Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

«ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՅՑԵՐ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ` ՈՐՊԵՍ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴԻ»

«ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՅՑԵՐ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ` ՈՐՊԵՍ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴԻ»
01.10.2010 | 00:00

Փախստականների հարցը, որ ամենացավոտ ու դեռևս չլուծված խնդիրներից մեկն է Հայաստանում, որոշակի համառությամբ մեկ առաջնային է դառնում, մեկ էլ, ինչ-որ անմեկնելի պատճառներով, մարում է։ Բայց մենք նկատի չունենք ադրբեջանահայերի ինտեգրումը հասարակությանը։ Այստեղ ամեն ինչ քիչ թե շատ, հաճախ առանց պետության աշխույժ միջամտության, բնական հուն է մտնում։ Շատ ավելի բարդ է քաղաքական կողմը, ավելի կոնկրետ` Ադրբեջանից բռնությամբ տեղահանված և իրենց ողջ ունեցվածքը կորցրած հայերի` միջազգային կառույցների արձանագրած սուր խնդիրները։ Ահա և մամուլ թափանցած փաստաթղթերում, որոնք, իբր, կոչված են կարգավորելու ղարաբաղյան հակամարտությունը, հայ փախստականներն ուշադրության չեն արժանացել։ Ինչո՞ւ։ Ի՞նչ է արվում իրավիճակը շտկելու համար։ Ի՞նչ վիճակում են այսօր փախստականները Հայաստանում։ Այս հարցերով մենք դիմեցինք ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամ, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հունական համայնքի ղեկավար ԷԴՈՒԱՐԴ ՊՈԼԱՏՈՎԻՆ։
-Սկսեմ Ձեր վերջին հարցից։ 1988-1992 թթ. ընկած ժամանակամիջոցում Հայաստանում ավելի քան 500 հազար փախստական կար, ընդ որում, այդ թիվը չէր ներառում Ղարաբաղ, Ռուսաստան և այլ երկրներ տեղափոխված մարդկանց։ Միայն Բաքվից հեռացել էր 220 հազար հայ։ Մենք բոլորս լավ գիտենք, որ Ադրբեջանական ԽՍՀ-ում կատարված մարդահամարի տվյալներով, այդ հանրապետությունում մոտ 700 հազար հայ էր ապրում, և նրանք բոլորը հեռացան երկրից։ Ընդ որում, նկատեմ, նրանք բոլորը միանշանակորեն ընկնում էին «փախստական» միջազգային չափորոշիչի տակ, ի տարբերություն այն ադրբեջանցիների, ովքեր մեծ մասամբ հեռացան Հայաստանից` փոխանակելով կամ վաճառելով իրենց բնակարանները, փոխհատուցում ստանալով երկրաշարժից հետո։ Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղում բնակված ադրբեջանցիներին, ապա նրանք, ամենակոռեկտ ձևակերպումներով, միջազգային իրավունքի համաձայն, բնակափոխ անձինք են, որոնք պատերազմական գործողությունների պատճառով հեռացել էին իրենց բնակավայրից և ոչ թե երկրից։ Այնուհետև հայերի իրավաբանական կարգավիճակի համար պակաս կարևոր հանգամանք չէ այն, որ նրանք արտաքսվել են ոչ թե հակապետական, հակաիրավական գործունեության հետևանքով, ինչպես այժմ ձգտում են ներկայացնել Բաքվում, այլ բացառապես ազգության պատճառով։ Ինչ մեղքս թաքցնեմ, մենք բոլորս ենք հիշում, որ այն ժամանակ հայերի մեծ մասը, հատկապես սումգայիթյան ջարդերից առաջ, ոչ միայն չէր պաշտպանում շարժումը, այլև բացարձակապես բարեհաճ էր Ադրբեջանի հանդեպ։ Այսինքն` նրանք բռնության են ենթարկվել միմիայն ազգային պատկանելության պատճառով։ Չմոռանանք, որ այդ նույն ժամանակ տեղահանվեցին հույները, հրեաները, ռուսները, խառն ամուսնությունների ներկայացուցիչներ։ Ի դեպ, ես ու իմ ընտանիքը դրանց ներկայացուցիչներից ենք։
-Կցանկանայի Ձեզնից, որպես հունական համայնքի ներկայացուցչից, իմանալ, թե որտեղ են հիմա հույն փախստականները, ինչպե՞ս է դասավորվել նրանց ճակատագիրը։
-1988-90 թթ. շատ հույներ փախան Բաքվից ու այլ քաղաքներից, նրանք անցան Հայաստան ու Ղարաբաղ, որտեղ կային հույների համահավաք բնակության գյուղեր։ Բայց 1992-ին լիովին ավերվեց հունական Մեհմանա խոշոր գյուղը, իսկ բնակչությունը վտարվեց։ Այն ժամանակ 74 մարդու հունական կառավարությունն ինքնաթիռով տեղափոխեց Հունաստան, մյուսները մնացին Հայաստանում և Ղարաբաղում։ ԼՂՀ Մարտակերտի շրջանի ազատագրումից հետո հույները վերադարձան հայրենի վայրեր։ Բայց դառնանք Ղարաբաղի մերձակա շրջաններում մարդկանց բնակության հարցին։ Անմիջապես նկատեմ, որ այն հայերի համար, ովքեր այսօր ապրում են ազատագրված տարածքներում, իսկ միջազգային օրենսդրությանը խստիվ համապատասխան այդ շրջանները համարվում են Ադրբեջանի մաս, ավելի հիմնավոր է միջազգային տերմինը` «տեղափոխված անձինք կամ հարկադրաբար վերաբնակվածներ», քան «փախստականները»։ Այսինքն, միջազգային օրենսդրությամբ նրանք դեռևս Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնք հակամարտության պատճառով երկրի մի մասից տեղափոխվել են մեկ ուրիշ մաս։ Ընդ որում, կորցնելով իրենց ողջ ունեցվածքը։ Այդուամենայնիվ, անհասկանալի պատճառներով, միջազգային ատյաններն այդ հանգամանքն անտեսում են և նույնիսկ Ղարաբաղի իշխանություններից պահանջում են չօգնել այդ մարդկանց։ Ընդ որում, նրանց վրա, ինչը, առհասարակ, զայրացուցիչ է, միջազգային ոչ մի օգնություն չի տարածվում, անգամ այն, ինչը նախատեսվում է Ադրբեջանի համար։ Եվ եթե ԼՂՀ-ի իշխանությունները ժամանակին ինչ-որ կերպ վերաբաշխում էին փախստականներին հատկացված միջազգային օգնությունը, և այդ մարդկանց էլ էին բաժին հանում, ապա հիմա միջազգային ճգնաժամային կազմակերպությունները ձգտում են թույլ չտալ այդ բանը։
-Վերջին ժամանակներս և՛ Հայաստանում, և՛ Ղարաբաղում գտնվող փախստականների հարցը վերստին օրախնդիր է դարձել։ Ինչո՞ւ տարիներ անց, երբ մարդիկ քչից-շատից հարմարվել են, այն նորից է ասպարեզ գալիս։ Ինչո՞ւ է սուր անհրաժեշտություն առաջացել դարձյալ զբաղվելու փախստականներով, ի՞նչն է խթան հանդիսացել։
-Նախ` բուն հարցը երբեք չի մարել։ Պարզապես երբեմն հարցի սրությունը փոքր-ինչ թուլացել է։ Բայց հիմա նոր իրավիճակներ և նոր խնդիրներ են առաջացել։ Այն բանից հետո, երբ շատ փախստականներ չկարողացան բնակահարմարվել և ինտեգրվել, շատերը հեռացան։ Բայց նրանց հետագա ճակատագիրը ևս հեշտ չդասավորվեց։ Վերջին ժամանակներս հաճախացել են կենցաղային ազգայնականության դեպքերն աշխարհի տարբեր տարածաշրջաններում, և շատ փախստականներ համարում են, որ իրենք նորից հարվածի տակ են ընկել։ Բացի այդ, նրանք դժվարությամբ են մտնում և՛ հին սփյուռքի մեջ, և՛ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած սփյուռքի երկրորդ ալիքի մեջ։ Փաստորեն, նրանք դարձել են երրորդ ալիքի սփյուռք։ Եվ նկատեմ, նրանք հաճախ մտածում են նաև վերադառնալու, քաղաքացիություն ստանալու մասին։ Հարցի երկրորդ կողմը։ Նրանք, ովքեր հարմարվել են նոր պայմաններին, նրանք, ովքեր փող են կուտակել և բարձր կենսամակարդակ են ապահովել, սկսել են որոնել իրենց արմատները։ Բայց նրանց համար հայրենիքը իրենց փոքր հայրենիքն է` Ղարաբաղը, որով նրանք ակտիվորեն հետաքրքրվում են և որի հետ կցանկանային կապեր ունենալ։ Դարձյալ նկատեմ, որ այդ գործընթացն ու այդ վերաբերմունքն արդեն վաղուց են ի հայտ եկել` Ղարաբաղի շրջակա տարածքների ազատագրումից անմիջապես հետո, այսինքն` 93 թվականից։ Այն ժամանակ մոտ 30 հազար հայ տարերայնորեն սկսեց վերաբնակվել ազատագրված տարածքներում։ Արդեն հետագայում ղարաբաղյան իշխանությունները հսկողության տակ առան գործընթացը. սկսեցին աշխատատեղեր ստեղծել, շինարարություն կատարել և այլն։ Բայց առաջին վերաբնակիչները գալիս էին սրտի կանչով։ Այժմ նոր հուզական ճողփյուն է նկատվում փախստականների, հատկապես այլ երկրներում ապրողների շրջանում։ Եվ ամենագլխավորը. ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ բոլոր նյութերում խոսվում է փախստականների վերադարձի մասին և նկատի են առնվում ադրբեջանցիները, բայց և՛ միջնորդները, և՛ մյուս ատյանները լիովին շրջանցում են հայ փախստականներին, նրանց տեղավորման և փոխհատուցման հարցերը։ Իսկ մենք բոլորս քաջ գիտենք, որ առավելապես ադրբեջանահայերն էին լավ ապահովված, և նրանք թողել ու կորցրել են հսկայական գումարների ունեցվածք, որը հանգիստ ու բարեհաջող յուրացվել է և՛ Ադրբեջանի պետության, և՛ նրա քաղաքացիների կողմից։ ՈՒ միանգամայն հասկանալի է, որ հայ փախստականներն ուզում են ունենալ իրենց բաժինն այն ամենից, ինչ ունեցել են Ադրբեջանում։ Ավելին, միանգամայն տրամաբանական է, որ եթե նրանք հնարավորություն չունեն դա ստանալու Բաքվում, Սումգայիթում, Գանձակում, ապա Ղարաբաղի այն մասը, որ կոչվում է Լաչին, Քելբաջար և այլն, նրանք համարում են փոխհատուցում իրենց գույքային կորուստների դիմաց։ Այժմ ազատագրված տարածքներում մարդիկ են ապրում, նրանց մեջ, օրինակ, շատ են շահումյանցիները, մարտակերտցիները, և ինչո՞ւ այսօր նրանց տնօրինության տակ գտնվող հողերն ու տները չհամարել փոխհատուցում, իսկ նրանց կարգավիճակը` իրավահաջորդի։ Ինչպե՞ս նրանք կանվանեն այդ տարածքը, ո՞ր պետության կազմում նրանք կցանկանան ապրել։ Սա արդեն նրանց ընտրելու իրավունքն է։ Նրանք այնտեղ արդեն վաղուց են ապրում, երբ դեռ ոչ ոք հարցն այդ հարթության վրա չէր դիտարկում, և լիակատար իրավունք ունեն բնակության, այդ թվում` համաձայն միջազգային չափորոշիչների։ ՈՒ ևս մեկ հանգամանք. ներկա Ադրբեջանն իրեն հռչակել է ոչ թե Ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդ, այլ անցյալ դարասկզբի հանրապետության իրավահաջորդ։ Իսկ այն ժամանակ` 1918 թ., առաջին Ադրբեջանական Հանրապետությունում բոլոր նախադրյալները կային ընդհանուր պետության ստեղծելու, այդ թվում` իրավաբանորեն ամրագրված, և կար անգամ երկու խորհրդարան` հայկականը Գյանջայում և ադրբեջանականը` Բաքվում։
-Բայց սա անցած-գնացած բան է։ Իսկ կա՞ն, իրոք, ինչ-որ ժամանակակից միջազգային չափորոշիչներ, որոնք կարող էին հենց տեղափոխված անձանց և նրանց գույքային փոխհատուցման տեսանկյունից հարցը կարգավորել։
-Բուն «ներքին տեղափոխված անձ» տերմինը դասակարգման տերմիններից մեկն է, թե ինչ բան է միգրանտը, և այն արդեն վկայում է, որ այդ անձինք շարունակում են օգտվել այն երկրի քաղաքացիների իրավունքներից, որտեղ նրանք բռնությամբ տեղափոխվել են մի մասից մյուսը։
-Իսկ ես վերհիշում եմ ևս մեկ նախադեպ, երբ դեռ 88 թ., այն բանից հետո, երբ բնակիչները թողեցին Հայաստանի ադրբեջանաբնակ անկլավներից մեկը` Քյարքի գյուղը, որոշվեց այն բնակեցնել Ադրբեջանից տեղահանված փախստականներով։ Ինչը և հաջողությամբ արվեց։ Եվ անգամ մոսկովյան իշխանություններն ու զինվորական իշխանությունները (այն ժամանակ, մենք հիշում ենք, պարետային ռեժիմ էր) չկարողացան նրանց գյուղից հանել և չկարողացան դրանում որևէ հակաօրինական բան գտնել։
-Իրոք, դա օրինակներից մեկն է։ Վերհիշենք նաև, որ այն ժամանակ կային տարածքների փոխանակության շատ ծրագրեր, որոնք ակտիվորեն քննարկվում էին։ Ավելին, նման փոխհատուցումը և համահավաք բնակության տարածքների փոխանակությունը խորհուրդ է տրվում և երբեմն իրականացվում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման համատեքստում։ Այսինքն, միջազգային նախադեպեր կան, պարզապես հարկավոր է դրանք գրագետ օգտագործել։
-Իսկ ինչպե՞ս կարող են նպաստել միջազգային դատարանները։ Ես գիտեմ, որ փախստականները շարունակ աշխատում են հայցեր ներկայացնել, բայց ոչ միշտ է դա հաջողվում։
-Այստեղ կա մի շատ էական նրբերանգ։ Ադրբեջանական Հանրապետության կողմից դրամական և գույքային փոխհատուցման հարցով միջազգային ատյաններ կարող են դիմել Ղարաբաղի, Մարտակերտի շրջանի և Շահումյանի շրջանի յոթ գյուղերի բնակիչները միայն։ Քանի որ նրանց արտաքսումը, միջազգային չափորոշիչներին խստիվ համապատասխան, իրականացվել է հենց այդ պետության կողմից 1992 թ., երբ արդեն Խորհրդային Միությունը չկար։ Մնացած բոլոր փախստականները, փաստորեն, տեղահանվել էին դեռ այն ժամանակ, երբ ԽՍՀՄ միասնական պետության կազմում էր Ադրբեջանական ԽՍՀ-ն։ Եվ համապատասխանաբար, նրանց արտաքսման մեղքն օրենքով ընկնում է կենտրոնական իշխանության վրա։ Այսինքն, նրանք հայցեր պետք է ներկայացնեն, փաստորեն, ընդդեմ Ռուսաստանի Դաշնության` որպես Խորհրդային Միության իրավահաջորդի։ Իհարկե, սա արդեն մեծ քաղաքականություն է և առայժմ ոչ ոք չի համարձակվում նման հայցեր ներկայացնել։
-Ես գիտեմ, որ ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի նախապատրաստության ակտիվ աշխատանքներ են կատարվում։ Ինչպիսի՞ հարցեր են այնտեղ քննարկվելու։
-Խնդիրները շատ են, շատ են նաև մտահղացումները։ Ես ասեմ կոնկրետ այն մասին, ինչ ինձ հուզում է։ Արդեն ասացի, որ սփյուռքում ի հայտ է եկել ադրբեջանահայերի մի երրորդ շերտ։ Նրանցից շատերը միավորվում են հայրենակցության սկզբունքով, շատերն են կապեր պահպանում, հատկապես Ռուսաստանում։ ՈՒստի շատ կարևոր է, որ տարբեր երկրներում գործող ԼՂՀ ներկայացուցչությունները նրանց հետ կապեր հաստատեն և կարողանան աշխատանքի ներգրավել սփյուռքի այլ կազմակերպությունների։ Շատ կարևոր է նրանց համագումար հրավիրելը, և այն ժամանակ կերևան խնդիրների մասշտաբները։ Այնուհետև, ես կարծում եմ, որ ԼՂՀ-ն կարող է երկքաղաքացիության մասին իր օրենքին համապատասխան նրանց տրամադրել անձնագրեր ու հողամասեր։ Կարող է հարց ծագել. իսկ ինչո՞ւ հատկապես ԼՂՀ-ն։ Մեկ անգամ ևս ընդգծեմ` սա լիովին համապատասխանում է այդ մարդկանց աշխարհընկալմանը, որոնց համար փոքր հայրենիքը Ղարաբաղի հողն է։ Բայց ակնհայտ է, որ և՛ փախստականների հարցը, և՛ ադրբեջանահայերի հարցը համազգային ընդգրկման խնդիրներ են, և դրանք պետք է, քանի դեռ շատ ուշ չէ, լուծել համատեղ։
Զրույցը` Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1236

Մեկնաբանություններ