ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Շախմատիստների թեժ աշունը

Շախմատիստների թեժ աշունը
17.10.2008 | 00:00

Աշուն-2008-ի վերջին երկու ամիսներն իրավամբ կարելի է անվանել շախմատային։ Մեկ ամիս հետո Դրեզդենում կմեկնարկի համաշխարհային շախմատային օլիմպիադան, որտեղ Հայաստանի տղամարդկանց հավաքականը կփորձի կրկնել նախորդ օլիմպիադայի հաջողությունը, իսկ ահա վաղը, Հունաստանի Կալիթեա քաղաքում, կմեկնարկի Եվրոպայի ակումբային 24-րդ առաջնությունը։ Հին աշխարհի ուժեղագույնի տիտղոսը կվիճարկի 62 թիմ։ Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանք 13-րդ անգամ են նստելու խաղասեղանների առջև։ Այստեղ հանդես կգա 18 թիմ։
Տղամարդկանց մրցաշարում Հայաստանը կներկայացնի երեք թիմ. երկրի չեմպիոն «Միկան», «Բանկային արքան» և ֆիզկուլտուրայի ինստիտուտի մարզական ակումբը։ Կալիթեա մեկնելու նախօրյակին հանդիպեցի Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆԻՆ։ Հատկապես հետաքրքրում էր, թե ինչով պետք է բացատրել այն, որ Հայաստանին տրվել էր չորս տեղ. մեկը՝ կանանց և երեքը՝ տղամարդկանց համար։
-Քանակը հիմնականում տրվում է ըստ երկրի ուժի կամ գրոսմայստերների քանակի։ Այս առումով Հայաստանին տրվում էր երկու տեղ, բայց քանի որ Հայաստանի այս տարվա առաջնությունում երեք թիմեր հավասար միավորներ վաստակեցին, և «Բանկային արքա» թիմը, որը երկար ժամանակ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, ի վերջո, գրավեց միայն երրորդ տեղը, ուստի դիմեցինք Եվրոպայի ներկայացուցիչ ղեկավար Բորիս Կուտինին, որպեսզի մեր երրորդ թիմին էլ թույլ տան մասնակցելու, որից առաջնությունը միայն կշահի, և մեզ ընդառաջ գնացին։ «Բանկային արքան» համալրված է ճանաչված գրոսմայստերներով։ Թիմը գլխավորում է Ռաֆայել Վահանյանը, երկրորդ տախտակի վրա հանդես եմ գալիս ես, երրորդը Վրաստանից հրավիրված Դավիթ Հարությունյանն է, որն իր երկրի հավաքականի կազմում կմասնակցի համաշխարհային օլիմպիադային, թիմի կազմում են նաև միջազգային մեծ փորձ ունեցող Արտաշես Մինասյանն ու Աշոտ Անաստասյանը, ինչպես նաև երիտասարդ շախմատիստներ Տիգրան Քոթանջյանը, Արթուր Չիբուխչյանը և Աշոտ Ավետիսյանը։
Շատ հզոր թիմ է «Միկան», որտեղ խաղում են Լևոն Արոնյանը, 17-ամյա նորվեգացի Մագնուս Կառլսենը, Բորիս Գելֆանդը (Իսրայել), Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Վրաստանից Բաադուր Ջոբավան, այնպես որ` այս թիմը հաղթողի գլխավոր հավակնորդն է։ Երրորդ թիմը ֆիզկուլտուրայի ինստիտուտն է ներկայացնում՝ Գագիկ Հակոբյանի գլխավորությամբ, որը շատ լավ հնարավորություն կունենա մրցակցական փորձ ձեռք բերելու։
(Ասենք, որ այստեղ հանդես են գալու նաև փորձառու Հովիկ Խալիկյանը, ինչպես նաև Զավեն Անդրեասյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Հայրապետյանը և Յուրի Համբարձումյանը)։
Ի դեպ, շատ հզոր թիմ է նաև կանանց «Միկան», որը երկու տարի առաջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Այստեղ հանդես կգան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը, Սիրանույշ Անդրեասյանը և Լիլիթ Գալոյանը։ Բավականին լավ թիմ է և կարող է պայքարել առաջին տեղի համար։ Այնպես որ, հուսով եմ, մեր շախմատիստներն այս 10-15 օրը բավականին հետաքրքիր կանցկացնեն։ Ավելացնեմ նաև, որ այս մրցումները նախապատրաստական շատ լավ փուլ են համաշխարհային շախմատային օլիմպիադայից առաջ, որի մեկնարկին մնացել է ընդամենը մեկ ամիս։
-Մինչև օլիմպիադային անդրադառնալը, խնդրում եմ, անցած 9 ամիսների գնահատականը տաք։
-Եթե սկսենք մեր առաջատարից՝ Լևոն Արոնյանից, ապա նա այս տարի էլ, ես կասեի, լավ խաղաց։ Կային, իհարկե, մրցաշարեր, որտեղ ամենալավ արդյունքը ցույց չտվեց, բայց ընդհանուր առաջին տեղը գրավեց, ինչը խոսում է նրա պոտենցիալ հնարավորությունների մասին։ Բավական է միայն ասել, որ նա երեք խոշոր մրցաշարերում եղել է առաջինը։ Նկատենք, որ նա խաղում է միայն բարձրակարգ մրցաշարերում, այնպես որ դա արդեն մեծ ցուցանիշ է։ Ինչ վերաբերում է Վլադիմիր Հակոբյանին, որն այս անգամ հանդես կգա իսպանական «Լինեքս մեջիկ» ակումբի կազմում, վերջին ժամանակներս շատ քիչ է խաղում, իր խաղը չէր կարողանում գտնել, բայց Իսպանիայի վերջին առաջնությունում բավականին լավ խաղաց և այս անգամ էլ կփորձի իր մարզավիճակը բարելավել, որպեսզի օլիմպիադայում լավ հանդես գա։ Ամեն դեպքում նա շատ քիչ է խաղացել, սակայն ամեն շախմատիստ գիտի, թե իր մարտավարությունն ինչպես պետք է զարգացնի։
Գաբրիել Սարգսյանն ավելի հաճախակի է խաղում, բացի այդ էլ, նա միշտ Արոնյանի հետ է, այնպես որ լավ մարզավիճակում է։ Պետք է ասեմ, որ Գաբրիելը թիմային մրցաշարերում միշտ էլ լավ է խաղում, այնպես որ, հուսով եմ, այս անգամ էլ ամեն ինչ լավ կլինի։
Տիգրանն առաջին անգամ է թիմից խաղում։ Իհարկե, ակումբային մրցաշարերում խաղացել է, բայց հավաքականից դա կլինի առաջին անգամ։ Կարծում եմ, որ այս մրցաշարը նրա համար շատ կարևոր է։ Եթե լավ մարզավիճակում է լինում, կարողանում է բավականին բարձր արդյունքներ ցույց տալ։ Նույնը կարելի է ասել նաև Արտաշես Մինասյանի մասին։
-Եվ ի՞նչ ակնկալիքներ։
-Իմ կարծիքով, այս անգամ իրեն զգացնել կտա Կարեն Ասրյանի բացակայությունը։ Կարենը թիմի կարևոր օղակն էր և շատ կարևոր տեղ ուներ թիմում։ Հիմա առաջին անգամ ենք առանց Կարենի խաղալու և պետք է տեսնենք, թե ինչպես է լինելու։ Կարենով վիճակը շատ ավելի պարզ էր։ Հիմա դժվարանում եմ ասել։ Դա արդեն մրցաշարի ընթացքը ցույց կտա։ Ասրյանը թիմի համար անփոխարինելի էր։ Կարևորը ոչ թե ուժն էր, այլ ոգին։ Դրա համար էլ դժվարանում եմ ավելի լավատես լինել։
-Պարոն Լպուտյան, անցյալ տարի անցկացվեց դպրոցականների հանրապետական շախմատային օլիմպիադան։
-Այսօր արդեն այդ հարցն էինք քննարկում, և երկու օրից կհրապարակվեն մրցումների օրերը։ Կարծում եմ՝ այս տարի շատ ավելի լավ կլինի։ Մրցումները կանցկացվեն չորս փուլով։ Առաջին փուլը կանցկացնեն կրթության նախարարությունն ու մարզերի կրթական վարչությունները, իսկ մնացած երեք փուլերն իր ուժերով կանցկացնի ֆեդերացիան, այնպես որ, այն ավելի օգտակար կլինի մեր շախմատի մասսայականացման համար։
-Անցյալ տարի քանի՞ մասնակից ունեցաք։
-Թղթերով՝ մոտ 18 հազար։ Հնարավոր է մի քիչ ավելի լինի, բայց այս տարի, կարծում եմ, մասնակիցների թիվը շատ ավելին կլինի։ Եթե անցյալ տարի 1400 շախմատ բաժանեցինք, ապա այս տարի կբաժանենք 2 հազար շախմատ, իսկ եզրափակիչն էլ պետք է անցկացվի Շուշիում։ Հաղթողի կոչումը կվիճարկեն մարզերի հաղթող դպրոցների թիմերը։ Սա շատ հետաքրքիր մրցաշար է։ Կփորձենք այն տարեցտարի ավելի տոնական և հետաքրքիր դարձնել։ Դա հիմնական խթան կլինի շախմատի ճանաչման, մասսայականացման, շախմատը դեպի դպրոց ներգրավելու ճանապարհին, որի ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տարվում։ Հուսով եմ, որ մոտակա տարիներին կհասնենք այն բանին, որ շախմատը մտնի դպրոցական ծրագրերի մեջ։ Այդ ուղղությամբ հիմա ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։
-Իսկ կա՞ն մարզեր, որտեղ Ձեր գլխավորած շախմատային ակադեմիան մասնաճյուղեր չունի։
-Մարզեր՝ ոչ։ Մնացել է մի քանի քաղաք, կարծում եմ, մինչև տարեվերջ այդ քաղաքներում էլ կունենանք շախմատային օջախներ...
Վերջում ավելացնենք նաև, որ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 8-ը Գերմանիայի Բադ Ցվիշեն քաղաքում կանցկացվի վետերանների աշխարհի 18-րդ առաջնությունը։ Ավելի քան 320 մասնակիցների թվում կլինի նաև Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային վարպետ Էդուարդ Մնացականյանը։
Զրուցեց Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 5151

Մեկնաբանություններ