Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Կովկասյան «պատերազմներ»

Կովկասյան  «պատերազմներ»
20.06.2008 | 00:00

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Հայաստանի բնակչությունն ու քաղաքական ուժերը վաղուց վարժվել են հարևան երկրի ռազմատենչ հռետորաբանությանը, և այդ հանգամանքը հումորով է ընդունվում` ելնելով հայտնի առածից, թե հաչող շունը սովորաբար չի կծում։ Սակայն վերջին ժամանակներս ադրբեջանական և ռուսական մամուլում սկսեցին հայտնվել նոր նրբերանգներ, որոնք, այնուամենայնիվ, արժանի են ուշադրության։
Ակնհայտ է, որ Ղարաբաղում պատերազմի վերսկսումը հնարավոր է միայն կտրուկ միջազգային ճգնաժամի պայմաններում։ Բլիցկրիգի իրականացումն Ադրբեջանի համար անհնարին է, իսկ երկարատև պատերազմ միջազգային հանրությունը թույլ չի տա։ Համենայն դեպս, ԵԱՀԿ նախագահող, Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբբը, իսկ այնուհետև նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը, մեկը մյուսի հետևից այն կարծիքն արտահայտեցին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով։
Միաժամանակ, սակայն, Day.Az ադրբեջանական պարբերականն անդրադառնալով Ադրբեջանի գազային պաշարները գնելու ռուսական «Գազպրոմի» առաջարկին, գտնում է, որ Բաքուն դրանից կարող է լուրջ քաղաքական օգուտներ քաղել։ Քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն այս կապակցությամբ նշել է, թե Ադրբեջանի` ռուսական շահերը բավարարող պատասխանը կարող է դառնալ ոչ միայն Ռուսաստանի էներգետիկ քաղաքականության սրբագրման պատճառ, այլև Մոսկվան նույնիսկս հնարավոր է առևտուր սկսի Բաքվի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ «Կարծում եմ, որ հանուն Ղարաբաղն առանց պատերազմի վերադարձնելու, կարելի է Ռուսաստանին տալ գազն էլ, նավթն էլ և միաժամանակ պարտավորվել չմտնել որևէ ռազմաքաղաքական միավորման մեջ»,- հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետը։
«Ռեգնում» գործակալությունը «Պատերազմի հեռանկարը Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում» վերլուծական ուսումնասիրության մեջ իր հերթին նշում է, որ այս երկու տարածաշրջանները հանդիսանում են հակամարտությունների հիմնական գոտիները ողջ հետխորհրդային տարածքում։ Տարածաշրջանային մրցակցությունն այս ռեգիոններում կառուցված է Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսներին տիրապետելու և այդ ռեսուրսները Սևծովյան տարածաշրջանով արտահանելու վրա։ Ըստ ուսումնասիրության հեղինակների, Սևծովյան տարածաշրջանը հեռանկարում կարող է ընդգրկվել «գլոբալ Բալկաններ` Կոսովոյից մինչև Սինցզյան» նախագծի շրջանակներում իր մեջ ներառելով նաև Ղազախստանն ու Միջին Ասիան։ «Ռեգնումի» վերլուծաբանների կարծիքով, «Անդրկովկասյան միջանցք» ստեղծելու եվրատլանտյան նախագծերի իրականացման առումով Արևմուտքը տնտեսական անհաջողություններ է կրել և ժամանակի խիստ դեֆիցիտ ունի։ Սա, իհարկե, նոր գաղափար չէ։ Փորձագետների մեծամասնության կարծիքով, Արևմուտքն այսօր չի կարողացել ապահովել էներգակիրների երաշխավորված աղբյուրներ` արդեն իսկ կառուցված Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի լիարժեք կենսագործունեությունն ապահովելու համար, ինչն իր հերթին սկզբունքորեն չի ներգործում էներգառեսուրսների համաշխարհային շուկայում առկա միտումների վրա` էներգակիրների էժանացման առումով։ Հետևապես, Արևմուտքի համար առաջնահերթ տակտիկական և գործնական նշանակություն է ձեռք բերում Կենտրոնական Ասիայի համար մղվող պայքարը, Տրանսկասպյան գազամուղի նախագծի իրականացումը, որի համատեքստում էլ վերոնշյալ էներգետիկ նախագծերի գործունեությունը կլինի լիովին արդարացված։ ՈՒսումնասիրության հեղինակների կարծիքով, Արևմուտքը միաժամանակ Անդրկովկասից դուրս է մղում Թուրքիային և Իրանին, որոնք այդ համատեքստում վերածվում են Ռուսաստանի համար իրավիճակային գործընկերների, այն դեպքում, երբ նախկին ԽՍՀՄ հանրապետությունները ներքաշվում են գլոբալ աշխարհաքաղաքական խաղի մեջ։
«Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլու իշխանության գալով Վրաստանն իր անկախությունը զիջել է ԱՄՆ-ին։ Ադրբեջանի հետ Արևմուտքի ռազմավարական երկխոսությունը հիմնականում կառուցվում էր Իրանին չեզոքացնելու հեռանկարի, իսկ Հայաստանի հետ` Երևանը ռուսական ազդեցությունից դուրս բերելու և Թուրքիայի հետ սահմանը բացելու շուրջ։ Սակայն այս նպատակներից որևէ մեկը հնարավոր չէ համարել մինչև վերջ իրականացված, որովհետև Թեհրանն ու Անկարան նույնպես արեցին հնարավորը` Վաշինգտոնի դիրքերի չափազանց ուժեղացում թույլ չտալու համար։ Վաշինգտոնի փորձերը` Անկարային և Երևանին հաշտեցնելու և երկու երկրների միջպետական սահմանը բացելու ուղղությամբ որևէ արդյունք չտվեցին։ Կարելի է արձանագրել, որ ԱՄՆ-ն այլևս հրաժարվել է Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցման քաղաքականությունից, մանավանդ որ անհամաձայնություններ ի հայտ եկան ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև Իրանի խնդիրների հետ կապված և Քրդստանի հնարավոր անկախացման շուրջ»,- նշում է «Ռեգնումը»։
Այս համատեքստում վերլուծության հեղինակները կառուցել են հետևյալ կոնցեպցիան. «Իրանի տարածաշրջանային դերակատարությունը կայանում է նրանում, որ աջակցի Մոսկվա-Երևան-Թեհրան առանցքի խնդիրներին ու ղարաբաղյան գործոնն օգտագործելով` կարողանա մանևրել Երևանի և Բաքվի հետ իր հարաբերություններում։ Այս իրավիճակում, չնայած Ռուսաստանի և Իրանի հետ հատուկ կապերին, ԱՄՆ-ին ենթակայացված Հայաստանը դառնում է թույլ օղակ։ Հարկ է նկատել, որ Արևմուտքը էական հաջողության է հասել` Անդրկովկասի երեք երկրներին ՆԱՏՕ-ի հետ անհատական համագործակցության ծրագրի մեջ ընդգրկելով, իսկ Վրաստանի համար հստակ նախանշելով ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարը։ ԱՄՆ-ն ուղղակի հայտարարում է, որ տարածաշրջանը դիտարկում է իր հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայման համատեքստում, իսկ Ադրբեջանի տարածքն արդեն իսկ տրամադրվել է ամերիկյան ռադիոլոկացիոն կայաններին և ռազմաօդային ուժերին։ Արդյունքում Ռուսաստանը գործնականում ստիպված կլինի հետ մղվել այս տարածաշրջանից` փակելով Ռազմավիրական ճանապարհով և Փոթի ու Բաթումի նավահանգիստներով անցնող կոմունիկացիոն հոսքերը»։
Այսպիսով, վերլուծության հեղինակների կարծիքով, ԱՄՆ-ը և իր դաշնակիցները Անդրկովկասում գրեթե հասել են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի դուրսմղմանը տարածաշրջանից։ Հետևապես Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը վերջնահաշվում պետք է ընտրություն կատարեն այս պայքարի արդյունքներից ելնելով կամ էլ սեփական ռազմավարություն սկսեն մշակել` բացառապես իրենց պատասխանատվությամբ և ռիսկով։
Ռազմական հակամարտությունների վերսկսման կապակցությամբ հիշյալ վերլուծության հեղինակները նշում են, որ 2014 թ. Սոչիի օլիմպիական խաղերի մոտենալուն զուգահեռ Վրաստանը մեծացնելու է ռազմական ճնշումը աբխազական և հարավ-օսեթական հակամարտությունների գոտիներում` օլիմպիադայի տապալման հեռանկարով շանտաժի ենթարկելով Մոսկվային։ Զուգահեռաբար ԱՄՆ-ը և Եվրամիությունը կտրուկ ակտիվացրել են իրենց ջանքերը Մերձդնեստրի, Աբխազիայի և Հարավային Օսիայի համաձայնությամբ այս հակամարտությունների կարգավորման գործընթացի մեջ «խաղաղ» ներթափանցման ուղղությամբ։ Այս հանրապետությունների քաղաքական վերնախավին առաջարկվում է հումանիտար, քաղաքական և տնտեսական աջակցություն Արևմուտքի հետ համագործակցելու համար, որպեսզի «հավասարակշռվի» ռուսական ազդեցությունը։ «Ռեգնումի» պնդմամբ, Մերձդնեստրի և Աբխազիայի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Հարավային Օսիայի ընդդիմությունն արդեն իսկ սկսել են հանդես գալ արևմտյան «բազմավեկտոր» հռետորաբանության դիրքերից` առաջարկելով դա իբրև արտաքին քաղաքական պաշտոնական դոկտրին։
Միաժամանակ, եթե նախկին վրացական տարածաշրջաններն այսօր գտնվում են ԱՊՀ խաղաղապահ ուժերի պատասխանատվության ոլորտում և բնակեցված են Ռուսաստանի քաղաքացիներով ու միաժամանակ սահմանակից են ՌԴ-ին, ապա, վերլուծության հեղինակների կարծիքով, Լեռնային Ղարաբաղը դուրս է այսպիսի վերահսկողությունից։ «Լեռնային Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորն այսօր ԱՊՀ ՀԱՊԿ անդամ Հայաստանն է։ Վերջին տարիներին Մոսկվան ջանքեր գործադրել է Լեռնային Ղարաբաղը Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի հետ զուգահեռ նույն քաղաքական կոնտեքստում ընդգրկելու համար։ Սակայն դա հանդիպեց Հայաստանի դիմադրությանը։ Մասնավորապես, ՌԴ Պետական դումայում հակամարտությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ լսումներին Երևանի խորհրդով չմասնակցեցին Ստեփանակերտի ներկայացուցիչները, թեպետ հրավիրված էին»։ Ըստ վերլուծության հեղինակների, Ռուսաստանն իր հերթին հասկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի հետ Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու դեպքում այն չի կարող առիթ դառնալ ԱՊՀ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի դաշնակիցների մասնակցության համար։
Մյուս կողմից, «Ռեգնումի» վերլուծաբանները կարծում են, թե նկատելիորեն ակտիվացել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամերիկյան ջանքերը. «Այդ ամենը նպաստում է հայկական շրջանակներում այն տեսակետի ժողովրդականությանը, որ տարածաշրջանի երկրներից միայն Հայաստանը կարող է արդյունավետ գործընկեր հանդիսանալ ՆԱՏՕ-ի համար։ Մանավանդ որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սրելու է իրավիճակը Հարավային Օսիայի և Աբխազիայի շուրջ և խորացնելու է Ռուսաստան-ՆԱՏՕ հակասությունները, իսկ Ադրբեջանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին տարածաշրջանում ամրապնդելու է միայն Թուրքիայի դիրքերը»։ Ըստ այդմ, «Ռեգնումի» վերլուծաբանները կանխատեսում են, որ ԱՄՆ-ն ուժեղացնելու է Հայաստանի իշխանությունների վրա ճնշումը` երկիրը ռուսական ազդեցության գոտուց դուրս բերելու ուղղությամբ, մանավանդ, եթե ԱՄՆ-ը և Եվրամիությունը համատեղ մասնակցեն Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցմանը։ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի հետագա լարումը և մոտալուտ նախագահական ընտրություններն Ադրբեջանում, վերլուծության հեղինակների կարծիքով, կարող են հանգեցնել ապակայունացման Լեռնային Ղարաբաղում։ Ռազմական գործողությունների վերսկսումը «Ռեգնումի» վերլուծաբանները գնահատում են «բարձր հավանականության և ինտենսիվության» չափորոշիչով` որպես ապագա պատերազմի բեմահարթակ մատնանշելով Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը` Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի մասնակցությամբ։
Այսպիսով, վերլուծության հեղինակները պատերազմի վերսկսման հնարավորությունը հստակորեն կապում են Հայաստանի արտաքին կողմնորոշման հնարավոր փոփոխության հետ։ Բայց կարծես իրենք էլ վախենալով ասվածից` ավելացնում են, որ սպառազինությունների մրցավազքի արդյունքում միլիտարիզացված Հարավային Կովկասում դա կարող է տեղի ունենալ «ինքնաբռնկման» ձևով, ինչի դեպքում վտանգի տակ կդրվեն և´ տրանսպորտային կոմունիկացիաները, և´ բոլոր տարածաշրջանային պետությունների շահերը` հանգեցնելով «Անդրկովկասյան միջանցքի» չգոյությանը։ Այսպիսով, հակամարտության վերսկսման նախաձեռնությունը շատ կողմերով գտնվում է նրանց ձեռքում, ովքեր կշեռքի նժարի վրա են դնում Ռուսաստանին զսպելու երկու տեխնոլոգիաների արդյունավետությունը։ Այն է` կասեցնել ռուսական ազդեցության վերականգնումը դեպի Եվրոպա գնացող էներգակիրների ուղիների դիվերսիֆիկացիայի և դրանք Անդրկովկասով անցկացնելու ճանապարհով կամ էլ նույն խնդիրը լուծել Անդրկովկասի հակամարտությունները պայթեցնելու միջոցով` հեռանկարում դրանք ռուսական Հյուսիսային Կովկասի վրա տարածելու մտադրությամբ։ Թեպետ քաղաքականության մեջ ամեն ինչ չէ, որ պայմանավորվում է քաղաքական ձգտումների նպատակահարմարությամբ։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 7709

Մեկնաբանություններ