Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՓԱՍՏՈՐԵՆ ԱՆԿԱԽԱՑԵԼ ԵՆՔ

ՓԱՍՏՈՐԵՆ ԱՆԿԱԽԱՑԵԼ ԵՆՔ
03.11.2009 | 00:00

Աստծո անցած յոթ օրում աշխարհը և Հայաստանը կարծես օտարացել էին իրար` ամեն մեկն զբաղված էր իր գործերով:
Հոկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետը խորհրդարանի մշտական հանձնաժողովներին ներկայացրեց 2010-ի պետական բյուջեի նախագիծը` նախապես ամփոփելով 2009 թ. դասերը: Տիգրան Սարգսյանը նշեց, որ ճգնաժամն առավել ընդգծեց երկրի տնտեսության խոցելի կետերը. տնտեսությունն ունի դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակ, և զգացվում է «երկար փողերի» խիստ անբավարարություն ու դրանցով աշխատող ինստիտուտների բացակայություն, երկրի տնտեսությունում առկա են օլիգոպոլիաներ և ցածր մրցակցային մակարդակ: Չէ, իհարկե, մենք շատ շնորհակալ ենք ճգնաժամին, որ Տիգրան Սարգսյանի աչքերը բացեց, բայց նրա վարչապետությունից առաջ էլ, նրա վարչապետության օրոք էլ դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակն ընդամենը արձանագրվում է ու ...մնում նույն մակարդակին, իսկ օլիգոպոլիաների ու մրցակցային ցածր մակարդակի մասին խոսել իսկ չարժե, երբ այդ օլիգարխներից մեկը պատրաստ է գնել Արևմտյան Հայաստանը` նպաստելով բարգավաճմանը: Վարչապետն ինքն իրեն հարց է տվել ու պատասխանել, թե ինչո՞ւ կառավարությանը չի հաջողվում ճշգրիտ կանխատեսումներ անել` ո՛չ 2009 թ., ո՛չ 2010 թ. համար. «Ճգնաժամի կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ բոլոր օրինաչափությունները խարխլվում են: Ժամանակակից տնտեսագիտությունը չունի գործիքներ և հնարավորություն` գնահատելու, թե ինչպիսին է լինելու ճգնաժամի խորությունը, երբ է այն ավարտվելու, ինչ չափով է այն ընթանալու, և երբ է սկսվելու վերականգնման փուլը»: 2009-ին հիմնական խնդիրը եղել է ֆինանսական և մակրոտնտեսական կայունության ապահովումը: 2010-ի բյուջեի նախագծի հիմքում 1,2 տոկոս տնտեսական աճի կանխատեսումն է: ԼՂՀ-ին կհատկացվի 31 միլիարդ դրամ: Կարևորագույն թիրախներից է սոցծախսերի պահպանումն այն մակարդակի վրա, որ կար 2009 թ., կարող է նվազել բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի համեմատ: 2009 թ. կառավարությունն ավելացրեց բյուջեում սոցիալական ծախսերի մակարդակը 14 տոկոսով, և 2010 թ. պահպանվելու է այդ մակարդակը: Կառավարությունը կարևորում է կենսաթոշակային և ապահովագրական բարեփոխումները: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն էլ բյուջեն համարում է շատ ռեալիստական, քանի որ բոլոր ցուցանիշները վերցված են նվազագույն կանխատեսումներով:
Բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 5-7 տոկոսը կկազմի, ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային կուրսը վերցված է 1 դոլարը` 376 դրամ հաշվարկով: ՀՀ պետական պարտքը 3 միլիարդ 960 միլիոն դոլար է: Հետաքրքիր է` այդ խիստ ռեալիստական բյուջեից ի՞նչ կմնա 2010 թվականին:
Հոկտեմբերի 30-ին Բրյուսելում ավարտվեց Եվրամիության գագաթաժողովը, որի ընթացքում ոչ պաշտոնապես քննարկվել է նաև ԵՄ նախագահի թեկնածության հարցը: Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Գերմանիայի հետ միասնական թեկնածուի շուրջ համաձայնության են հանգել: ԵՄ նախագահի պաշտոնում նրանք կառաջադրեն Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերին: ԵՄ արտակարգ գագաթաժողովը կարող է կայանալ նոյեմբերի 11-12-ին, Բրյուսելում:
Ձեր կարծիքով` ո՞վ է լինում Սպիտակ տանը: Միանգամից ասեմ` ով ասես: Համարյա` ով չի ալարում: Սկսած զբոսաշրջիկներից, վերջացրած նախագահներով` տարբեր երկրների ու տարբեր ընկերությունների, միջանկյալ էլ` աշխարհահռչակ դերասաններ: ԱՄՆ-ի նախագահը և աշխատակազմը մեկ օրում ընդունել են Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային, «Միքրոսոֆթ»-ի նախագահ Սթիվ Բալմերին, Ջորջ Սորոսին, Բիլ Գեյթսին, Ջորջ Քլունիին, Բրեդ Փիթին + 110 այլ պաշտոնատարների: Պատկերացնու՞մ եք` ինչպես է աշխատում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Այո՛, այո՛...
Հոկտեմբերի 22-ին Մոսկվայում համարյա պատմական հանդիպում եղավ` հայ և ադրբեջանցի պատգամավորների, նախաձեռնությունը ռուսներինն էր, թեման` «Նոր աշխարհաքաղաքական պայմաններում միջխորհրդարանական համագործակցության արդիական խնդիրները», այսինքն` ինչից ասես կարող էին խոսել: Ազգային ժողովը ներկայացնում էին Հերմինե Նաղդալյանը, Արա Բաբլոյանը, Վարդան Բոստանջյանը, Վահան Հովհաննիսյանը, Վարդան Խաչատրյանը: Ինչ են քննարկել-ինչ չեն քննարկել, հաջորդ հանդիպումը որոշել են անցկացնել Երևանում, եթե համաձայնեն Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները: Որոշել են նաև ոչ մի դեպքում չքննարկել հայ-թուրքական հարաբերությունները:
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին վերստին Երևանում էր, նրան ընդունել են ՀՀ և ԱԺ նախագահները: Թե ինչ են խոսել` փակագծերը բացել է Սեմնեբին: «Քաղաքական իրավիճակը Հայաստանում դեռևս մեծապես կրում է անցած տարվա մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ազդեցությունը, սակայն կան հույսեր և ակնկալիքներ, որ քայլեր կձեռնարկվեն դրա հետևանքները հաղթահարելու ուղղությամբ, և Հայաստանը կշրջի պատմության այդ էջը` ապագայի համար դասեր քաղելով ու նման առճակատումները բացառելով»: Սա` մեկ: Եվ երկու` «Ժողովրդավարության, օրենքի գերակայության, արդար կառավարման, մարդու իրավունքների, մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետ կապված հարցերը միշտ էլ Հայաստանի իշխանությունների հետ բանակցությունների օրակարգում են: Ես դրանք քննարկել եմ իմ այցի ընթացքում ՀՀ նախագահի և իշխանությունների այլ ներկայացուցիչների հետ: Այս հիմնարար հարցերը Հայաստան-ԵՄ սերտ հարաբերություններում վստահության և համագործակցության հիմք են և երբեք չեն անտեսվում»: Եվ երեք` «Մեզ համար շատ կարևոր է, որ մեր գործընկերները և ԵՄ անմիջական հարևանները` Թուրքիան և Հայաստանը, նորմալ հարաբերություններ ձևավորեն: Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման վերաբերյալ արձանագրությունների ստորագրումը ներքին գործընթաց է, և պետք է քննարկեն 2 խորհրդարանները, հուսով ենք, որ արձանագրությունները կվավերացվեն որքան հնարավոր է արագ, համոզված ենք, որ հարաբերությունների նորմալացումը և արձանագրությունների բովանդակությունը մեծապես արտացոլում են երկու կողմերի շահերը»: Ի դեպ, Պիտեր Սեմնեբիի կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղի հարցի միջև պաշտոնապես որևէ կապ չկա, «սակայն որևէ մեկը չի կարող անտեսել այն փաստը, որ հակամարտություններից յուրաքանչյուրը, կախված կարգավորման ուղղությունից, ազդելու է տարածաշրջանի երկրների միջև վստահության մթնոլորտի ձևավորման վրա»:
Ղարաբաղի հարցում, վերջապես, լսվեց և պաշտոնական Ղարաբաղի ձայնը. ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է, որ Աղդամ-Մարտակերտ ճանապարհը կառուցվում է Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ, ինչն ապացուցում է, որ Աղդամը հանձնելու մասին խոսակցությունները հերյուրանքներ են, որոշ մարդկանց ձեռնտու հայտարարություններ: Ըստ Արա Հարությունյանի` Լեռնային Ղարաբաղում չեն պատրաստվում տարածք զիջել, և մադրիդյան փաստաթուղթն իրենց համար փաստաթուղթ լինել չի կարող:
Ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն կարծում է, որ Բաքուն պետք է բացահայտ մեղադրի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, որովհետև նրանք չեն ցանկանում դատապարտել ագրեսիան և ազատագրված տեսնել օկուպացված տարածքները: Նրանց մեղքով է ագրեսորը վայելում արևմտյան աշխարհի բարեհաճությունը: «Մենք ոչինչ չենք ուզում գերտերություններից, միայն արդարություն և մեր հողերի վերադարձը: Ավելին` Ադրբեջանն այն կարծիքին է, որ սահմանների բացումը վնասակար է հենց Թուրքիայի համար: Գերտերություններն օգտագործելու են Հայաստանն իբրև հինգերորդ զորասյուն` ոչնչացնելու համար Թուրքիան: Ակնհայտ է տարածաշրջանային խոշոր պետությունները ոչնչացնելու ԱՄՆ-ի քաղաքականությունը: Հիմա նրանք զբաղվում են Իրանով, հաջորդը Թուրքիան է: Բաժանելով այդ տերությունները մի քանի մանր պետությունների` ԱՄՆ-ն աշխարհի առավել մեծ կառավարելիության է հասնում հանուն իր շահերի»:
Հոկտեմբերի 27-ին լրացավ 10 տարին 1999 թ. Ազգային ժողովում գործված ոճիրի, որին զոհ գնացին ԱԺ նախագահը, վարչապետը, փոխնախագահները, պատգամավորներ ու նախարար: 10-ամյակը նշանավորվեց դարակազմիկ իրադարձությամբ` ԱԺ բակում տեղակայված քարաբեկորը փոխարինվեց Երվանդ Քոչարի արձանով` քանդակված բոլորովին այլ առիթով ու շատ շուտ: Թերևս միայն ԱԺ նախագահի կարծիքով էր` «Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին ԱԺ այգում կանգնեցված` մեծանուն գեղանկարիչ ու քանդակագործ Երվանդ Քոչարի կերտած այս հրաշագեղ ստեղծագործությունը խորհրդանշում բարու հաղթանակը չարի նկատմամբ»: Նրա կասկածելի արվեստագիտական հակումների և քաղաքական գնահատականների հետ բոլորովին համաձայն չէր, օրինակ, Անահիտ Բախշյանը, ով հուշակոթողը ճաղերի հետևում չէր ուզում տեսնել. «Բերեցին այստեղ, որովհետև կա մեղքի զգացում, որը թույլ չի տալիս հասարակությանը հստակորեն ասել` ո՛չ ահաբեկչությանը»: Ստեփան Դեմիրճյանը կարծում է, որ ամեն ինչ արվեց 27-ի ոճրագործությունը կոծկելու համար: Արամ Սարգսյանը 27-ի զոհերի հիշատակը հարգելու լավագույն ձևը ոչ թե հուշարձաններ ու արձաններ բացելն է համարում, այլ հանցագործության բացահայտումը: Իսկ արարողության մասնակիցներից շատերին հետաքրքրում էր, թե ինչ տրամաբանությամբ ութ զոհերի հուշաքարը նվիրված է ոճրագործության ժամանակ վիրավորված մեկ պատգամավորի:
Հոկտեմբերի 30-ը քաղբանտարկյալների միջազգային օրն էր: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հուզիչ ուղերձ էր հղել համերկրացիներին: ՀՀ իշխանությունները` ո՛չ, փաստորեն անկախացել ենք, հա՞...
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1591

Մեկնաբանություններ