ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թշնամու գլխովին ջախջախումն է մեզ իրական խաղաղության երաշխիքներ տալու

Թշնամու գլխովին ջախջախումն է մեզ իրական խաղաղության երաշխիքներ տալու
12.05.2023 | 22:10

Արդեն մեկ ամիս է, որ թշնամու սադրիչ գործողությունների հետևանքով Սոթքի ոսկու հանքը չի աշխատում: Այն Վարդենիսի տարածաշրջանի խոշորագույն գործատուն է, և Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուներից մեկը:

Հանքի աշխատանքը վտանգվել է այն պահից, երբ գործող վարչակազմը գրչի մի հարվածով թշնամուն հանձնեց անառիկ Քարավաճառի շրջանը, և թշնամին «զբոսնելով» մտավ հանքի տարածք, վկայակոչելով սովետական տարիների քարտեզները (որոնցով ինքը երբեք սակայն իրեն չի կաշկանդել):

Արդյունքում հանքի տարածքը հայտնվել էր առաջնագծի երկու կողմում, և մեր կողմում մնացած մասն աշխատում էր միայն ռուսական միջամտության շնորհիվ (հանքի ներկա շահագործողը ռուսական ԳեոՊրոՄայնինգ ընկերությունն է): Այժմ, երբ Ռուսաստանը թուլացել և կաշկանդված է ՈՒկրաինայում մղվող պատերազմով, Ադրբեջանը թերևս խնդիր է դրել ամբողջովին գրավել ոսկեբեր հանքի տարածքը, և այն փոխանցել իր թուրք կամ բրիտանացի հովհանավորներին:

Երեկ այս ուղղությամբ թշնամին արեց հերթական քայլը՝ երկրի ղեկավարների նախատեսվող հանդիպումից ընդամենը երեք օր առաջ, փորձեց նախահարձակ գործողություններով սադրանք իրականացնել Սոթքի ուղղությամբ: Ինչպես մինչ այդ հաճախ է տեղի ունեցել այս հատվածում, թշնամին լուրջ դիմադրություն չի սպասել, և անհարկի ինքնավստահություն է ցուցաբերել: Ի հեճուկս թշնամու ինքնավստահությանը, հայկական կողմը ոչ միայն այս անգամ տեղյակ է եղել պատրաստվող սադրանքի մասին իրականացված հետախուզական գործողությունների շնորհիվ, այլև պատրաստվել է լուրջ դիմադրության:

Արդյունքում, երեկ օրվա առաջին կեսին Սոթքի հատվածում ծանր մարտ է տեղի ունեցել, որտեղ թշնամին օգտագործել է հրետանի և ականանետեր, օդ են հանվել նաև «Բայրաքթարները», մեր դիրքերը եղել են ինտենսիվ կրակի տակ: Սակայն մեր զինվորները ոչ միայն չեն ընկրկել, այլև կոշտ հակահարված են հասցրել թշնամուն: Ըստ թշնամական կողմի բաց աղբյուրների, տվել են 5 զոհ, մինչև 20 վիրավոր, շարքից հանվել է 4 միավոր ռազմական տեխնիկա:

Հայկական կողմը զոհեր կամ դիրքային կորուստներ չի ունեցել:

ՈՒշագրավ է նաև, որ թշնամին շտապել է հայտարարել, որ հայկական կողմը իրանական ԱԹՍ-եր է օգտագործել: Մեր ՊՆ-ն հերքել է իրանական ԱԹՍ-երի կիրառումը, բայց չի հերքել, որ սեփական ԱԹՍ-եր է կիրառել: Դեռ դեկտեմբերին ես գրել էի այն մասին, որ մեր բանակը սկսում է ձեռք բերել հայկական արտադրության ԱԹՍ-եր, և կարծես երեկ նրանք իրենց առաջին հաջող ներդրումն են կատարել թշնամուն սաստելու գործում: Կարևոր դեր է խաղացել նաև մեր կողմից ժամանակակից հետախուզական միջոցների առկայությունը, որը հնարավորություն է տվել ժամանակին տեղորոշել թշնամական տեխնիկայի շարժը, և ճշգրիտ խոցումներ իրականացնել:

Այսպիսով, թշնամու երեկվա սադրանքը ձախողվել է, և սա տեղի է ունեցել բանակցություններից տառացիորեն երեք օր առաջ: Արդյոք դա կբերի՞ նոր էսկալացիայի, թե՞ ընդհակառակը, թշնամին կլռի առժամանակ, դեռ դժվար է ասել՝ բոլոր դեպքերում սա տեղային բախում էր, և չի կարելի նրա արդյուքներից միարժեք ռազմաքաղաքական հետևություններ անել, հաշվի չառնելով նաև տարածաշրջանային ողջ համայնապատկերը՝ մոտալուտ ընտրություները Թուրքիայում, ուկրաինական պատերազմում լարվածության աճը, Իսրայելա-արաբական կտրուկ սրումը, և այլն: Սրանք բոլորը անմիջական կամ միջնորդավորված կապ ունեն նաև մեզ հետ, և ազդում են թշնամու վարքագծի վրա:

Պետք է արձանագրել սակայն, որ սկսած Տեղ գյուղի դիրքերում տեղի ունեցած միջադեպից, սահմանագծում սկսել է իրավիճակ փոխվել՝ հայկական զինված ուժերը սկսել են կոշտ հակահարված տալ թշնամուն, հրամանատարները տեղում սկսում են իրենց վրա պատասխանատվություն վերցնել թշնամուն սաստելու, իսկ զինվորներն էլ խիզախության նոր օրինակներ են ցույց տալիս: Այս ամենին նպաստում է նաև բանակում հայտնվող նոր հայկական սպառազինությունը, կամավորների և աշխարհազորայինների ակտիվ օժանդակությունը, և մեր հասարակության մեջ աճող գիտակցությունը, որ միայն թշնամու գլխովին ջախջախումն է մեզ իրական խաղաղության երաշխիքներ տալու:

ՈՒստի ամփոփելով ակնարկս, ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն հրամանատարներին և զինվորներին, որոնք այս օրերին իրենց վրա ծանր պատասխանատվություն են վերցրել պաշտպանելու հայրենիքի սուրբ հողը, և պատվով կատարում են իրենց պարտքը: Սոթքի պաշտպանների երեկվա մարտական սխրանքը պետք է այսօր մեր ողջ ժողովրդին ոգևորի, և ես համոզված եմ, որ հայրենիքի պաշտպանության շուրջ համախմբվելով և միասին պայքարելով, մենք արդեն մոտ ապագայում կարձանագրենք մեր առաջին լուրջ հաղթանակները: Մինչ այդ, արագ ապաքինում եմ ցանկանում մեր վիրավորներին, և անփորձանք ծառայություն մեր բոլոր զինվորներին:

Աստված պահապան բոլորին:

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 2615

Մեկնաբանություններ