Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Աստծո բարին որոնենք ըստ մեր առաքելական սուրբ եկեղեցու

Աստծո բարին որոնենք ըստ մեր առաքելական սուրբ եկեղեցու
11.09.2009 | 00:00

ԽԱՉՎԵՐԱՑ
Այս խնդրով մի քանի հարցեր կան, որոնց մասին հարկ է լավ խորհրդածել: Ինչո՞ւ Հիսուսը հորը թաղել ուզող աշակերտին ասաց. «Թող մեռելները թաղեն իրենց մեռելին, իսկ դու արի իմ հետևից»: Որովհետև առանց Աստծո որդին եթե հորը թաղեր, ի՞նչ օգուտ պիտի տար նրան: Ոչ մի: Սակայն Տիրոջով հոգևոր այր դառնալով` արդեն կարող էր օգնել իր ննջեցյալ հորն էլ, ըստ Տերունական իմաստուն կարգերի: Նույնն է նաև Խաչվերացի և մյուս Տերունական մեծ տոներին, նաև մեր բոլոր որոնումներում. նախ` Աստծո հետ լինել, հոգևոր լինել-դառնալ, ապա կարողանալ ճշմարիտ օգնել մեր ննջեցյալներին:
Հոգևոր պարզագույն, անհրաժեշտ գիտելիքներ չունենալով` մենք հաճախ նմանվում ենք թշվառների, և մեր գործերն ու արարքները կամ անօգուտ են դառնում, կամ սակավօգուտ: «Իմ ժողովուրդը կորստի մեջ է հայտնվում՝ անհրաժեշտ գիտելիքներ չունենալու պատճառով, որովհետև սուտ հովիվները նրան մոլորեցրին»,- ցավում է Աստված մարգարեների միջոցով: Խաչվերացի տոնի նախօրյակին այս մասին պատահականորեն չէ, որ հիշեցի, որովհետև մեզանում անխելամիտ սովորույթ է դարձել, որ բոլոր Տաղավար տոներին, մանավանդ Խաչվերացին, մերձավորները, եկեղեցի գնալու փոխարեն, վազեն կամ շտապեն գերեզմաններ: Մինչդեռ, ըստ սահմանված հոգևոր կարգերի՝ հաջորդ օրը՝ Մեռելոցին պիտի գերեզմաններ այցելենք և ոչ թե բուն Խաչվերացի տոնին: Իսկ մինչ այդ հարկ է մեզ նախապատրաստվել, որպեսզի նախ մեր անձերը հաճելի դարձնենք Աստծուն, որ ձեռնունայն չգնանք գերեզմաններ՝ ինքներս էլ նմանվելով մեռելների, որոնց մեջ կենդանություն և հարության հույս չկա և ցամաք են, ինչպես կենդանի անձրևի սպասող արտն ու այգին: Իսկ եթե մեր մեջ անհրաժեշտ կենդանությունը պատարագ ու աղոթքով, բարեգործությամբ դեռ չկա, ապա ի՞նչ պիտի փոխանցենք մեր ննջեցյալներին՝ որպես հարության հույսի նորոգում, որպես Աստծուն դառնալու, առավել մարդասեր լինելու քաջալերանք, որպես հոգու բժշկություն և սփոփանք, որպես համբերատարություն: Ըստ Աստծո խոսքի, որպես թե՝ սոսկ կենդանի թվացող, բայց ճշմարտության մեջ մեռելներ շատ կան, որ քայլում են: Սակայն ննջեցյալներ կան, թեպետ մարմինները ժամանակավորապես հող են, որ կենդանի են: Եվ Աստված քայլող մեռելներին՝ մեռել էլ տեսնում է, իսկ հոգով կենդանի ննջեցյալին ապրող է տեսնում: ՈՒստի քայլող մեռելը նախ ինքը պիտի դարձի գա, կենդանանա, որ հետո որևէ ննջեցյալի օգնի: ՈՒրեմն, նախ` հարկ է բուն տոնը պատկառանքով, պահեցողությամբ դիմավորել: Այդ բանի համար Խաչվերացի բուն տոնի նախօրյակի գիշերը՝ աղոթքներով, բարեպաշտությամբ, հոգևոր երգերով հսկման գիշեր անցկացնենք, ինչպես և բոլոր Տաղավար տոների նախօրյակին: Առավոտյան հարկ է եկեղեցի այցելել, Տերունի պատարագին մասնակցել, աղոթքներով արժանավորվել, եկեղեցում մեր լսած քարոզից՝ իմացության բանավոր հացով ամրանալ, սուրբ Հաղորդությամբ զորավորվել և ապա հաջորդ օրը՝ Մեռելոցին այցելել մեր ննջեցյալներին, որպեսզի մեր ներսում ամբարված կենդանությունից ու Լույսից, Հարության արթնացած հունդից, որպես Հարության մխիթարական կենդանի կյանքի շողի մատուցում ու համբերություն՝ փոխանցենք մեր ննջեցյալներին:
Իսկ եթե ապրում ենք խուլ գյուղերում, ուր դեռ գործող եկեղեցիներ չկան, ապա տոնի նախօրյակին պահք պահենք, ողջ գիշերն էլ հսկումով անցկացնելով (այսինքն՝ չքնելով, այլ Աստավածապաշտությամբ լուսացնելով), ապա տոնի օրը Ավետարանից ընթերցենք էջերը Փրկչի Հարության և Նրա խոստման մասին, որ իրեն հավատացող մեռյալներին ևս Հարություն է տալու։ Խունկ ծխենք, աղոթքներով արժանավորվենք, բարեգործություններ անենք աղքատներին, հիշելով, որ բարեգործություններն աղոթքի առավել գործնական ու զորավոր արտահայտություններ են և ննջեցյալների հոգիները զորավորող, բարելավող: Եվ ապա հոգեպես նախապատրաստվելով, այցելենք մեր ննջեցյալներին, որպեսզի մեր այդ լուսաջանք տքնանքները հաշվի առնելով՝ Աստված իր հերթին կյանքի Լույս ծագեցնի նրանց հոգիներում: Մեր նման վարմունքով՝ թե՛ ինքներս Աստվածահաճո կյանք վարած կլինենք, թե՛ մեր ննջեցյալները կառնվեն Աստծո լուսավոր սփոփանքի ու կենսունակության մեջ, և մեր խղճմտանքն էլ չեն բողոքարկի, մեր ջանքերը զուր չեն անցնի, այլ հանգիստ ու խաղաղ կլինենք, իսկ մեր անձերը՝ առավել լուսավորված, առաքինի, համբերատար և օրհնյալ: Սա, բնականաբար, վերաբերում է նրանց, ովքեր բուն Տոնի օրը հիվանդության, տարիքի կամ այլ պատճառով չեն կարող գնալ ամենամոտ քաղաքի կամ գյուղի գործող եկեղեցին՝ սուրբ Հաղորդություն ընդունելու, մի բան, որ գյուղերի բնակչության մեծ մասի համար մեծ դժվարություն չէ՝ տարվա մեջ հինգ տաղավար տոներին ամենամոտ քաղաքի գործող եկեղեցի այցելելը: Այս մասին Գունդստաբլն էլ է կանոնադրել, որ մեծ տոներին, անգամ եկեղեցի ունենալու դեպքում էլ, քաղաքի եկեղեցի այցելեն, ուր ավելի մեծ հոգևորականներն են քարոզում, օրհնում և սուրբ հաղորդություն տալիս: Պարզապես պիտի չծուլանանք՝ հանուն մեր և ննջեցյալների հավիտենական կյանքի պայծառացման՝ մեր լսածների կատարումը հարգել:
Իսկ երբ ննջեցյալներին այցելելուց հետո երեկոյան սեղան նստենք, ոչ թե այդ սեղանները վերածենք աշխարհիկ խնջույքի, այլ պատշաճ և օրվա կարևորության խորհուրդը պահելով՝ նորմալ հացկերույթ անենք՝ հոգևոր զրույցներով, հոգևոր երգերով և շարականներով: Հոգևոր տոնին համապատասխան՝ սաղմոսներ ընթերցելով: Միմյանց ըստ Աստծո խոսքի մխիթարելով և քաջալերելով: Հույսի, հավատի և հանուն մերձավորի սիրո գեղեցիկ ու վեհ և հիշարժան, Աստծո խոսքով լեցուն հացկերույթ անելով:
Մեռելոցին պատշաճ է, որ սեղանի վրա լինեն թարմ սուրբ հաց և գինի, նաև ձկնեղեն, միրգ ու բանջարեղեն, խաղող, գաթա կամ ինչ ունենք՝ չափավոր և ոչ չափազանց: Գինին ճաշակենք չափավոր՝ որպես Քրիստոսի արյունը, որ ներման խորհուրդն է՝ թե՛ մեր, թե՛ ննջեցյալների հոգիների խաղաղեցման: Այդ օրվա հացը, եթե Տերունական տոնի խորհրդի համեմատ թխեն, առավել լավ է, այդ մասին հարցնեն քահանաներին:
Իսկ եթե քահանա չկա, մեր միջից ամենաբարեպաշտը թող սեղանն օրհնի: Պատշաճ ու զուսպ հացկերույթ, հեռու մնալով արբեցողությունից և շատակերությունից, սեղանի շուրջ խոսելով Խաչի հովանու և Աստծո Որդու՝ Քրիստոսի` մեռելներին Հարություն տալու խոստման մասին:
Աստծո բարին որոնենք ըստ մեր առաքելական սուրբ եկեղեցու կարգերի ու ձեռնունայն երբեք չենք մնա: Իսկ ինչ հարցի պակասություն որ ունենանք, դիմենք Աստծո օծյալ քահանաներին, ուշադիր լսենք և պահենք նրանց տված խորհուրդները: Փառք Աստծուն, որ օգնեց ինձ այս մի քանի խոսքը գրել, որ եթե մի քանի հոգու էլ հոգեշահ օգուտ տա, վարձատրված կլինեմ: Ի սրտե մաղթենք, որ Աստված մեզ և ձեզ զորավիգ լինի ամենայն խնդրում, որ Իր ճշմարտությանը մեզ առաջնորդի: Ամե՛ն:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2174

Մեկնաբանություններ