ԹՈՒՐՔ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արդեն վաղուց Թուրքիան ու Իրանը որոշակի պայմանավորվածությունների շրջանակներում կանոնավոր խորհրդատվություններ են անցկացնում անվտանգության հարցերի շուրջ` տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ։ Կանոնավոր կերպով քննարկվող հիմնախնդիրներից են նաև հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև` ներառյալ ղարաբաղյան հիմնահարցը։ Այդ հարցերի հետ քննարկվում են նաև Նախիջևանի և Ադրբեջանի ներքին գործընթացներին առնչվող խնդիրներ։ Թուրք-իրանական հարաբերություններում այս գործելաոճը գոյություն ունի վաղուց, սակայն իրանա-իրաքյան պատերազմի ավարտից հետո այդ պրակտիկան պարտավորեցնող և կանոնավոր բնույթ է կրում։
Վերոնշյալ խորհրդատվություններն անցկացվում են արտաքին գործերի նախարարությունների տարբեր մակարդակների ներկայացուցիչների, ինչպես նաև երկու երկրների հետախուզական ծառայությունների, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների միջև։ Հայ-ադրբեջանական հարաբերությունները, ղարաբաղյան, նախիջևանյան և այլ հիմնախնդիրները, որոնք վերաբերում են Թուրքիայի ու Իրանի հարավկովկասյան քաղաքականությանը, որպես կանոն, քննարկվում են երկու երկրների անվտանգության խորհուրդները ներկայացնող խորհրդականների, իսկ երբեմն էլ ավելի բարձր, օրինակ, փոխարտգործնախարարների մակարդակով։ Եթե ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկման առարկա է դարձել բավական վաղուց, ապա Նախիջևանի խնդրի շուրջ քննարկումները սկսվել են մոտավորապես 2001-ից։ Դա բավական հետաքրքիր նախադեպ է, երբ երրորդ երկրների միջև շատ վիճելի հիմնահարցը քննարկման առարկա է դառնում տարածաշրջանային երկու տերությունների միջև։ Եղած տվյալներով, կողմերն այդ քննարկումներն իրականացնում են շփման այնպիսի ոճով ու փաստարկներով, կարծես խոսքը վերաբերում է իրենց ներքին խնդիրներին։
Երկու-երեք տարի Թուրքիան փորձում էր հետաքրքրել Իրանին այնպիսի քաղաքականության իրագործմամբ, որը կհանգեցներ Հայաստանի զգալի թուլացմանը և ղարաբաղյան հիմնախնդրում Երևանին զիջումների պարտադրմանը։ Թուրքիան ասպարեզ էր բերում մի շարք փաստարկներ, որոնք անսպասելի էին Իրանի համար։ Անկարան փորձում էր հայ-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարը ներկայացնել այն ձևով, որ դա բացարձակապես վնասակար է լինելու այն պետությունների համար, որոնք աջակցում են Հայաստանին։ Այսինքն` Հայաստանը դիտարկվում էր իբրև այն կողմը, որը, այսպես թե այնպես, հարկադրված է լինելու Ադրբեջանին զիջել ոչ միայն Ղարաբաղը, այլև այլ տարածքներ ու ամենից առաջ` Մեղրին։ Ընդ որում, շեշտադրվում էր նաև բազմաքանակ թրքալեզու բնակչության գործոնը հյուսիս-արևմտյան Իրանում։
Միաժամանակ Թուրքիան առաջարկում էր Թեհրանին իր միջնորդությունն ԱՄՆ-ի, Իսրայելի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններում, ինչպես նաև իրանական շահերի լոբբինգի իրականացում Եվրոպայում։ Սակայն իրանցիների համար բոլոր այս փաստարկները համոզիչ չեղան։ 2004-ի վերջերին Թուրքիան առաջարկեց Իրանին կազմակերպել Թուրքիա-Իրան-Ադրբեջան եռակողմ հանդիպում, որի նպատակն էր քննարկել հարցերի մի ամբողջ շարան, իսկ առաջին հերթին` ղարաբաղյան հիմնախնդիրը։ Այդ առաջարկությունը որոշակի դադար մտցրեց իրանա-թուրքական վերոնշյալ շփումների գործընթացում, որից հետո Թուրքիան այլևս ցանկություն չի դրսևորել ղարաբաղյան թեման քննարկումների կիզակետ դարձնելու։ Անկարայում ու Բաքվում հասկացան, որ Իրանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում նրա ռազմավարության մի մասն է, առհասարակ, մերձավոր տարածաշրջաններում վարվող իրանական քաղաքականության առումով և պայմանավորված է ազգային անվտանգության կարևորագույն խնդիրներով։ Սակայն, միևնույն ժամանակ, թուրք-իրանական շփումները վերոնշյալ խորհրդատվությունների ձևաչափում, այնուհանդերձ, հանգեցրին որոշակի դրական արդյունքների Ադրբեջանի համար։ Իրանը, այնուամենայնիվ, սահմանափակեց իր մտադրությունները ԼՂՀ-ին ցուցաբերվելիք օգնության և այլ օժանդակության մասով։ Նախկինում մտադրություն ունենալով ուղղակի օգնություն ցուցաբերելու ԼՂՀ-ին, Իրանը գործնականում հրաժարվեց դրանից, և այդպիսով Թուրքիային հաջողվեց կանխել Իրանի ներկայության ակտիվացումը Ղարաբաղում։ Մանավանդ որ Իրանն այդ խորհրդատվությունների շրջանակում միշտ փորձում էր խուսափել ղարաբաղյան հարցի քննարկումից` զուգահեռ հռչակագրային հայտարարություններ ընդունելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ։ Ներկայումս Իրանը ջանքեր է գործադրում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացներին և իրադարձություններին հետևելու ուղղությամբ, և այդ խնդիրն առաջնահերթ է համարվում Իրանի բարձրագույն անվտանգության խորհրդի որոշակի ստորաբաժանման գործունեության մեջ։
2001-ին Իրանը, օգտվելով հայ-ադրբեջանական ստեղծված հարաբերություններից, փորձեց առաջարկել Ռուսաստանին որոշակի համաձայնագիր, որը ենթադրում էր օգնության ցուցաբերում հայկական կողմին` հայ-թուրքական ռազմական կոնֆլիկտի առաջացման դեպքում, միաժամանակ նկատի ունենալով գոյություն ունեցող հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագիրը։ Սակայն Ռուսաստանը հասկացրեց, որ այդ առաջարկության քննարկումն իմաստ չունի, քանի որ ինքն այլ քաղաքականություն է կառուցում տարածաշրջանում։ Իրանը փորձեց պարզել այդ թեմայի քննարկումը վերսկսելու հնարավորությունը` Մոսկվայում քաղաքական ուսումնասիրություններով զբաղվող որոշ մարդկանց միջոցով, այդ թվում` հայկական ծագում ունեցող։ Անշուշտ, այդ քայլը ձեռնարկելով, Իրանը շահագրգռված էր` պարզելու Ռուսաստանի դիրքորոշումներն ու մտադրությունները տարածաշրջանում և արտաքին քաղաքականության մեջ առհասարակ։ Հնարավոր է, որ դա նաև փորձ էր Իրանի կողմից հասնելու Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակի իրական բարձրացման, այդ թվում` տեխնոլոգիաների ու զենքի ձեռքբերման մասով։ Մերժում ստանալով` Իրանը, հավանաբար, նախընտրեց կազմակերպել այս թեմայով տեղեկության արտահոսք, քանի որ Թուրքիայի ռազմական հրամանատարությունը տեղեկացավ այս նախաձեռնությանը, ինչն առաջացրեց ոչ երկարատև ճգնաժամ իրանա-թուրքական հարաբերություններում։ Դրանով հանդերձ, Իրանը հասկացրեց Թուրքիային, որ պատրաստ է որոշակիորեն արձագանքելու, եթե տարածաշրջանում առաջանա ճգնաժամային իրավիճակ։ Ավելի վաղ ադրբեջանական քաղաքական և վերլուծական գրականության մեջ կարելի էր նկատել ակնարկներ ու ռեպլիկներ այն մասին, որ ռազմական հակամարտություն սկսվելու դեպքում Իրանը ծրագրեր ունի Հայաստանի կողմից հանդես գալու։ Սակայն կան նաև դիտարկումներ, որ Իրանը ձգտում չի ցուցաբերում Հայաստանի հետ պաշտպանության և փոխօգնության ոլորտում այնպիսի պայմանագիր ստորագրելու, որը համարժեք կամ համեմատելի կլիներ հայ-ռուսական հայտնի պայմանագրին։ Ըստ այդմ, առաջանում է հետևություն, որ Իրանը ոչ հրապարակային քաղաքական խաղ էր խաղում և ինտրիգներ լարում` ներգրավելով «հայկական» և «ղարաբաղյան» գործոնները։
Իրաքում և Աֆղանստանում զարգացող իրադարձություններն ինչ-որ չափով շեղեցին Թուրքիայի և Իրանի ուշադրությունը Հարավային Կովկասից։ 2001-ի սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո և հատկապես 2002-ի աշնանից սկսած, Իրանը լրջորեն զգուշանում էր ԱՄՆ-ի ուղղակի ռազմական ագրեսիայից կամ ցանկացած տարածաշրջանում նրա հետ ռազմական բախումից ու փորձում էր ամեն կերպ ապահովագրել իրեն Պարսից ծոցի պետությունների, Թուրքիայի, Ադրբեջանի, ինչպես նաև Իրաքյան Քրդստանի կողմից, ինչը լրջորեն սահմանափակում էր Իրանի քաղաքականությունն այդ տարիներին։ Սակայն 2007-ից սկսած Իրանն ակտիվացրեց իր քաղաքականությունը տարածաշրջաններում, ինչը պայմանավորված էր այն վստահությամբ, որ ԱՄՆ-ը չի դիմելու ագրեսիայի` ընդդեմ Թեհրանի։ Այդ թվականից էլ վերականգնվեցին Թուրքիայի ու Իրանի միջև կանոնավոր խորհրդատվությունները ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ։ Ընդհանուր առմամբ, Իրանը փորձում է խուսափել սուր հարցերի քննարկումից, քանի որ Թուրքիան իր հերթին աշխատում է մեղադրել Իրանին հայկական ագրեսիային ու օկուպացիային աջակցելու համար։ Իրանն առաջ է քաշում իր փաստարկները, սակայն գործը սուր հակասական բանավեճի չի հասնում, քանի որ երկու պետություններն էլ շահագրգռված չեն փոխադարձ թշնամանքի մեծացմամբ, առավել ևս այնպիսի մի թեմայով, որը Թուրքիան չի դիտարկում իր արտաքին քաղաքականության որոշիչ խնդիրների շրջանակում։ Երկու երկրներն էլ մինչ օրս համամիտ էին այն կարծիքին, որ գոյություն ունի ԵԱՀԿ-ի ստեղծած որոշակի մեխանիզմ, որն էլ կոչված է կարգավորելու հիմնախնդիրը, և տարածաշրջանային տերությունների միջամտությունը ողջամիտ չի լինի։ Իրանի նպատակն է սահմանափակել Թուրքիայի դերը ղարաբաղյան հիմնախնդրի շրջանակում և ընդհանրապես հասնել նրան, որ վերջինս չմիջամտի Հարավային Կովկասի այս կամ այն հակամարտություններին կամ բարդ խնդիրներին։
2008 թվականը դարձավ բավականին բարդ և տհաճություններով լի Իրանի համար։ Ռուսաստանն ու Թուրքիան ցուցադրական քայլեր ձեռնարկեցին «Կովկասյան անվտանգության պլատֆորմ» ձևավորելու ուղղությամբ, ու ենթադրվում էր Թուրքիայի նոր և առավել նշանակալի դերակատարություն տարածաշրջանում։ Իրանը շատ լավ հասկանալով, որ Թուրքիայի բոլոր տեսակի ակնարկները` ԱՄՆ-ից իր տարանջատվելու ուղղությամբ, առայժմ հիմնավոր չեն, թեկուզ և ամերիկա-թուրքական հարաբերությունները սկզբունքային փոփոխության են ենթարկվել ու վատթարացել։ Թեհրանը փորձեց տապալել վերոնշյալ ծրագրերը և այդ մասին ազդանշան տվեց Մոսկվային։ Շուտով պարզվեց, որ այդ նախաձեռնությունը չունի անհրաժեշտ ներուժն ու դատապարտված է տապալման։ Այդ ժամանակ արդեն կարևոր գործընկերոջ դիրքերից Իրանը Թուրքիային առաջարկեց շարունակել խորհրդատվությունները ղարաբաղյան թեմայով, բայց արդեն որոշակիորեն ավելի ցածր մակարդակով, քան նախկինում։ Միևնույն ժամանակ Իրանը, հավանաբար, հերթական անգամ համոզվեց, որ Թուրքիան մտադիր չէ ճնշում գործադրել Հայաստանի վրա կամ դիմել այնպիսի սպառնալիքների, որոնք կհանգեցնեն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ իր հարաբերությունների վատթարացմանը։ Իրանցիները շատ լավ են հասկանում, որ դրանք Թուրքիայի համար անհամեմատելի խնդիրներ են։
Ռուսաստանի հետ համարժեք խորհրդատվություններն Իրանի համար պարզեցին, որ Մոսկվայի և Անկարայի մտադրությունները կոնյունկտուրային են, ինչը որոշ չափով հանգստացրեց Թեհրանին։ Դա դարձավ կարևոր գործոն նաև Իրանի նախկին մտադրությունների` Հայաստանի հետ էներգետիկ և տրանսպորտային կոմունիկացիաների կառուցումն իրականացնելու առումով։ Եթե չլիներ վստահություն, որ Հայաստանը շանսեր ունի պահելու Ներքին Ղարաբաղի տարածքները, Իրանը երբեք նախաձեռնություն չէր դրսևորի Հայաստանի հետ կապերը զարգացնելու առումով։ Այսպիսով, Թուրքիայի ու Իրանի միջև ղարաբաղյան հարցով խորհրդատվությունները, ուշադրությունից դուրս գտնվելով, միգուցե ավելի կարևոր դեր ունեն տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար, քան դա կարող է թվալ առաջին հայացքից։
Իրանա-թուրքական խորհրդատվությունների հաջորդ թեման Նախիջևանն է։ Այս հարցը շատ ավելի մեծ կարևորություն ունի և ձեռք է բերել էական նշանակություն ոչ միայն հիշյալ շփումների, այլև իրանա-թուրքական հարաբերությունների ընդհանուր դաշտում առհասարակ։ Թուրքիան խիստ խանդով է հետևում Նախիջևանում Իրանի բարձր ակտիվությանը և հատկապես շեշտադրում 1921-ի մոսկովյան պայմանագրի դրույթները` այդ հարցում իր իրավունքների մասով։ Մինչդեռ Իրանը մեծ կազմակերպական աշխատանք է իրականացնում Նախիջևանում` մտադրություն ունենալով առավելագույնս տարաբաժանել այդ երկրամասն Ադրբեջանից։ Իրականացվում են կրոնամշակութային ենթակառուցվածքների զարգացման, կրթական ծրագրեր, պատրաստվում են կադրեր, որոնք հավատարիմ են ոչ միայն շիա մահմեդական գաղափարախոսությանը, այլև իրանական պետությանը։ Նկատելի է, որ Իրանը ոչ պակաս խանդով է կառուցում իր քաղաքականությունը Նախիջևանում, խիստ բացասաբար վերաբերվելով ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի, այլև Հայաստանի հավակնություններին` այդ կապակցությամբ։ Սա բավականին հետաքրքիր իրավիճակ է, և եթե այն համեմատենք սահմանային տարածքներում իրանական քաղաքականության որոշ այլ կարևոր հանգույցների հետ, ինչպես, օրինակ, Թուրքմենստանում, Պարսից ծոցում և Իրաքում, ապա կարելի է հանգել եզրակացության, որ Իրանը որոշակի տարածքային հավակնություններ ունի, թեկուզ և պաշտոնապես հերքում է այդպիսի ենթադրությունները։ Եթե ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ իրանա-թուրքական խորհրդատվությունները վերաբերում են ավելի շատ ընդհանուր քաղաքական հարցերին, ապա Նախիջևանի վերաբերյալ երկխոսությունն ընթանում է ամենափոքր մանրամասների շուրջ, հատկապես հետախուզական ծառայությունների գործունեության, քաղաքական դիվերսիաների, ազդեցության գործակալներ ձեռք բերելու նախաձեռնությունների մասով։ Բնութագրական է, օրինակ, այսպիսի մի հանգամանք. Թուրքիան պնդում է, որ, հարգելով իր գործընկեր Ադրբեջանին, Նախիջևանում չի իրականացնում որոշակի գործունեություն, սակայն Իրանը չի սահմանափակում իրեն հատուկ բնույթի այդպիսի գործունեություն ծավալելու հարցում։ Թեհրանն ու Անկարան նույնիսկ փորձեցին Նախիջևանում համագործակցության հնարավորություններ ստեղծել, սակայն, քիչ հավանական է, որ կկարողանան համաձայնեցնել իրենց ջանքերը հատուկ գործունեության հետ կապված։ Ամենայն հավանականությամբ, կողմերը միայն ճշտել են միմյանց դիրքորոշումները և փորձել սահմանափակել մեկը մյուսի գործունեության դաշտը։ Մասնավորապես 2003-ին Նախիջևանի շուրջ վերոհիշյալ խորհրդատվությունների շրջանակում ընդգրկվեցին նաև Իրանի ու Թուրքիայի ռազմական հետախուզությունների ներկայացուցիչները, սակայն շփումների այդ ձևաչափը, հավանաբար, ձեռնտու չէր Իրանի քաղաքական ղեկավարությանը։ Շուտով Իրանի անվտանգության բարձրագույն խորհուրդն ընդունեց կարևոր որոշում, որ Թուրքիայի հետ այդ խորհրդատվությունների անցկացումը հանձնարարվում է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչներին։
Նախիջևանում այսօր մնացած 85 հազար բնակչությունը կորցրել է բարձրարժեք ագրարային արտադրանք տալու հնարավորությունները և գոյատևում է շատ կողմերով միջնորդավորված առևտրի շնորհիվ։ Իսկ դա հենված է իրանական ու թուրքական շուկաներում գների տարբերության վրա։ Իհարկե, իր նշանակությունն ունի նաև արտաքին հումանիտար օգնությունը։ Բաքվում նստած ու Ադրբեջանը կառավարող նախիջևանյան կլանն առանձնապես չի հետաքրքրվում իր հայրենակիցների ճակատագրով։ Թուրքիան նույնպես մտադրություն չի ցուցաբերում այդ բնակչությանն օգնելու, որովհետև իր արևելյան նահանգները նույնպես լավ տնտեսական դրության մեջ չեն։ Նախիջևանի բնակչությունը շատ ավելի կապված է Իրանի հետ, այդ թվում նաև` էթնիկական առումով, քան Ադրբեջանի հարթավայրային շրջանների բնակչության։ Նախիջևանի բնակչությունն Իրանը դիտում է իբրև միակ երկիր, որն այդ տարածքում իրականացնում է քիչ թե շատ նշանակալի սոցիալական քաղաքականություն։ Իրան-Նախիջևան գազամուղի կառուցումը, Ջուղայում ազատ առևտրի գոտու ստեղծումը, Նախիջևանի բնակչության համար դեպի Իրան մուտքի արտոնյալ պայմանների ստեղծումը, հազարավոր մարդկանց կրթություն և բուժօգնություն ստանալու հնարավորության տրամադրումն Իրանի կողմից հանգեցնում են այս երկրամասի ինտեգրացիային Իրանի հետ։ Թուրքիան չի կարող հանգիստ հետևել այդ միտումներին և 2005-ին Իրանին առաջարկեց կնքել փակ համաձայնագիր Նախիջևանում գործունեության կանոնների շուրջ, ինչը կտրականապես մերժեց Թեհրանը, այն հիմնավորումով, որ դա Ադրբեջանի տարածքն է։
Ցավոք, Իրանը ոչ մի կերպ չի արձագանքում որոշ հայկական կազմակերպությունների` Նախիջևանի ուղղությամբ աշխատանքներին մասնակցելու առաջարկներին։ Ընդհանուր առմամբ իրանա-թուրքական խորհրդատվություններն ագրեսիվ և փոխադարձ պահանջների ենթատեքստ ունեն։ Այդպիսով, Իրանն ու Թուրքիան Նախիջևանը փաստացի դիտարկում են ոչ թե իբրև Ադրբեջանի մաս, այլ ինչ-որ չեզոք կամ դժվար վերահսկելի գոտի, որը հավասարապես մոտ է երկու պետություններին էլ։ 2007-ին Իրանի քաղաքականության մեջ ի հայտ եկան նոր միտումներ Նախիջևանի նկատմամբ, որոնք ներառում էին այդ տարածքի արագընթաց տնտեսական ու սոցիալական ինտեգրացիան իրանական հասարակության մեջ։ Միաժամանակ Իրանը համարժեք քաղաքականություն է փորձում իրագործել Թալիշստանի նկատմամբ, սակայն, հաջողություններն ավելի համեստ են, քանի որ թալիշներով բնակեցված տարածքներն ավելի քիչ են նախապատրաստված այդպիսի ինտեգրացիային։ Թալիշստանի հետ կապված Իրանն ավելի արմատական դիրքորոշում ունի և բացահայտորեն «խաղագումար» է դնում քաղաքական ծրագրերի իրագործման վրա։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ