«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Իրապես ժողովրդականը 70 տարեկան է

Իրապես ժողովրդականը 70 տարեկան է
18.01.2024 | 15:43

Ասել, որ նա իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրաբերել է ազգային մշակույթի պահպանմանը և տարածմանը, որ մեծագույն ավանդ ունի աշխարհասփյուռ ազգիս հայապահպանության գործում, կնշանակի չասել գրեթե ոչինչ: Որովհետև, անհնար է մի քանի տողով, կամ մի քանի էջով ներկայացնել այն վիթխարի և հիրավի անգին ժառանգությունը, որը կուտակվել է նրա ապրած կյանքի ընթացքում:

Զերծ մնալով արվեստաբանին և ազգագրագետին հարիր մտքեր ձևակերպելու միջոցով այդ ժառանգությունը վերլուծելու և գնահատելու, գայթակղությունից, այնուամենայնիվ ինձ թույլ տամ ասել, որ ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆ արվեստագետ - գիտնականի բեղմնավոր գործունեության ձեռքբերումները դարձել են հայ ազգային ինքնության հիրավի անքակտելի և կենսական բաղադրիչները:

Ժամանակի հայտնի բանասեր, աշխարհագրագետ, «Մխիթարյան միաբանության» անդամ Ղուկաս Ինճիճյանը

19-րդ դարասկզբին շրջագայության ընթացքում հյուրընկալվել է Ալաշկերտ գավառի Մոլեսման գյուղում և իր գրառումներում այն կոչել է «գիւղ մեծ հայոց»:

Դա այն գյուղն է, որտեղից Մկրտիչ անունով 14-ամյա մի պատանի 1830 թ. գաղթել է Արևելյան Հայաստան: Այդ իրադարձությունից 124 տարի անց պետք է ծնվեր նրա թոռան թոռը՝ Թովմաս Պողոսյանը, որն իր ապրած արգասավոր կյանքով արժանիորեն պետք է իր տեղն զբաղեցներ հայ ՄԵԾԵՐԻ շարքում, վերստին հաստատելով հեղինակավոր հայի խոսքերի ճշմարտացիությունը:

Նա որդին է Գևորգի, թոռը՝ Սիմոնի, ծոռը՝ Հարությունի և ինչպես վերևում նշեցի, թոռան թոռը՝ Տեր-Մկրտիչի և ազգանունը նրա մինչ խորհրդային հասարակարգ

Տեր-Պողոսյան էր: Այդ մեծաքանակ տոհմի անխտիր, յուրաքանչյուր անդամ իր համար մեծ պատիվ է համարում լինել Թովմաս Պողոսյան մեծության տոհմակիցը: Նրան սիրում և մեծարում է Տաշիրի տարածաշրջանի ողջ բնակչությունը՝ որի Սարչապետ գյուղում են շարունակություն առել նրա մոլեսմանյան արմատները:

Բազմաթիվ հիշողություններ ունեմ նրա հետ կապված, սակայն մի եղելություն անջնջելի հետք է թողել հիշողության իմ խորապատկերի վրա:

2015 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, վաստակաշատ երեք հայորդիների հետ, «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով էր պարգևատրում նաև իմ պապի պապ Մկրտիչ Տեր-Պողոսյանի թոռի թոռանը՝ Թովմաս Պողոսյանին: Հենց հիմա, այդ մասին գրելիս, ինձ կրկին համակում է անկառավարելի հուզմունքի զգացումը՝ որպես իմ տոհմակցի մեծարանքի պատմական իրադարձության կենդանի վկայի:

Ափսոսալի է, որ նրա 70-ամյա հոբելյանը համընկել է պատմական այս աղետալի ժամանակաշրջանի հետ և համազգային այս դեգրադացված մթնոլորտում գրեթե անհնար է հավուր պատշաճի տոնել այն: Սակայն, ինչպես Ջիվանին կասեր՝ «փորձանք, հալածանք և նեղություն ազգերի գըլխից, ինչպես ճանապարհի քարավան` կուգան ու կերթան», և անպայման կգա ժամանակ, երբ «եկած անկիրթ ցեղերը թափառական՝ կերթան» և «երկիրը ուսյալ զավակին կփայփայի մոր պես»: Ամենով հանդերձ, ոչ-ոք և ոչինչ ի զորու չէ ստվերելու նրա նկատմամբ ցուցաբերվող, արժանապատվորեն վաստակած համազգային սիրո, հարգանքի և մեծարանքի դրսևորումները, որոնք նրա կյանքի անբաժան ուղեկիցներն են դարձել: Դա հնարավոր ամենաբարձր գնահատականն է նրա կյանքին և գործին և դա է նրան դարձնում իրապես ժողովրդական:

Շնորհավոր ծննդյանդ տարեդարձը՝ մեծահարգ մաեստրո:

Շնորհավոր 70-ամյակդ՝ Թովմաս Տեր-Պողոսյան:

Ամենայն սիրով և պատկառանքով՝

Արգամ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5374

Մեկնաբանություններ