38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, Քոչարյանը կարող է վերադառնալ քաղաքական դաշտ»

«Եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, Քոչարյանը կարող է վերադառնալ քաղաքական դաշտ»
20.06.2008 | 00:00

«ՓԵՏՐՎԱՐԻ 29-ԻՆ ԿԱՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՇՐՋԱՊԱՏԵԻՆ ՍԴ-Ն»
Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակի, իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերություններում առկա տրամադրությունների և զարգացման հնարավոր հեռանկարների շուրջ կարծիք է հայտնում քաղաքագետ, վերլուծաբան ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ։
-Պարոն Շաքարյանց, ներքին լարվածությունը Հայաստանում դեռ չի լիցքաթափվել, իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերություններում դրական առարկայական տեղաշարժ առայժ չկա։ Ինչպիսի՞ն է իրադրության Ձեր գնահատականը։
-Իրադրությունը կարելի է բնորոշել իբրև առկախ իրավիճակ առաջին հերթին ընդդիմության մասով։ Որովհետև տեղեկացված շրջանակում գործունեություն ծավալող մարդկանց համար այլևս անկասկած է, որ իշխանությունը զավթելու փորձ եղել է իսկապես։ Նախապատրաստվում էր թեկուզ ոչ ուժային, բայց որոշակիորեն ճնշում գործադրելու սցենար, և փետրվարի 29-ին կամ մարտի 1-ին ցուցարարները պետք է շրջապատեին Սահմանադրական դատարանի շենքն ու սկսեին երկարատև ակցիա։ Այսօր արդեն ոչ ոք չի կարող ասել, թե այդ դեպքում ինչպես կզարգանային իրադարձությունները։
Ի դեպ, 2004-ի ապրիլին ընդդիմությունը փորձեց նույն սցենարն աշխատեցնել Բաղրամյան պողոտայում։ Այն, որ Բաղրամյանի վրա երգում-պարում էին, և չորս տարի անց նույնը տեղի էր ունենում Ազատության հրապարակում, բավական պարզորոշ հուշում է, որ դիրիժորություն անող ձեռքը նույնն էր։ Պարզապես ինչ-որ բան ամեն դեպքում ճիշտ չէին հաշվարկել հայկական իրականության առումով, եթե երկու անգամ փորձ արվեց նույն բեմադրությամբ իշխանափոխության գործընթաց սկսել։
-Եվ, ըստ Ձեզ, ո՞վ է դիրիժորը։
-Մամուլում և շրջանառվող տարբեր լուրերի համաձայն, սցենարը գրվել է ԱՄՆ-ում։ Միգուցե ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտում, միգուցե հանրապետական ինստիտուտում, տարբերությունը մեծ չէ։ Ակնհայտ է, որ ԱՊՀ երկրների համար մշակված է միանման սցենար. Կիևի Մայդանում էլ ամեն ինչ սկսվեց պարով ու երգով` բնակչության և ընդդիմության աննախադեպ միասնությունն ընդգծելու համար։ Այսօր ՈՒկրաինայում բնակչությունը բացարձակ մեծամասնությամբ անտարբեր է կամ էլ անթաքույց ատելությամբ է վերաբերվում «նարնջագույն հեղափոխության» արդյունքում ձևավորված իշխանությանը։ Իսկ այն, որ կիևցի քաղաքական տեխնոլոգներից մեկը տարվա սկզբին գտնվում էր Երևանում, ակնհայտորեն նույնպես պատահականություն չէր։ Հազիվ թե այդ մարդն այստեղ էր հայտնվել տուրիստական ուղևորություն կատարելու և Հայաստանի հուշարձաններին ծանոթանալու համար։ Նման մարդիկ սեփական միջոցներով նույնիսկ տուրիստական ուղևորության չեն գնում։
Եթե անդրադառնանք այսօրվան, ապա ակնհայտ է, որ այս առկախ իրավիճակում Լևոն Տեր-Պետրոսյանի արտասահմանյան պատվիրատուները շարունակում են նրանից ինչ-որ բաներ պահանջել։ Այդ պատճառով էլ սպասվում է ընդդիմության հանրահավաքը, որը, ըստ իս, բացարձակապես անտեղի է։
-Ինչո՞ւ է անտեղի։ Իշխանության թեկնածուին դեմ քվեարկած ընտրազանգվածն իր կարծիքն է ուզում արտահայտել։ Կամ էլ բողոքը։
-Եթե բացառապես իրավական նորմերից ելնենք, ապա ընտրությունների արդյունքների վերաբերյալ բողոքարկումն ավարտվում է Սահմանադրական դատարանում։ Ընդդիմությունը դիմել է ՍԴ, ներկայացրել իր դժգոհությունները, կա դատարանի որոշումը։ Հետագա շահարկումները, պահանջներն ու խնդրանքները` գոնե ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, բացարձակապես անհիմն են։ Որովհետև 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ներկայիս ֆորմատով ընդդիմությունը, որպես այդպիսին, գոյություն չուներ։ Այն ձևավորվեց միայն նախագահական ընտրությունների նախաշեմին։ Հետևապես, եթե ուզում են ԱԺ ընտրություններին մասնակցել, ուրեմն պետք է առաջիկա չորս տարիներին աշխատեն պահպանել իրենց կորիզը, գաղափարական առումով իրենց շուրջը համախմբված ընտրազանգվածը, եթե այդպիսին կա։
-Բայց ընդդիմությունը (և ոչ միայն նրանք) համարում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները քաղաքական անհրաժեշտություն են։
-Բացարձակապես չեմ տեսնում այդպիսի անհրաժեշտություն։ Այլ հարց է, որ չեմ բացառում, թե խորհրդարանական տարբեր ուժեր գուցե և շարունակում են շփումներ պահպանել ընդդիմության հետ, խոստանում կամ երաշխիքներ տալիս, թե ինչ-որ պահի իրենք էլ կաջակցեն այդ պահանջին։ Բայց արտահերթ ընտրությունների անցկացման օբյեկտիվ նախադրյալներ չկան, որովհետև մեկ տարի առաջ ՀՀՇ-ն և Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբված կուսակցությունների բացարձակ մեծամասնությունն ընդհանրապես չեն մասնակցել խորհրդարանական ընտրություններին։
Իմ խորին համոզմամբ, ներկայիս ընդդիմությունը կոնյունկտուրային է։ Մարդիկ պարզապես օգտագործեցին հասարակության մի լայն զանգվածի օբյեկտիվ դժգոհությունը երկրում առկա բազմաթիվ պրոբլեմներից։ Բայց մենք չենք մոռացել, որ այդ խնդիրների մեծ մասը որպես հասարակական պրոբլեմ արմատավորվել է 1990-ականներին իրենց կառավարման ժամանակաշրջանում։ Այսինքն, եթե այդ մարդիկ այսօրվանից ավելի լավ Հայաստան կառուցելու ցանկություն ունեին, դրա հնարավորությունն ունեցել են ամբողջ ութ տարի։ Հետևապես, նրանց միակ ցանկությունը կորցրած աթոռները վերադարձնելը, «մեր դեմ խաղ չկա» հայտնի կարգախոսը վերականգնելն է։
-Սակայն, այնուհանդերձ, անհնարին է ժխտել, որ ընտրողների 21%-ը քվեարկել է Ձեր նշած ուժերի, նրանց թեկնածուի օգտին։ Սա փաստ է, որի հետ հաշվի չնստել հնարավոր չէ։
-Նույն ձևով հնարավոր չէ հաշվի չնստել Արթուր Բաղդասարյանի, Վահան Հովհաննիսյանի, Վազգեն Մանուկյանի, մյուս բոլոր ընդդիմադիր թեկնածուների ընտրազանգվածի հետ, որը նույնպես քվեարկել է ընդդիմադիր տրամադրություններով, բայց ոչ Տեր-Պետրոսյանի օգտին։ Եվ այդ ընտրազանգվածն ավելին է, քան Տեր-Պետրոսյանին աջակցողների թիվը։ Հասկանալի է, որ այս հանգամանքը դուր չի գալիս առաջին նախագահին և իր թիմին, բայց, այնուհանդերձ, փաստ է։ 1995-ին մեզ էլ շատ բան դուր չէր գալիս, բայց այն ժամանակվա ընդդիմությունը երբեք ժողովրդին չտարավ քաղաքացիական բախման։ Այսօր մատնանշվում են մարտի 1-ի իրադարձությունները, որ, ցավոք, զոհերի հանգեցրին։ Բայց արժե հիշեցնել, որ ՀՀՇ-ՀՅԴ հարաբերությունները նույնպես անամպ չեն եղել, և դաշնակցականները ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ նույն սեղանի շուրջը նստելու փոխարեն, նրա հրամանով նստած էին բանտերում։ Իսկ կուսակցության շարքային անդամներից նաև մարդ մահացավ նույն բանտում, «չպարզված հանգամանքներում»։
-Եկեք ընդունենք, որ, այնուհանդերձ, մարտի իրադարձությունների հետ կապված արտաքին կոշտ ճնշում կա` ԵԽԽՎ բանաձևի տեսքով։ Եվ եթե իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը չկայանա, այդ ճնշումը կշարունակվի։
-Մինչ օրս երկխոսությունը չի կայացել միայն ընդդիմության պատճառով։ Որովհետև, նրանց պատկերացմամբ, Տեր-Պետրոսյանին պետք է հրավիրեն նախագահի նստավայր կամ որևէ չեզոք տարածք, ասենք, Րաֆֆի Հովհաննիսյանի ռազմավարական հետազոտությունների կենտրոն, և այդտեղ առաջին նախագահը Սերժ Սարգսյանի հետ նույն սեղանի շուրջը նստելով, պետք է երկխոսություն սկսի։ Միանգամից արձանագրենք, որ նման երկխոսություն չի լինում։ Մոտեցման այդ ձևը նշանակում է բանակցություններ կապիտուլյացիայի մասին, թե ով ում է հանձնվելու։ Եթե առաջին նախագահի շրջապատում շարունակելու են այդպես ընկալել երկխոսությունը, դա անհեթեթություն է։
Երկխոսության համար ստեղծվում է հատուկ դաշտ, ուր բոլորովին էլ պարտադիր չէ հեռուստախցիկների առկայությունը։ Ինձ զարմացնում է նաև այն, որ բոլորը բացառում են, թե Սերժ Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի միջև այսօր էլ հնարավոր է որոշակի շփում, որը տեղի է ունենում ուշ երեկոյան, ասենք, Երևանի համեստ և վատ համբավ չունեցող ժամանցի որևէ վայրում։
-Այսինքն` Դուք նման հնարավորությունը չե՞ք բացառում։
-Ես` ո´չ։ Ի վերջո, նրանք բազմաթիվ տարիներ աշխատել են միասին։ Ոչ ոք չի կարող պնդել, թե հասարակության աչքից հեռու հանդիպումները և իսկապես կարևոր խնդիրների քննարկումները չեն բխում երկուսի շահերից էլ։
-Եվ, այնուհանդերձ, Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը մնում է շատ կոշտ։
-Ես մի քիչ այլ կերպ կմեկնաբանեի։ Իր գլխավորած շարժման վերջին հավաքի ժամանակ հնչած ելույթում նա որոշակի հետքայլ արեց։ Բայց, ըստ սովորության, պայմաններ առաջադրելով, թե թող Սերժ Սարգսյանն ապացուցի, որ առնչություն չի ունեցել մարտի 1-ի հանրահավաքը ցրելու հրամանի հետ։ Առաջին նախագահի կարծիքով, անմեղության կանխավարկածը երևի գոյություն ունի միայն իր և իր համախոհների համար։ Նա, ցավոք, 1992-ից վարժվել է շրջանային դատախազի պես թևերը քշտելով մեղադրանքներ առաջադրելուն։ Մինչդեռ ներկա նախագահը որևէ բան ապացուցելու կարիք չունի, այդ Տեր-Պետրոսյանը պետք է ապացուցի, թե ինչի մեջ է նրան մեղադրում։ Չեմ կարծում, թե այդ դաշտում հաջողություններ կունենա, եթե, իհարկե, չկազմակերպվի ամոթալի «կատակերգություն», ինչպես ՈՒկրաինայում լրագրող Գոնգաձեի սպանության շուրջ։ Հասկացողը հասկացավ ինչ նկատի ունեմ, որովհետև չեմ բացառում, թե Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատից որևէ մեկին կարող է վերապահվել Գոնգաձեի ճակատագիրն այն նպատակով, որ դա հետո դառնա ներքաղաքական նոր լարվածության հրահրման սկիզբ, ինչպես եղավ ՈՒկրաինայում։
Արտաքին ազդեցությունները Հայաստանի վրա ԵԽԽՎ-ի բանաձևով չեն սահմանափակվում։ Ես հիմա չեմ ուզում հիմնավոր համեմատություն անցկացնել 1996-ի և ներկա իրավիճակների միջև, թեպետ անկասկած է, որ Վազգեն Մանուկյանը կրկնակի ավելի քվե ունենալով, քան այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը, արեց ամեն ինչ և հաջողեց խուսափել քաղաքացիական զինված բախումից։ Թեպետ նույն Տեր-Պետրոսյանի վարչակազմում կային կարկառուն դեմքեր, ովքեր պատրաստ էին արյուն թափելու և հետո այդ մասին հայտարարում էին հայտնի տեսաերիզում, որ մի 800 հոգու գնդակահարելն առանձնապես մեծ բան չէ։ Եվ 1996-ի ընտրական գործընթացների ժամանակ ես չեմ հիշում, որ Հայաստան այցելեին ԱՄՆ հրեական կոնգրեսի և Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական օթյակի ներկայացուցիչները։
-Այսպիսով, երկխոսության, ներքաղաքական ճգնաժամի լիցքաթափման որևէ առարկայական հնարավորություն Դուք այս պահին չե՞ք տեսնում։
-Հասարակական խորհրդի ձևավորումը հենց դրան նպաստող մեխանիզմն է, բայց ընդդիմությունը կտրականապես հրաժարվեց մասնակցելուց։ Մարդիկ չեն ուզում հասկանալ, որ կան օբյեկտիվ իրողություններ, և ամեն ինչ չի կարող կառավարվել բացարձակապես իրենց ցանկությամբ։
-Բայց այդ դեպքում ո՞րն է ելքը այս պատային իրավիճակից։
-Այս պահին այդպիսի ելք չի նշմարվում, եթե ընդդիմությունը, ելնելով «համառություն` հանուն համառության» սկզբունքից, շարունակի լարել ներքին իրադրությունը։ Կա´մ պետք է գործել նորմալ քաղաքական տրամաբանության շրջանակներում, բանակցել իշխանությունների հետ և փորձել հասնել որոշակի արդյունքների, կա´մ էլ ամեն ինչ կգնա որոշակի, հստակ և, ըստ որում, օրենքով սահմանված կարգով։ Այսինքն, կավարտվի մարտի դեպքերի հետաքննությունը, և յուրաքանչյուրը պատասխանատվության կկանչվի իր արածի չափով։ Սա, իհարկե, այն դեպքում, եթե իշխանությունները բավականաչափ հետևողական լինեն։
-Առաջիկա ժամանակահատվածի կտրվածքով հնարավոր համարո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն` որևէ կարգավիճակով։
-Չեմ բացառում, մանավանդ, եթե զարգացումներն ընթանան իշխանության հետ ընդդիմության խորքային հակադրության սցենարով։ Այդ պարագայում երկրորդ նախագահի վերադարձը շատ ավելի առարկայական հիմքեր ձեռք կբերի, քան այսօր։ Այդքան էլ կարևոր չէ, թե ինչ կարգավիճակով։ Նա բոլորից ավելի է շփվել Տեր-Պետրոսյանի հետ, ինչպես մինչև 1998 թվականը, այնպես էլ դրանից հետո` տարբեր ընդունելությունների ու միջոցառումների ժամանակ։ Այսինքն` նա Տեր-Պետրոսյանին բոլորից ավելի լավ է ճանաչում, և եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, նա կարող է վերադառնալ քաղաքական դաշտ` գործընթացների շատ ակտիվ մասնակցի դերակատարությամբ, անկախ կարգավիճակից։

Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 7044

Մեկնաբանություններ