Աստծո կանչը
Հոկտեմբերի 10
Աստված մեր և Տեր մեր, այնպես արա, որ անցնենք աղքատությունից առատության, անհանգստությունից` հանգստի, տխրությունից` ուրախության,
տկարությունից` զորության:
Ես եմ ձեր օգնականը: Ներկայումս անցնելիք ճանապարհի վերջում ձեզ սպասվում են վերոհիշյալ օրհնությունները: ՈՒրեմն հանգիստ եղեք ու վստահ` որ Ես առաջնորդում եմ ձեզ: Անցնելու ու հաղթելու համար հաստատուն քայլերով մտեք յուրաքանչյուր օրվա մեջ` աներեր վստահությամբ: Եվ պարտականություններն ու ընդմիջումները ընդունեք` իբրև Իմ կողմից հանձնարարված:
Դուք Իմ մշակներն եք: Ծառայեք Ինձ պարզ ու միամիտ սրտով, հրճվանքով ու պատրաստակամությամբ. ճիշտ` ինչպես դուք կկամենայիք, որ ուրիշները ծառայեին ձեզ:
Մի՞թե անմեղադրելի է այն ծառայողը, որ խուսափում է երբեմն պահանջվածից ավելին անել, որ գանգատվում է, երբ առաջարկում են իր նախընտրած գործից զատ ուրիշ գործեր անել: Չե՞ք կարծում, որ նման մշակը չի կարող ձեզ լավ ծառայություն մատուցել: Եթե այսօրինակ ծառայությունը անընդունելի է ձեր դեպքում, նշանակում է` առավել անընդունելի կլինի Իմ պարագայում: Ափսոս, որ հաճախ դուք էլ նույն ոգով եք ծառայություն մատուցում Ինձ:
Մտածեք այս մասին: Հանձնեք այն ձեր սրտի տեսությանը և ձեր կատարած առօրյա գործերին նայեք այս տեսանկյունով: