«Պուտինի Ռուսաստանը տեսանելի ապագայում մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը կլինի Եվրոպայում»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը, հավելելով, որ պաշտպանական քաղաքականությունը պետք է «հանգամանորեն համապատասխանեցվի այս իրականությանը»։ Նա կոչ է արել պաշտպանել եվրոպական աշխարհակարգը և Ռուսաստանի դեմ պայքարում ուժեղացնել աջակցությունն ՈՒկրաինային։               
 

ՌԴ-ն և Թուրքիան որոշել են արագացնե՞լ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

ՌԴ-ն և Թուրքիան որոշել են արագացնե՞լ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը
03.10.2008 | 00:00

ԿԳՈՐԾԻ՞ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ ՓՈՐՁՎԱԾ ՄԻՋՈՑԸ
«Արևմտյան հանրային կարծիքն այդպես էլ մինչև վերջ չգիտակցեց 2008 թվականի գլխավոր աշխարհաքաղաքական խնդիրը։ Չնկատվեց կարմիր, իսկ երբեմն էլ արնակարմիր թելը, որ կապում է միմյանց ճգնաժամերը, որոնք առաջին հայացքից որևէ առնչություն չունեն։ Սնդուկը, սակայն, բացվում է շատ պարզ ձևով՝ բոլոր այդ իրադարձությունների ընդհանուր շարժիչը, որ առնչվում է նաև այլ հանգամանքների հետ և, ի վերջո, որակ կազմում աշխարհում, կոչվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունք։ Եվ իրավիճակից կախված՝ այդ գործոնը վերածվում է նպաստավոր հանգամանքի այս կամ այն ճամբարի համար»։
Պասկալ Օրի
Սորբոնի համալսարանի պրոֆեսոր
Թեպետ դժվար է չհամաձայնել Սորբոնի պրոֆեսորի մեջբերման հետ, սակայն այսօր Ղարաբաղի հակամարտության շուրջ «կարմիր թելն» իրենից ներկայացնում է միջնորդական առաքելություն։ Մինչև Վրաստանում հնգօրյա պատերազմը ղարաբաղյան «խաղաղ գործընթացի» հիմնական բեռն ավելի կամ պակաս հաջողությամբ իր ուսերին էր կրում ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Եվ այդ հանգամանքը, չնայած Երևանից և Բաքվից հնչող պերմանենտ քննադատությանը, ձեռնտու էր բոլորին` ինչպես տարածաշրջանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Կար դանդաղ զարգացող մի գործընթաց, որն ինչ-որ փուլում վերածվել էր բավական հարմարավետ պրոցեսի։ Եվ չնայած այն իրողությանը, որ ադրբեջանական «բազեները» երբեմն-երբեմն «մարտական կռինչ» էին արձակում, այդ ձայնը շատ արագ կտրվում էր նավթադոլարների զնգոցից։ Ստատուս-քվոյի պահպանումն էլ միանգամայն ձեռնտու էր Երևանին և Ստեփանակերտին։
Այսօր պատկերը որոշ չափով փոխվել է։ Նոր հակադրությունը Ռուսաստանի և Արևմուտքի միջև և երկու հակամարտությունների լավ-վատ կարգավորումն այդ համատեքստում, պայքարը Հարավային Կովկասում էներգետիկ կայուն միջանցքի ձևավորման համար հանգեցրել են նրան, որ Ղարաբաղը սկսել է վերածվել էներգառեսուրսների անխափան ապահովման վերջին դուռը բացող ոսկե բանալու։ Պատահական չէ, որ Կասպիական էներգետիկ կոնսալտինգի նախագահ Ռոբ Սոբհանին այս կապակցությամբ նշում է. «ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր ողջ ազդեցությունը Հայաստանին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու և ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար։ Այդ հակամարտության հնարավոր վերսկսումը շատ բացասական ազդեցություն կունենա կասպյան նավթի արտահանման համար»։ Քաղաքագետ Խալեդդին Իբրահիմլին իր հերթին Հայաստանին քաղցր դեղահաբ առաջարկելու փորձ է անում՝ հայտարարելով. «Տրանսկասպյան գազամուղը, որով Ղազախստանի, ՈՒզբեկստանի և Թուրքմենստանի գազային պաշարները պետք է առաքվեն Արևմուտք, Վրաստանի փոխարեն կարող է անցնել Հայաստանով դեպի Թուրքիա»։
Վերլուծական հանրության մեջ այսօր տարածված է տեսակետ, որ այս փուլում Ադրբեջանը չի ցուցաբերում քաղաքական և ռազմական նախաձեռնություններ Լեռնային Ղարաբաղի հետ կապված, որովհետև առջևում նախագահական ընտրություններ են։ Բայց երբ Իլհամ Ալիևը վերստին տիրանա նախագահական լիազորություններին, անմիջապես կսկսի իրագործել Լեռնային Ղարաբաղն ու այլ շրջաններն Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնելու ծրագիրը։ Եվ այս համատեքստում գրեթե անկասկած է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նորմալ կենսագործունեությունը կխաթարվի, իսկ նոր տրանսկովկասյան խողովակաշարերի անցկացման մասին հարկ կլինի երկար ժամանակ մոռանալ։ Այլընտրանքային ուղիներ գտնելու բոլոր խոսակցությունները կվերածվեն ընդամենը բարի մտադրությունների, որոնք մի օրում կճզմվեն տանկերի, թնդանոթների և մարտական ինքնաթիռների ճնշման տակ։
Բոլոր այս մտահոգությունները և միջազգային հարաբերություններում նոր իրավիճակը հանգեցրել են նրան, որ այսօր մի շարք վերլուծաբաններ և վերլուծական կենտրոններ կարծիք են հայտնում Մինսկի խմբի ձևաչափի կամ համանախագահների հնարավոր փոփոխության մասին։ Մասնավորապես, ամերիկացի հայտնի քաղաքագետ Պոլ Հոբլն այս կապակցությամբ նշել է. «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ է հրաժարվել Մինսկի խմբից և սկսել երկկողմ բանակցություններ։ Միջնորդական եռակողմ ձևաչափը ոչ մի բանի չի հանգեցնելու, և դա պարզ էր առաջին իսկ օրից»։ Թուրքիայի նախագահն էլ իր հերթին հայտարարել էր, որ Մինսկի խումբը 17 տարվա ընթացքում չի կարողացել հասնել էական արդյունքների։
Այս համատեքստում շատ խորհրդանշական է, որ տարածաշրջանային երկու խոշոր խաղացողներ՝ Ռուսաստանը և Թուրքիան, օրակարգային են դարձրել իրենց միանձնյա միջնորդությունն առաջարկելու գաղափարը։ «Անկասկած է այն փաստը, որ Թուրքիան և Ռուսաստանը որոշել են արագացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը և գործել երկուսով, առանց Մինսկի խմբի»,- նշում են ադրբեջանական լրատվական միջոցները։ Փաստորեն, այդպիսով ասպարեզի վրա հայտնվեց Կովկասյան պլատֆորմի թուրքական առաջարկությունը, իսկ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանի շրջանակներում առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Ակտիվ է նաև Ռուսաստանը, որը փորձում է երկրի նախագահի անմիջական վերահսկողության տակ վերցնել «ձգձգվող հակամարտությունը»։ Ընդ որում, ակնհայտ է, որ ղարաբաղյան հարցի կարգավորումը ռուս-թուրքական երաշխիքների հիմքի վրա մահացու հարված է ԱՄՆ-ի հեղինակությանն ու շահերին, ինչպես նաև Եվրամիությանը։ Այն բնականաբար, չի գեղեցկացնի տարիներ շարունակ միջնորդական առաքելությամբ զբաղվող դիվանագետների կարիերան։ Ըստ այդմ, Արևմուտքն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, քայլեր կձեռնարկի և արդեն ձեռնարկում է հիշյալ նախաձեռնությունը տորպեդահարելու ուղղությամբ։ ՄԱԿ-ի նստաշրջանից վերադառնալով՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Թուրքիայի միջնորդությամբ Նյու Յորքում կայացած արտգործնախարարների հանդիպումը կոնկրետ արդյունքների չի հանգեցրել։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովն էլ իր հերթին հայտարարեց, թե վերոհիշյալ հանդիպումը վերլուծելուց հետո պարզ կլինի քննարկումների հետագա շարունակման նպատակահարմարությունը։ Թեպետ, որքան էլ ֆանտաստիկ է Թուրքիայի միջնորդությունը Մինսկի խմբի շրջանակներում կամ դրանից դուրս, այդ գաղափարն այնքան է ջերմացնում ադրբեջանական քաղաքագետների հոգին, որ հայտնի լրատվամիջոցներից մեկը տպագրում է առնվազն աբսուրդային, եթե ոչ սադրիչ տեղեկատվություն, թե` «Արազ Ազիմովը նշեց, որ պաշտոնական Բաքուն դրական է գնահատում Թուրքիայի ջանքերը, որպես Մինսկի խմբի անդամ՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ»։
Սակայն ցանկալին իրականի տեղ ներկայացնելը նույնիսկ երկրի ներսում օգտագործելու համար այսօր այլևս անհնար է։ Դրա համար էլ ադրբեջանական աղբյուրները, հղում անելով նախագահի աշխատակազմի ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի, իրենց հուսախաբությունն են հայտնում ԱՄՆ-ից և Եվրամիությունից. «Մենք արել ենք ամեն ինչ ԱՄՆ-ի և Եվրոպայի համար ու դրա փոխարեն չկարողացանք հասնել գոնե արդարացի դիրքորոշման Ղարաբաղի հարցում»։ Այնուհանդերձ, ավելի հավանական է, որ կարգավորման գործընթացը շարունակվի նախկին ձևաչափով։
Մանավանդ որ Մինսկի խմբի կողմից օրերս հնչեց հետևյալ հայտարարությունը. «Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Նյու Յորքում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ կողմերը կառուցողական կեցվածք են դրսևորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և ցանկություն հայտնել նոր շունչ հաղորդել բանակցություններին։ Նրանց հետ հանդիպման ժամանակ համանախագահները մեկ անգամ ևս ընդգծեցին իրենց պետությունների և ԵԱՀԿ-ի դիրքորոշումն այն մասին, որ հակամարտության լուծման ռազմական ճանապարհ գոյություն չունի։ Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան իր հերթին վերջերս բացահայտեց Վաշինգտոնի կողմից մշակված ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախագծի որոշ դետալներ. «Կուզեի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ հակամարտության կարգավորման նախագծում կան բազմաթիվ գրավիչ կետեր Հայաստանի համար. կստեղծվի միջանցք, որը կմիացնի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ, առկա են հարցեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման ընթացակարգի հետ կապված։ Երբ տարածքները վերադարձվեն Ադրբեջանի կազմ, դրանք կապառազմականացվեն, և այնտեղ կտեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժեր»։ Ավելին՝ ուկրաինական ռազմական մասնագիտական Defence հանդեսում Եվրամիության ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Անրի Բենտեժը հայտարարել է. «Եվրամիությունն ունի անհրաժեշտ ռազմական ռեսուրսներ Վրաստան, Լեռնային Ղարաբաղ և Մերձդնեստր գործուղելու համար։ Հնարավոր է, որ վերջին իրադարձությունների համատեքստում Եվրամիության պետությունների ղեկավարները հատուկ որոշում ընդունեն խաղաղապահների գործուղման վերաբերյալ, բայց դրա համար պետք է ստանալ հիշյալ պետությունների համաձայնությունը։
Այսպիսով, սնդուկը բացվում է բավականին պարզ ձևով։ Էներգետիկ միջանցքի անվտանգությամբ մտահոգ երկրների համար շատ կարևոր է դարձել հակամարտության գոտի մտցնել խաղաղապահ զորախումբ։ Սա Արևմուտքում փորձված միջոց է, երբ սկզբում այս կամ այն խնդրի լուծման ուղղությամբ առաջարկվում են ծառայություններ, իսկ հետո ցանկացած պատճառաբանությամբ ձգտում տվյալ տարածաշրջան մտցնել զինված ուժեր։ Այդպես եղավ Կոսովոյում, Վրաստանում, համարժեք քայլեր են ձեռնարկվում Ղարաբաղի հարցում։ Ընդ որում, ցանկացած պարագայում արևմտյան շահերը բախվում են ռուսական շահերի հետ, և ինչպես նշել է ադրբեջանական փորձագետ Զարդուշտ Ալիզադեն՝ Մոսկվայի կողմից հանդես բերվող նոր նախաձեռնության կապակցությամբ` «Ռուսաստանը կառաջարկի այնպիսի ձևաչափ, որի արդյունքում այստեղ ներգրավվեն և հիմնավորապես տեղավորվեն ռուսական զորքերը։ Դա կլինի ինչ-որ կարգավիճակ՝ նման Աբխազիային և Հարավային Օսիային»։ Հիշեցնենք, որ խաղաղապահների ներգրավման գաղափարը տարբեր դրոշների ներքո բավական հին է։ Դեռևս 1994-ին, երբ ստորագրվեց բիշքեկյան արձանագրությունը, Հեյդար Ալիևը խոստացավ, որ կներգրավվեն ռուս խաղաղապահներ։ Սակայն իրավիճակին միջամտեց Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը և ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթաժողովում կազմակերպեց Ալիևի հանդիպումն ԱՄՆ-ի պետքարտուղար Քրիստոֆելի հետ, ինչի արդյունքում էլ որոշվեց, թե Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտին ավելի լավ է մնա հայկական ուժերի հսկողության տակ։ Այսօր էլ հստակ չէ՝ որքանով կհաջողվի խաղաղապահների ներգրավումը, բայց ուշադրության է արժանի այն փաստը, որ ինչպես Մինսկի խումբը, այնպես էլ Եվրամիությունը, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կամ միջնորդության հավակնող այլ կողմեր սովորաբար անտեսում են այն տարբերակը, որի պարագայում բանակցային գործընթացին մասնակից կդառնար հակամարտության ուղղակի կողմ հանդիսացող ԼՂՀ-ն։ Ստեփանակերտին անտեսելու և ԼՂՀ-ն իբրև բանակցային սուբյեկտ չճանաչելու այս մոտեցումն իրավիճակը դարձնում է խիստ անհեռանկարային՝ հակամարտության իրական կարգավորման առումով։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2944

Մեկնաբանություններ