Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, այն նույն Լուկաշենկոն, որին վերընտրվելու առթիվ շտապեց պաշտոնապես շնորհավորել «դիկտատորների դեմ պայքարող հեղափոխական մարտիկ» Փաշինյանը, և 2018-ին ու 2019-ին հրապարակավ հայտարարում էր, թե անձամբ համոզում էր Սերժ Սարգսյանին, որ նա «կովկասյան թաթարներին» հանձնի Արցախի շրջակա ընդամենը հինգ շրջանը։ Բայց Սերժ Սարգսյանը, ով էլ և ինչպես էլ վերաբերվում է Հայաստանի երրորդ նախագահին, միշտ կտրականապես հրաժարվում էր։ Թե ինչին չէր համաձայնում նա՝ հինգ շրջանը հանձնելու պահանջին, թե այն բանին, որ ինքը պատմության մեջ կմտնի որպես դավաճան և վախկոտ, թող Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ինքն ընտրի։ Իսկ ահա Փաշինյանը...
Արցախին ու Հայաստանին, այո, նաև Հայաստանին դավաճանեցին։ Դավաճանները կանխորոշեցին պատերազմի ելքը։ Մեր հասարակությունը դատապարտված է իրական գնահատական տալու այն ամենին, ինչը տեղի է ունենում։ Ամեն ինչի մասին չես կարող գրել ու ասել «բաց եթերում»։ Մեր փոխարեն, Հայաստանի քաղաքացիներ, դա ավելի հաճախ անում են այլ պետությունների հայ քաղաքացիները։ Ես մի բան կասեմ. իշխանության գալով՝ մեր երկրի այսօրվա կառավարիչները երդվելով հավաստիացնում էին, որ Արցախի հիմնախնդրում հրաժարվում են «նախկին իշխանությունների ողջ ժառանգությունից» և «կսկսեն զրոյից»։ Եվ այդ խոստումը Հայաստանի իշխանությունները նույնիսկ գերակատարեցին. այժմ հայ ժողովուրդը նույնիսկ ոչ թե զրոյական կետում է, այլև «զրոյից ցածր» է Արցախի հարցում։ «Զրոն» այն իրավիճակն էր, որ կար 2018 թ. ապրիլի 23-ին։
Եվ Հայաստանի, և Արցախի «ժողովրդավարորեն ընտրված» քաղաքացիական իշխանությունները սնանկացած են և ապացուցել են իրենց մասնագիտական անպիտանությունը։ Այդ իշխանություններից որևէ դրական, հավատ ու հույս ներշնչող բան ակնկալելն անօգուտ է։ ՈՒ քանի որ «զրոյից ցածր» իրավիճակն ավելի ու ավելի է մտնում յուրաքանչյուր հայ ընտանիք, արդեն պետք է մտածել, թե մեր երկու հանրապետություններն ինչպես հանենք «մինուսային» վիճակից։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում, ցավալիորեն հիշեցնում է 1992 թ. ամառը։ Այսօրվա երիտասարդությանն այդ վիճակն անծանոթ է. նա համեմատաբար կայուն վիճակում է ապրել։ Իսկ մեզ՝ ավելի տարեցներիս, որոնց երիտասարդության ժամանակ եղավ Արցախյան առաջին պատերազմը, ամեն ինչ ակնհայտ ու հասկանալի է։ Մենք հիանալի ենք հիշում, թե ինչ դժվարությամբ տրվեց բեկումն այն պատերազմում։ Այն պատերազմը շատ քիչ էր տարբերվում այսօրվա պատերազմից. կենդանի ուժի թվական գերազանցությունը թուրքերի կողմն էր, տեխնիկայինը թուրքերի կողմն էր, կրակում էին բնակելի տների, հիվանդանոցների, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Այն էլ ինչպես էին կրակում. Ստեփանակերտը գրեթե ամբողջությամբ ավերված էր, մյուս բնակավայրերի մասին ավելի լավ է ընդհանրապես չխոսել։ Հա, «Սմերչների՞ց» չէին կրակում։ Բայց «Գրադներն» էլ պակաս չէին իրենց հրթիռները թափում արցախցիների տների ու գլուխների վրա։ 1991-94 թթ. թուրքերը տիրում էին երկնքում, իսկ մեր տղաները շատ քիչ բան ունեին ՀՕՊ-ի միջոցներից, երևի միայն վերհիշենք, որ բոլորը փնտրում էին այն հասարակ տղային, որն առանց որևէ զինվորական կրթության ինքն էր սովորել օդային թիրախների վրա կրակել «Ստրելաներից»...
Ի՞նչն այն ժամանակ փրկեց բոլորիս, ոչ միայն Արցախը։ Առաջին հերթին այն, որ Ստեփանակերտում ստեղծեցին ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտե՝ ժամանակավորապես «սառեցնելով» քաղաքացիական իշխանությունը։ Դրանից հետո էլ պատերազմը շարունակվում էր, և եղան նշանակալի հաղթանակներ «կովկասյան թաթարների» կողքին կանգնած նույն հրոսակային «ինտերնացիոնալի» նկատմամբ։ Փաշինյաններն ու նրանց ջահել զոմբիկները չեն հիշում կամ չգիտեն դա։ Հիշեցնենք. 90-ականներին հայերին սպանում էին. 1) ադրբեջանական բանակը, 2) թուրքական «Գորշ գայլերի» ահաբեկիչները, 3) պակիստանցի ռազմական օդաչուները, 4) աֆղանստանցի մոջահեդները, Գյուլբեդին Հեքմաթիարի և նոր ծնվող «Թալիբան» խմբավորման բանդիտները, 5) ուկրաինական բանդերականները, 6) Բասաև եղբայրների, Ռադուևի և չեչենական այլ ահաբեկիչները, 7) լիտվացի դիպուկահարուհիները... Եվ ի՞նչ, մենք այն ժամանակ «քանակո՞վ էինք ուժեղ»։ Ոչ, այն ժամանակ էլ մարդկանց, տեխնիկայի, զինամթերքի պակաս կար, ուղղակի փաշինյաններ չկային անգամ իշխանության մերձակա մայթերին, կային դեմքեր, կային մարդիկ։ Իսկ հիմա... Իշխանությունում չկան մարդիկ։ Դա փաստ է։ Իշխանությունում ինչ-որ մարդկանց հրամանները կատարողներ են։ Եվ Հայաստանի ամեն քաղաքացի լավ գիտի, թե ինչ են անվանում դրանց։
Փաշինյանն ու նրա կամակատար Արայիկ Հարությունյանը համաձայնել են յոթ (7) շրջանը հանձնելուն ու նվիրել նաև Շուշին։ Այսինքն, հանձնել են նաև ութերորդ շրջանը, որի մասին ոչ ոք ու երբևէ (բացի թուրքերից) նույնիսկ ծպտուն չէր հանել։ Դա՞ է «հայկական հեղափոխության մեծ ու երջանիկ ապագան», դա «նոր Հայաստանն» ու «նոր Արցա՞խն» են։ Մեր մեծամասնության զավակներին ու թոռներին այդպիսի «երջանկությունը» նույնիսկ Աստծո ահեղ դատաստանի ժամանակ պետք չէ։ Փաշինյան և Արայիկ Հարությունյան, թող ձեր զավակներն ու թոռներն անգամ մնան թուրքերի ստրուկները, չքվեք մեր ազգից։ Կապիտուլյացիայի տակ ստորագրած մարդիկ դատվում են. այդպիսին է միջազգայնորեն ճանաչված գործելակարգը։ Որպես կանոն, նրանց դատում են ոչ թե սեփական ժողովուրդները, այլ հաղթողները։ Այնպես որ, սպասում ենք։ Օրինակ, Սադամ Հուսեյնին կախաղանի դատապարտեցին ոչ թե իրաքցի շիաները, այլ Իրաքի ամերիկացի օկուպանտները։ Իսկ թե Հուսեյնի պարանոցին ով գցեց սուր ծայրերով մետաղալարե սեղմօղակը, այն էլ այնպես, որ կախելուց հետո գլուխն անջատվեց պարանոցից, այնքան էլ կարևոր չէ։ Դահիճ կարող էր լինել և շիան, և քուրդը, և ամերիկացին։
Ի՞նչ ունենք այսօր։ Ազգի կոտրված ողնաշար, ընդ որում մեր ողնաշարը կոտրվել է ոչ թե թշնամու կողմից և նույնիսկ ոչ թե ռազմաճակատում մեծ կորուստների պատճառով. կոտրվել է հայկական անուններով ու ազգանուններով անձանց կողմից։ Եվ պետք չէ «նախկինների» վրա գցել. վերջին ավելի քան 2 տարում հարկավոր էր ամրապնդել համագործակցությունն ավանդական դաշնակիցների հետ, ոչ թե նրանց հավասարակշռությունից հանել Իսրայելում դեսպանություններով կամ ԱՊՀ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խարդախ ձերբակալությամբ։ Սրանք միայն օրինակներ են, թե ինչ հիմարություններ են արել և անում «հեղափոխականները»։ Նույնիսկ հիմա։ Նոյեմբերի 12-ին շատերը կարդացին, որ նախօրեին ձերբակալված բոլոր քաղաքական գործիչները հայտարարել են, որ իրենք քաղբանտարկյալներ են։ Եվ դա այդպես էլ կա. եթե 2008 թ. ստեղծված իրավիճակը, երբ հնարավոր դարձավ 10 հոգու սպանությունը, Փաշինյանն իրենից հեռու վանեց, այսօր բանտ նետված քաղգործիչներն ընդհանրապես ոչինչ չեն արել, բացի այդ, ոչ ոք չի սպանվել, իսկ Փաշինյանը վաղօրոք փախել է իր «սիրելի» ժողովրդի ցասումից։ Փաշինյանը վաղուց է պատճենում իր սիրելի ուսուցիչ ու կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանի գործելաձևը, որը կիրառվել է ընդդիմադիրների դեմ 1996 թվականին։ Նիկոլ, տերպետրոսյանական հեղաշրջումից ու ՀՀՇ-ի լկտիությունից քիչ ժամանակ է անցել, և Տեր-Պետրոսյանի դիկտատուրան տապալվել է։ Մի՞թե մոռացել ես։ 1998 թ. հունվարին քո կուռքերի ու քաղաքական դաստիարակների տապալումն էր։
1998 թ. հունվար. Արցախի Հանրապետությունը կա և օրեցօր ուժեղանում է։ 2020 թ. նոյեմբերի 12-ին Արցախի Հանրապետությունն այլևս չկա, ինչ բառերով և ինչպես էլ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը «բացատրեն» իրավիճակը։ Նրանք ուղղակի ստում են, երբ քարոզում են (ընդ որում՝ այժմ նույնիսկ իրենց կողմնակիցներին կամ զոմբիացվածներին), թե «ամեն ինչ լավ է լինելու», «համախմբվեք մեր շուրջը և մենք միասին...»։ Դուք խելքներդ թռցրե՞լ եք, Փաշինյան ու Հարությունյան։ Կապիտուլյացիա ստորագրածները պետք է հեռանան։ Նմանների շուրջը կարող են համախմբվել միայն, պատկերավոր ասած, էսեսականները, որոնք անգամ Բեռլին խորհրդային զորքերի մտնելու մասին հայտարարությունից հետո, և նույնիսկ Հիտլերի ինքնասպանության մասին հայտարարությունից հետո, շարունակում էին պնդել, թե «ֆյուրերը կենդանի է», և իրենք՝ էսեսականները. «ֆյուրերի հավատարիմ շներն են»... 1945-ից հետո Գերմանիան օկուպացվել է, և նախկին դաշնակիցները միլիարդներ են ներդրել նրա ավերված տնտեսությունը վերականգնելու համար. «մրցակցություն» էր ընթանում, գաղափարական պատերազմ։ Այո, հենց պատերազմ, «թուրքերի հետ խաղաղության» սիրահարներ։ Պարզվեց, որ հայերի մեջ այդպիսիք քիչ չեն... Ահա թե ինչն է մեր ազգի աղետը. մեր մեջ թուրքեր կան։ Եվ նրանք մեզ ատում են, հանգիստ սրտով մեզ զոհաբերում են թուրքական յաթաղանին։
Բացատրել, թե ինչու Գերմանիայի օկուպացման ամերիկյան գոտում 20-րդ դարի 60-ական թվականներին «տնտեսական հրաշք» կատարվեց, ավելորդ եմ համարում։ Միայն խելազուրկ մարդիկ կարող են չիմանալ, որ դաշնային Գերմանիայից «թնդանոթի միս» էին պատրաստում ԽՍՀՄ-ի հետ ինչ-որ ապագա պատերազմի համար։ Նույն բանի համար էին միլիարդավոր դոլարներ ներդնում կապիտուլացված Ճապոնիայում. ևս մեկ «թնդանոթի միս» ԽՍՀՄ-ի հետ սպասվող ապագա պատերազմի համար։ Ճիշտ է, Հեռավոր Արևելքում ևս մեկ «գրգռիչ» կար՝ Չինական Ժողովրդական Հանրապետությունը։ Այսինքն, միջուկային, այդ թվում՝ ջրածնային, հետո՝ նաև նեյտրոնային զենքով ծանրաբեռնված հսկա երկրները իրենց օկուպացիայի գոտիներից պարզապես պատերազմի ապագա գոտիներ էին պատրաստում։
Արցախի նախկին հանրապետությունը նույնպես օկուպացվում է երկու «ճամբարի» կողմից։ Մեծ մասն օկուպացված է... Թուրքիայի կողմից։ Այո, Թուրքիայի հարցով չարժե խաբկանքի մեջ ընկնել։ Փոքր մասն օկուպացված է ՌԴ-ի 2000 դեսանտայինների կողմից։ Ով ինչպես ուզում է, թող մեկնաբանի, բայց դա օկուպացիա է։ Թե ինչ կլինի վաղը, չեն կարող իմանալ անգամ նրանք, ովքեր համաձայնել են այդ կապիտուլյացիային ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում։ Հիմա թուրքերը, զգալով հայերի արյան հոտը, ձգտում են, որ իրենց մտցնեն Արցախի ներսի «խաղաղապահների» կազմի մեջ։ Կրեմլը պատասխանել է, թե դա, իբր, որոշում են Հայաստանն ու «Բաքվի հանրապետությունը»։ Հասկանալի է, թե ինչ կարելի է սպասել Բաքվից։ Իսկ Երևանի նկատմամբ այսօր ոչ մի ազնիվ ու հայրենասեր չունի և չի կարող ունենալ որևէ վստահություն։ 1993 թ., երբ նույնպես թուրքերը ձգտում էին ցանկացած ցուցանակի ներքո մտնել Արցախ, վերջինս, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ, կտրականապես պատասխանեց. «Ո՛չ թուրքերին ու Թուրքիային»։ 2020 թ. Արայիկ Հարությունյանը շողոքորթելու է Թուրքիային ու թուրքերին՝ հավանաբար սպասելով, թե՝ «իսկ ի՞նչ կասեն Երևանից», ավելի ճիշտ՝ ինչ կհրամայի իր «տերը»՝ Փաշինյանը։ Ավաղ, Արայիկ Հարությունյանն արդեն ինքնուրույն նախագահ չէ... Կամ էլ արդեն ոչ թե նախագահ է, այլ օկուպացիոն ուժերի ժամանակավոր ներկայացուցիչ։ Ժամանակը ցույց կտա։
Ոչ ոք, լսու՞մ եք, ոչ ոք իր փողերը ռիսկի չի ենթարկի օտարների կողմից օկուպացված տարածքի «տնտեսության վերականգնման» համար։ Մանավանդ որ Բաքուն սպառնում է ռուսական օկուպացիայի գոտի և իր օկուպացիայի գոտի բերել «բաքվեցի կառավարիչների»։ ԱՄՆ-ը «Մարշալի պլան» չի ստեղծի փաստացի թուրքական «նոր հողերի» համար։ Թուրքերը կսպասեն... Միայն այն բանից հետո, երբ մենք այնտեղ չենք լինի, նրանք կբերեն (ինչպես Հյուսիսային Կիպրոսում) իրենցը, իրենց թուրքերին և կզբաղվեն տնտեսությամբ ու ենթակառուցվածքներով։ Ռուսաստանը հնարավորություն չունի զբաղվելու ձեր հոգսերով, Արցախի հայեր։ Սեփական խնդիրներն է դժվարությամբ լուծում, հավելած Սիրիան, հեռանկարում՝ պատերազմների բռնկումը Դոնբասում և Մերձդնեստրում։ Իսկ այնտեղ հայեր չեն, յուրայիններ են, սլավոններ և այլ ռուսախոսներ։ Այնտեղ ռուսական փողերն ավելի շատ են պետք։ Եվրամիությու՞նը։ Եվրոպայում «կորոնավիրուսի աշնանային բռնկումն է». ինքներդ զբաղվեք ձեզնով, հայեր։
Դժվար է գրել այդ մասին, հայրենասեր հայրենակիցներ։ Բայց դա այն բանի գինն է, որ Հայաստանում գրանցված ընտրողների 51 %-ը լռելյայն հնարավորություն տվեց, որ մեր հասարակության ճղճղան ու լկտի փոքրամասնությունը մեզ, մեր երեխաներին ու թոռներին դատապարտի ապրելու Փաշինյանի իշխանության ներքո։ Մեր հասարակությունն իսկապես փտել է. չցանկացավ միջամտել «մարդկանց վրա կատարվող այդ փորձերին»։ Այդ փորձը դարձյալ, ինչպես 1917 թ., կոչեցին «հեղափոխություն»։ Այնտեղ, որտեղ այդ «հեղափոխությունն» է, չկա Աստված, չկա Հավատ։ Առանց Աստծո և Հավատի հասարակությունն արդեն ազգ չէ։ Ով իր համար այդպիսի ապագա է ցանկանում, թող նստի ու լռի տարիներով։ Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր այդպիսի ապագա չեն ցանկանում։ Սկզբում սովորեք ինքնուրույնաբար մտածել։
Արայիկ Հարությունյան, եթե հայ եք և իրապես ուզում եք բեկում մտցնել պատերազմում, պարտավոր եք ստեղծել Արցախի պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ) և կառավարման բոլոր լծակները հանձնել զինվորականներին։ Համապատասխանաբար, Հայաստանի իշխանությունները պարտավոր են ենթարկվել ու վանել արտասահմանի և օտարերկրյա դեսպանությունների բոլոր «խորհրդատուներին»։ Պատերազմի ժամանակ քաղաքացիական իշխանությունը հարկավոր չէ. հարկավոր են գրագետ ու փորձառու զինվորականներ, թեկուզ պահեստազորից, թեկուզ ոչ Հայաստանից ու Արցախից։ «Զրոն» այդ ժամանակ և այդ հարցում էլ է «զրո», ուրեմն վերադարձեք այն գործոնին, որը բեկում մտցրեց 1991-94 թթ. պատերազմում։ Ամեն ինչ պետք է փոխադրվի «ռազմական ռելսերի» վրա։ Որովհետև ոչ մի տեսակի խաղաղապահներ մեզ չեն փրկի։ Օրինա՞կ եք ուզում։ Խնդրեմ. Կոսովոյի և Մետոխիայի տարածքը բալկանյան թուրքերին (ալբանացիներին) հանձնելով, ՆԱՏՕ-ի խաղաղապահներն օգնում էին ուղղափառ բնակչության արտաքսմանն այնտեղից։ Այսինքն՝ ցեղասպանությանը։ Մեզ հետ նույնն արեցին, կրկնվեց նույնիսկ դավաճանությունը, սցենարը նույնն է, ինչ նախկին Հարավսլավիայում։ ՈՒստի մեր ժողովրդին արդեն այսօր հարկավոր է հայրենասեր զինվորականների իշխանությունը, ոչ թե նրանց, ովքեր իրենց արատավորել են Հայաստանի և Արցախի իշխանությունների կազմակերպած դավաճանությանը մասնակցելով։ Ինչու՞ է այդ ամենը պետք։ ՈՒրիշ պատերազմ կգա, հայեր ու հայուհիներ։ Չերչիլն ասում էր. «Ով խաղաղություն է ուզում, նույնիսկ խայտառակության գնով փորձելով խուսափել պատերազմից, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»։ Զարմանալի է, որ դա չգիտեն Փաշինյանը կամ նրա խամաճիկը՝ Երևանում` «անգլիական թագուհի» Արմեն Սարգսյանը։ Տեղական մասշտաբի գործարարը Ստեփանակերտում կարող էր և չիմանալ դա, բայց Լոնդոնում երկար տարիներ «հաստատվածի» կամ պատվիրված ու վճարված հոդվածներ գրելու փորձ ունեցող լրագրողի համար դա չիմանալն արդեն նրանց անձնական խայտառակությունն է։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ