«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

«Չգեղականացնել»

«Չգեղականացնել»
29.05.2023 | 08:40

«...որովհետև... ոչ միայն ընթերցասիրություն է պետք,

այլև մի փոքր գրաբար, միջին հայերեն, արևմտահայերեն...»։

Պարույր Սևակ

Ժամանակին բանաստեղծն այս ձևակերպմամբ է բնորոշել, թե ինչ գիտելիքներով պետք է օժտված լինի հայ գրագետը, լեզվաբանը։ Այսինքն՝ մեր լեզվի նախորդած շրջանների գանձերին անհաղորդը չի՛ կարող հայ գրագետ՝ առավել ևս հայ լեզվաբան կոչվել։

Կիրակի օրը (05.28.2023) եթեր հեռարձակվեց «Չգեղականացնել» շարքի հերթական հաղորդումը Դավիթ Գյուրջինյանի մասին, որ համակողմանիորեն փայտատված կերպար է, կարեկցանքի կարոտ։ ՈՒ թերևս չէի անդրադառնա, եթե նախկին գլխավոր տեսուչ-ներկայիս ժ/պ-ն ու հաղորդավարը հայտարարի չգային, թե «Լեոնարդո դա Վինչին քարոզիչների շնորհիվ է անուն հանել․․․ ավելի շատ փիառվել է, քան․․․»։ Հիրավի իրենց գերանը չտեսան․․․

Սա դեռ ոչինչ։ Հատկապես տհաճ էր, որ ամբողջ տեսանյութի ընթացքում հաղորդավարը «է» օժանդակ բայի փոխարեն «ա» էր գործածում, և Գյուրջինյանը որևէ կերպ չէր արձագանքում, չնայած սկզբում սահմանել էր․ «Եթե Դուք մի սխալ անեք, ես այդ սխալը ուղղված կվերադարձնեմ Ձեզ»։ Սակայն Գյուրջինյանը երբեք չընդվզեց «ա» «օժանդակ բայի դեմ», հետևաբար «ուղղված վերադարձնելու կարիք» չզգաց։ Այնուհետև ինքն ու իր ընտանիքը «պապա»-«մամա»-ով էին խոսում, և պարզ էր՝ դա իրենց բնական վիճակն է, որ ակնհայտորեն վայել չէ, չեմ ասի՝ հայ մտավորականին, բայց հայ լեզվաբանին, անկասկած։ Մի անգամ էլ անթույլատրելի մի բան հնչեցրեց․ «Կնոջս խաթեր համար․․․»։ Հաղորդավարը զարմացավ․ «Ուրեմն՝ խաթեր համար կարելի՞ է ասել»։ Սրան «լեզվաբանը» պատասխանեց․ «Դե, ժողովրդական լավ բառ է․․․ ինչի չէ»։ Անմիջապես հավելելով՝ «Թումանյանն է ասել։ Նա, որ ասել է, մենք ո՞նց չասենք»։ Եվ այս խոսքն ակամա հիշեցրեց՝ «Այն, ինչ կարելի է Յուպիտերին․․․» ասացվածքը։ Չենք ասի, թե «խաթերը» ժողովրդական բառ չէ։ Ժողովրդական է, պարզապես հայկական չէ՝ արաբերեն է (վկա՝ Մալխասյանցի բառարանը՝ 2-րդ հատոր, էջ 227)։ Հաղորդումը լիքն էր «հա»-երով։ Երևույթ, որ նույնպես չի զարդարում «հայ լեզվաբանին», այլ ռամկորեն է, այսինքն՝ ներելի է ռամիկների պարագային, ոչ երբեք «քերականի»։

«Քերականագիտության» գագաթնակետը, ամենայն հավանականությամբ, «Ամանորյա» և «Ամանորի» ձևերի գյուրջինյանական մեկնությունն էր, ուր, ինչպես հասկացվեց, երկրորդը «սեռական» հոլովաձև է, իսկ առաջինը «ամանոր»+«յա» է, ինչից կարելի է եզրակացնել, որ Գյուրջինյանը տեղյակ չէ, որ «ամանորյա»-ն նույնպիսի սեռական կազմություն է։ Իբրև լավագույն ապացույց, կարող ենք Ալիշանի «Հուշիկք Հայրենյաց»-ից հատված բերել, որտեղ հեղինակն իրար կողքի դնում է ազգային տոները՝ բոլորը սեռական հոլովով․ «Նավասարդաց կամ Ամանորյա (նոր տարվո) տոները, Աստղկան տոնը, Վարդավառի տոնը, և այլն․․․»։

Ինչո՞ւ էինք վերևում Սևակի խոսքն ընտրել։ Ժամանակակից հայերենի ցանկացած երևույթ ճիշտ դիտարկելու համար պետք է կողմնորոշվել դրա անցյալի ձևերում։ Գրաբար, Միջին հայերեն և գոնե մեկ բարբառ պետք է փայլուն գիտենաս հայ լեզվաբան կոչվելու համար։ Այլապես հասարակ բաները բացատրելու ես գումարածներով ու հանածներով, ո՛չ դու ես հասկանալու, ո՛չ դիմացինդ, որ «Ամանորի» և «Ամանորյա»՝ երկուսն էլ սեռական են, առանց որևէ տարբերության, և ավելորդ բարդացնելու կարիք ու իմաստ չկա։

Հանդիպումն ավարտվեց Գյուրջինյանի՝ «Շնորհակալություն Ձեզ» (Спасибо Вам ռուսաբանությամբ)։ Իր իսկ ձևակերպմամբ՝ կարող ենք ասել՝ սրանք «հայերեն բառեր են, մտածողությունը հայկական չէ»։

Ի՞նչ օգուտ տվեց այս եթերը։ Ավելորդ անգամ ցույց տվեց Գյուրջինյանի «մակարդա՞կը»։ Ո՛չ։ Ուղղակիորեն համոզեց, որ ռեկտորությունն իր բանը չէ։

Ի սկզբանե Բրյուսովի ինստիտուտ-համալսարանն ստեղծվել է իբրև «օտար լեզուների ուսուցման» բուհ։ Եվ անկախ՝ «օտար լեզուներ» կապակցությունը կա, թե տվյալ պահին բացակայում է բուհի անվանումից, միևնույնն է, դա գիտակցվում է, դրանով իսկ որոշակի չափանիշներ պարտադրում։ Բնաբանով և շարադրանքով փորձեցինք ցույց տալ, որ Գյուրջինյանին հայերենի լուրջ գիտակ չենք կարող համարել։ Եվ եթե նույնիսկ ինքնախաբեությամբ զբաղվենք, թե Գյուրջինյանը մեծ մասնագետ է, միևնույնն է՝ Օտար լեզուների համալսարանի ռեկտորը գոնե մեկ, գոնե ջարդած օտար լեզու պետք է իմանա, անգամ, եթե արհամարհենք մայրենիի վիճակը։

Դավիթ ՎՐԱՑՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 6687

Մեկնաբանություններ