Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱԶՄԱԹԻՎ ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ԶՈՀՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲԱՅՑ ՈՉ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱԶՄԱԹԻՎ ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ԶՈՀՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲԱՅՑ ՈՉ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ
03.11.2009 | 00:00

Մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական ու գեոտնտեսական վերակառուցման գործընթացի մեջ արագ տեմպերով ավելանում են նոր նրբերանգներ։ Առաջին հայացքից դրանք միմյանց հետ կապ չունեցող, տարաբաժանված իրադարձություններ են, սակայն համադրության պարագայում կարելի է մեծ հավանականությամբ կանխատեսել սպասվող հեռանկարը։ Մասնավորապես, հայ հասարակության էմպիրիկ զգացողությունները, թե ցյուրիխյան արձանագրությունների հետևում գոյություն ունի գլոբալ ազդեցության կենտրոնների մեծ խաղը, և հայ-թուրքական «հաշտեցումն» ընդամենը մի դրվագն է տարածաշրջանում նոր թափով ծավալվող «էներգետիկ պատերազմի», այնքան էլ հեռու չեն իրականությունից։
Էներգետիկ խնդիրները վերջին տասնամյակներում միշտ եղել են համաշխարհային տարաբնույթ դավերի ու ինտրիգների կենտրոնում։ Թուրքիայի վարչապետ Էրդողանի Թեհրան կատարած «պատմական այցը» նույնպես միանգամայն տեղավորվում է այդ տրամաբանության մեջ և հիմք է տալիս ենթադրելու, որ Թուրքիան կատարել է ևս մեկ քայլ տարածաշրջանի տարանցիկ հիմնական տերություն դառնալու ուղղությամբ, որի տարածքով այժմ անցնելու է ոչ միայն կասպիական ու ռուսական, այլև իրանական գազը։ Ինչպես այցի ընթացքում հայտարարեց Էրդողանը, ինքը խնդիր է դրել «մեծ հարևանի հետ համագործակցությունը բարձրացնել անհամեմատ բարձր մակարդակի»։ Իր հերթին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ընդգծեց, որ թուրք-իրանական գործընկերությունը կնպաստի «նոր տարածաշրջանային իրավիճակի հաստատմանը, կամրապնդի խաղաղությունը Մերձավոր ու Միջին Արևելքում, կարգելակի իսլամական ազգերի դեմ հյուսվող դավերը»։ Այս հայտարարությունների խորապատկերի վրա շատ բազմախոստում է թվում նաև Իրանի առաջարկությունը` ստեղծել հարավարևմտյան Ասիայի պետությունները միավորող կազմակերպություն, ուր առաջատար դերը կպատկանի Իրանին և Թուրքիային։ Կողմերը պայմանավորվել են հետագա հինգ տարիների ընթացքում երկկողմանի ապրանքաշրջանառությունը հասցնել 30 մլրդ դոլարի, և նույնիսկ չի բացառվում, որ փոխադարձ առևտուրն իրականացվի երկու երկրների ազգային արժույթով։ Ավելին, Իրանում սպասվող սեփականաշնորհման ֆոնի վրա թուրքական ներդրողները կարող են ունենալ որոշ առավելություններ, իսկ հին հայկական Վանում կողմերը նախատեսում են ստեղծել ազատ տնտեսական գոտի` այն մտայնությամբ, որ ապագայում դրան կմիանան նաև Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը։ Այսպիսով, կարծես թե առկա է երկարաժամկետ շահերի համընկնում։
Թերևս այս տեսանկյունից պետք է դիտարկել նաև կողմերի միջև ստորագրված «էներգետիկ հուշագիրը», որը նախատեսում է թուրքմենական և իրանական գազի փոխադրումն Իրանից դեպի Թուրքիա, իսկ այնտեղից` Եվրոպա։ Դա նաև թույլ կտա թուրքական նավթային ընկերություններին Պարսից ծոցի ափին գտնվող «Հարավային Պարս» հանքավայրից արդյունահանել տարեկան 20 մլրդ խմ բնական գազ։ Թուրքական կառավարությունը մտադիր է այդ նախագծի մեջ չորս տարվա ընթացքում ներդնել 4 մլրդ դոլար։ Նախագծային հզորությունը նախատեսված է հասցնել տարեկան 35 մլրդ խմ գազի արտահանման, ինչին, ըստ պայմանավորվածությունների, կողմերը կհասնեն մի քանի տարում։ Բացի դրանից, թուրքական նավթային ընկերությանն իրավունք է տրված ցանկության դեպքում շահագործել այլ հանքեր ևս, համաձայնագիրը Թուրքիայի համար նախատեսում է ոչ միայն բնական գազով, այլև դրանից առաջացող այլ նյութերով առևտուր անելու իրավունք։ Միևնույն ժամանակ, այս նախագիծը զգալիորեն կնվազեցնի Թուրքիայի կախվածությունը Ռուսաստանից, քանի որ այսօր Անկարայի սպառած գազի գրեթե կեսը մատակարարում է ռուսական «Գազպրոմը»։
Բոլոր այս պայմանավորվածությունների վերջնական ձևավորումը, ինչպես նաև դրանց վերջնական արժեքը, կողմերի մեջ կհամաձայնեցվի ավելի ուշ։ Սակայն այսօր արդեն փաստ է, որ փլուզվում են Ադրբեջանի այն երազները, թե Թուրքիան մշտական կախվածության մեջ է լինելու իրենից, քանի որ, էներգետիկ ռեսուրսների տարանցիկ գործառույթներից բացի, այլ բանի հասնելու հնարավորություն չունի։ Ավելին, գերմանական մամուլին տրված իր վերջին հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե ադրբեջանական գազն այլևս չի մատակարարվի Թուրքիա, որովհետև Թուրքիայի առաջարկած պայմաններն իրենց ձեռնտու չեն։
Մինչդեռ, միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծության «Թուրքսամ» կենտրոնի նախագահ Սինան Օհանի պնդմամբ, ձեռք բերված թուրք-իրանական պայմանավորվածությունների արդյունքում իրանական գազը կդառնա առաջնային ռեսուրս «Նաբուկո» գազամուղի համար` նվազեցնելով թուրքմենական, իրաքյան և ադրբեջանական գազային պաշարների նշանակությունը։ Չնայած դրան` Էրդողանը Թեհրանում առիթը բաց չթողեց հայտարարելու, թե թուրքական դիվանագիտությունն ու բիզնեսն ակտիվ աշխատում են Թուրքմենստանին ևս ներգրավել այս գործընթացում և ձևավորել Թուրքմենստան-Իրան-Թուրքիա միասնական էներգետիկ համակարգ, որը, փաստորեն, շրջանցելու է Ադրբեջանը։ Ավելին, եթե թուրք-իրանական հուշագիրն իսկապես իրագործվի, ապա իրանական գազային պաշարներն այնպիսին են, որ կարող են լիարժեք երաշխավորել «Նաբուկոյի» կառուցման նպատակահարմարությունը, իսկ դա հնարավոր է դարձնում, որ գազամուղային այդ ծրագիրը կառուցվի նույնիսկ ավելի շուտ, քան Մոսկվայի առաջարկած «Հարավային հոսք» գազատարը։ Համենայն դեպս, արդեն կա տեղեկատվություն, որ եվրոպական ընկերությունները համապատասխան խորհրդատվություններ են սկսել «Նաբուկոյին» Իրանի միանալու հետ կապված, իսկ Շվեյցարիան համապատասխան բանակցություններ է վարում Թուրքիայի հետ իրանական գազի տրանզիտը նրա տարածքով դեպի Եվրոպա ապահովելու համար։ Ըստ այդմ, ամենևին բացառված չէ, որ թուրք-իրանական բանակցություններն այս հողի վրա սկսվեցին և ընթացան Վաշինգտոնի և Բրյուսելի լուռ համաձայնության պայմաններում։
Հետաքրքիր և, հավանաբար, պատահական չէր, որ Էրդողանի այցն Իրան համընկավ այն բանի հետ, որ Իրանը համաձայնեց ՄԱԳԱՏԷ-ի առաջարկությունների փաթեթին` մի քանի կարևոր փոփոխություններով։ Ընդ որում, այդքանով հանդերձ, Թեհրանը պնդում է միջուկային խաղաղ ծրագիր իրականացնելու իր իրավունքը։ Ամերիկացիները, ինչպես միշտ, համաձայն չեն, որ ՄԱԳԱՏԷ-ի առաջարկություններում Թեհրանը կատարի էական փոփոխություններ, բայց հետաքրքիրն այն է, որ Թուրքիան է փորձում «սառեցնել» Արևմուտքի մեղադրական եռանդն Իրանի նկատմամբ։ Թուրքիայի վարչապետը հայտարարեց, որ արևմտյան դիրքորոշումն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ «սխալ է և անարդարացի», ընդամենը լուրեր բնորոշելով այն կասկածները, թե Իրանի միջուկային ծրագիրը ռազմական բնույթ ունի, և առաջարկեց միջուկային տերություններին` սկզբում ազատվել սեփական ատոմային զենքից, իսկ հետո պատժել այլ երկրների։
Այս ամենը հիմք է տալիս պնդելու, որ այս փուլում Թուրքիայի ընդգրկումն էներգետիկ ծրագրերի մեջ, իբրև «փափուկ բուֆեր», հնարավորություն է տալիս Արևմուտքին ձեռնպահ մնալ Թեհրանի հետ ուղղակի հարաբերություններից, բայց, միաժամանակ, չկասեցնել նաև իրենց հեռանկարային ծրագրերի իրագործումը։ Եվրոպացիների մտավախություններն անհիմն չեն, որովհետև ուղղակի նախօրեին Ռուսաստանի վարչապետը կրկին հայտարարեց, որ ՈՒկրաինայի հետ գազի չվճարման հետ կապված հերթական ձմեռային շրջափուլն է սկսվել, և չի բացառվում, որ Ռուսաստանը դադարեցնի ՈՒկրաինայի տարածքով եվրոպական երկրներին մատակարարվելիք գազի հատկացումը։ Այսպիսով, բոլորովին չի բացառվում, որ թուրք-իրանական ներկայիս մերձեցումն ունի կոնկրետ աշխարհաքաղաքական ուղղվածություն ու հեռանկարներ, որոնք բացահայտում են նաև Անկարայի աճող հավակնությունները։ Թուրքիան փորձում է իրականացնել հարևանների հետ փոխհարաբերությունների իր խորքային ռազմավարությունը` բոլոր վիճելի խնդիրների չեզոքացմամբ, և հուսով է, որ այդ քաղաքականությունն իրեն հնարավորություն կտա դառնալու տարածաշրջանային կենտրոն Հյուսիսային Աֆրիկայից մինչև Պակիստան ընկած տարածքում։ Մյուս կողմից` նոր աշխուժություն է ձեռք բերում Եվրոպային էներգակիրներ մատակարարող տարանցիկ երկիր դառնալու Թուրքիայի քաղաքականությունը։
Հասկանալի է, որ այս ամենը և, հատկապես, էներգակիրների մատակարարման երաշխավոր դառնալու ձգտումը Թուրքիային հանգեցնում է նոր մոտեցումներ փնտրելու տարածաշրջանային հակամարտություններում։ Այստեղ էլ պետք է որոնել Թուրքիայի գործադրած ջանքերի պատճառները հայկական ուղղությամբ և քրդերի հետ պայմանավորվելու փորձերը։ Այս ամսվա ընթացքում թուրքական հասարակությունն ականատես եղավ մի ցնցող նորության, երբ ՔԲԿ-ի «խաղաղասիրական թևի» 8 ներկայացուցիչների խումբը, թուրքական իշխանությունների համաձայնությամբ, անցավ թուրք-իրաքյան սահմանի անցակետերից մեկով։ Դիարբեքիրում, որ Թուրքիայի ամենախոշոր քաղաքն է հարավ-արևելքում, այդ խմբին դիմավորեցին հրավառությամբ ու ողջունող կարգախոսներով։ Թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ սա առաջին կոնկրետ իրադարձությունն է Թուրքիայի կառավարության գործադրած ջանքերի և նպատակ ունի վերջ դնելու պատերազմին։ Թեպետ, ինչպես և հայ-թուրքական «հաշտեցման» պարագայում, այս քայլերն էլ թուրքական հասարակության մեջ միանշանակ արձագանքի չարժանացան։ Թուրք-քրդական ռազմական բախումների ժամանակ զոհված 6 հազար թուրք զինվորականների ընտանիքներին միավորող ասոցիացիան անմիջապես մեղադրեց կառավարությանը, որ նա ահաբեկիչներին պետական ընդունելություն և հովանավորություն է ցույց տալիս ու խիստ քննադատեց քրդերի իրավունքներն ընդլայնելու Անկարայի նոր քաղաքականությունը։
Սակայն մեծ փողերով պայմանավորված այս խաղում Թուրքիան, կարծես, պատրաստ է բազմաթիվ զգացմունքային զոհողությունների, բայց ոչ տնտեսական կորուստների։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1770

Մեկնաբանություններ