ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Լուրեր

Լուրեր
20.06.2008 | 00:00

Կիսահեղափոխության և կիսաբարեփոխումների արանքում
«Ընդդիմությանը միայն ձեռնտու է, որ իշխանությունը բարեփոխումներ իրականացնելու առումով առաջանցիկ քայլերի դիմի»,- Մամուլի ազգային ակումբում այս տեսակետը հայտնեց «Բարեփոխումներ վերևի՞ց, թե՞ ներքևից» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ։ Ընդդիմության պահանջով իշխանությունների ձեռնարկած «անկեղծ քայլերը», ըստ Ռուբինյանի, կողջունվեն, սակայն այդ գործողություններն իրականում հակասում են միմյանց։ «Ժողովրդին մի ելք է մնում` ներքևից, ստիպելով, հարատև պայքարի միջոցով հասնել արդարության»,- համոզված է նա։ Ի դեպ, Ռուբինյանը կարծում է, որ ընդդիմության որդեգրած պայքարն արդեն որոշակի պտուղներ տվել է, քանի որ հակառակ պարագայում այսօր ՀՀ վարչապետը ոչ թե Տիգրան Սարգսյանը կլիներ, այլ «բոլորովին ուրիշ մեկը»։ «Որոշ զսպվածություն, ժողովրդահաճո քայլեր նկատվում են իշխանության կողմից, ինչն ընդդիմության ճնշումների արդյունք է»,- վստահեցրեց Ռուբինյանը` միաժամանակ հավելելով, որ Հայաստանը կանգնած է հեղափոխական փոփոխությունների առջև։ Տրամագծորեն հակառակ տեսակետն ուներ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, ով ընդգծեց, որ իրենց ընտրողը դեռևս փետրվարի 19-ին իր քաղաքական ճաշակը` «քարտբլանշը», տվել է գործող իշխանությանը` ի դեմս Սերժ Սարգսյանի` բարեփոխումներ իրականացնելու համար։ Անդրադառնալով ընդդիմության առաջարկներին` Աշոտյանը նշեց, որ դրանք ոչ թե առաջընթաց են, այլ հետընթաց։ «Անգամ այս կիսատ հեղափոխության (այն արդեն ավարտված եմ համարում) արդյունքում մենք և´ տնտեսական, և քաղաքական, և´ սոցիալական հարաբերություններում որոշակի հետընթաց արձանագրեցինք։ Չիրականացված և երբևէ չիրականացվող հեղափոխությունը հետընթացի նշաններ տվեց»,- հավաստիացրեց ՀՀԿ պատգամավորը` ընդդիմադիրների գործելակերպում չտեսնելով ծայրահեղականությունից հրաժարում, փոխհամաձայնությունների որոնում, հանդուրժողականություն։ «Հեղափոխությունը խժռեց իր իսկ հերոսներին». պատմական ճշմարտություններ վկայակոչելով` շեշտեց Աշոտյանը 1998-ի իշխանափոխությունը վերևից իրականացված համարելով։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Պրոռուսական ընդդիմությունը` որպես այլընտրանք
Իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ Ռուսաստանի քաղաքական վերնախավում «ձայնի իրավունք» ունեցող որոշ ծանրակշիռ կառույցներ և մի խումբ ազդեցիկ քաղտեխնոլոգներ Հայաստանում բավականին ակտիվ գործունեություն են սկսել` պրոռուսական ընդդիմադիր ուժերի ձևավորման ուղղությամբ։ Մասնավորապես, վերջին շրջանում հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ և քաղաքական ուժերի շրջանակներում գործող կառույցներ սկսել են ֆինանսավորվել Ռուսաստանից` հետագայում պրոռուսական կողմնորոշում ունեցող մեկ ընդհանուր հասարակական-քաղաքական ընդդիմադիր բլոկի մեջ միավորվելու հեռանկարով։
ՌԴ քաղաքական և պետական վերնախավը ներկայացնող որոշ կառույցների մտահոգությունը, կարծում ենք, կարելի է հասկանալ։ Հայաստանում նախագահական վերջին ընտրություններից հետո գնալով ավելի ու ավելի զանգվածային կշիռ է սկսում ձեռք բերել արևմտամետ անսքող կողմնորոշում ունեցող ընդդիմադիր ուժերի միավորումը, ու եթե չբացառենք, որ համապետական հաջորդ (կամ արտահերթ) ընտրություններում միավորված պրոարևմտյան այդ ուժը ձգտելու է իշխանության, ապա Ռուսաստանը ստիպված է լինելու հաշվի նստել իրողության հետ, որ վաղը-մյուս օրը Հայաստանում կորցնելու է եթե ոչ` իր շահերն սպասարկող, գոնե` դրանց հետ առավելագույնս հաշվի նստող իշխանություններ` ի դեմս նոր վարչախմբի։
Այս անցանկալի հեռանկարն է, թերևս, պատճառը, որ Ռուսաստանում այսօր արդեն սկսել են լրջորեն մտածել տերպետրոսյանական արևմտամետ ընդդիմությանը պրոռուսական այլընտրանքային ընդդիմությամբ «չեզոքացնելու» ծրագրի շուրջ։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

«Մեզ բացակա չդնեք»
Երեկ մի խումբ կալանավորված գործիչներ (Ալեքսանդր Արզումանյան, Սմբատ Այվազյան, Մյասնիկ Մալխասյան, Գագիկ Ջհանգիրյան, Գրիգոր Ոսկերչյան և այլք) այսօր կայանալիք հանրահավաքի առնչությամբ հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Հանուն զավթած իշխանությունը և տարիներ շարունակ գռփածը պահպանելու մոլուցքի, զոհասեղանին է դրվել ամեն ինչ, լրջորեն վտանգված է Հայաստանի և ԼՂՀ-ի անվտանգությունը, կոխկրտվում է մեր երկրի պատիվն ու ժողովրդի արժանապատվությունը, մեր հպարտ ու արդարամիտ ժողովրդին փորձ է արվում ներկայացնել որպես ջարդարար ու թալանչի»։ Իրենց առաջադրված մեղադրանքն «անհեթեթ ու զավեշտալի» որակելով` քաղաքական գործիչները փաստում են, որ հունիսի 20-ի հանրահավաքը «վերջակետ է դնելու հանցախմբի նկրտումներին»։ Հայտարարությունն ամփոփվում է հորդորով. «Հավաքվելով Ազատութան հրապարակում` մեզ բացակա չհամարեք, մենք ձեզ հետ ենք»։
Ռ. Խ.

Կրկին Վահանի հե՞տ
Դաշնակցությանը մերձ աղբյուրների իրազեկմամբ` ՀՅԴ գերագույն մարմինը որոշում է կայացրել, որ համայնքապետերի ու Երևանի քաղաքապետի` աշնանը նախատեսված ընտրություններում ՀՅԴ-ն առավել քան ակտիվ մասնակցություն կունենա։ Բնականաբար, «ստավկան» դրված է ամենից առաջ Երևանի քաղաքապետի հանգուցային պաշտոնը «սեփականաշնորհելու» վրա, չնայած դաշնակցության կոալիցիոն գործընկերներ ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն բնավ ոգևորված չեն իրենց դաշնակցի այս հավակնոտ մտադրությամբ։ Թեև ՀՅԴ-ն այսօրվանից արդեն լրջորեն նախապատրաստվում է իր ապագա թեկնածուի նախընտրական կամպանիային, սակայն դաշնակցության նախնական ծրագիրը դժվար թե հաջողվի գլուխ բերել երկու հիմնական պատճառով. ա) համապետական վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ 118-ամյա ավանդական կուսակցության իմիջը բավականին հետաճ է ապրել. բ) կոալիցիոն վերնախավը Երևանի քաղաքապետի բավականին առանցքային պաշտոնն ընդդիմադիր խաղեր տվող ՀՅԴ-ին կապույտ եզրագծով սկուտեղի վրա մատուցելու «միամտություն» երբևէ չի ունենա։ Իսկ թե ո՞ւմ են դաշնակցականները տեսնում Երևանի ապագա քաղաքապետի աթոռին, կարծում ենք, դժվար չէ կռահել։ Իհարկե, նախագահի նախկին թեկնածու և ԱԺ նախկին փոխխոսնակ, այժմ ՀՅԴ խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Վահան Հովհաննիսյանին։ Ի դեպ, օրերս նույն հողի վրա քաղաքական «խաղեր տվեց» նաև արդարադատության նախկին նախարար, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

«Ռազբորկան» շարունակվում է
Վերջերս մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և Դավիթաշեն համայնքի ղեկավարության արանքով «սև կատու է» անցել: Ըստ հրապարակումների, լարված հարաբերությունների համար խնդրո առարկա է դարձել համայնքի տարածքում (նաև Դավիթաշենի կենտրոնական հրապարակը ներառող) առանց համապատասխան թույլտվության «Երևան-Սիթի» սուպերմարկետների ցանցի հերթական խանութը կառուցելու` Ալեքսանյանի ինքնագործունեությունը: Համայնքի ղեկավարությունը, դեմ լինելով նման գործելաոճին, պարզապես դադարեցրել է սկսված շինարարությունը: Պարզվում է, որ դրանից հետո ամենակարող օլիգարխին այնուամենայնիվ հաջողվել է շինարարությունն իրականացնելու թույլտվություն ստանալ Երևանի քաղաքապետարանից: Սակայն հարցը դրանով չի լուծվել, քանի որ սույն թույլտվությունը, շինարարության համար սահմանված որոշ նորմերի խախտման պատճառաբանությամբ, չի վավերացվել Դավիթաշենի թաղապետ Արթուր Գևորգյանի կողմից, ինչը նման դեպքերում պարտադիր պայման է:
Ս.Վ.

Մեղավոր ես` վճարիր
Հունիսի 17-ին «Մելտեքս» ՍՊԸ-ի («Ա1+» հեռուստաընկերության) հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության Եվրոպական դատարանը բավարարել է, և որպես տուգանք` Հայաստանը պարտավոր է «Ա1+»-ին վճարել 30 հազար եվրո: Արդարադատության փոխնախարար Գևորգ Կոստանյանը նախօրեին հրավիրած ասուլիսում տեղեկացրեց, որ եվրադատարանը մասամբ է բավարարել հայտատուի պահանջը, քանի որ վերջինիս 1,5 մլն դոլարի պահանջի փոխարեն 30 հազար եվրո փոխհատուցում է սահմանել: Ի դեպ, նշված գումարից 10 հազար եվրոն Հայաստանը վճարելու է լոնդոնցի փաստաբաններին: «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսիսյանը մեր հարցին` ի՞նչ ձևով և ո՞վ է գումարը փոխհատուցելու, պատասխանեց, թե հավանաբար կտրամադրվի պետական բյուջեից: Հարցի առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարությունից էլ նույն պատասխանն ստացանք: Մեսրոպ Մովսիսյանը նաև հավելեց, որ բոլոր դեպքերում վճարելու է նա, «ով մեղավոր է, ով իր վրա է վերցնելու այդ ամենի պատասխանատվությունը»։ Հիշեցնենք, որ որոշումն ուժի մեջ կմտնի 3 ամսից, և գումարն էլ հայտատուին կվճարվի նշված ժամանակահատվածում:
Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

100 օրվա խրոնիկա` ըստ BBC-ի
Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ BBC-ն նախատեսել է եթեր հեռարձակել ընդգրկուն մի տեսանյութ` տնտեսական, քաղաքական և հասարակական ոլորտներում վերջինիս նախընտրական ծրագրերի և դրանց կենսագործման ուղղությամբ ձեռնարկված կոնկրետ քայլերի շուրջ։ Ըստ էության, սա պետք է դիտարկել ոչ այնքան որպես բարձր մակարդակով իրականացվող PR` բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցի կողմից, որքան այդ լրատվամիջոցի թիկունքում կանգնած արևմտյան տերությունների կողմից ՀՀ նախագահի լեգիտիմությունը մեկ անգամ ևս դե յուրե շեշտելու ծանրակշիռ քայլ։
Ինչպես «Իրավունք de facto»-ին փոխանցեց BBC-ի մեր «առաջին ձեռք»-աղբյուրը, սա միանշանակ վկայում է նաև այն մասին, որ անցած 100 օրերի ընթացքում եվրատլանտյան «հողի վրա» Սերժ Սարգսյանի քաղաքական «մանյովրը» կարելի է կայացած համարել։ Մնում է սպասել, թե նույն առիթով ինչ ծրագիր են եթեր հեռարձակելու ռուսական հեղինակավոր հեռուստաընկերությունները։ Եթե, իհարկե, հեռարձակելու են։

Ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը` DVD
Հայաստանի իրավապահ և ֆիսկալ մարմիններին, մասնավորապես մաքսային ծառայությանը, վերջերս հանձնարարվել է քրեական գործեր «նախապատրաստել»` DVD և CD-ների, վիդեոարտադրանքի այլ տեսակների կեղծման մեջ «շուն կերած»-մարսած «պիրատների» նկատմամբ, որոնք վաղուց արդեն շրջանցել են թույլատրելիության բոլոր «խելքին մոտ» սահմանները և անհանգստության լուրջ տեղիք են տալիս ինչպես երկրի ներսում, այնպես էլ` նրա սահմաններից դուրս։ Բարձր «մակարդակով» իջեցված սույն հանձնարարականի գլուխբերման գործը, մեր հայթայթած տեղեկությունների համաձայն, խիստ դժվարանալու է այնքանով, որ սուպեր շահութաբեր բիզնեսի այս ոլորտը վերահսկվում է ՀՀ ոստիկանության համակարգի նախկին ու ներկա որոշ բարձրաստիճան չինովնիկների կողմից։ Ի՞նչ կրքեր կբորբոքվեն սկավառակահեններին օրենքի դաշտ բերելու գործընթացի շուրջ, դժվար է ասել, բայց որ իրոք հասունացել է վերահսկողությունից դուրս մնացած այս ստվերային շուկան պետական մակարդակով «կանոնակարգելու» անհրաժեշտությունը, կասկածից վեր է։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Ականազերծվեցինք
Երեկվա ասուլիսում անդրադառնալով մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին` Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը համոզմունք հայտնեց, թե «Ռոբերտ Քոչարյանն այն չէր կազմակերպի, եթե վստահ չլիներ, որ կգտնվեն հենրիկիգիթյաններ, հրանտթոխատյաններ, զորիբալայաններ, ովքեր ոճրագործությունը կպաշտպանեն, քանի որ այս իշխանության լակեյներն են»։ Ավելին, Քոչարյանին «պետական հանցագործ» համարելով, ինչը, ըստ նրա, իրավական գնահատական է, Շահնազարյանը շարունակեց. «Նրա հրամանով է ամեն ինչ կատարվել։ Սպանությունները, թալանը պետական հանցագործություններ են, որոնք կատարվել են մինչ արտակարգ իրավիճակը։ Ինչքան էլ իրենց կաշվից դուրս գան, չեն կարողանալու այդ ամենը կոծկել»։ Շահնազարյանի կարծիքով, Սերժ Սարգսյանն այսօր միայն մի խնդիր է լուծում` իմիտացիայով ցույց տալ, որ ամեն ինչ հանգիստ է։ Այնուամենայնիվ, Դավիթ Շահնազարյանը քաղաքական դաշտում առկա մթնոլորտը դրական, «հրաշալի» է համարում, քանի որ «ականներից, կեղծ ընդդիմությունից ազատվեցինք, իսկ հասարակության մեջ ճեղքվածություն չկա, այն միասնական է, ինչպես երբեք»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մահակի լեզվով
Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ` հունիսի 23-ին մեկնարկող ԵԽԽՎ ամառային նստաշրջանն օրակարգային հարց չի դարձնի իր իսկ ընդունած 1609 հայտնի բանաձևի քննարկումը` Եվրախորհրդի առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ, քննարկումը կհետաձգվի մինչև աշուն` մահակի պես օդում կախված մնալով ինչպես ՀՀ իշխանությունների, այնպես էլ ընդդիմության գլխին։ Իսկ սկսվելու դեպքում իշխանություններին, ամենայն հավանականությամբ, կրկին այն կատարելու ժամանակ կտան։ Ընդ որում, իշխանությունների մասով «մահակի» առկայությունը միանգամայն հասկանալի է` հնարավորինս թուլացնել Հայաստանի ներկայիս ղեկավարությանը` ԼՂՀ հակամարտության գործընթացը եվրաընտանիքի նախանշած սցենարով ուղղորդելու համար։ Իսկ ընդդիմության պարագայում` պահպանել այն հույսը, թե եվրոպական կառույցները, այնուամենայնիվ, կվերածվեն գործիքի` Հայաստանի իշխանությունների դեմ։
Լ. Մ.

Հայկ Հարությունյանը` ՊՊԾ-ի պետ
Հունիսի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ նշանակելու մասին: Հիշեցնենք, որ այս պաշտոնը մարտի 1-ի դեպքերից առաջ զբաղեցնում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջ ձեռքուականջ Գրիշա Սարկիսյանը:
Ի դեպ, ինչպես արդեն հրապարակել է մամուլը, այդ պաշտոնին հավակնում էր Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանը։ Հետևապես, պետք է ենթադրել, որ Հայկ Հարությունյանի նշանակումը փոխզիջում էր Ռոբերտ Քոչարյանին։
Ռ. Խ.

«Գոլդից» խեր չկա
Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը ոստիկանության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ապսպրեց թարգել գեշ սովորույթն ու ջոկողություն չդնել ճանապարհային երթևեկության կանոնները խախտած «գոլդ» համարներով ավտոմեքենաների սեփականատերերի ու «շարքային» վարորդների միջև և նույնիսկ պահանջեց «կարմիր լույսի» տակ չկանգնելու դեպքում իրեն էլ տուգանել, «գոլդերով» երթևեկողների շրջանում, մեր տեղեկությունների համաձայն, իսկական խուճապ է սկսվել։ Ավելին, զավեշտը հասել է այնտեղ, որ նույն «գոլդերի» համար այս կամպանիայից առաջ հոգի տվողներից շատերը հիմա ինքնակամ հրաժարվում են դրանցից ու բավարարվում համեստագույն պետհամարանիշերով` «շառից-փորձանքից հեռու» շրջահայաց հեռատեսությամբ։
Լ. Մ.

Սոխ որ չես կերել...
Աղվան Հովսեփյանի գլխին կուտակվող սև-մութ ամպերը ցրելու համար (հիշեցնենք` այդ ամպերը մթնեցին հատկապես մարտի 1-ից հետո, երբ անհրաժեշտություն ծագեց, գետնի տակից էլ լինի, քավության նոխազ ճարել) ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը երեկ հետևյալ հաղորդագրությունը տարածեց. «ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հնարավոր հրաժարականի մասին շրջանառվող տեղեկություններն անհարկի, մտացածին խոսակցություններ են։ Ա. Հովսեփյանը 2007 թվականի աշնանը ստացել է բարձրագույն օրենսդիր մարմնի վստահության քվեն (կողմ է քվեարկել 118 պատգամավոր) և շարունակելու է պաշտոնավարել. իրականացնել Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները»։
«Ծխի» ու «կրակի» մասին հայտնի ասացվածքը, սակայն, այլ «հաղորդագրության» սողանցք էլ է թողնում։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 5936

Մեկնաբանություններ