհ տալ, մյուս կողմից` տարեցներին ուղարկում ենք թոշակի` լավ իմանալով, որ ի վիճակի են աշխատելու, որ նրանց փորձը, գիտելիքները շատ ավելին են, քան ի վիճակի են երիտասարդները տալ, և նրանք դեռ կարող են աշխատել: Ի վերջո, նրանց թոշակի ուղարկելով, ավելացնում ենք կենսաթոշակային հիմնադրամի բեռը: Ոչ մի զարգացած պետություն 60-ն անց մարդուն չի ուղարկում թոշակի, եթե նա ի վիճակի է և ցանկանում է աշխատել: Հայաստանում պարտադրված են ուղարկելու, որովհետև քիչ են աշխատատեղերը: Մենք փորձում ենք ոչ թե խնդիրը լուծել, այլ պահի իրավիճակային ելքը գտնել և հեռանկարային զարգացման հիմքեր չենք ստեղծում:
-Այդ համակարգը Հայաստանին պարտադրվո՞ւմ է, ինչպես ՀԲ-ի, ԱՄՀ-ի տարբեր ծրագրեր, թե՞ ներքին ազնիվ պոռթկման արդյունք է:
-ԱՄՀ-ը և ՀԲ-ն աղքատության հաղթահարման ռազմավարական երկրորդ ծրագրի քննարկման ժամանակ իրենց զեկույցում քննադատել էին կառավարության` մասնավոր պարտադիր կուտակային համակարգ ձևավորելու ցանկությունը, կարծիք հայտնելով, որ ՀՀ-ում ֆինանսական շուկան կայացած չէ, և համակարգը ռիսկային է: Պարտադրանք չկա, կա որոշակի պարտավորություն միջազգային որոշ ընկերությունների առջև` հանուն ֆինանսական շուկայի առողջացման:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1361

Մեկնաբանություններ