ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Լուրեր

Լուրեր
14.10.2008 | 00:00

Ձեռներդ հեռու Ռուսաստանից
Պարզվում է` հայոց ներքաղաքական կյանքով ամենաշատը հետաքրքրված են ՀՀ-ում գտնվող դեսպանատները: Նրանք ամեն ինչ լսում են, տեսնում են, գիտեն: Ինչ էլ «չգիտեն», կանչում-հարցնում են` իմանում, իսկ եթե առավել ստույգ` «լսեցնում» են:
Ըստ լավատեղյակների, Լևոն Տեր-Պետրոսյանի` վրացական դեպքերից անմիջապես հետո տված հարցազրույցում, ուր վերջինս առանձնապես «հուր ու կայծակ» չէր թափել օսական ժողովրդին «սպասվող ցեղասպանությունից» փրկած Ռուսաստանի գխին, ԱՄՆ-ի դեսպանատունը յուր մոտ է կանչել ընդդիմության արևմտամետ հատվածին ու բացականչել` չհասկացա՜նք:
Է՛լ ավելի ծանր վիճակում է գտնվել Ռուսիո դեսպանատունը Մատենադարանի մոտ տեղի ունեցած վերջին միտինգից հետո, երբ Դավիթ Շահնազարյանը հորդորել էր մեծն մարքսիստ, «ազգի վիճակը սրտին» ծանրացրած Դավիթ Հակոբյանին` խոսել մայրենի լեզվով, որովհետև «անթույլատրելի է այս հարթակից դիմել որևէ երկրի օգնության» (հիշենք` պարոն մարքսիստը «վելիկի Ռուսիայի» գովքն էր արել հայոց հարթակից):
Եվ, ուրեմն, Ռուսիո դեսպանատունը կանչում է հայոց մեծ մարքսիստին, հերթական դիվանագիտական բացականչությունն արձակում` չհասկացա՜նք, բա ասում եք` բոլորն այդ հարթակում ռուսամետներ են:
Այս պատճառով էլ պարոն մարքսիստը Դ. Շահնազարյանի հասցեին անթույլատրելի արտահայտություն արեց` փրկելով իր և հայ-ռուսական դարավոր և ռազմավարական բարեկամությունը Ռուսիո լավը չուզողների ձեռից:
Կ. ԴԱՎԹՅԱՆ

Կադրեր չունի
Երիցս ճիշտ էր համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր ՈՒլյանովը, երբ ասում էր, թե կադրերն են որոշում ամեն ինչ, բնականաբար, նկատի ունենալով արհեստավարժ կադրերին: Իրոք, առանց լավ կադրերի դժվար է ակնկալել, թե որևէ համակարգ նորմալ կաշխատի, այդ թվում` հայրենի խորհրդարանը, որի նոր խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ ՕԵԿ-ական աղբյուրի փոխանցմամբ, առաջիկայում նպատակ ունի կադրային որոշակի զտումներ իրականացնել: Այս պահին «պլանի տակ» են Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանն ու գործերի կառավարիչ Հմայակ Մկրտչյանը, որոնք սեփական աշխատասենյակներին հրաժեշտ կտան հենց այն նույն պահին, երբ Հովիկ Աբրահամյանը նրանց փոխարինող համապատասխան կադրեր «ճարի»: Առայժմ ԱԺ խոսնակը փնտրտուքի մեջ է, իսկ ԱԺ դերի բարձրացման գործընթացն էլ սկսել է զուգարաններից: Դրանք հերթական անգամ եվրանորոգվում են, հընթացս էլ փոխվում են միջանցքների ու որոշ սենյակների գորգերը, ներկվում են ԱԺ պարիսպները: Խոստովանենք` շա՜տ լուրջ գործընթաց է:
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Մինչև նոր տարի
Խորհրդարանում շրջող լուրերի համաձայն՝ ԱԺ նախագահը նեղ շրջանակում ասել է, թե ԱԺ ամբիոնից հանրապետության նախագահի հնչեցրած ուղերձի հետ միասին պատրաստ են եղել նաև համապատասխան բոլոր փաստաթղթերը՝ մարտի 1-ի դեպքերի հետ կապված կալանավորվածներին ներում շնորհելու վերաբերյալ։ Սակայն առայժմ անհայտ պատճառներով հանրապետության նախագահը վերջին պահին չի հայտարարել այդ մասին։ Ազգային ժողովում խոսակցություններ են շրջանառվում, որ իշխանության այս հապաղումը պայմանավորված է լարվածության վերջնական լիցքաթափման անհրաժեշտությամբ, և չի բացառվում, որ կալանվածներն ազատ կարձակվեն մեկ-մեկ, հավանաբար՝ մինչև նոր տարի։ Ըստ նույն լուրերի, իշխանությունը խուսափում է կալանվածներին ազատ արձակելուց այն պատճառով, որ հիմնականում նրանք են նախընտրական շրջանում փորձել կարգավորել ընդդիմության կապն առանձին օլիգարխների, ինչպես նաև ազատամարտի վետերաններին համախմբող կառույցների հետ։
Վ. ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Միջազգային հեռանկարներ հայ երիտասարդի համար
Նոյեմբերի 12-ին նախատեսվում է Եվրոպայի երիտասարդական ֆորումի նախագահության անդամների ընտրություն, որտեղ իր թեկնածուն ունի նաև Հայաստանը, ի դեմ Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի գլխավոր քարտուղար Համլետ Օհանյանի: Ի դեպ, նրա թեկնածությունը երաշխավորել են տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները (Ռուսաստան, Մոլդովա, Բելառուս, Վրաստան, ՈՒկրաինա), որոնց երիտասարդների հիմնախնդիրները ևս պետք է Համլետը ներկայացնի: «Եթե Հայաստանի ներկայացուցիչը դառնա նախագահության անդամ, ապա մեր երկրի և նրա երիտասարդության ձայնը լսելի կլինի միջազգային հանրությանը։ Սա նաև հայ երիտասարդներին հնարավորություն կընձեռի միջազգային ծրագրերին մասնակցելու, ինչպես նաև ուղղակիորեն ֆինանսական միջոցներ կտրամադրվեն Հայաստանում երիտասարդական տարբեր միջոցառումներ իրականացնելու համար»,- մեզ փոխանցեց ՀԵԱԽ փոխնախագահ Հայկ Ակարմազյանը` միաժամանակ կարևորելով, որ ֆորումում հայ երիտասարդի ներկայությունը միջոց է Հայաստանի խնդիրները վերհանելու, բարձրաձայնելու համար:
Ռ. Խ

Մոսկվայում կրկին անհանգիստ են
Հայաստանի ռուսամետ քաղաքական շրջանակներում կրկին լուրեր են շրջանառվում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավանական վարչապետության շուրջ։ Ըստ այդ լուրերի, պաշտոնական Կրեմլին այդ հարցում վերջնական որոշում կայացնելու առիթ է տվել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին այցն ԱՄՆ, ուր նա արժանացավ ամենաբարձր մակարդակի ընդունելության։ Մոսկվային հատկապես դուր չի եկել Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը Վաշինգտոնում, ինչպես նաև կայացված պայմանավորվածությունները մի շարք համատեղ տնտեսական ծրագրերի մշակման և իրագործման ուղղությամբ։ Ըստ այդմ, Մոսկվան որոշել է ակտիվացնել աջակցությունը Ռոբերտ Քոչարյանին ու գործողությունները՝ մինչև տարեվերջ Հայաստանի վարչապետի պաշտոնում վերջինիս տեսնելու նպատակով։
Անի ՄԱՐՏՈՅԱՆ

Պայմանագիր թուրքերի հետ
«ԱրմենՏել» ընկերությունը մինչև հոկտեմբերի վերջը Թուրքիայից ինտերնետ ծառայություններ ստանալու նպատակով պայմանագիր կկնքի Turkish telecom ընկերության հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ձեռնարկության գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը, հավելելով, թե «երկու ընկերություններն իրենց երկրներում համապատասխան թույլտվություններն արդեն ստացել են, և այս պահին բանակցություններն ընթանում են ծառայությունների մատուցման պայմանների շուրջ»: Ինչո՞ւ Թուրքիան: «Մեզ բոլորիս համար կարևոր է իմանալ, որ մենք ապահով ինտերնետ կապ ենք ունենալու, իսկ Թուրքիան հնարավորություններից մեկն է»,- ասել է նա` տեղեկացնելով, որ «արդեն Վրաստանից եկող երկրորդ կապուղին կա, պատրաստվում է երրորդը, կա նաև Իրանից եկող մալուխը: Այսպիսով, նոր պայմանագրի արդյունքում ընկերությունը կունենա չորրորդ կապուղին»: Եվ ահա` երեք նախագծերի իրականացման արդյունքում ինտերնետի թողունակությունը 4 անգամ կմեծանա, ընկերությունը մտադիր է մինչև տարեվերջ այն մեծացնել 16 անգամ, մտադիր է նաև սեփական հասցեների տարածություն ստեղծել որը կոչվելու է beemail.am: Էլեկտրոնային փոստն արդեն պատրաստ է, մնում է ստանալ անհրաժեշտ արտոնագիրն ու ճշտել պոտենցիալ օգտագործողների թիվը, նշել է Վելիչկովը, ով բնավ անհանգստացած չէ երրորդ օպերատորի մուտքով: Բայց դե մենք էլ հայտնի անեկդոտն ենք հիշում` «տերտերի ջեբի լոբու և էս տարի զատիկ չգալու» հետ կապված: Այլ խոսքերով` դատելով այս հիմնարկի աշխատանքից ու գներից` անհանգստանալու պատճառ, այնուամենայնիվ, պիտի լինի…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Տապալվեց
Դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած մեր աղբյուրի հաղորդմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ակտիվ նախաձեռնությամբ շրջանառության մեջ մտած ղարաբաղյան հակամարտության «կարգավորման» նոր նախագիծը, որը փաստորեն նախատեսում էր հայկական կողմի փաստացի կապիտուլյացիան, տապալվել է։ Որովհետև ՀՀ և ԼՂՀ իշխանությունները փակ ռեժիմով բանակցությունների ժամանակ հասկացրել են ռուսական կողմին, որ ռազմավարական դաշնակիցը մեզանից շատ մեծ զիջումներ է պահանջում՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով։ Այդ ծրագրի տապալման պատճառներից մեկն էլ, անշուշտ, Հայաստանում արմատավորվող բավականին ուժեղ հակառուսական տրամադրություններն են։ Մեր աղբյուրի պնդմամբ՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի, իսկ այնուհետև վարչապետ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցերը Հայաստան նպատակ են հետապնդում մեղմելու այդ տրամադրությունները և հավաստելու Ռուսաստանի լոյալությունը հայկական շահերի առնչությամբ։
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Նոր խոսնակ
ՕԵԿ-ական մեր աղբյուրի փոխանցմամբ, ԱԺ նոր նախագահը հընթացս լուծել է իր նոր մամուլի քարտուղարի նշանակման հարցը։ Ի դեպ, մինչ օրս այդ գործառույթները կատարում էր ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետը։ Իսկ այժմ խորհրդարանի նախագահը կունենա հատուկ մամուլի խոսնակ, և այդ պաշտոնում նշանակվել է «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակցուհի Մերի Շահինյանը։

Դիտվել է՝ 3615

Մեկնաբանություններ