Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Մենք չենք դատավորները…»

«Մենք չենք դատավորները…»
10.10.2008 | 00:00

ՀԻՄՆԱԽՆԴԻՐ
«Կուսակրոնությունը սեքսով չզբաղվելը չէ»,- այսօր համոզված են շատերը։ Այդ կարծիքին է և Խաչիկ Ստամբոլցյանը, որի փաստմամբ, Հայ առաքելական եկեղեցին դեռևս անցյալ դարի 60-ականներին Մայր Աթոռ սբ. Էջմիածնում քննարկել է կուսակրոնությանն առնչվող խնդիրը։ Պարոն Ստամբոլցյանի փոխանցմամբ, այդ մասին իրեն պատմել է Մայր տաճարի այն տարիների լուսարարապետ Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանը, որը, ցավոք, դժվարացել է ստույգ հիշել, թե 60-ականների հատկապես ո՛ր թվի եպիսկոպոսաց ժողովում է քննարկվել կուսակրոնությունը պահպանել-չպահպանելու հարցը։ Խաչիկ Ստամբոլցյանի պնդմամբ, եպիսկոպոսաց ժողովի որոշումը պետք է ներկայացվեր Վազգեն Վեհափառին, որն էլ դրա հիման վրա համապատասխան կոնդակ պետք է հրապարակեր։ Բայց մեկ ձայնի բացակայությունը վճռորոշ է եղել, և, ըստ էության, կուսակրոնությունը պահպանվել է մեր եկեղեցում։
Խնդիրը, որն այժմ առավել քան երբևէ խիստ արդիական է, քննարկումների նյութ կդառնա «Իրավունքը de facto»-ի էջերում։ Այսօր ընթերցողի դատին ենք հանձնում այդ շարքի առաջին հրապարակումը։

«Սեռական պարկեշտության ուխտին հավատարիմ մնալը դժվար է եղել բոլոր ժամանակներում, և տալով այդպիսի երդում` պետք է ընդունել նաև դժվարությունները, այլապես ստանձնած պարտավորությունը կլինի ո՛չ լուրջ, ո՛չ արժանի, ո՛չ էլ ճշմարիտ»: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա
Երեկ գործընկերներիցս մեկը բոլորովին այլ նպատակով, բայց ընդամենը 35-ամյա մի երիտասարդի կրթական ձեռքբերումներն էր նկարագրել, և խոստովանենք` արդյունքում իրապես տպավորիչ ցանկ էր ստացվել: Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, Էջմիածնի հոգևոր ճեմարան, Վենետիկյան միաբանություն, Վատիկանի Աքվինացու համալսարան, ԵՊՀ աստվածաբանական ֆակուլտետ, Կովկասի եվրոպական տարածաշրջանային ակադեմիա և այլն…
Դժվար է ասել, թե կոնկրետ այս երիտասարդն ինչո՞ւ է այսքանից հետո որոշել իր ուժերը Կենտրոն համայնքի ավագանու անդամի համեստ տեղում գործադրել` կարծես թե հեռանալով եկեղեցուց, որովհետև ամեն մեկն իր մասնավոր պատճառն ունի այս կամ ընտրությունն անելու համար, բայց ակնհայտ է, որ մանավանդ անկախությունից հետո, նա միակը չէ իր ձեռքբերումներում, և այսօր շատերն են, որ Մայր Աթոռի ջանքերով ու ֆինանսական միջոցներով տիրապետում են մի շարք լեզուների, իսկապես նախանձելի կրթություն են ստանում` ուրախացնելով բոլորիս ու մեր մտապատկերից ցրելով «անգրագետ ու ագահ տիրացուի» կերպարը, որ մեծավ մասամբ խորհրդային ժամանակաշրջանի գիր-գրականության սնուցածն էր… Ասել կուզի` ներկայումս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջը կարծես թե հիմնականում հավաքվում կամ հավաքվել են մարդիկ, մանավանդ` երիտասարդներ, ովքեր ընտրովի են բոլոր իմաստներով: Զարմանալի կարող է թվալ, բայց այս անգամ միտումնավոր և շատ երկար մեր ճեմարանականներին նայելով` նրանց մեջ նաև անբարետես մեկին չտեսա…
Նորմա՞լ է, որ այս ընտիր-ընտրովի երիտասարդները, ովքեր կամ որոնց մի մասը մտադիր է աճել իր հոգևորության մեջ` հասնելով սարկավագի, քահանայի, աբեղայի, ընդհուպ մինչև վարդապետության ու եպիսկոպոսության աստիճանի, ստիպված է կուսակրոնություն ընտրել, հակառակ դեպքում ամուսնացյալ քահանայից դենը չի կարող աճել, հարցնում է բոլորիդ քաջածանոթ Խաչիկ Ստամբոլցյանը՝ հիշատակելով ցանկացած դոգմայի կամ կանոնի հիմք Ավետարանը, որում բառ անգամ չկա պարտադիր կուսակրոնության մասին, և որում հստակ ամրագրվում է, թե առաքյալները հիմնականում ամուսնացյալ էին:
Ճիշտ է, հիմա ընդունված սովորույթի համաձայն շատերը կարող են Պողոս առաքյալին հիշել, ով եղբայրներին հորդորում էր «իր պես լինել», այսինքն` ազատ ամուսնական պարտականություններից և լիովին Տիրոջ փառքի Ավետարանի քարոզությամբ զբաղված, բայց ակնհայտ է, որ նույն Պողոսն իր հորդորը կանոնի չէր վերածել (ի դեպ, չէր էլ կարող, որովհետև Հիսուսն այդօրինակ բան չէր քարոզել և հստակ հրահանգ չէր տվել), իսկ Տիմոթեոսին ուղղված Ա Թղթի 3-րդ գլխի 1-7-րդ խոսքերում շատ հստակ է հետևյալն ասում. «ՈՒստի եպիսկոսպոսը պետք է անարատ ըլլայ, մեկ կնոջ այր, զգաստ, խոհեմ, պարկեշտ, հյուրասեր, սովորեցնելու յարմար: Ոչ գինեմոլ, ոչ զարնող, հապա հանդարտ, ոչ կռուող, ոչ արծաթասեր: Որ իր տանը աղէկ վերակացութիւն կընե իր զաւակները հնազանդութեան եւ պարկեշտութեան մեջ պահելու (Իսկ եթէ մէկը իր տանը վերակացութիւն ընել չգիտնա, ինչպե՞ս Աստուծոյ եկեղեցին հոգաբարձու պիտի ըլլայ)»: Նույն առաքյալը, ի դեպ, արդեն Տիտոսին հղված Թղթի 1-ին գլխի 5-ից 10-րդ խոսքում, կարելի է ասել, շարունակում է թեման, նշելով, թե. «Ասոր համար ես քեզ Կրետէ թողուցի, որպէս զի բոլոր պակաս բաները շտկես ու ամեն մէկ քաղաքի մեջ երեցներ կարգես ինչպես որ պատվիրեցի. եթե մեկը անմեղադրելի ըլլայ, մէկ կնոջ այր, հաւատացեալ զաւակներ ունենայ, որոնք անառակութեան համար ամբաստանուած կամ անհնազանդ չըլլան: Վասնզի եպիսկոսպոսը պէտք է անմեղադրելի ըլլայ Աստուծոյ տնտեսի պէս» և այլն…
Ի միջի այլոց, արևմտյան աշխարհընկալումը, որ ավանդաբար քրիստոնեական ընկալում է, երկրի ղեկավարի ընտրություններին էլ է ճիշտ նույն մոտեցումը ցուցաբերել` ամեն կոնկրետ ընտրության պարագային ջանալով պարզել, թե որքանով է ընտրվողը «օծյալ կամ Աստծո տնտես»: Այլ խոսքերով` հաջողվա՞ծ մեկն է որպես ամուսին, որպես ընտանիքի հայր և այլն…
Բայց գանք բուն թեմային և կրկին կորնթացիներին ուղղված Ա Թղթի 7-րդ գլուխն ընթերցենք: «Բայց կոյսերուն համար Տէրոջմեն հրաման մը չունիմ…»,- ասում է առաքյալը 25-րդ խոսքում և ամուսնացողների վրայով ասում, թե բնավ չեն մեղանչի, եթե այդպես վարվեն, միայն թե` «մարմնի նեղություն պիտի ունենան»: Ինչ ասել է «մարմնի նեղություն» 1-ին դարի նոր-նոր կազմավորվող քրիստոնեական եկեղեցու համար, պարզ է դառնում անգամ հարևանցիորեն «Գործք առաքելոցը» թերթելուց հետո: Քանի որ 1-ին դարի եկեղեցին Տիրոջ փառքը և Հիսուսի անունը տարածող ավետարանական եկեղեցի էր, առաքյալները ստիպված էին լինում ամիսներով նավերի մեջ կենալ, փոթորիկներին և տեսակ-տեսակ նեղություններին դիմակայել` այս կամ այն քաղաքը հասնելու, քարոզելու և այնտեղ եկեղեցի հիմնելու համար: Հանգամանք, ինչը, օրինակ, Պետրոս առաքյալին ժամանակ առ ժամանակ իրապես «մարմնի նեղություն էր պատճառում», որովհետև ընտանիքով էր տեղից տեղ շարժվում: Դա էլ մի կողմ. քանի որ առաքյալները չէին աշխատում, բայց համայնքը կերակրում էր նրանց (այսինքն` առավել ծանր աշխատանք էին անում մարդիկ, ինչից խոսքը, թե` աշխատող եզան դունչը մի կապիր), ազատների դեպքում դա առավել հեշտանում էր, և համայնքը լրացուցիչ դժվարություն չէր ունենում: «Գործքում», օրինակ, տեսնում ենք, որ Պետրոսի և մյուսների պարագայում նման բաներ լինում էին և այնքան հաճախ, որ անգամ Պողոս առաքյալն է տրտմում, թե` մենք էլ կարող էինք մեր կանանցով շրջել, բայց ես ձեզ նեղություն չտվի, քրտինքովս կերածս հացս վաստակեցի, վրան էլ գործեցի և այլն…
Հստակ է, ուրեմն, որ հոգևոր աճի մեջ կուսակրոնության պարտադիր պայման կամ ինչպես կաթոլիկ եկեղեցին է ասում` Ցելիբաթի կանոն, Քրիստոսի Ավետարանը չունի և չի ունեցել: Ակնհայտ է նաև, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սրան գնացել է միայն 5-րդ դարից սկսյալ` մեզ անհայտ պատճառներից ելնելով (կամ գուցե հենց Պողոսի ասած «մարմնի նեղությունը նկատի առնելով), որովհետև մեր հոգևոր հայրերը, Լուսավորչից սկսյալ, ամենն էլ ամուսնացյալ են եղել: ՈՒրեմն, չլիներ այդպես, մենք Տ.Ս. Լուսավորիչ-Տ.Ս. Արիստակես-Տ.Ս. Վրթանես-Տ.Ս. Հուսիկ-Տ.Ս.Փառեն-Տ.Ս. Ներսես Պարթև և՛ հոգևոր, և՛ մարմնավոր կապը չէինք ունենա` մինչև 436 թվական և մինչև Տ.Ս. Սահակ Պարթև…
Բայց սրանից առավել կարևոր մի բան էլ կա, որ մեզ ոչ անգամ առաքյալների թղթերով, հապա բուն ավետարանով է ավանդվում: «Ամէնուն չի յարմարիր ատիկա (ամուսնությունը), հապա անոնց, որոնց տրուած է: Վասն զի կան ներքինիներ, որոնք իրենց մօրը որովայնէն այնպէս ծնան եւ կան ներքինիներ, որոնք մարդոցմէ ներքինի եղան, և կան որոնք ինքզինքնին ներքինի ըրին երկնքի թագավորութեանը համար: Ով որ կրնայ տանիլ, թող տանի», ասվում է Մատթեոսի ավետարանի 19-րդ գլխում: Ստացվում է, և սա ավետարանական ճշմարտություն է, որ ամեն մեկին չէ, որ կարող է կուսակրոնությունը «հարմար լինել», բայց կարող է պատահել, որ ասենք` երեցությունը կամ եպիսկոպոսությունը ճիշտ նրա վրայով է: Ինչո՞ւ, ուրեմն, երիտասարդը պիտի տանջի իրեն, ինչ է թե` 5-րդ դարից սկսյալ այդպիսի կանոն կա և վերջ…
Մեկ այլ կարևոր բան էլ կա. ես, իհարկե, չեմ ուզում համեմատություն տանել մեր և կաթոլիկ, առավել ևս` անգլիկան եկեղեցիների միջև, որտեղ նույնիսկ արվամոլ եպիսկոպոս են օծում, իսկ մանկապղծությունը համարյա ամեն ամիս «պայթող» սկանդալ է դառնում, բայց հարցի այդ կողմն էլ կա: Իսկապես. այս կանոնը ստիպում է, որ Պողոս առաքյալի ասածի պես` մարդիկ «կրքով վառվեն» և արական դոմինանտ հանրության մեջ տրվեն այնպիսի խայտառակ գայթակղության, ինչպիսին սոդոմական մեղքն է: Կրկնում եմ` մեր պարագայում կարծես թե կամ նման բաներ չկան, կամ սովորության համաձայն` շատ լավ են կոծկված, բայց մենք էլ այլ խնդիր ունենք: Քիչ չեն դեպքերը, երբ լուրեր ենք լսում անգամ բարձրաստիճան հոգևոր հայրերի ֆիզիկական հայրության, «մարմնի տկարության» և նման այլ բաների մասին: Վերջապես, եթե հաշվի առնենք մեր ներկայիս դրությունը, թող ների ինձ Աստված, բայց ստացվում է, որ ամեն սափրագլուխ ու հարբեցող իր տեսակն այս հասարակության մեջ շարունակում է, իսկ ահա այդ ընտիր-ընտրովի տղաները-տղամարդիկ ֆիզիկական առումով կորչում են անհետ ու անհիշատակ… Ինչքան մտածում եմ` բանի նման չէ: Մանավանդ որ նույն Ստամբոլցյանի հուշարարությամբ, ժամանակին այս խնդիրն այնքան է կարևորվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Հայրապետի կողմից, որ հարցը դրվել է եկեղեցական ժողովի քննարկման, այնուհետ` քվեարկության, և այն լուծում չի ստացել միայն մեկ քվեի պակասության պատճառով…
Իսկապե՞ս այդպես է եղել, հարցնում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանային: Վերջինս առհասարակ դժվարանում է նման բան հիշել, ավելին` համոզված է, որ նման բան չի եղել և մտածում է, թե «խոսքը գուցե հանգամանքին վերաբերած լինի»: Ինչ ասել է հանգամանք` ակնհայտ է. լինում են պահեր, որ մասնավոր դեպքերում կամ հանգամանքներում ամուսնացյալ քահանային իրավունք է վերապահվում վարդապետության, և ահա տեր Վահրամը ենթադրում է, թե «այդ պիտի լինի, հակառակ պարագայում ինչպե՞ս է, որ տիար Ստամբոլցյանը դրա մասին գիտի, իրենք` ոչ»: Ավելին ասել վերոնշյալ խնդրի առնչությամբ` հրաժարվում է: Ասաց. «Պիտի ինքդ կուսակրոն լինես, ունենաս նման փորձառություն, որ կարողանաս խոսել դրա մասին: Ավելի լավ է, Դուք Մայր Աթոռի միաբան, Հայր Շահե աբեղա Անանյանի հետ խոսեք հարցի շուրջ»:
Խոսեցինք: Շատ անուշ, երկար զրույց տարանք առաջ, չնայած արդյունքում ո՛չ ինքը կարողացավ ինձ լիովին համոզել սույն կանոնի պարտադիր լինելու մեջ, ո՛չ առավել ևս` ես իրեն: Ի դեպ, Հայր Շահեն համաձայն չէր ինձ հետ, «թե այս հարցում մեր եկեղեցին իր հայացքը Պողոս առաքյալին է հառել` «նրան վատ հասկանալով», մանավանդ որ Պողոսն իրապես էլ ամուսնացյալ, ապա այրիացած էր և 2 զավակ ուներ», իսկ «մեկ կնոջ ամուսին» էլ որ ասում էր եպիսկոպոսի մասին, առաքյալը ոչ թե անպայման նրա ամուսնացյալ լինելն էր «կանոնիկացնում», այլ պատմական ժամանակը նկատի առնելով էր դա ասում. չէ՞ որ մի քանի կին առնողներ էլ կային այդ ժամանակներում… Էլի շատ բաներ կային, ի միջի այլոց, մանավանդ հրեաների մեջ, որոնց Պողոսը «Գաղատացիների» մեջ դեմ կեցավ, բայց դա չի նշանակում, թե այսօրվա մեջ դրանք ընկալելի են ճիշտ նույն իմաստով»: Ի դեպ, Մայր Աթոռի միաբանը նաև համոզված է, որ «մեր եկեղեցին իր համար օրինակ է վերցրել ոչ թե Պողոսին, այլ Հովհաննես առաքյալին, ով սկզբից ևեթ կուսակրոն էր, շատ տեղերում պատկերված առանց բեղ-մորուքի, իբր անչափ երիտասարդ, և ով իր Հայտնության մեջ շատ հստակ է արտահայտվում այն մասին, թե պատշա՞ճ են, արդյոք, քրիստոնեական եկեղեցուն կուսակրոններ, թե ոչ»: «Բացեք և կարդացեք, թե ինչ է գրված մեզանում անարդարացիորեն մեկդի թողնված Հայտնության գրքի 14-րդ գլխում. «Տեսայ, որ գառնուկը կայներ էր Սիօն լերանը վրայ ու անոր հետ հարիւր քառասունըչորս հազարը, որոնք ունէին անոր անունը եւ անոր Հօր անունը իրենց ճակատներուն վրայ գրված… Եւ մեկը չէր կրնար այն երգը սորվիլ, բացի այն հարիւր քառասունըչորս հազարէն, որոնք երկրեն գնուած էին: Ասոնք անոնք են, որ կիներու հետ չխառնակուեցան, քանզի կոյս են: Ասոնք Գառնուկին ետեւէն կ’երթան` ուր որ ան երթայ. ասոնք մարդոց մէջէն գնուեցան Աստուծոյ եւ Գառնուկին երախայրի ըլլալու եւ անոնց բերանը սուտ չգտնուեցավ, վասն զի անբիծ են»: ՈՒրեմն, ինչպե՞ս եք ասում, թե կուսակրոնությունը ավետարանական մի բան չէ, և մեր Տերը դրա վրայով մեզ հայտնություն չունի արած»,- հակադարձում է Հայր Շահեն, հիշելով նույն ամուսնացյալ Լուսավորչին, ով ավանդության համաձայն` գալով Հայաստան, տեղեկանում է, թե այստեղ սակրամենտոների մի հին կարգի համաձայն ճգնել են, ինչին նաև ինքն է հետևում: Չխոսենք արդեն Խոր Վիրապում անցկացրած նրա տարիների, իսկ կյանքի վերջում` քարայրում ճգնավորության մասին: Համաձայն ենք, բայց սրանից, իհարկե, չի հետևում, թե Մայր Աթոռի բոլոր միաբանները (չհաշվենք արդեն մնացած բոլոր քրիստոնեական եկեղեցիները) հատկապես վերոնշյալ 144 000-ի մեջ են, որ կան, և Լուսավորիչը դա իմացել է, անշուշտ, երբ սկզբից ևեթ նման կարգ չի հաստատել իրենից հետո: Իհարկե, կա նաև հանգամանքը, թե «վազում եմ ասպարեզում, որ պսակը վերցնեմ» և կամ թե` «Երկնքի արքայությունը ուժովներինն է», բայց և՛ դա, և՛ Հայր Շահեի ասածը մեր համոզմամբ կրկին գալիս են ապացուցելու այն, որ մարդն իր ազատ կամով ու ընտրությամբ և ոչ թե պարտադիր կանոնից ստիպված պիտի որոշի ընտրություն կատարել, եթե ուզում է, օրինակ, մինչև վարդապետություն կամ եպիսկոպոսություն աճել: Մանավանդ որ ասված է` Որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատություն է: «Ես ձեր ասածի մեջ իշխանության կամ եկեղեցու մեջ առկա իշխանամոլության ակնարկ եմ տեսնում, որով, իբր, տոգորված` ճեմարանականը կուսակրոնության ուխտ է անում: Այդպես չէ: Նախնի եկեղեցին իր իշխանությունը կամ հեղինակությունը Քրիստոսից, մենք էլ առաքյալներից ստացանք, և այստեղ ընթացող գործընթացները որպես աշխարհի կարիերա պետք չէ ընդունել: Եվ հետո, գիտե՞ք, թե դուք ինչ եք ասում. ասում եք` քանի որ կանոնից հնարավոր շեղվածներ կան, ուրեմն կանոնը փոխենք: Այսինքն` առակի նման. քանի որ երեխային լողացնելուց հետո ջուրը կեղտոտվեց, նրան էլ տաշտի հետ թափենք… Կամ` մարմնի հարազատության ու կապի, ենթադրում եմ` պարտադիր ժառանգականության մասին եք խոսում` հիշատակելով Լուսավորչին: Բայց հենց Լուսավորչի սերնդից Սուրբ Ներսեսն այս կանոնն ընդունեց Հայ եկեղեցու համար: Թող ինձ ների Աստված, բայց նրա երկու զավակներն էլ բառիս բուն իմաստով իսկական սրիկաներ էին, և Սուրբ Հայրապետը խնդրեց, որ գրոշ անգամ չտան նրանց իբրև ժառանգություն, որովհետև գիտեք, որ ամուսնացյալների ընտանիքի համար էլ եկեղեցին էր հոգ անում»: ՈՒրեմն, հնարավո՞ր չէ, որ Սուրբ Ներսեսը պարզապես այնքան հուսահատված լիներ իր զավակների բարքով, որ Հոբի պես ու Հոբի չափ տրտմած լինելով գնար այս կանոնին, Նարեկացու պես համրելով, թե «ահա ամպեց ու չանձրևեց»` խորամանկում եմ այդ պահին, թեպետ հետո մտածում եմ, թե լավ էլ հնարավոր տարբերակ է, ինչո՞ւ ոչ… Հայր Շահեն իսկապես զարմանում է. «Գիտե՞ք, նայելով, թե ով է կանոնն ընդունել, հիմա ես չեմ կարող ասել, թե իրավունք ունենք և կամ թե քննարկում ենք հարցը ձեզ հետ միասին: Մենք ընդամենը խոսում ենք ձեզ հետ խնդրի վերաբերյալ, հակառակ պարագայում երկուսս էլ պիտի գոնե Սուրբ Ներսեսի սրբությունն ունենայինք: Ավելին ասեմ` ես կարծում եմ, որ այն ազգը և թույլ տամ ասել` եկեղեցին, որ կարող է փոխել այդ կանոնը, այն աստիճան զորավոր ու սուրբ է, որ մտահոգվելու կարիք անգամ չունի. ուրեմն, արդե՛ն փրկված է և կամ արդեն աշխարհի վերջն է: Այդպե՞ս եք գտնում»,- կրկին հակադարձում է Հայր Շահեն:
Ես մի պահ կարկամում եմ, իհարկե, հետո նորից գալիս «տաշտի կեղտոտ ջրի հետ երեխային թափելուն» և «քննարկելու, թե զրուցելու» տարբերակին ու շատ արագ հասկանում Մայր Աթոռի միաբանի համոզմունքը: Ըստ նրա` «Շատ բան հիմա այսպես է` սխալ է, թերի է, որովհետև միաբանը հաճախ վանքում չէ. հիմնականում աշխարհի մեջ է, ձեզ հետ և ձե՛ր աչքի առաջ: Մինչդեռ հնում, երբ որևէ մեկը կամեցել է աբեղա դառնալ, բավական երկար` 8-9 տարի ճգնել է վանքում, համայնքը ճանաչել է նրան, և միայն ժողովուրդն է որոշել` դառնա՞ այս մեկը վարդապետ, թե՞ ոչ, դառնա՞ մյուսը եպիսկոպոս, թե՞ ոչ… ՈՒրեմն, ի՞նչ է ստացվում. վերացրի՞նք խորհրդային անաստվածության տարիների հետևանքները, վերականգնեցի՞նք մեր վանքերն ու դրանցում ճգնողների բարի համբավը, անհրաժեշտ ամեն բան արի՞նք, որ հիմա էլ պահանջողի դիրքերում լինենք կամ մեզ թույլ տանք էսքպերիմենտներ անել դարերի ավանդույթ և սրբություն ունեցող եկեղեցում»:
Ես, իհարկե, փորձեցի արդարանալ, որ չէ թե պահանջողի, ապա «անհրաժեշտ ռեֆորմացիայի ու հայրենասիրության դիրքերից եմ խոսում», բայց Հայր Շահեին իմ «բողոքական տերմինը» դուր չեկավ: Ռեֆորմացիայի փոխարեն ընտրվեց «բարեկարգում» եզրը (թեպետ ես դա առավել «բողոքական գտա»` հիշելով «բարեկարգյալ կալվինիզմն» ու կատակելով դրա շուրջ), «ինչը ժամանակին կաթոլիկներն արին սխալ մեկնաբանությամբ, օրինակ` լատին լեզուն կամ գրիգորյանական ճշմարիտ երգեցողությունը հանելով ծեսից, բայց հիմա կրկին դրան գալով»: Ասել կուզի` վերաբարեկարգում կամ ռեռեֆորմացիա արին…
Կարճ ասած, ստացվում է, որ ցանկացած նոր բան լավ մոռացված հինն է, և հիմա եթե հավատ ընծայենք Հայր Շահեին, ինձ նմանները ոչ թե պիտի խելքներին զոռ տան (անշուշտ, ինքն այդպես չասաց, ես եմ եզրակացնում), այլ նայեն, որ ընդամենը լավ մոռացված հինը վերականգնվի կամ բարեկարգվի: Ինչ վերաբերում է իմ «ոչ քրիստոնեական-երկրային հայրենասիրությանը»` Հայր Շահեի հետ գոնե մի հարցում հայտարարի եկանք, որ իրապես Մայր Աթոռում երկրիս լավագույն երիտասարդներն են հավաքված: «Ես չգիտեմ ինչու է այդպես, և ասեմ, որ ես էլ երկար եմ մտածել դրա շուրջ… Ավելին ասեմ` այդ մարդիկ էլ հասարակության միջից են գալիս, չէ՞, և հաճախ նույն արատներն են ունենում… Բայց տես, որ այստեղ փոխվում են, և փառք Տիրոջը դրա համար»,- ասում է Հայր Շահեն` ինձ խորհուրդ տալով «այդչափ կամ գոնե այդպես չկենտրոնանալ ազատության և ազատ ընտրության վրա»: Ինչո՞ւ` մի վերջին հարց եմ տալիս: «Որովհետև չնայած որ ամեն բանի մեջ կարևորը ազատությունն է ու ազատ ընտրությունը, բայց դրանից էլ կարևոր մի բան կա` ընտրության դիտավորությունը, որ առանձնակի տեղ ու կշիռ ունի քրիստոնեության մեջ… ՈՒրեմն` մենք չենք դատավորները»,- ամփոփում է միաբանը, ով ինքն էլ մյուսների նմանությամբ խնդիրներ է ունենում իր ընտրության հետ կապված, բայց զորանում Տիրոջմով, առավել մեծահասակների հորդոր-խորհուրդներով, խոստովանահոր հետ անցկացրած երկար ու ձիգ մտերմիկ զրույցներով, և որ ամենակարևորն է՝ Մեր Տեր Հիսուս Քրիստոսով ու աղոթքով…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4800

Մեկնաբանություններ