Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Նոր իրողությունների գիտակցման շեմին

Նոր իրողությունների գիտակցման շեմին
10.07.2009 | 00:00

ՆԵՐՔԻՆ ԴԱԴԱՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ
Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակը եղանակային պայմանների պատճառով կարելի է բնորոշել իբրև ներքին դադարի ժամանակաշրջան։ Սակայն այդպես է միայն առաջին հայացքից, որովհետև տարածաշրջանում և երկրի ներսում տեղի ունեցող տարաբնույթ զարգացումների խորապատկերի վրա հայաստանյան կուսակցություններն արդեն իսկ գտնվում են իրենց գործունեությունը, ծրագրերն ու անելիքները վերանայելու անհրաժեշտության առջև։
Դա են պարտադրում ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հանգամանքները։ Արտաքին զարգացումների առումով վերջին տարվա ընթացքում տարածաշրջանը գլխիվայր շուռ տված հիմնական գործընթացը ռուս-վրացական պատերազմն էր ու դրա հետևանքները։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տարածաշրջանում հաստատված արտաքին ազդեցության երկակի ձևաչափը, որ բնորոշվում էր ռուսական և արևմտյան ազդեցությունների համատեղ առկայությամբ, փլուզվեց։ Տարածաշրջանի երկրներից մեկը Ռուսաստանի հետ խորքային հակադրության արդյունքում ամբողջությամբ հայտնվեց արևմտյան ձևաչափում։ Վրաստանը նաև այն երկիրն է, որի տարածքով Հայաստանն ու Ռուսաստանը իրագործում էին իրենց ռազմաքաղաքական ու տնտեսական հարաբերությունները։ Համապատասխանաբար ռուս-վրացական հակադրության սրումը և Վրաստանի անցումն արևմտյան ազդեցության դաշտ Հայաստանի քաղաքական ուժերին կանգնեցրել են նոր հրամայականի առջև։ Այն է` արտաքին քաղաքական կողմնորոշումների որոշակի սրբագրում, միակողմանի կողմնորոշումներից դեպի ավելի հավասարակշռված դիրքորոշումների անցում։ Այս կապակցությամբ միաժամանակ մտահոգիչ է Թուրքիայի աննախադեպ ակտիվացումը տարածաշրջանում, նաև Հայաստանի իշխանությունների թույլ տված սխալների հետևանքով Անկարայի դերի աննախադեպ բարձրացումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։
Միաժամանակ ներքին դաշտում առկա իրադրությունը բնորոշվում է իրական քաղաքական կառույցների աննախադեպ թուլացմամբ։ Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պայքարն այնքան է դրամայնացված, վարչական ռեսուրսի ազդեցությունն ընտրական գործընթացների վրա այնքան մեծ է, որ իշխանության համակարգում որոշակի լծակների չտիրապետող, միաժամանակ խոշոր դրամական միջոցներ չունեցող քաղաքական ուժերն իշխանական կամ օլիգարխիական ծագում ունեցող կառույցների հետ նախընտրական պայքարում նախօրոք դատապարտված են պարտության։ Այս իրավիճակը շտկելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ամբողջապես բարեփոխել իրենց նախկին գործելաոճը, համախոհների նեղ շրջանակ ընդգրկող քաղաքական ակումբներից վերածվել բնակչության կոնկրետ խավերի ու շերտերի շահերի արտահայտիչների։ Անցած տարիներն արդեն վաղուց ապացուցել են, որ կուսակցական գրասենյակ, քարտուղարուհի և անձնական վարորդ ունենալը բացարձակապես պայման չի հանդիսանում իրականում կուսակցություն լինելու համար։ Ըստ այդմ, Հայաստանի քաղաքական դաշտը դարձյալ կանգնած է վաղուց ծամծմված պրոբլեմի առջև, որ ավանդաբար կոչվում է կուսակցությունների խոշորացում` իրար գաղափարապես ավելի մոտ ուժերի միավորման ճանապարհով։ Այս դաշտում որոշակի վերաարժևորում կա, մասնավորապես ԱԺՄ-ից անջատված նրա երկու հատվածները` ԱԺԿ-ն ու ԱԺԴ-ն, կարծես դրսևորում են մայր կուսակցության գիրկը վերադառնալու ցանկություն, թեպետ այդ գործընթացն արդեն մեկ տարուց ավելի ոչ մի կերպ ավարտին չի հասնում։ Սակայն մեխանիկական միավորումը քաղաքական դաշտում առկա համակարգային ճգնաժամը լուծելու միջոց չէ, եթե կուսակցությունները չկարողանան հստակեցնել այն հասարակական խմբերն ու շերտերը, որոնց շահերի արտահայտիչն են պատրաստվում լինել։
Այդ իմաստով նոր իրողություններին, փաստորեն, առաջինն արձագանքեցին առավել մեծ պատմական փորձ ունեցող, հետևապես քաղաքական իրողությունների նկատմամբ առավել զգայուն ավանդական կուսակցությունները` ՀՅԴ-ն և հետո ՌԱԿ-ը։
Դաշնակցության դուրս գալը կառավարող կոալիցիայից անհիմն է դիտարկել բացարձակապես արտաքին քաղաքական խնդիրների շուրջ իշխանությունների հետ ունեցած տարաձայնությունների համատեքստում։ ՀՅԴ-ն հարյուր տարուց ի վեր հայ իրականության մեջ հանդես է գալիս իբրև ազգային-արմատական կուսակցություն, որը ևս մի անգամ` 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքներով, արձանագրեց, որ ունի ոչ մեծ, սակայն բավականին կայուն ընտրազանգված, որը Հայաստանի պայմաններում կազմում է առնվազն 100 հազար մարդ։ Եթե նկատի ունենանք իշխանության արտաքին քաղաքականության մեջ արձանագրված որոշակի տեղաշարժը (մի կողմ թողնելով դրա շարժառիթները), դաշնակցությունը կոալիցիայից դուրս չգալու պարագայում կկորցներ իր ընտրազանգվածի մեծ մասի վստահությունը, ինչը, անկասկած, անհամեմատ աղետալի կլիներ այդպիսի գաղափարախոսություն դավանող ու ազգային-արմատական դիրքերից հանդես եկող կուսակցության համար, քան մի քանի վարչական կամ նույնիսկ նախարարական պաշտոնների կորուստը։ Այսպիսով, ՀՅԴ-ն ավելի զգայուն գտնվեց ներքին ու արտաքին մարտահրավերներին արձագանքելու պարագայում և իր բոլոր վերջին նախաձեռնություններով, փաստորեն, աշխատում է գտնել իր նոր տեղը կամ «նիշան» քաղաքական դաշտում, ինչը սկզբունքորեն պետք է անեն նաև մնացած` ոչ օլիգարխիկ ծագում ունեցող կուսակցությունները, եթե միայն դրանք մեկ անձի «տակ» ստեղծված կազմակերպություններ չեն։
Ողջ քաղաքական դաշտից գոյություն ունեցող բոլոր արտաքին ու ներքին մարտահրավերներին որոշակիորեն արձագանքող հաջորդ կուսակցությունը դարձյալ ավանդական քաղաքական կազմակերպություններից մեկն էր` ՌԱԿ-ը։ Եվ խնդիրն այստեղ էլ պետք չէ դիտարկել իբրև ՀՌԱԿ կազմակերպության կնիքի շուրջ ծավալված պայքարի դրսևորում միայն։ Որովհետև պրոբլեմը, անշուշտ, միայն այն չէ, թե ով է ղեկավարում այդ կազմակերպությունը` Հարություն Առաքելյանը, թե, դիցուք, Ռուբեն Միրզախանյանը։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում ռամկավարների մեջ սկսված լուրջ խմորումները նույնպես հետևանք են երկու իրողության. առաջին` տարածաշրջանային իրավիճակի կտրուկ փոփոխության, երբ միաժամանակ փոխվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, այդ թվում` Հայ դատի խնդիրների համար պայքարի համատեքստում։ Եվ երկրորդ` հայ իրականության մեջ նախկինում իր կշռով թեկուզ ոչ առաջին, բայց առաջատար ավանդական կուսակցություններից մեկը` ռամկավար ազատական կուսակցությունը, Հայաստանում դադարել է իրենից գործուն ուժ ներկայացնել առնվազն 2003-ի խորհրդարանական ընտրություններից հետո։ Այսպիսի իրավիճակը ոչ մի կերպ չէր կարող բավարարել ռամկավարների սփյուռքյան և հայաստանյան այն շրջանակներին, ովքեր իրապես կրողն են եղել այդ կուսակցության գաղափարախոսության, ջանքեր են գործադրել Հայաստանում նրա վերականգնման ու հայաստանյան քաղաքական դաշտում իրեն արժանի տեղ զբաղեցնելու համար։ Միաժամանակ ռամկավարների շարքերում տիրող խմորումը ցույց է տալիս, որ այդ կուսակցության մեջ կան ներկա նոր իրավիճակն արագ ընկալող մարդիկ։ Այսինքն` կա գիտակցություն, որ իշխանությունների և արմատական ընդդիմության միջև` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, գրեթե երկու տարվա խորքային հակադրությունից հետո հրապարակված համաներումը քաղաքական դաշտում ստեղծել է նոր իրադրություն։ Եվ այն քաղաքական ուժերը, որոնք այդ նոր իրադրությունում կկարողանան ճիշտ գնահատել իրենց հնարավորություններն ու գտնել սեփական «նիշան», այսինքն` գործելու դաշտն ու այն հասարակական խմբերին, որոնց համար ընդունելի կլինեն իրենց հռչակած կարգախոսները, այդ կուսակցությունները կունենան հեռանկար ու ապագա։ Ըստ որում, անկախ օրվա իշխանության հետ ունեցած իրենց հարաբերությունների որակից, որովհետև ցանկացած, անգամ չկայացած ժողովրդավարության երկրներում իրենցից ուժ են ներկայացնում միայն այն կառույցները, որոնք հանդիսանում կամ դառնում են հասարակական շատ որոշակի խավերի շահերի արտահայտիչներ ու կրողներ։ Առայժմ, ցավոք, այդ իրողությանը կամ ավելի շուտ հասարակական պահանջարկին փորձում են արձագանքել միայն ավանդական կուսակցությունները։ Մյուսները սպասում են, բայց հայտնի չէ` ինչի։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2005

Մեկնաբանություններ