Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Սուրբ Մյուռոնի մասին

Սուրբ Մյուռոնի մասին
24.09.2024 | 19:59

«Մյուռոն»-ը հունարեն բառ է, որ նշանակում է «հոտավետ յուղ» կամ «բույսից հոսող հյութ»:

Հնում ձիթենու յուղ էին օգտագործում արևելյան ազգերը և հատկապես հրեաներն իրենց աստվածպաշտության մեջ:

Աստված Ինքը Մովսեսին պատվիրեց օծության յուղի պատրաստման ձևը, որով զանազան առարկաներ էին օծում (տե՛ս Ելք. 30:22-33):

Օծումից հետո դրանք դառնում էին սրբագործված, զանազանվում մյուսներից և օգտագործվում ծիսական արարողությունների ժամանակ: Օծման նշանակությունը վերաիմաստավորվեց Հիսուս Քրիստոսի գալստյամբ:

Ի դեպ, հունարեն «Քրիստոս» բառը նշանակում է հենց «Օծյալ»: Եվ արդեն Նախնի Եկեղեցում հանդիպում ենք յուղերով օծելու զանազան դեպքերի:

Սրբալույս Մյուռոնի օրհնությունը նվիրական արարողություն է ամեն հայի համար: Այն միավորիչ ուժն է աշխարհասփյուռ հայության և շաղախող հզոր ուժը մեր «փոքր ածուի» անցյալի և ներկայի:

Սուրբ Մյուռոնը մշտապես հիշեցնում է ամենքիս, որ մենք` իբրև քրիստոնյաներ, մկրտվել և ծնվել ենք Հայոց Եկեղեցու Ս. Ավազանից` մեր ճակատին կրելով Ս. Հոգու խորհրդանիշ Ս. Մյուռոնի կնիքը:

Այս խորհրդով և հոգևոր գիտակցությամբ ենք ապրել և շարունակում ենք կյանքի մեր ընթացքը Ս. Էջմիածնի օրհնության ներքո: Սրբալույս Մյուռոնն իր ճակատին կրող յուրաքանչյուր հայորդու համար այն դարձել է նաև սրբության և ազգային դրոշմի խորհրդանիշ, որն իր արտացոլումն է գտել նաև մեր ժողովրդի հոգեբանության և մտածողության մեջ: ՈՒստի պատահական չէ, որ Ս. Մյուռոնին են նվիրվել մի շարք մեկնաբանական երկեր, քարոզներ և չափածո ստեղծագործություններ:

Մյուռոնին ընծայված բացառիկ սիրո և նշանակության մասին է ակնհայտորեն վկայում նաև հայկական ընտանիքներում կնքահորը` քավորին, ընծայվող խորը հարգանքն ու պատիվը: Չէ՞ որ այդ Մյուռոնի շնորհիվ են նրանք իրար հետ հարազատ դառնում և ուխտում` իրենց ողջ կյանքում հավատարիմ լինել այդ սուրբ օծությանը: Այս օրինակները կարելի է շարունակել, որոնք մեկ անգամ ևս փաստում են Ս. Մյուռոնի կարևորությունն ու դերակատարությունը մեր «փոքր ածուի» հոգեմտավոր կյանքում:

Հայոց Եկեղեցում Ս. Մյուռոնի գործածությունը գալիս է առաքելական ժամանակներից:

Ըստ ազգային ավանդության, որը մեջբերված է 13-րդ դարի նշանավոր աստվածաբան, մեկնիչ, տոմարագետ, մանկավարժ և պատմագիր Վանական վարդապետի «Հայ ազգի գովեստը» աշխատության մեջ, Քրիստոսի օրհնած յուղը Հայաստան է բերել Հայոց աշխարհի առաջին լուսավորիչ Ս. Թադեոս առաքյալը:

Այս մասին է նշում նաև Վարդան Արևելցին իր «Աշխարհացույցում»: Հայաստան գալով` նա իր հետ բերած սրբազան յուղով օծում է հիվանդ Աբգար թագավորին և բժշկում նրան:

Այնուհետև առաքյալը մեկնում է Տարոն, ուր մշտադալար մի եղերդենու տակ թաղում է շշով բերած իր յուղը:

Այդտեղ իջած լույսով և Ս. Գրիգոր Լուսավորչին երևացած տեսիլքի շնորհիվ Հայոց առաջին Հայրապետը գտնում է առաքյալի թաղած սուրբ յուղը և խառնում իր օրհնած Մյուռոնին:

Հետագայում մեր հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորիչն այդ վայրում կառուցում է Ս. Հովհաննես Մկրտչի անունով մի եկեղեցի, որը հայ մատենագրության մեջ կոչվում է նաև «Եղրդուտի վանք» կամ «Ս. Շիշ յուղի վանք»:

Եվ այսպես ամեն անգամ, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսները նոր Մյուռոն են օրհնել, դրան ավելացրել են նաև լուսավորչավանդ Ս. Մյուռոնը, որպեսզի հնի մեջ բնակվող սրբալույս Շնորհը փոխանցվի նորին: Այս քայլով մեր Եկեղեցին ոչ միայն ապահովում է դարեդար փոխանցվող Մյուռոնի հաջորդականությունը, այլ նաև ևս մեկ անգամ շեշտում Սրբազան Ավանդության հանդեպ իր հավատարմությունը:


Տ. Զաքարիա վրդ. ԲԱՂՈՒՄՅԱՆ

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 2374

Մեկնաբանություններ