Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբույքան էջում օրերս քննարկում էր ծավալվել azad-hye.net կայքի մի հրապարակման շուրջ, որում հեղինակը անդրադարձել է «Լույս» հիմնադրամի գործունեությանը: Ֆեյսբուքի օգտատերերից ԼՈՒՍԻՆԵ ԹԱՍԼԱԿՅԱՆԸ գրել էր, թե «Լույսի» ներկայիս «կրթաթոշակակիրները երբեք ռիսկ չեն անի բարձրաձայնել իրենց կարծիքը հայտնի պատճառներով» և որ «Լույսի» գործընկեր կազմակերպություններից մեկի ղեկավարն իրեն ասել է, թե «Լույսի» նպատակը «Հայաստանի համար մասնագետներ պատրաստելը չէ»: irates. am-ը կապ հաստատեց Օքսֆորդի համալսարանում ուսանող Լուսինե Թասլակյանի հետ: Ահավասիկ` մեր հարցազրույցը Լուսինեի հետ:
-Տեղեկացա, որ Օքսֆորդի համալսարանում եք սովորում, ի՞նչ մասնագիտություն ունեք:
-Մինչև Օսֆորդը սովորել եմ Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կենսաքիմիական ֆակուլտետում, հետո ասպիրանտուրայում եմ սովորել` ԳԱԱ հիդրոէկոլոգիայի ձկնաբանության ինստիտուտում, բայց թեկնածուական չեմ պաշտպանել, քանի որ բենզին չկար, ֆինանսավորում չկար, թունաքիմիկատ չկար: Սևանա լիճ թափվող գետերն էի ուսումնասիրում: Էդմունդ Մասքիի կրթաթոշակի շրջանավարտ եմ: 2002-ից վերադարձել եմ և աշխատել միջազգային ծրագրերում ` USAID, Եվրամիություն, Համաշխարհային բանկ, միջազգային ծրագրերի փորձագետ եմ: Խորացել եմ ջրային ռեսուրսների ոլորտում, Սևանի խնդիրներով եմ հետաքրքրվել և, կարծում եմ, դա կարևորագույն ոլորտներից մեկն է: Այն, ինչ այստեղ եմ սովորում, կոչվում է` Ջրերի գիտություն, կառավարում և քաղաքականություն: Նեղ մասնագիտական կրթություն է: Ես հիմա դրսում եմ սովորում, սակայն իմ գիտելիքները կիրառելու եմ Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում, որովհետև վաղը-մյուս օրը կսպառվեն մեր ջրային պաշարները, կկանգնեք փաստի առաջ:
-Գրել եք, թե «Լույսից» ֆինանսական օժանդակություն ստացողները չեն բարձրաձայնի իրենց կարծիքը հիմնադրամի մասին: Ի՞նչ եք նկատի ունեցել:
- Նախ ասեմ, որ իրենք իրենց շատ են գովազդում, բայց երբեք չեն նշում, որ գումարի կեսն են տալիս: Հետո էդ երիտասարդների մի մասն ընկնում է վարկի տակ, իրենց ունեցվածքն են սկսում վաճառել, որ գումարի մյուս կեսը վճարեն: Օքսֆորդում ուսման վարձը, օրինակ, 17-18 հազար ֆունտ ստեռլինգ է, չհաշված ապրելու ծախսերը: Եթե կեսն են տալիս, էն մյուս կեսը որտեղի՞ց հայթայթեն: Գոնե գովազդելու ժամանակ թող նշեն, որ կեսն են տալիս: Աղջիկ գիտեմ, որ ընդունվել է Ամերիկայի Սթենթֆորդի համալսարան, վճարել է 10 հազար դոլար չվերադարձվող դեպոզիտ, որի 50 տոկոսը ստանալու էր «Լույսից», մի քանի օր հետո Սթենթֆորդի համալսարանը «Լույսի» ցանկից անհետացել է, այդ աղջիկը 10 հազար դոլարը կորցրել է: Մի ուրիշ հարց էլ կա: Իրենք չեն պարտադրում, պայմանագիր չի կնքվում այդ երեխաների հետ` ուսումն ավարտելուց հետո Հայաստան վերադառնալու և աշխատելու մասին: Հիմնադրամի գովազդների մեջ իրենք երբեք չեն նշում, որ գումարի կեսն են տալիս, նշում են` մենք հնարավորություն ենք ստեղծում արտասահմանում սովորելու: Ես այն տպավորությունն ունեմ, որ իրենց PR-ի նպատակով են այդ ամենը անում: «Լույսի» օժանդակությունից օգտվող ընկերներ ունեմ, ասում են, որ պատգամավորի երեխա է եղել, իրեն տվել են փողի 70 տոկոսը, ինչ-որ հասարակ մահկանացուներին` 50 տոկոսից էլ մի քիչ պակաս:
-Ինչու՞ Ձեզ չի աջակցում հիմնադրամը:
-Նախ, ասեմ, որ հայտնի չէ, թե ինչ սկզբունքով են ընտրվում համալսարանները: Նրանք վերցնում են ամերիկյան համալսարաններից առաջին տասը և այլ երկրների համալսարաններից առաջին երկուսը, ընդհանուր թվով` 20 համալասարան: Բայց եթե առաջնորդվում են աշխարհի լավագույն բուհերն ընտրելու սկբունքով, թող վերցնեն աշխարհի «թոփ 20»-ը: Ինչ վերաբերում է կոնկրետ իմ` «Լույսի» կողմից չֆինանսավորվելուն, ես ամեն տարի դիմում էի, ինձ ամեն տարի ասում էին, որ Օքսֆորդը «Լույսի» ցուցակում չկա: Բոլորը զարմանում են, որ Օքսֆորդի համալսարանը չկա այդ ցուցակում: Երեք անգամ ընդունվել եմ Օքսֆորդի համալսարան, բայց գումար չեմ կարողացել ճարել: Երևի մի օր նստեմ գիրք գրեմ, թե քանի հոգու մոտ եմ գնացել` սկսած սուպերմարկետների տերերից, խոսել եմ Գագիկ Ծառուկյանի հետ, անձամբ վարչապետի հետ եմ այդ թեմայով խոսել և ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի: Նույնիսկ հիմնադրամի խորհրդի անդամներն են զարմանում, որ Օքսֆորդի համալսարանը չկա ցուցակում: Դիմել եմ նաև Անահիտ Բախշյանին, որովհետև նա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, ներկայացրել եմ իմ ռեզյումեները, հոդվածները, ասաց` շատ լավ է: Տիկին Բախշյանից իմացա, որ մեկ անգամ հիմնադրամը բացառություն արել է մի երաժշտի համար, որի ընդունված համալսարանը, թեև աշխարհի լավագույններից է, բայց ցուցակում չի եղել: Հետո այդ մասին մի առիթով ասաց նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինձ հիմնադրամում ընդունեցին շատ ագրեսիվ, քանի որ արդեն տեղյակ էին, որ ես գիտեմ այդ բացառության մասին: Օքսֆորդ ընդունված չորս հոգով նամակ-հարցում էինք ուղարկել հիմնադրամին և պարզաբանում էինք ակնկալում, թե ինչ սկզբունքով են ընտրվել համալսարանները, քանի որ կա ռեյտինգի ցանկ, որտեղ Օքսֆորդի համալսարանը կար: Փաստորեն, նրանք չեն էլ ուզում քննարկել որևէ առաջարկ: Իրենք երկու անգամ մեզ ոչինչ չասող պատասխան են ուղարկել: Հիմնադրամի տնօրեն Ժակլին Կարաասլանյանը և կրթական ծրագրերի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անահիտ Էվոյանը նախ սկսեցին երդվել, թե նման բան չի եղել, հիմնադրամը երբեք բացառություն չի արել ոչ մեկի համար, այն ինչ ես իմացել եմ վարչապետից և Անահիտ Բախշյանից` սուտ է, այսինքն, ես ստում եմ: Գազանների ոհմակի նման հարձակվեցին, փորձում էին Ժակլինի սուտը պաշտպանել: Ես կրթաթոշակի գումարը հայթայթելու համար հանդիպել եմ շատ գործարարների, շատ դռներ եմ ծեծել, որևէ մեկը ինձ հետ այդպես չի վարվել:
-Ի դեպ, ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը, հայ գործարարների մեջ կա՞ն մարդիկ, ովքեր հակված են օգնելու արտասահման սովորելու մեկնողներին, նկատի ունեմ` գումար տրամադրելու կրթական նպատակներով:
-Չէի ասի: Այդպիսիք շատ քիչ են: Երբեմն ասում են` գնա բոլորից համաձայնություն վերցրու, արի, մի 5-10 հազար էլ ես կտամ: Գնում-գալիս ես, ասում են` չի ստացվում և այլն: Կամ` այս տարի շատ ենք օգնել, դիմիր հաջորդ տարի: Կարծում եմ, պատճառը նաև այն է, որ նրանց մի մասը ֆինանսավորում է հիմնադրամը: Թյուր կարծիք կա, որ «Լույսի» գումարները գալիս են բյուջեից, բյուջեից այնտեղ ոչ մի կոպեկ չի մտնում: Դրանք գործարարներն են տալիս, բայց ես չեմ կարծում, թե իրենց բարի կամքով են տալիս, ասում են` պիտի տաս:
-Վերադառնալով «Լույսին»` կարծում եք, որ հիմնադրամն իր առաքելությունը վա՞տ է իրականացնում:
-«Լույսը» շատ խնդիրներ ունի և կառուցողական ոչ մի առաջարկ չի ընդունում: Սկսած` հովանավորվող համալսարանների ընտրությունից, վերջացրած նրանով, որ չկա առաջնահերթ համարվող մասնագիտությունների ցանկ, սովորողների հետ պայմանագիր չի կնքվում, որպեսզի նրանք ավարտելուց հետո վերադառնան Հայաստան և իրենց ստացած գիտելիքները ծառայեցնեն մեր երկրին: Չէ՞ որ նրանց կրթությունը ֆինանսավորում է երկիրը: Էլ չեմ խոսում այն մասին, որ պետք է լինեն նաև բացառություններ, որոնց հարցը կարող է քննարկվել հիմնադրամի խորհրդում և այս կամ այն մարդուն դրսում սովորելու հնարավորություն տալու որոշում ընդունվել` ելնելով տվյալ համալսարանի` այդ տարի հիմնադրամի ցուցակում չհայտնվելու կամ ընտրած մասնագիտության կարևորության տեսանկյունից:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ