Այստեղ արժե մեջբերել մինչև հոկտեմբերի կեսերն ԱՄՆ-ից ստացված գնահատականները։ Լեռնային Ղարաբաղի պատճառով Ադրբեջանի և Հայաստանի զինված հակամարտության վերսկսումը ԱՄՆ-ը և Թուրքիան դնում է վեճի հակառակ կողմերում, բայց ոչ այնքան, որքան կարող է թվալ դիտորդների մեծամասնությանը, թուրքական տեղեկատվական-վերլուծական «Ահվալ» լրատվամիջոցում հոկտեմբերի 13-ին գրել էր ամերիկացի քաղաքական մեկնաբան Էդվարդ Սթաֆորդը։ Չնայած ԱՄՆ-ում ազդեցիկ հայկական լոբբիի կոչերին, Սպիտակ տունը խուսափում է հօգուտ հայկական կողմի ընտրությունից և դրա փոխարեն միացել է ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներին՝ Ռուսաստանին և Ֆրանսիային, որոնք կողմերին մղում են բանակցությունների, նշում է հեղինակը։ Հաշվի առնելով ԱՄՆ-ից, ՌԴ-ից և Ֆրանսիայից բանակցությունների կողմնակիցների պատմական կապերը Հայաստանի հետ, ինչպես նաև նրանց սահմաններում առկա և նրանց ներքին քաղաքականության մեջ ներգրավված հայկական սփյուռքի շատ քաղաքացիների ներկայությունը, զարմանալի չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշեց ցնցել Ղարաբաղի իրադրությունը, թեև դրանով կարող է փոթորիկ հնձել՝ բռնության սերմեր ցանելով, շարունակում է Սթաֆորդը։
Իսկ ահա Թուրքիայի նախագահ Էրդողանը հնարավորություն տեսավ դիմակայելու դեպի Երևանի կողմը Մոսկվայի ենթադրյալ կամ իրական թեքմանը՝ պաշտպանելով Ալիևի հայտարարությունները և նրան մատակարարելով զենք, անօդաչուներ, Սիրիայից և այլ երկրներից ներգրավված զինյալների։ Էրդողանը նաև հնարավորություն է տեսնում նվազեցնելու Ռուսաստանի ազդեցությունն Ադրբեջանում, հնարավոր է՝ միաժամանակ իջեցնելով Թուրքիայի կախվածությունը ռուսական նավթից։ Նավթի ներմուծման մի քանի տարբերակների առկայությունը ձեռնտու կլիներ Թուրքիային։ Էրդողանի կողմից Ադրբեջանի պաշտպանությունը լավ է ներգծվում նաև իր մասին նրա՝ որպես «ոչմուսուլմանների ձեռքից տառապող» բոլոր մուսուլմանների գլխավոր ձայնի, պատկերացման մեջ։ Թուրք նախագահը սիրում է իր կողմնակիցների առաջ իրեն պատկերել որպես իսլամական աշխարհի քաղաքական առաջնորդ, որը հանդես է գալիս Արևմուտքի «իսլամատյացության» դեմ։
Թեև քրիստոնեությունը ծնունդ է առել Մերձավոր Արևելքում, ինչպես և իսլամը, Էրդողանը ցույց տվեց, որ քրիստոնեությունն ամբողջությամբ և տարածաշրջանի գերազանցապես քրիստոնյա շատ ժողովուրդների համարում է «արևմտյան իմպերիալիզմի արտահայտություն», ինչը շատ քիչ է տարբերվում Իսրայելի հանդեպ նրա վերաբերմունքից, գրում է Սթաֆորդը։ Ալիևի ջանքերի պաշտպանությունը Թուրքիայի կողմից նույնպես լավ է զուգորդվում Անկարան որպես ավագ եղբայր, մնացած բոլոր թուրքական ժողովուրդների հովանավոր ներկայացնելու Էրդողանի փորձերին։ Ճակատագրի հեգնանքով, թրքալեզու ժողովուրդների միջև կապեր հաստատելու նախկին աշխատանքի մեծ մասը եղել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի, որն այժմ Էրդողանի խոր ընդդիմադիրն է, և իսլամական քարոզիչ Ֆեթհուլահ Գյուլենի գործընկերության արդյունքը։ Բայց արդեն մի քանի տարի Էրդողանը երկուսին էլ դիտարկում է որպես թշնամիների։ Թեև այդ գործընկերությունը վերջնականապես դադարեցվել է 2016 թ. Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո, մի քանի նախկին խորհրդային հանրապետություններում թուրքականության զգացում ներարկելու Անկարայի ջանքերը որոշակի հաջողություն են ունեցել։
«Մոսկվան պետք է դա հաշվի առնի, թեև հավանաբար արդեն արել է դա»,- ընդգծում է վաշինգտոնցի վերլուծաբանը։ ԱՄՆ-ի համար Լեռնային Ղարաբաղում բռնություն սադրելու Էրդողանի մոտեցումը ևս մեկ գրգռիչ է իր գործընկերոջ՝ դեյուրե՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակցի հետ հարաբերություններում, որը դեֆակտո իրեն պահում է որպես մրցակից, եթե ոչ որպես հակառակորդ։ «Իհարկե, Վաշինգտոնում Թուրքիայի դեմ կտրուկ տրամադրված մի քանի ձայներ արդեն հայտարարել են, որ Կովկասի հակամարտությունում Թուրքիայի գործողությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ նա հակառակորդ է, և ԱՄՆ-ը նրան պետք է վերաբերվի համարժեքորեն։ Բարեբախտաբար, ոչ նախագահ Թրամփը, ոչ պետքարտուղար Փոմփեոն Թուրքիան ու նրա ժողովրդին չեն նույնացնում նախագահ Էրդողանի հետ»,- ենթադրում է Սթաֆորդը։ Կովկասի վրա ազդեցության քիչ լծակներով և ԱՄՆ-ում հայկական հզոր լոբբիով, ներառյալ մի քանի հայամետ կոնգրեսականները, և «Կապիտոլիումի բլրին ադրբեջանամետ կոնգրեսականների բացակայության պարագայում, Սպիտակ տունը կարող է մի քիչ ավելին անել, քան Կրեմլի ու Ելիսեյան պալատի հետ գործընկերությամբ հանդես գալը բանակցությունների կոչերով։ Հրադադարի ռեժիմի ապահովումը, եթե երկու կողմն էլ չեն պահպանում այն, շատ բանով կախված է լինելու Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումից։ Իսկ ԱՄՆ-ը և Ֆրանսիան երկրորդական դերեր են կատարում»։
Սթաֆորդը մի քիչ խորամանկում է. ԱՄՆ-ում կա ադրբեջանամետ լոբբի։ Պարզապես այն ոչ թե կոնկրետ ադրբեջանամետ կոնգրեսմեններ են, այլ Իսրայելի և Թուրքիայի խոշոր դրամական ողորմությունների վաղեմի հասցեատերերը։ Այնպես որ, Սթաֆորդը նույնիսկ չի խորամանկում, այլ ստում է. հազիվ թե նրան հայտնի չէ, թե ԱՄՆ-ում ում օգտին են գործում իսրայելամետ ու թրքամետ լոբբիստները։ Հիշեցնենք. Վաշինգտոնում ժամանակին մտադիր էին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան նշանակելու Թուրքիայի և Իսրայելի հայտնի լոբբիստ Ռիչարդ Կոզլարիչին։ Դա դեսպան Ջոն Էվանսի հետ կապված սկանդալից հետո էր, այն նույն Էվանսի, որը հրապարակավ (ԱՄՆ-ի պաշտոնատար անձանցից առաջինը) Հայոց եղեռնը անվանեց ցեղասպանություն, ինչի համար ԱՄՆ-ի պետդեպարտամենտը նրան հետ կանչեց Երևանից։ «Այս պահին ենթադրվում է, որ նախագահ Էրդողանը կասի, որ հանդես է գալիս հօգուտ հրադադարի և բանակցությունների, բայց կշարունակի պաշտպանել Ալիևին՝ չնայելով նրա գործողություններին։ Դրանով նա կխորացնի Թուրքիայի մեկուսացումը ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցներից, ինչպես նաև իր ներքին կողմնակիցներին կցուցադրի անկախությունն արտաքին ճակատում։ Եվ նա դա կանի՝ չվախենալով ծանր հետևանքներից։ Ռուսաստանին անհրաժեշտ են իր նավթի ու գազի վաճառահանման շուկաները, այդ պատճառով Թուրքիային, քանի դեռ նա վճարում է, մատակարարումների դադարեցման մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ռուսաստանն առաջինը ռազմական հարված չի հասցնի Թուրքիային և Հայաստանին թույլ չի տա դա անել, քանի դեռ Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ում»,- ամփոփում է Սթաֆորդը։ Նրա ասածին ավելացնենք. ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն էլ չեն հարվածի Թուրքիային, այլապես Վաշինգտոնում և Բրյուսելում կանսային ՆԱՏՕ-ի երկու այլ անդամների՝ Հունաստանի և Ֆրանսիայի պահանջներին։
Վերադառնանք անմիջականորեն պատերազմի գոտու իրադրությանը։ Ինչպես բոլորս գիտենք, ամերիկյան արտադրության F-16 կործանիչները, և հենց Թուրքիայի, ոչ թե ինչ-որ ուրիշ երկրի կործանիչները, պատերազմի առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 27-ին, խախտեցին Հայաստանի օդային տարածությունը։ Հոկտեմբերի 15-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի ԶՈՒ ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Գարի Մովսիսյանը կրկին հաստատեց այդ փաստը. «Ադրբեջանի այն հայտարարությունները, թե Թուրքիան Արցախում չի մասնակցում պատերազմական գործողություններին, սուտ է։ Թուրքական F-16 կործանիչները դեռ հուլիսին էին Վրաստանի օդային տարածությամբ ժամանել Ադրբեջան։ Նրանք մասնակցել են թուրք-ադրբեջանական զորավարժություններին, որից հետո մնացել են Գյանջայի ռազմական օդանավակայանում»։ Ըստ Հայաստանի ՊՆ-ի տվյալների, սեպտեմբերի 27-ին թուրքական F-16-ը խախտել է ՀՀ-ի օդային տարածությունը և խորացել 6 կմ։ Երկու օր հետո՝ սեպտեմբերի 29-ին, թուրքական ՌՕՈՒ-ի մարտական մեքենայի հարվածից խոցվել է Հայաստանի ՌՕՈՒ-ի Սու-25 գրոհիչը, որի օդաչուն զոհվել է։ Հոկտեմբերի 10-ին F-16-ից հարվածներ են հասցվել Կապանի արվարձաններին, Արծվանիկ գյուղում եղել են զոհեր ու վիրավորներ։ Պետք է ենթադրել, որ մեր ՊՆ-ն ձեռքի տակ բավականաչափ ապացույցներ ունի, որ այլևս ոչ ոք չզբաղվի այն հայտարարությունների «ստուգմամբ», թե «Ապշերոնի խանությունը» և Թուրքիան ագրեսիա են ծավալել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի դեմ։ Ես պահանջում եմ, որ և վարչապետ Փաշինյանը, և ԱԳՆ-ն, և ՊՆ-ն ՌԴ-ի ղեկավարության առաջ հարց բարձրացնեն «Մեծ պայմանագրի» համապատասխան կետերը գործարկելու մասին և անհետաձգելի միջոցներ ձեռնարկեն Հայաստանը թուրքերից ու «կովկասյան թաթարներից» պաշտպանելու համար։ Կարծում եմ, որ իմ պահանջը կպաշտպանի Հայաստանի և Արցախի քաղաքացիների առնվազն 99 %-ը։
Երևանում ոչ ոք պարտավոր չէ «նայելու» ԱՄՆ-ին և Իսրայելին՝ և Անկարայի, և Բաքվի գլխավոր հովանավորներին ու «խնամակալներին»։ Հայաստանի իշխանություններ, ժամանակն է արագ ու ճիշտ հասկանալու այն ազդանշանները, որոնք 2020 թ. հոկտեմբերից Մոսկվայից բառացիորեն թափվում են ձեզ վրա։ Հոկտեմբերի 14-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական ռադիոկայանների հետ հարցազրույցում հրապարակավ հայտարարեց. «Մենք երբեք Թուրքիան չենք համարել մեր ռազմավարական դաշնակից, այն շատ սերտ գործընկեր է։ Բազմաթիվ ուղղություններում այդ գործընկերությունն ունի ռազմավարական բնույթ, և իսկապես, մենք աշխատում ենք Սիրիայում, ջանում ենք նպաստել նաև լիբիական ճգնաժամի կարգավորմանը»։ Եվ վերջ. Լավրովի թվարկման մեջ չկան ոչ Արցախը, ոչ Այսրկովկասը, ոչ Բալկանները։
Ի դեպ, ինչպես գրում են ԶԼՄ-ները, ԱՄՆ-ում էլ են թուրքերն ընկել «վատ ցուցակի» մեջ։ Պարզվում է, որ օգոստոսին, երբ Միջերկրական ծովում ընթանում էին ՆԱՏՕ-ի զորավարժանքները, Անկարան «միացրել է» C-400 ԶՀՀ-ների ռադարները և ցուցադրաբար կալանել ՆԱՏՕ-ական այն նույն F-16-ները։ Մենք ՀՕՊ ոլորտի մասնագետներ չենք, բայց պնդում ենք, որ F-16 ինքնաթիռները կործանիչների տիպ են, և դրանք կարելի է խոցել դեռ C-200 ԶՀՀ-ից, ոչ թե C-300 և C-400 ԶՀՀ-ներից։ Հայաստանը վաղուց ունի իր C-300 ԶՀՀ-ները, և չպետք է վախենա թուրքական F-16-ները խոցելուց։ ՈՒրեմն էլ ինչի՞ է սպասում պաշտոնական Երևանը. որ Ռուսաստանը և Իրանը ծունկ չոքեն Փաշինյանի առաջ և նրան աղաչեն, որ իրենց օգնությա՞ն կանչի... Դա չի լինի, Փաշինյան, լավ չեք հաշվում Մոսկվայի և Թեհրանի հնարավոր քայլերը, հատկապես Թեհրանի։
Արցախում պատերազմական իրադրությունը շատ արագ է փոփոխվում։ Արդեն հայտնի է, որ Հայաստանը ՌԴ-ի և Իրանի համապատասխան մարմիններին ապացույցներ է հաղորդել այն մասին, որ Թուրքիան հայերի դեմ օգտագործում է սիրիացի ահաբեկիչներին։ Մեր կողմից ավելացնենք, որ դրանք տեղացի (սիրիացի) թուրքեր են, այսպես կոչված, թուրքմաններ։ Թեև կան նաև արաբներ, քրդեր (քրդերի մասին հոկտեմբերին ասել է ՌԴ արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը) և թուրքազգի ներկայացուցիչներ այլ երկրներից։ Բայց հոկտեմբերի 16-ին շատ նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել. Հայաստանի ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է Երևանում Իրանի զինվորական կցորդ, գնդապետ Բահման Սադեհինի հետ և քննարկել պատերազմի գոտու իրադրությունը։ Հայկական կողմը կրկին նշել է Ադրբեջանի ԶՈՒ-ի գործողություններն Իրանի սահմանից անվտանգ հեռավորության վրա տեղափոխելու անհրաժեշտությունը։ Այվազյանը նշել է, որ, չնայած հայկական կողմի բազմաթիվ նախազգուշացումներին, «կովկասյան թաթարների» զորքերը շարունակում են ուժեր կուտակել և ակտիվ գործողություններ կատարել Իսլամական Հանրապետության հյուսիսային սահմանի երկայնքով։ «Արցախի Պաշտպանության բանակի անունից հայտնվել է, որ եթե նշված տեղամասում իրավիճակը մնա անփոփոխ, ապա հայկական ուժերն իրենց իրավունք են վերապահում խորտակիչ հարվածներ հասցնելու այդ տեղամասում գտնվող ադրբեջանական զինուժին, իսկ հետևանքների ողջ պատասխանատվությունը կկրի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասվում է Հայաստանի ՊՆ-ի հաղորդման մեջ։
Իմանալով իրանական դիվանագիտական կազմի որոշ սովորությունները՝ կարելի է չկասկածել, որ գնդապետ Սադեհինն արդեն հոկտեմբերի 16-ին Հայաստանի ՊՆ-ում զրույցի արդյունքների մասին զեկուցել է Իրանի բանակի և ԻՀՊԿ-ի բարձրագույն հրամանատարությանը։ Հետաքրքիր է, որ նախորդ օրը՝ հոկտեմբերի 15-ին, Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզոդան երեկոյան հատուկ հայտարարությամբ դատապարտել է պատերազմական գոտուց Իրանի սահմանամերձ շրջանին մի քանի հրթիռային հարվածներ հասցնելը։ ԻԻՀ ԱԳՆ-ն նշել է, որ նման միջադեպերի կրկնությունն անթույլատրելի է, և Թեհրանը հարկադրված կլինի իր տարածքի անվտանգության համար ձեռք առնելու բոլոր անհրաժեշտ միջոցները։ «Ցավոք, հոկտեմբերի 15-ի ամբողջ օրը տագնապալի նորություններ էին գալիս այդ առթիվ, ինչը միանգամայն անընդունելի է»,- նշել է Խաթիբզոդան։ Նա միաժամանակ հերքել է «որոշ լուրեր» ԻԻՀ սահմանապահ զորքերի պատասխան գործողությունների մասին, ընդգծելով, որ «սահմանամերձ շրջաններում ապրող իրանցի քաղաքացիների անվտանգության ու խաղաղության պաշտպանությունը մեր զինված ուժերի կարմիր գիծն է, և գնդակոծությունների կրկնման դեպքում Իրանի Իսլամական Հանրապետությունն անտարբեր չի մնա»։ Ով ինչպես ուզի, կարող է մեկնաբանել պարոն Խաթիբզոդայի ասածը, բայց մենք նրա հայտարարության մեջ տեսնում ենք այդ նույն «լուրերի» այն հաստատումը, որ իրանական սահմանապահներն ու ԻՀՊԿ-ն «ինչ-որ բան» են պատասխանել «կովկասյան թաթարներին», եթե արդեն «իրանցի քաղաքացիների անվտանգության ու խաղաղության պաշտպանությունը Իրանի զինված ուժերի կարմիր գիծն է»։
(շարունակելի)
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ