«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Թուրքիան միլիոններ է ծախսում Հայոց ցեղասպանությունը կոծկելու համար

Թուրքիան միլիոններ է ծախսում Հայոց ցեղասպանությունը կոծկելու համար
13.03.2009 | 00:00

ԺԽՏՈՂԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
(սկիզբը` թիվ 14 և 16-ում)
ՀԱՄՈԶԵԼՈՎ ԿՈՆԳՐԵՍԻՆ
Հայոց ցեղասպանության հիշողությունը ջնջելու նպատակով Ամերիկայում Թուրքիայի ծավալած արշավի երկու գլխավոր ճակատներից մեկը գիտական շրջանակներն է: Մյուսը Կոնգրեսն է:
Թուրքիան, որպես այդ անհանգիստ տարածաշրջանի միակ մահմեդական երկիր, որ ԱՄՆ-ին և Իսրայելին իր դաշնակիցներն է անվանում, իր քաղաքական զգալի ազդեցությունն օգտագործում է` թույլ չտալու, որ ԱՄՆ-ը միանա Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ ճանաչած 22 պետությունններին:
1989-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հրապարակեց ականատեսների արխիվային վկայություններ, որոնք, ըստ պետքարտուղարության պաշտոնյաների, ցույց էին տալիս, որ «բազմահազար հայեր, հիմնականում անմեղ և անօգնական կանայք ու երեխաներ, մորթվել են»: Նույն տարում ԱՄՆ-ի Սենատին ներկայացվեց ցեղասպանությունը հիշատակող օրինագիծ: Սակայն Թուրքիան պատասխանեց` արգելափակելով ԱՄՆ-ի նավատորմի նավերի մուտքը կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող թուրքական ջրային տարածքներ, արգելելով թուրքական տարածքում ԱՄՆ-ի ռազմական բոլոր վարժանքները: Օրինագիծը շատ արագ հօդս ցնդեց:
Անցած սեպտեմբերին հարցը կրկին ի հայտ եկավ: ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը հաստատեց և Կոնգրեսին առաջարկեց պարտադիր ուժ չունեցող բանաձև ընդունել, որը դատապարտում էր օսմանյան թուրքերի` հայերի դեմ իրականացրած զանգվածային սպանությունները: Բանաձևում զոհերի թիվը 1,5 միլիոն էր նշված, իսկ սպանությունները որակվում էին որպես «ցեղասպանություն»:
Այս անգամ Թուրքիան պատասխանեց` հետ կանչելով ԱՄՆ-ում իր դեսպանին ու կանխատեսելով ծանր հետևանքներ: «Հայերի անհիմն պնդումներն ընդունելու դեպքում երկու երկրների հարաբերություններում խնդիրներ կառաջանան»,- զգուշացրեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
«Երեկ Կոնգրեսում ոմանք ցանկանում էին կոշտ խաղ խաղալ,- հայտարարեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Էգմեն Բագիսը:- Վստահեցնում եմ ձեզ, որ Թուրքիան գիտի, թե ինչպես կարելի է կոշտ խաղ խաղալ»:
Հաջորդ օրը պետքարտուղարության խոսնակ Շոն ՄքՔորմաքը Միացյալ Նահանգների անունից ներողություն խնդրեց Թուրքիայից` հրապարակելով հայտարարություն, որում «ափսոսանք» էր հայտնում հանձնաժողովի գործողությունների համար, որոնք, ինչպես ինքը զգուշացրեց, «կարող են լուրջ վնաս հասցնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին, ինչպես նաև Եվրոպայում և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի շահերին»:
Պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսն իր հերթին դեմ դուրս եկավ բանաձևին և նշեց, որ Իրաքում ԱՄՆ-ի զորքին օդային ճանապարհով ուղարկվող բեռների 70%-ը և զորքին անհրաժեշտ վառելիքի 30 տոկոսն առաքվում է Թուրքիայի տարածքով: Նախագահ Բուշը, թերևս, մոռանալով 2000 թ. իր նախընտրական քարոզարշավի ընթացքում տված խոստումը, ըստ որի նախագահ ընտրվելու դեպքում ամեն ինչ կանի, որպեսզի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվի, նույնպես բանաձևի դեմ հանդես եկավ:
Մինչ թուրք պաշտոնյաներն սպառնալիքներ էին հնչեցնում, Թուրքիայի կողմից վճարվող լոբբիստները կոնգրեսականներին ու հանձնաժողովներին փող էին բաժանում` քարոզարշավների և քաղաքական գործողությունների համար տրվող նվիրատվությունների տեսքով: Ներկայացուցիչների պալատում Լուիզիանայից ընտրված Բոբի Ջինդալը (հանրապետական, որը ներկայում Լուիզիանայի նահանգապետն է) և Միսիսիպիից ընտրված Ռոջեր ՈՒիքերը (ներկայում հանրապետական սենատոր է և ներկայացնում է այդ նահանգը) դադարեցին պաշտպանել բանաձևը և սկսեցին դրա դեմ հանդես գալ, սակայն միայն այն բանից հետո, երբ մոտ $20000-ական ստացան նախկին կոնգրեսականներ` հանրապետական Բոբ Լիվինգսթոնից և դեմոկրատ Ռիչարդ Գեֆհարդթից. վերջիններն այժմ աշխատում են Թուրքիայի վարձած լոբբիստական ընկերություններում, որոնց նպատակն է ճնշել Հայոց ցեղասպանության ճանաչման յուրաքանչյուր փորձ:
2000-ին դեռևս պաշտոնավարող Գեֆհարդթը հայտարարեց, թե ինքը «հավատարիմ է Հայոց ցեղասպանությունն ԱՄՆ-ի կառավարությանը պաշտոնապես ճանաչել տալու գործին»: 2003 թ. նա համահովանավորեց մի բանաձև, որում «Հայոց ցեղասպանությունը» նույն հարթության վրա էր դրվում Երկրորդ համաշխարհային պատերազմում իրականացված ողջակիզման, Կամբոջայում և Ռուանդայում կատարված զանգվածային սպանությունների հետ: Բանաձևը թուրքական լոբբիի կայծակնային գրոհի (blitzkrieg) պատճառով անմիջապես տապալվեց:
Պաշտոնը թողնելուց և Թուրքիայի համար լոբբինգ անելու նպատակով տարեկան $1,2 միլիոնանոց պայմանագիրն ընդունելուց հետո ներկայացուցիչների պալատի մեծամասնության նախկին առաջնորդի սրտում խոր փոփոխություններ տեղի ունեցան: «Այդ բանաձևի միջոցով Թուրքիային օտարելը կարող է թուլացնել Մերձավոր Արևելքի թատերաբեմում իրականացվող գործողություններում կայունություն հաստատելու մեր ջանքերը և նույնիսկ կարող է ավելի սրել դրությունը»,- «Ինթերնեյշնլ Հերալդ Թրիբյուն»-ին ուղարկած էլեկտրոնային նամակում գրել էր նա: Անցած աշնանը, Հայոց ցեղասպանության խորհրդանշական բանաձևը վիժեցնելուն ուղղված իր ջանքերի շրջանակներում, Գեֆհարդթը թուրք դեսպան Նաբի Սենսոյին ուղեկցում էր ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և այլ դեմոկրատ առաջնորդների հետ հանդիպումներում:
Բոբ Լիվինգսթոնը, որի ընկերությանը 1999-ից ի վեր թուրքական կառավարությունը $12 միլիոնից ավելի գումար է վճարել, նույնպես միացավ արշավին: Անցած տարի աշնանը լոբբիստական ջանքերի շրջանակներում (բանաձևի հովանավորներից մեկը` հանրապետական Ադամ Շիֆը (Կալիֆոռնիայից), այդ արշավն անվանեց «ամենասաստիկը, որ ես երբևէ տեսել եմ»), Լիվինգսթոնը թուրք բարձրաստիճան պաշտոնյաներին Կապիտոլիումում գրասենյակից գրասենյակ էր ուղեկցում:
Արշավի շրջանակներում Թուրքիայի կառավարությունն ամերիկյան հեղինակավոր թերթերում ամբողջ էջ զբաղեցնող հայտարարություններ էր տպագրում, որոնք Կոնգրեսի անդամներին կոչ էին անում «աջակցել ոչ թե պատմությունն օրենսդրությամբ ամրագրելուն, այլ այն ուսումնասիրելուն ուղղված ջանքերին»: Դրանք ներառում էին նաև պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի ուղերձը. «Պատմական այս հանգամանքները պատմաբանների շատ մանրամասն և սթափ ուսումնասիրության կարիքն ունեն», ինչը ենթադրում էր, որ պատմաբանները դեռ պետք է լրջորեն ուսումնասիրեն Հայոց ցեղասպանությունը:
Ավելի քան 100 մարդ հրաժարվեց նախկինում խոստացած աջակցությունից, և 106-րդ բանաձևն այդպես էլ Կոնգրեսում լիարժեք քվեարկության չդրվեց:
Այդ ժամանակվանից Թուրքիայի կառավարությունը շարունակում է «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու կոչ անել` «1915-1923 թթ. կատարված դեպքերն ուսումնասիրելու» նպատակով: Առաջարկվող հանձնաժողովը գովազդվում է որպես ճշմարտության և հաշտության ազնիվ փնտրտուքի խողովակ` պատմության վիճելի անցքերի շուրջ վաղուց սպասված միջնորդություն և այս պատմության երկու կողմերին վերջապես հավասարապես լսելու հնարավորության ընձեռում:
Սակայն այսպիսի ասացվածք կա` սուտը պատմության մյուս կողմը չէ: Սուտը պարզապես սուտ է:
«Երբ խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանության պատմական իրողությանը, գոյություն չունի հարցի մասին «հայկական» կամ «թուրքական» տեսակետ, ինչպես որ գոյություն չունի ողջակիզման պատմական իրողության մասին «գերմանական» կամ «հրեական» տեսակետ»,- գրում է Թորբեն Յորգենսենը` Ողջակիզման և ցեղասպանությունների ուսումնասիրության դանիական կենտրոնից: «Գոյություն ունի հարցի գիտական և ոչ գիտական կողմ` ընդունում կամ մերժում»:
ARARAT-CENTER.ORG-Ի ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հարկ է նշել, որ «Հարավում աղքատների իրավունքների պաշտպանության կենտրոն»-ի (Southern Poverty Law Center - SPLC) «Ինթելիջնս Փրոջեկտ» (Intelligence Project) ծրագրի նպատակն ԱՄՆ-ում ատելություն սերմանող խմբերի ու ծայրահեղականների գործունեությունը վերահսկելն է:
Այն նաև հրապարակում է «Ինթելիջնս Ռիփորթ» (Intelligence Report) եռամսյա ամսագիրը, որը Կենտրոնի կողմից հետաքննվող երևույթների վերաբերյալ տեղեկություններ է տրամադրում իրավապահ մարմիններին, լրատվամիջոցներին և հանրությանը:
Ծրագրի շրջանակներում մշակվել է նաև իրավապահների ուսուցման դասընթաց, որն օգնում է նրանց՝ հայտնաբերելու ատելության հողի վրա իրականացված հանցագործություններն ու արձագանքելու դրանց:
«Ինթելիջնս Փրոջեկտ»-ը, որի սկզբնական անվանումը «Կլանվոչ» էր (Klanwatch), ստեղծվել է 1981թ.` որպես արձագանք դրանից երկու տարի առաջ տեղի ունեցած դեպքին: Ալաբամայի Դեկատուր քաղաքում ընթացող խաղաղ երթի ժամանակ Կլանի (Klan) անդամները հարձակվել էին քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների վրա: Սևամորթ Կուրտիս Ռոբինսոնն ինքնապաշտպանության ժամանակ կրակել էր` սպանելով Կլանի անդամներից մեկին: Երբ սպանելու դիտավորությամբ հարձակում իրականացնելու մեղադրանքով բացառապես սպիտակամորթներից բաղկացած ժյուրին մեղավոր ճանաչեց Ռոբինսոնին, «Հարավում աղքատների իրավունքների պաշտպանության կենտրոն»-ը (SPLC) բողոքարկեց դատարանի որոշումը և իր առաջին քաղաքացիական դատական գործը սկսեց Կլանի դեմ:
Դատավարության ընթացքում Կենտրոնի քննիչները վկայություններ գտան, որոնք ջրի երես էին հանում Կլանի գործունեությունը: «Կլանվոչը» ստեղծվեց, որպեսզի գործողություններ ձեռնարկի Կլանի, փոխադարձ հրկիզումների, ծեծի, հրազենի կիրառման և այլ բռնությունների դեմ, որոնք հիմնականում անուշադրության էին մատնում իշխանությունները:
Չնայած ծրագրի առաջնային նպատակը Կլանի մասին տեղեկություններ հավաքելն էր, ժամանակի ընթացքում այն ընդլայնեց իր գործունեության շրջանակները:
Այսօր «Ինթելիջնս Փրոջեկտ»-ը դիտարկում է ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունները և կենցաղային խնդիրների հողի վրա առաջ եկող թշնամական խմբերի, ներառյալ նեոնացիստների, ռասիստ սքինհեդների, քրիստոնեական ինքնության հետևորդների, սևամորթ անջատականների և ծայրահեղական գրոհայինների գործողությունները` դառնալով ատելության վրա հիմնված գործողությունների ուսումնասիրության գծով հեղինակավոր մասնագետ ԱՄՆ-ում:
Քանի որ «Ինթելիջնս Փրոջեկտ»-ի կողմից դիտարկվող` ատելություն քարոզող ամենավայրագ խմբերն այլևս Կլանին չեն առնչվում, 1998-ին ծրագիրը վերանվանվեց «Ինթելիջնս Փրոջեկտ» (Intelligence Project)` «Կլանվոչի» փոխարեն:
ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ
«Ինթելիջնս Փրոջեկտ»-ի հետաքննությունների շնորհիվ SPLC-ն քաղաքացիական գործեր է հարուցել ռասիստական խմբերի դեմ` ատելության հողի վրա իրականացված հանցանքներում նրանց ունեցած դերի համար: Ծրագրի գործունեության առաջին 17 տարիների ընթացքում SPLC-ի հարուցած դատական գործերի շնորհիվ ավելի քանի 40 անհատների և սպիտակամորթների ինը խոշոր ռասիստական կազմակերպությունների գործունեություն է կասեցվել:
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոն Արտասահմանյան մամուլի տեսություն էջից
http://artmamul.ararat-center.org

Դիտվել է՝ 2031

Մեկնաբանություններ