38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կործանեցեք... Հանուն...

Կործանեցեք... Հանուն...
26.12.2008 | 00:00

ՎԵՐՋՈՒՄ Ո՞Վ Է ՓՈՇՄԱՆԵԼՈՒ
Ամեն մեկը մի բան է ասում։ Ամենալավ ասելիքն ասում են նրանք, ովքեր ասելիք չունեն։ Չունեն և ասո՞ւմ են։ Այո՛, չունեն և ասում են։ Ամբողջ մի կյանք ասում են։ Կյանքը հոսում է, ժամանակը հարահոսում է, բան չասողը նույնպես հոսում է, դառնում անցյալ, բայց դեռ խոսում է։ Ի՞նչ է մնում տակը։ Տակը... անտակ է, անհատակ։
Եվ միշտ, աչքներս լույս, հայտնվում են հրաշալի նախնիներ։
Հրաշալի նախնիները հայտնվում են էն պահին, երբ զգում են, որ դու կորցրել ես բարբառելու բառը։ Փրկարար բառը, էն բառը, որի գլխին, ասես, քար է ընկել։ Ի՜նչ հզոր են, որ կարողանում են քամահրել բառը, խոսքը։ Խոնարհաբար պիտի շնորհակալ լինեմ բոլոր էն բառերին, որոնք մայրենիի հետ երկա՜ր-երկար ճանապարհ են անցել, եթե մահացել են, ապա... ցորնասերմի նման` նոր բառեր են ծլել, բառերի արտն է ծփացել լեզվի հպարտ տիրույթներում, զինել բառի, գրի զինվորին։ Ես անուն առ անուն շնորհակալ եմ բոլոր էն թերթերին, որոնց էջերում ճակատամարտում են լրագրողները` ազնիվ, շիտակ, ճշմարիտ, հենց էնպես, ինչպես նրանց սովորեցրել են հայոց բառ ու բանը, հայոց պատմությունը և ճակատագիրը։ Ի՞նչ է բառի ուզածը, ի՞նչ է լրագրողի ուզածը։
Մեծ հոգու, լայն սրտի տեր բառեր ունենք և ունենք բառը, լեզուն որպես ազնիվ զենք ընկալող լրագրողներ։ Միայն մի վատից վատ, գեշ բան կա` բառը չի ընկալվում, բառակիրը չի հասկացվում, ինչպես չեն հասկացվել... բանավոր ժամանակներում։ Հիմա` գրավորով, ավելի։ Ի՞նչ են ուզում այսօրվա արդարադատ լրագիրն ու լրագրողը։ Ինչո՞ւ են նույն բանը մեկ անգամ չէ, հազար անգամ ասում-գրում-հասցեագրում։ ՈՒ տեղ չի հասնում։
Դժվար է բառի գործը։ Դժվար է լրագրի գործը։ Դժվար է բառի, լրագրի նվիրյալ տիրոջ` լրագրողի գործը։ Մանավանդ բռի-չտես իշխանավորների մեր աշխարհում։ Իշխանավորները փորձում են բառին զրկել զինյալությունից։ Նրանց, ասես, տրված է մի բան` չտեսնել բառի պատկերը, չլսել բառի մերկ հասակը, չլսել բառի ճիչը։ Կույր լինել ու չզգալ-չտեսնել բառի վախը։ Երկրին սպառնացող բոլոր վտանգները մտնում են բառի մեջ։ Ի՞նչ է անում լրագրողը` բառ-երկիրը` երկիր-բառի պատկերով ներկայացնում է նրանց, ովքեր իշխանության են հասել ու հավեսի համար կործանում են էս երկիրը, որը մերն է։ Իշխանավորները ո՛չ մանուկ են, ո՛չ էլ մանկամիտ, որ կոտրեն իրենց ձեռքի խաղալիքը, դու էլ ասես` ոչինչ, լաց մի՛ լինի, նորը կառնենք, միայն թե զգույշ եղիր։
Երկիրը խաղալիք չէ, բայց իշխանավորները` չանուն առ չանուն, մանկամիտ են էնքան, որ ճաք տված երկրի անցքերից նայում են ներսը` իրենց համար մեջն ի՞նչ կա։ Երկիրն օր օրի կործանվում է, սիրտ ու հոգի չէ, մարմիններ են փշաքաղվում, սարսռում են ոսկորներ, շատ տներում մի կտոր հաց չկա` լաց լինող, սովից լաց լինող երեխային մունջ անեն, իսկ թերթերը գրում են, թե միջնեկ նախագահի` դեռ պատանեկիկությանը կարգին հրաժեշտ չտված ստվերային տղան երկու միլիարդ դոլար ունի անունը չտալու էն բանկում։ Միայն դրա համար արժեր, որ հերը լիներ բանտում։ Բայց լենթ կտրելու արհեստին վարժված էքսը ձեռի հետ շարունակում է ալ կարմիր ժապավեններ կտրելու շքերթը, որ ձեռի չափը չկորցնի, համ էլ լավ բանած մկրատը չժանգոտի...
Լրագրողներն էն են ուզում, ինչ ժողովուրդը։ Ժողովուրդը ոչ միայն Հյուսիսայինում հավաքվողները, այլև Հայաստանի անհույս հյուսիսներում ու անարև արևելքներում ապրողները, հենց լրագրողները` նրանց բերանով խնդրում են, աղաչում են, պահանջում են` ա՛յ գող իշխանավորներ, բավական է խժռեք երկիրը, արդեն ոսկորին չէ, ողնաշարին եք հասել, գազանացած գազան եք կտրել, կողոպտելու մոլուցքի մեջ եք, բայց սթափվեք մի պահ, սա երկիր է, սա ժողովուրդ է, սա Հայաստան-հայրենիքն է, եթե այսօր սա ձեզ պետք չէ, պետք է նրանց, ովքեր նոր են ծնվելու, ծնվելու են, բայց ոչ երբեք ձեզնից։ Թերթերն ու լրագրողներն ասում են` ձեր հարատևության համար երկիրը մի մասնեմասեք, օտարի շունչը մի՛ ձյութեք մեր բառի վրա, մի՛ հալածեք երկրի զավակներին, ազատության, անկախության զավակներին, մեր քարաժայռերի վրա միշտ էլ պուտ-պուտ արյուն է կաթել, արյան ամեն պուտը կակաչ (պուտ) է դարձել, մի՛ շղթայեք ազատ բառը, ազատության զինվորին։ Հասկացեք, վերջապես հասկացեք, որ երկիրն էլ, ժողովուրդն էլ թշնամի կունենան։ Մեծ աշխարհ է։ Գլուխներդ քարը տվեք, բայց ի՞նչ կլինի, ժողովրդի մեջ մի՛ որոնեք ձեր թշնամուն։ Եվ ձեզնից դուրս չի գա էն քաջը, որ պտտվեք ձեզպատկան (էս ի՞նչ ասի` ձե՜զ-պա՜տ-կա՜ն) երկրի շուրջը, պտտվեք աշխարհով մեկ, թե հայ ժողովրդի համար թշնամի ենք ման գալիս, որ կողոպուտի, թալանի հետ թշնամու էդ գործն էլ վերջացնենք, որ մեր սերունդները վաղը էստեղ-էնտեղ ու ամեն տեղ իշտահով վայելեն գողոն-թողոնը։
Մեր խիզախ լրագրողների... Ավելի շատ` լրագրողուհիների, ավելի շատ ու շատ աղջիկ-հարս-կին լրագրողների... արդար կռիվը, որը կանչ է, սթափության կոչ բոլոր իշխանավորներին, գլուխանգլուխդատախազներին, այսուհետ ամսագլուխ (օրվա բերածը չհաշված) կեսմիլիոնանոց դատավորներին... Պարզ մի ցանկություն է` երկիրը երկիր դարձնել, ժողովրդին աղքատության բերանը մի՛ տվեք, մի՛ չոքացրեք ամենակուլ իշխանավորի դռանը, մի՛ մոռացեք, որ անկախ ենք ու պարտավոր ենք ազգուտակով փրկել մեր անկախությունը, որ անկախությունն անկոչ հյուր չէ, որ գա` ուզածն էլ շալակի ու հայդե՜... ճամփան սովորեց` գնալու, մի քանի հոգու հետ ետ է գալու։
Ոչ մեկիս տեղը հեշտացնելու չէ։ Աղետյալի վիճակում ենք։
Բառը չի օգնում։ Բառը չի մխրճվում։ Մոմ է դառնում բառը։ Հենց բառը պիտի գնդակ դառնար։
Մի զորեղ, զորական, հզոր նախնու ձայն եմ լսում.
«Կուզենայի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ խաթարել կարենա այս ցեղը, կոդակ ու հպարտ մարդկանց այս ցեղը... Փորձեք կործանել այս ցեղը, ասացեք` դարձյալ 1915 է, ու աշխարհի աչքը` պատերազմի ծխով բռնված։ Կործանեցեք Հայաստանը, տեսեք` կկարողանա՞ք։ Իրենց տներից քշեցեք անապատ, մի՛ մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի տվեք իրենց ու իրենց Աստծու տները։ Տեսեք` նրանք դարձյալ պիտի չապրե՞ն։ Տեսեք` ցեղը դարձյալ պիտի չհառնի՞... Ջանացեք, տեսեք` կարողանա՞ք պիտի, շունշանորդիներ...»։
Ասողը մեր մեծ նախնին է, իմ մեծ նախնին է, ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆՆ է... Ասողը, գրողը Վիլյամ Սարոյանն է։ Նրա ասած-գրածն աշխարհը լսել-կարդացել է, ճանաչել է հայ ազգը, մտածել մարդու մեջ մարդկային կորուստների մասին։ Ի՞նչ կլինի մեկին, մեկնումեկին ձեզ համար, ձեր զավակների համար կարդալ տվեք Վիլյամ Սարոյանի պատմվածքը` «Հայը և հայը»։ Կարճ պատմվածք է, զորավոր, խելքի բերող։ Էդ ընթացքում ավելի լավ բան անել չեք կարող։ Եվ ոչ մի բանից էն օգուտը չեք քաղի, ինչ Սարոյանի` բարի հսկայի էս պատմվածքից։ Ընդհանրապես` Սարոյանից։ Եվ չեք փոշմանի։ Եթե չէ` շարունակեք կործանել Հայաստանը։ Վերջում ո՞վ է փոշմանելու։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6691

Մեկնաբանություններ