ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Շուկայական տնտեսության նորագույն «նվաճումը»

Շուկայական տնտեսության նորագույն «նվաճումը»
05.07.2024 | 07:24

Էն, որ կես րոպեանոց վիդեո ես նայում, մեջտեղը քսան վայրկյանանոց գովազդ են խցկում, համարվում ա ժամանակակից շուկայական տնտեսության նորագույն նվաճումը։ Բայց դա ոչ մի նորագույն էլ չի, վաղուց կա, պարզապես՝ դերակատարներն են փոխված։

Հեռավոր 80-ականների սկզբներին մտնում էիր գրախանութ, մեկ էլ տեսնում էիր՝ Իլֆի ու Պետրովի «Ոսկե հորթն» ա դրված՝ ազատ վաճառում են։ Դա նույնն էր, ինչ մտնեիր ԳՈՒՄ ու տեսնեիր, որ իսկական ամերիկյան Լևիս են ծախում՝ 32 ռուբլի 14 կոպեկով։

Ա՜յ քեզ բան։ Էդ գրքին մենակ հեռվից նայելն էր արդեն մեծ հաջողություն, իսկ ստեղ ազատ դրված ա։ Քեզ գրքից բաժանող մի քանի քայլն անցնում էիր օլիմպիական արագությամբ՝ կարծես վախենում էիր, որ մինչև հասնես, մեկը կտանի, կամ գիրքը թևեր կառնի, կթռնի։ Հասնում էիր ու երկու ձեռքով ամուր բռնում։ Վերջ, էլ չի փախնի.

-Ի՞նչ արժի։

-Երեք ռուբլի քսան կոպեկ,- անտարբեր ձայնով ասում էր վաճառողը, ասես՝ ամեն օր «Ոսկե հորթ» էր ծախում։

Ձեռքդ տանում էիր գրպանդ, որ փողը հանեիր, մեկ էլ նկատում էիր, որ գրքի մեջ մի ուրիշ գիրք ա խցկած՝ Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի 200-էջանոց ելույթը ՍՄԿԿ XXV համագումարին՝ 15-20 էջանոց ծափերով ու ճշգրտված բաղաձայներով։ Ուզու՞մ ես «Ոսկե հորթն» առնես, Բրեժնևին էլ հետը առ։

Ու Իլֆ-Պետրով-Բրեժնևին թևիդ տակ դրած, Լեոնիդ Իլյիչին Շուրա Բալագանովի ու Պանիկովսկու արանքը խցկած, դուրս էիր գալիս խանութից։ Հասնում էիր տուն, Բրեժնևին դնում էիր ունիտազի գլխին (էն տարիներին զուգարանի թուղթը մամուլներով էր չափվում), իսկ դու փորի վրա պառկում էիր բազմոցին, բացում էիր «Ոսկե հորթի» առաջին էջն ու ընկղմվում Օստապ Բենդերի զարմանահրաշ իրականության մեջ։

Էսօր, իհարկե, վիդեոների արանքը խցկվող էդ գովազդները հնարավոր չի ունիտազի գլխին դնել՝ էդ գործողության վիրտուալ տարբերակը դեռ չեն ստեղծել, բայց, որ ոչնչով դրանից ավելին չեն, էդ՝ հաստատ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 11117

Մեկնաբանություններ