ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ե՛Վ ՄՈՌԱՑՎԱԾ, ԵՎ՛ ԱՆՄՈՌԱՑ ՀԵՔԻԱԹՆԵՐ»

«Ե՛Վ ՄՈՌԱՑՎԱԾ, ԵՎ՛ ԱՆՄՈՌԱՑ ՀԵՔԻԱԹՆԵՐ»
09.02.2010 | 00:00

Հեռածավալ անհայտներում պահվտած
Գալիք օրերն անհուն, անտես խավարում.
-Կյանքս հավետ քեզ անծանոթ տաճարում
Կանթեղի պես առկայծում է քո դիմաց...

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
125 տարի առաջ փետրվարի 9-ին հայ գրականության մայրաքաղաքներից մեկը դարձավ Գանձակը: Մի օրում և ընդմիշտ: Վահան Տերյանի ծնունդով: Գրականագետները կհաշվեն ու կասեն, որ գրականության պատմությանը նա թողեց 400 բանաստեղծություն, 200-ից ավելի նամակներ, հոդվածներ, թարգմանություններ: Գրականագետները չեն սխալվի: Բայց Տերյանն արեց ավելին: 35 տարիները, որ նրան տրվեցին, բարդ ու դաժան տարիներ էին` ցեղասպանություն, հեղափոխություն, հազարամյակների ու պատերազմների միջակայքում մոլորված-ինքնակորույս մի ժողովուրդ, որ պատմությունը կորցրած` ապագա էր որոնում: Բանաստեղծը լինել այդպիսի ժողովրդի ու այդպիսի ժամանակի` նշանակում է ի սկզբանե ու միանգամից հրաժարվել պոեզիայի մայր երակներից, աշխարհը բաժանել 1000 մասի ու միանգամից 999-ից հրաժարվելով` մի մասում միայն ինքնահաստատվել, հայրենիքով սկսել ու ավարտել բանաստեղծի օրն ու կյանքը: Ավելի, քան որևէ մեկը բանաստեղծներից, Վահան Տերյանը դեմ էր դրան, բայց ապրեց այդպես: Եվ գրեց:
Գուցե պարադոքս է, բայց հայ գրականության համար կարևորը ոչ այնքան նրա 400 բանաստեղծություններն էին, նամակները, հոդվածները, թարգմանությունները, որքան նրա ներկայությունը գրականության մեջ: Վահան Տերյանն արվեստ բերեց նոր որակ ու նոր մակարդակ, նոր ընկալում ու նոր չափանիշ, նոր լեզու ու նոր հերոս, նոր բանաստեղծություն, և այդքան «նոր»-երի մեջ կարողացավ մնալ ինքնատիպ ու համոզիչ: Արդեն ավելի քան մեկ դար: Նա գրականություն մտավ Հովհաննես Թումանյանից հետո ու Եղիշե Չարենցից առաջ և, ժամանակի հետ եզակի համընկնումով, դարձավ կապող օղակ անցնող ու եկող դարերի միջև: Թումանյանն արդեն բերել էր 20-րդ դարը գրականություն, բայց Թումանյանը գրականություն էր բերել Հայաստանն ու հայերին, Տերյանը գրականություն բերեց ու հայերին նվիրեց աշխարհն ու աշխարհի ժամանակը: Նրա աշխարհընկալումն ու լեզվամտածողությունն այնքան տարբեր էին ու այնքան մագնիսական, որ «Մթնշաղի անուրջներով» միանգամից դարձավ ժամանակի տրամադրությունների, հույսերի ու երազների տեր: Իսկ 1914-ին գրված «Հայ գրականության գալիք օրը» և «Հոգևոր Հայաստան» հոդվածներն այսօր էլ ծրագրային են ու արդիական, ավելին` խարան են մեր պատմության ու մեր մշակույթի համար, որովհետև անցած 96 տարիներին մենք, եթե մի քայլ առաջ ենք գնացել, երկու քայլ նահանջել ենք, ու այսօր էլ 96 տարի առաջ բարձրացված խնդիրները խորքային ու բովանդակային լուծում չեն գտել: Ինչքան պիտի զգաս ու ինչպես պիտի հասկանաս երկիրդ, ժողովրդիդ ու ժամանակդ, որ կարողանաս այդպես գրել: Դարերով հնչած լաց ու կոծից, ողբ ու կականից Տերյանը մաքրեց պոեզիան ու «հայրենիքի» կողքին դրեց արժանապատվության, հպարտության ու հարատևության գաղափարները նոր ընկալումով, նա ուժ ունեցավ խոստովանելու` «Դու հպարտ չես, իմ հայրենիք», բայց և ուժ ունեցավ հավատալու ու հավատացնելու` «Արքայական խոսքը մեր կմնա հավետ»: Եվ նրա «Երկիր Նաիրին» դարձավ նրա իսկ «Հոգևոր Հայաստանի» կրկնակը, իսկ ժամանակը այնքան քիչ էր նրան տրված:
Նամակների մեջ, բոլորովին երրորդ աչք ու ունկ չենթադրող, ավելին` բացառող, նրա անկեղծությունը ներկայանում է ողջ ուժով ու հմայքով. անգամ ամենամտերիմ նամակներում Տերյանը սովորեցնում է առանց զգացնելու, առանց նույնիսկ զգալու, բայց համակող ու վարակիչ համոզչությամբ. կարդում ես ու տրամադրության, զգացումի, տեսակետի, գաղափարի, անգամ հիշողության այլ տարբերակ չես պատկերացնում: Նամակների մեջ մարդ բացվում է ամբողջովին, անկախ իրենից անգամ` մատնում ամենագաղտնին, գուցե այդ պատճառով դաստիարակված մարդիկ ուրիշի նամակները չեն կարդում: Բայց բացառությունները հաստատում են օրենքը` Տերյանի նամակները պատմության, գրականության, սիրո, բարեկամության և մարդկային փոխհարաբերությունների դասագիրք են:
Նրանից հետո գրականություն նրա բերած ոսկե շղթան շարունակեց Եղիշե Չարենցը, և նրանց երկուսի «Երկիր Նաիրին» շարունակվեց իբրև համաշխարհային պոեզիա` առանց դույզն-ինչ զիջելու որևէ չափանիշի: Բայց ինչպես հեղափոխությունն է խժռում իր զավակներին, գրականությունն էլ վրիժառու է, և դաժան է նրա վրեժը` ընկալման առաջին մակարդակ է բերում անցողիկն ու խորքում թաքցնում ոսկին: Նրա հետնորդները նրան աշնան երգիչ որակեցին. մթնշաղի, գիշերվա հուշերում ու կատվի դրախտում միայն աշուն ու մեռած տերևներ որսալով և իրենք իրենց հավատալով` մյուսներին էլ հավատացրին, որ այդքանն է ու դա է Տերյանը: Երբ 21-րդ դարասկզբին նրան վերջապես Երևանում հուշարձան դրեցին, տերևները շատ ավելի արտահայտիչ էին, քան բանաստեղծը... Գրականությունն իսկապես աններելի վրիժառու է իր ծնողների հանդեպ, բայց հենց նրանք են սովորեցնում, որ ամեն ժամանակ բերում է վերագնահատության իր անհրաժեշտությունն ու իր չափանիշները, նրանք են բարձրացնում հավերժական հարցերն ու տալիս հավերժական պատասխանների իրենց տարբերակները, նրանք են դառնում սահմանախախտ ու սահմանադիր, նրանցն է նաև պատասխանատվությունը ոչ միայն ժամանակի առաջ, այլև ժամանակի համար, որովհետև բոլոր հանճարեղ հայտնություններն ու խայտառակ ստորությունները նախ ծնվում են իբրև միտք:
Վահան Տերյանը ժամանակին տվեց առավելագույնը և ստացավ նվազագույնը` ընդամենը միախառնումը բանաստեղծ լինելու հաճույքի ու տառապանքի: Նա վախճանվեց շատ բանաստեղծական հիվանդությունից` թոքախտից, բայց իրականում նրան սպանեց իր ժամանակը, ինչպես քաղցկեղը` Թումանյանին, և 37 թիվը` Չարենցին: Իսկ ամենամահացու հարվածը նրան հասցրեց, ինչպես բոլոր բանաստեղծներին, քաղաքականությունը` քաղաքական ու մշակութային: Քաղաքական քաղաքականությունը նրան մահվան ճանապարհով ուղարկեց Օրենբուրգ, մշակութային քաղաքականությունը նրա գրականությունը և նրա ժառանգությունը պարփակեց «աշուն ու անձրև» շրջագծում: Այսինքն` ինչքան թույլատրված էր հասկանալ, իսկ նա նոր իմաստ ու բովանդակություն էր բերել, և դա դեռ պետք է հասկանալ: Թեկուզ 100 տարի հետո: Հանուն գրականության ու ինքներս մեզ...
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու

Դիտվել է՝ 6428

Մեկնաբանություններ