ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Աստծու դատաստանները

Աստծու դատաստանները
13.09.2024 | 18:22

Մի ճգնավոր, տեսնելով աշխարհում եղող անիրավությունը, Աստծուն խնդրում էր բացահայտել, թե արդար ու առաքինասեր մարդիկ ինչու էին փորձանքների հանդիպում և անարդարացիորեն տառապում այն պարագայում, երբ անիրավ ու մեղավոր մարդիկ հարստանում էին ու հանգիստ ապրում:

Երբ ճգնավորն աղոթում էր այդ գաղտնիքը բացահայտելու համար, լսեց մի ձայն, որ ասում էր. «Մի՛ քննիր այն, ինչ հասու չէ մտքիդ և իմացությանդ: Սակայն քանի որ ցանկացար իմանալ, գնա՛ աշխարհ, նստիր այսինչ վայրում և հետևիր այն ամենին, ինչ կտեսնես, և այդ փորձից կհասկանաս Աստծու դատաստանների մի փոքր մասը»: Այդ լսելով, ծերն աշխարհ գնաց և մի մարգագետնի հասավ, որի միջով բանուկ ճանապարհ էր անցնում:

Քիչ հեռվում աղբյուր կար և մի հին ծառ, որի փչակում էլ թաքնվեց ծերը:

Շուտով մի հարուստ ձիավոր հայտնվեց այնտեղ: Կանգ առավ աղբյուրի մոտ՝ ջուր խմելու և հանգստանալու: Հետո գրպանից հանեց քսակը, որում հարյուր դուկատ կար: Գումարը հաշվելուց հետո տեղը դնելիս չնկատելով, որ քսակը խոտերի մեջ ընկավ, հեռացավ:

Շուտով մեկ այլ մարդ եկավ աղբյուրի մոտ, գտավ քսակն ու վերցնելով՝ վազքով հեռացավ դաշտերի միջով:

Որոշ ժամանակ անց մեկ այլ անցորդ երևաց: Աղբյուրից մի քիչ ջուր վերցրեց, ձեռքի կապոցից հաց հանեց և խոտերի վրա նստելով՝ սկսեց ուտել:

Երբ այդ աղքատը դեռ իր հացն էր ուտում, երևաց հարուստ ձիավորը և զայրույթից այլայլված դեմքով հարձակվեց նրա վրա: Աղքատը երդվում էր, որ չէր տեսել քսակը, բայց ձիավորը սարսափելի զայրացած լինելով՝ սկսեց մտրակել ու ծեծել նրան, մինչև որ սպանեց: Աղքատի հագուստը տնտղելուց և ոչինչ չգտնելուց հետո վշտացած հեռացավ:

Այն ծերն այս ամենը տեսավ փչակից ու զարմացավ: Խղճալով աղքատին՝ լալիս էր անարդարությամբ սպանվածի համար և աղոթում Աստծուն՝ ասելով. «Տե՛ր Աստված, ի՞նչ է նշանակում այս կամքդ: Ասա՛ ինձ, խնդրում եմ, թե ողորմածությունդ ինչպես է համբերում այս անիրավությանը: Մեկը կորցրեց դուկատները, մյուսը գտավ դրանք, իսկ երրորդը անարդարությամբ սպանվեց»:

Երբ ծերն արտասվալից աղոթք էր անում, Տիրոջ հրեշտակը երևաց նրան ու ասաց. «Մի՛ վշտացիր, ո՛վ ծեր, և մի՛ կարծիր, թե դա առանց Աստծու կամքի է տեղի ունեցել: Բայց այն, ինչ պատահում է, մի դեպքում լինում է ըստ թողտվության, մյուսում՝ պատժելու (խրատելու) համար, իսկ մեկ այլ դեպքում՝ ըստ նախախնամության: ՈՒստի լսի՛ր:

Դուկատները կորցրած մարդը հարևանն էր նրա, ով դրանք գտավ: Վերջինս այգի ուներ, որ հարյուր դուկատ արժեր: Հարուստն ընչաքաղցության պատճառով նրան ստիպեց հիսուն դուկատով վաճառել իրեն այգին: Այն աղքատն էլ չիմանալով ինչ անել խնդրում էր Աստծուն իր վրեժն առնել: ՈՒստի Աստված այնպես դասավորեց, որ նա կրկնակի հատուցում ստանա:

Մյուս աղքատը, որ ոչինչ չէր գտել և անարդարացիորեն սպանվել էր, մի անգամ ինքն էր սպանություն գործել: Սակայն զղջացել էր և ողջ կյանքը քրիստոնեավայել անցկացրել: Նա անդադար խնդրում էր Աստծուն ներել իրեն այդ սպանության համար և ասում էր. «Տե՛ր Աստված ինձ նույնպիսի մահ տուր, ինչպիսին ես գործեցի»: Տերն իհարկե ներել էր նրան, երբ նա ապաշխարել էր, սակայն անսալով նրա խնդրանքին, թույլ տվեց բռնի մահով մեռնել և Իր մոտ տարավ՝ նախանձախնդրության համար լուսապայծառ պսակի արժանացնելով:

Իսկ ընչաքաղց մարդը, որ դուկատները կորցրեց և սպանություն գործեց, պատժվում էր ընչաքաղցության և արծաթասիրության համար: Աստված թույլ տվեց, որպեսզի նա սպանության մեղքի մեջ ընկնի, որպեսզի հիվանդանա, տառապի նրա հոգին և ապաշխարության գա: Այդ պատճառով էլ նա այժմ թողնում է աշխարհն ու մենակյաց դառնում:

Այսպիսով՝ որտե՞ղ, ո՞ր դեպքում ես տեսնում, որ Աստված անարդար կամ դաժան կամ անխիղճ է վարվել: ՈՒստի, այլևս մի՛ փորձիր քննել Աստծու ճամփաները: Գիտցի՛ր, որ բազում այլ բաներ են կատարվում աշխարհում և ամենն՝ Աստծու կամոք, իսկ պատճառները մարդիկ չգիտեն և շատերին տրված էլ չէ իմանալ:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 2949

Մեկնաբանություններ