Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Դու ի՞նչ բարոյական իրավունք ունես, որ ով քեզ հետ չէ, նրան տականք անվանես»

«Դու ի՞նչ բարոյական իրավունք ունես, որ ով քեզ հետ չէ, նրան տականք անվանես»
19.09.2008 | 00:00

«ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԱՍՏԾՈՒՆ, ՈՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՆԱ»
…և ոչ միայն մշակույթի մասին
ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆ, հայ մշակույթի անվանի գործիչ, նվիրյալ մշակ, փայլուն արվեստաբան: Նրա նախաձեռնությամբ են դեռևս 70-ականներին ստեղծվել մանկական պատկերասրահը, ժամանակակից արվեստի թանգարանը, գեղագիտության ազգային կենտրոնը: Հայաստանի մշակույթն արտերկրում ըստ արժանվույն ներկայացնելու պատիվն ու պատասխանատվությունը մշտապես վստահել են նրան: Արվեստագետների առնվազն երեք սերունդ է նա ճանապարհել կյանք, գնահատել նրանց գրչով, աչքով, նպաստել հանրահռչակ դառնալուն: Բազմաթիվ մենագրությունների և ալբոմների հեղինակ է: Նաև՝ համարձակ մտավորական, քաղաքացի, ում հատկապես մտահոգում է ազգային արժեհամակարգի և բարոյականության անկումը:
«ԻՆՉՈ՞Ւ ԷԻՆ 1988-ԻՆ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԻ ՁԵՌՔԻՑ ԲԱՐՁՐԱԽՈՍԸ ԽԼՈՒՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ, ՈՒՄԻ՞Ց ԷՐ ՊԱԿԱՍ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ»
-Ազգային վերազարթոնքից հետո, թվում էր, վերազարթոնք պետք է ապրի նաև ազգային մշակույթը:
-Անկախության առաջին իսկ օրերից սկսվեց մշակույթի բնաջնջումը:
-Ինչպե՞ս:
-Շատ սխալ մի մոտեցում կար. այն, ինչ ստեղծվել է սովետական իշխանության օրոք, վատն է:
-Նույն մտածելակերպն էր քրիստոնեությունն ընդունելուց հետո. անխնա բնաջնջվեց հեթանոսության շրջանում ստեղծված հազարամյակների մեր մշակույթը:
-Իմ մեջ բացարձակ չարություն չկա, բայց ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ էին 1988-ին Գևորգ Էմինի ձեռքից բարձրախոսը խլում Ազատության հրապարակում, ումի՞ց էր պակաս հայրենասեր: Կամ, ասենք, Լևոն Հախվերդյանն ումի՞ց էր պակաս. Թումանյանով զբաղվող մարդ, գրականագետ, նվիրված ազգին, ինչո՞ւ էին ձեռքից խլում բարձրախոսը... Կամ` պատմաբան Լենդրուշ Խուրշուդյանը... Ազգի նվիրյալներ էին և երբևիցե չէին հակադրվել ազգային մտածողությանը, ազգային շարժմանը, չէին ծախվել...
-Ինչո՞ւ էին այդպես վարվում` ըստ Ձեզ:
-Որ նրանց տապալեին, իրե՛նք դառնային հեղինակություն: Բայց ոչ մեկն արհեստականորեն հեղինակություն չի կարող դառնալ: Չի՛ կարող, անհնար է: ՈՒզում ես հարուստ եղիր, ուզում ես լավ հռետոր... նշանակություն չունի. ինչ որ կաս քո քաշով, այդ էլ մնում ես մարդկանց համար: Այ, ես միշտ հիացած եմ դերասան Վարդան Պետրոսյանով: Ինչո՞ւ: Նա հավակնություն չունի, հատուկ շահ, ակնկալիք չունի: Այսինքն` նա ավելի շատ սիրում է իր մասնագիտությունը, իր ժողովրդին, քան ինքն իրեն: Լուսավոր մարդ է: Պատահական չէ, որ նա այդքան հանդիսատես ունի: Ե՛րբ գա, ինչ և ինչքա՛ն էլ ներկայացնի, ժողովուրդը գնում է: Կարելի է առանձին մարդկանց խաբել մեկ անգամ, երկու, տասն անգամ... Ժողովրդին խաբել հնարավոր չէ: Թող ոչ ոք չփորձի դա անել:
«ՄԵՐՈՆՔ ՊԱՐՏՎԵՑԻՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՐԱՐԱՏԻ ՊԱՏԿԵՐԸ ՀԱՆԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԿՐԾՔԻ ՎՐԱՅԻՑ»
-Պարոն Իգիթյան, վերջերս կրկին մեր «տարերքի» մեջ էինք. Թուրքիայի նախագահի այցը վերածվել էր համազգային տոնի: Ի՞նչ էր նշանակում այցից անմիջապես առաջ ֆուտբոլի տարբերանշանից վտարել Արարատի պատկերը: Եվ արդյո՞ք մեր ֆուտբոլի հավաքականի պարտությունն ավելի շատ ոգու պարտություն չէր: Թուրքիայի հավաքականի սևամորթը երգում է այդ պետության օրհներգը, իսկ ՀՀ օրհներգի ժամանակ հայ ֆուտբոլիստներն անհաղորդ դեմքով իրենց ծամոններն են ծամում:
-Նախ՝ պարտվեցին, որովհետև դա թիմ չէր, այլ հավաքածու։ Ճնշումը շատ ուժեղ էր՝ հոգեբանական առումով և նրանց հանեց իրենց բնական վիճակից։ Ես հավատացյալ մարդ եմ և հավատացած եմ, որ մերոնք պարտվեցին, որովհետև Արարատի պատկերը հանեցին իրենց կրծքի վրայից։ Սարյանի «Արարատը», որ այնքա՜ն դժվարությամբ էր հաստատվել խորհրդային տարիներին։ Մե՛ր Արարատը: Մեր ազգային խորհրդանիշը։ ՈՒղղակի զարմանում եմ՝ ինչքա՞ն պետք է ստրկամիտ լինես, որ Գյուլի գալու առիթով Մասիս սարը հանես։
-Կարծում եք՝ ինքնագլո՞ւխ է այդ քայլն արվել։
-Չգիտեմ՝ ով է արել: Հիմա այնպիսի քաոս է, այնպիսի մի իրավիճակում ենք ապրում, որ շունը տիրոջը չի ճանաչում։ Բայց ով էլ որ արել է, դա, իմ կարծիքով, հանցագործություն է ազգի դեմ։
-Նույն ազգը՝ ընտրյալ ազգը, խոնարհաբար հանդուրժեց...
-Մենք ընտրյալ և շատ ախմախ ազգ ենք, գիտե՞ք։ Շատ տաղանդավոր և շատ ախմախ։ Այսօր էլ ցույց ենք տալիս ողջ աշխարհին, թե ինչպես ենք կորցրել մեր հայրենիքը, ոնց ենք Մեծ Հայքից հասել, ա՜յ, այս թիզ հողին, որտեղ ապրում ենք։ Եթե այսօր Իլհամ Ալիևն ասի՝ մեկ միլիոն ադրբեջանցի պետք է գնա Շուշիում ապրի, կգնան։
«ՔԱՂԱՔ ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ, ՄԵՐ ՔԱՂԱՔԸ ԹԻՖԼԻՍՆ ԷՐ, ԲԱՔՈՒՆ, ՆՈՒՅՆԻՍԿ՝ ԳՅՈՒՄՐԻՆ»
- Ի՞նչն է հատկապես Ձեզ ցավ պատճառում:
-Որ գյուղերը լրիվ աչքաթող են արել, հողը՝ մեռցրել: Նույնիսկ Ֆրանսիայի նման երկրում եթե նրա շրջանները չլինեին, Փարիզը կմեռներ։ Ո՞վ է, ի վերջո, հայ ժողովրդին տվել մեծ բանաստեղծներ: Մեծ նկարիչներ: Մեծ մտածողներ: Գյո՛ւղը։ Քաղաք էլ չենք ունեցել ըստ էության։ Մեր քաղաքը Թիֆլիսն էր, Բաքուն, նույնիսկ՝ Գյումրին... Երևանն ավելի ուշ դարձավ քաղաք։ Գյուղն է, չէ՞, տվել Պարույր Սևակ՝ Չանախչիից, Մինաս՝ Ջաջուռից, Հրանտ Մաթևոսյան՝ Ծմակուտից, որ քարտեզի վրա չի էլ երևում։ Բանակին ո՞վ է տվել էդ հզոր տղերքին: Գյո՛ւղը։ Վերջերս գնացել էի Բերդ՝ Տավուշ. ի՜նչ հրաշալի, չքնաղ բնություն ունի։ Ես, որ քիչ թե շատ աշխարհ եմ տեսել, նման հրաշք բնություն չեմ տեսել։ Եթե ճապոնացիներն ունենային նման մի Տավուշ, դրախտ կդարձնեին։
Ինձ անասելի ցավ է պատճառում ազգի բարոյական վիճակը։ Այսօր հայ երեխան չգիտի՝ ով է Հովհաննես Թումանյանը։ Այսօր շատ են անգրագետները: Մեր երիտասարդներն ամեն մի փոփ աստղի անունը գիտեն, նույնիսկ Ամերիկայում ապրող, բայց չգիտեն ովքեր են Չարենցը, Թամանյանը։ Սա դժբախտություն է ազգի համար։ Սովետական Հայաստանում հնարավո՞ր էր գտնել մեկ երեխա, որ չիմանար Թումանյանն ով է։ Այսօր Թումանյանի նկարը ցույց ես տալիս, հարցնում՝ ո՞վ է, ասում է՝ փողի մարդն է։ Կամ՝ մեր բուհերը... Ի՜նչ մակարդակ ունեին պոլիտեխնիկը, բժշկականը։ Մենք չգնահատեցինք մեր անկախությունը։ Բայց ես շատ եմ գնահատում և ուրախ եմ, որ վերջապես իմ երկրում կարող եմ ուզածս գիրքը տպագրել։
-Որպես ծայրահեղությունների ազգ՝ հիմա էլ մեկ ուրիշ ծայրահեղության մեջ ենք ընկել. ում խելքին ինչ փչի, գրում, տպում է։ Փող ունի։
-Համաձայն եմ։ Բարոյականությունն այնքան է ընկել, որ այն լկտի մարդիկ, ովքեր փող ունեն, ինչ ուզում, անում են։ Դա գալիս է հասարակության ճահճային, քաոսային ընդհանուր վիճակից։ Ամոթը վերացել է, էլ ամոթ չկա։ Հարուստ մարդ ես, քո հեռուստաընկերությունն ես ստեղծել, բա դու քո ցույց տվածից չե՞ս ամաչում... Մարդ ինքը պետք է ներքին գրաքննություն ունենա։ Անգամ ամենազարգացած երկրում ամեն տեսակի լկտիություն կա։ Բայց դա՛ չի այնտեղ գերիշխողը, դա չի թելադրողը, եղանակ ստեղծողը: Չափանիշները փոխվել են... Այսօր նույնիսկ էս հարուստներն իրենց երեխաներին են իրար հետ ամուսնացնում։ Հասկանո՞ւմ եք... Օրինակներ չկան: Երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, Ստալինի, Միկոյանի, Խրուշչովի, Վորոշիլովի, Մոլոտովի, բոլորի որդիները ռազմաճակատում էին։ Ռազմաճակատում, ո՛չ թե շտաբում։ Ասեք՝ մեր ո՞ր ղեկավարի որդին է կռվել Ղարաբաղում։ Ո՛չ մեկի։ Դա արդեն օրինակ է։
-Առաջին հանրապետության ժամանակ Հայաստանի ղեկավար Քաջազնունին իր միակ որդուն ուղարկեց ռազմաճակատ, որտեղ և նա զոհվեց։
-Ինձ անասելի վիշտ և ցավ է պատճառում այն, որ ոչ մի երկրում մուրացող հայ չեմ տեսել, բացի Հայաստանից։ Բա դա ցա՞վ չի մեզ համար։ Ավելին ասեմ՝ պատերազմի ժամանակ «ջեբկիր» երեխա տեսել եմ, բայց մուրացող հայ երեխա չեմ տեսել։
-Եվ դա այնպիսի մի երկրում, որտեղ հայ պատգամավորը կարող է հարյուր հազարավոր դոլարներ վճարել «գոլդ» պետհամարանիշի համար։
-Անկեղծ ասած, տեղյակ չէի:
-Կամ՝ միլիոնների արժողությամբ դղյակները, երբ երկրում այսքան մուրացկաններ կան:
-Ավելի լավ է այստեղ կառուցեն, քան փողերը տանեն Շվեյցարիա։ Եղբա՛յր, թող սարքեն։ Թող չքանդեն։
-Էլի թող սարքեն, բայց չաղճատեն մայրաքաղաքի ճարտարապետական դիմագիծը:
-Հիշում եմ՝ երեխա ժամանակ մեր սիրած վայրը բակերն էին։ Մեր կյանքն անցել է բակերում։ Բակեր չկան հիմա։ Այսօր ով որտեղ ինչ ուզում է, տնկում է։ Հիշում եմ՝ ինչպես Նարեկ Սարգսյանը մի անգամ երեխաների հետ հանդիպման ժամանակ անկեղծորեն ասաց. «Գիտե՞ք, դուք ճիշտ եք, բայց ես չեմ կարող դիմադրել երեք գեներալի և երկու նախարարի։ Չե՛մ կարող»։ Եվ այս խոսքը տպագրվել է թերթում։ ՈՒրիշ ճանապարհ էլ կա՝ կարող ես դուրս գալ աշխատանքից։ Բայց ո՞ր մեկը դուրս գա, բոլո՞րը դուրս գան։ Եթե ինքը դուրս գար, ավելի շատ օգո՞ւտ կտար իր մասնագիտությանը, թե՞ վնաս։ Ինձ էլ են շատ վիրավորել, ի՞նչ անեի: Գործս թողնեի, դուրս գայի, այս կենտրոնը չէր լինի այսօր։
-Ձեզ ինչո՞ւ են վիրավորել։
-Օրինակ՝ ինձ տուն է զանգահարում մի ղեկավար և շա՜տ ջերմ սկսում. «Մենք Ձեզ շատ սիրում և հարգում ենք, բայց Ձեր տարի՜քը...»։ Ասացի. «Լսի՛ր, իմ կինը քո կնոջից քսան տարով փոքր է, ես էլ քեզնից խելոք եմ, քեզնից շատ էներգիա ունեմ, էլ ինձ զանգ չտաս»։ Եվ լսափողը դրեցի։ Բայց գիտե՞ք ինչի համար էր դա. որ թանգարանի շենքերն ուտեին։
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԱՎԵԼՈՐԴ ԲԱՌ ԱՍԵԼՈՒ»
-Հասարակությունը հիվանդ է։ Ի՞նչ է պետք անել նրան առողջացնելու համար։
-Ճիշտ բառ օգտագործեցիք՝ «հիվանդ»։ Իսկ ամեն հիվանդություն ունի բուժում։ Օրինակ՝ մարդը հարբեցող է կամ ծխող։ Կարող ես նրան ուժով կապկպել և ստիպողական բուժում անել կամ այնպես անել, որ մարդն ինքը չուզենա ծխել կամ խմել։ Բայց երբ չի ենթարկվում քեզ, ի՞նչ կարող ես անել։ Այսինքն՝ նրանք մտածված անհնար են դարձնում համատեղ կյանքն այս երկրում: Օրինակ, ՀՀ առաջին նախագահը տասը տարի լռելուց հետո առաջին անգամ եկել է ասպարեզ և ոչ այս, ոչ այն՝ ասում է. «Ով մեզ հետ չէ, տականք է»։ Դու ի՞նչ բարոյական իրավունք ունես, որ ով քեզ հետ չէ, նրան տականք անվանես։ Եվ դեռ հավակնում ես լինել ազգի առաջնորդ։ Եվ դա ասում է մի մարդ, ով առանձնապես լավ հետք չի թողել էս երկրի համար։ Ի՞նչ է նշանակում՝ «Ինձ ձեռքերի վրա պետք է տանեն իմ նստավայրը»։ Կամ` «Հենց գամ, առաջինը պետք է Ռոբերտի ինքնաթիռը վաճառեմ, դպրոցներին տամ»։ Նախ՝ Ռոբերտի համար չեն առել դա, այլ երկրի նախագահի։ Բա ամո՞թ չէր, որ մեր նախագահի ինքնաթիռից պտուտակները թափվում էին։ Հենց Մոսկվայում։ Կամ՝ «Կնստեցնեմ դրանց՝ էդ մոնղոլ-թաթարներին»... Չի՛ կարելի այդպես։ Քաղաքական գործիչն իրավունք չունի ավելորդ բառ ասելու. նա իր տեղն ու չափը պետք է իմանա։ Հայոց Վեհափառն է գալիս մոտդ (կարող է քեզ դուր չգալ նրա անձը, բայց հայ ժողովրդի հոգևոր առաջնորդն է), ինչպե՞ս կարող ես նրան ներս չթողնել։
Պարզ ասեմ՝ ոչ մեկն աչքիս լույսը չէ, ոչ մեկն ինձ համար ՈՒինսթոն Չերչիլ չէ, բայց ես՝ որպես քաղաքացի, պետք է մտածեմ՝ ո՞ւմ կողմից լինեմ. այն մարդո՞ւ, որի հետ ծանոթացել եմ Ղարաբաղում պատերազմի ժամանակ, որը ճանապարհ է անցել՝ եղել է ՆԳ, ԱԱ, ՊՆ նախարար, վարչապետ և ուզում է մի բանով օգնել էս երկրին, թե՞ նրա, ով ուզում է էս երկիրը քանդել։
Ես հիմա, օրինակ, ուզում եմ քաղաքի կենտրոնում կառուցվի հզոր մի շենք՝ ժամանակակից արվեստի թանգարանի համար, որը միակն էր ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև ողջ սոցիալիստական ճամբարում: Առանձին շենք՝ գեղագիտության ազգային կենտրոնի համար՝ իր թանգարանով, թատրոնով և ֆիլհարմոնիայով, նաև՝ առանձին դպրոցական մի շենք, որ այս երեխաներին նկուղային հարկերից հանեմ։ Այդտեղ կտեղափոխվի նաև մեր ազգային գործիքների դպրոցը: Փոխարենը հանձնում եմ բավականին տարածք։ Սերժ Սարգսյանն ինձ խոստացել է իրականացնել այդ գաղափարը, որի համար ես ծնվել եմ գուցե։ Հիմա խնդրում եմ Աստծուն, որ Սերժ Սարգսյանը մնա, որ շենքերը կառուցի: Եվ հավատում եմ, որ նրա օրոք պետք է կառուցվեն այդ շենքերը։ Որովհետև Սերժ Սարգսյանն ինչ խոստանում է` կատարում է: Եվ խնդրում եմ բոլորին՝ չխանգարել մեզ։ Ես որևէ անձնական պահանջ, նպատակ չունեմ։ ՈՒզում եմ կիսատ գործս ի մի բերել, ավարտել։
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԱՌԸ ԿՈՐԻԶ ԷՐ, ԲԱՅՑ ՇԱՏ ԳՈՐԾՈՒՆՅԱ ՄԱՐԴ ԷՐ»
-Ավարտվեց ներկուսակցական աթոռակռիվը ԱԺ նախագահի պաշտոնի համար...
-Ամեն ժամանակ պահանջում է կոնկրետ գործողություն։ Այն, ինչ գիտի գլխավոր ռեժիսորը, դերասանը չգիտի։ Որովհետև այդ գաղափարը ռեժիսորի գլխում է։ Կան մարդիկ, ովքեր ավելի շատ էներգիա ունեն, ավելի գործունյա են։ Կան մարդիկ, ովքեր ուղղակի կիրթ են, բայց էներգիա չունեն։ Կողքից որ նայում եմ, տեսնում եմ՝ էս մեկը հոգնած է, և քանի որ իրավիճակը ծանր է, այնտեղ պետք է մի մարդ, որն ավելի շատ էներգիա ունի ու հզոր կազմակերպիչ է։ Ի վերջո, պաշտոնը մասնագիտություն չէ: Ես, օրինակ, իմ մասնագիտությունը չեմ փոխի նույնիսկ ամենաբարձր պաշտոնի հետ:
-ՀՀ նախագահներից ո՞ւմ եք համարում ամենաազդեցիկը:
-Իմ կարծիքով՝ ամենահզորը Քոչարյանն էր՝ որպես կազմակերպված, ուժեղ բնավորությամբ մարդ։ Հատկապես հայ ժողովրդին ուժեղ ղեկավար է պետք։ Քոչարյանը դառը կորիզ էր, բայց շատ գործունյա մարդ էր։ Եվ տաղանդավոր։ Նա դարձավ պետական գործիչ։ Վանոն, իմ կարծիքով, լավ նախարար էր, Վազգեն Սարգսյանը՝ շատ լավ պետական գործիչ... Երբ մարդը կյանքից հեռանում է, մնում է կամ լույսը, կամ` ոչինչ։ Կամ` ո՞նց կարելի է չգնահատել Վանոյի արածը, երբ նրա օրոք մութ Երևանում, երբ ամբողջ Սովետական Միությունը կրիմինալից սարսափում էր, մենք գիշերները հանգիստ ման էինք գալիս մութ փողոցներում։ Կամ՝ Վազգեն Մանուկյանը պակա՞ս գործ է արել հայրենիքի համար: Չի կարելի, չէ՞, ուրանալ այդ ամենը։ Հավանում եմ, օրինակ, այսօրվա մեր պաշտպանության նախարարին։ Կիրթ, իսկական հայրենասեր մարդ: Հավանում եմ վարչապետին։ Գրագետ է և գործունյա: Միանգամից լծվեց իր գործին: Ժուկովի պես: Բարձր եմ գնահատում մշակույթի նախարարին՝ Հասմիկ Պողոսյանին, որի հետ առիթ եմ ունեցել կազմակերպելու ցուցահանդեսներ Մոսկվայում և տեսնելու, թե ինչպես մինչև վերջ, բոլորի հետ հավասար աշխատում էր սրտացավ, ուշադիր՝ նույնիսկ ամենափոքր գործի հանդեպ, և ազնիվ, ինչպես հայրը՝ Ստեփան Պողոսյանը: Ես ցավում եմ, որ շատ մարդիկ կան այսօր մեր երկրում, ովքեր էներգիա ունեն, կարող են պիտանի լինել ազգին, բայց դաշտից դուրս են: Օրինակ՝ Արմեն Դարբինյանը, Վազգեն Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Արարատ Զուրաբյանը, նույնիսկ Արտաշես Գեղամյանը։ Կամ՝ նույն Լևոն Տեր-Պետրոսյանը։ Կարող է, չէ՞, շատ կարևոր մի պաշտոն զբաղեցնել, անպայման չէ, որ առաջին դեմքը լինի։
Ես՝ որպես իմ մասնագիտությունը շատ սիրող ու կարևորող մարդ, գիտե՞ք ինչու եմ շատ վիրավորված Լևոն Տեր-Պետրոսյանից: Խորհրդային տարիներին, երբ թույլ չէին տալիս թանգարանի շենք կառուցել, և Կարեն Դեմիրճյանը, խախտելով օրենքը, հակադրվելով Մոսկվային, որպես մշակույթը սիրող, գնահատող, նրա նշանակությունը գիտակցող մարդ, կառուցեց հատուկ շենք արդի արվեստի թանգարանի համար (Մաշտոցի պողոտայի կլոր շենքերը, որ կոչվում էին «Բոչկաներ»), որը երկար տարիներ ծառայեց որպես թանգարան, անկախության տարիներին, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք մենք կորցրինք այդ շենքը: Ինչո՞ւ: Կցանկանայի Լևոն Տեր-Պետրոսյանից լսել այդ հարցի պատասխանը:
-Որևէ լավ բան չի՞ արել Լևոն Տեր-Պետրոսյանը:
-Արել է: Բոլոր նկարիչներին արվեստանոցները նվեր տվեց... Գիտե՞ք, կարծում եմ` երկրի ղեկավարը պետք է անպայման ունենա վարչական, տնտեսական, ռազմական աշխատանքի փորձ։ Տեր-Պետրոսյանն ընդամենը Մատենադարանի գիտաշխատող էր, վարչական փորձ չուներ: Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը քիչ թե շատ ունեին վարչական աշխատանքի փորձ և ճանապարհ էին անցել՝ Ղարաբաղի պատերազմը։ Լևոն Տեր-Պետրոսյանը, անկասկած, բոլորից լավ հռետոր էր: Բայց երբ լսեցի Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Ստրասբուրգում լրագրողների հետ, ասացի՝ ոչ մի հայ չէր կարող այսօր այդպես պատասխանել։ Ո՛չ մի հայ։ Այսինքն՝ քաղաքականապես լավ պատրաստված է Քոչարյանը և բոլոր երկրների ղեկավարների հետ իրեն պահում էր արժանապատիվ, հավասարի պես. ո՛չ մեծամտություն, ո՛չ նվաստացում:
Հարցազրույցը՝ Նվարդ ԲՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 8000

Մեկնաբանություններ

ա­վորն ու ծա­րավ հայը" title="«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող իշ­խա­նա­վորն ու ծա­րավ հայը" />
«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող իշ­խա­նա­վորն ու ծա­րավ հայը