ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հանրային ռադիոյում հայտնված օսմանասելջուկյան ժամացույցների և այն մասին, թե որ ժամով են ճշտում ժամանակը Հանրային ռադիոյում

Հանրային ռադիոյում հայտնված օսմանասելջուկյան ժամացույցների և այն մասին, թե որ ժամով են ճշտում ժամանակը Հանրային ռադիոյում
19.09.2024 | 21:24

Վերջին 5 տարիներին՝ այս ժամով:

Հաջորդ 5 տարիներին էլ, երբ չեղարկենք Հանրային հեռարձակողի խորհրդի բեմադրած «Փոխենք ռադիոյի տնօրեն» կոմեդիան:

Հաստատում եմ. այո, Հանրային ռադիոյի պատերից մեկի վրա նոր ժամացույցներ են հայտնվել, որոնք ցույց են տալիս ժամանակը՝ ըստ տարբեր մայրաքաղաքաների ժամային գոտիների (hյուրանոցների նախասրահներում այդպիսի բան տեսած կլինեք): Այո, դրանցից մեկը Բաքվի ժամանակն է ցույց տալիս, որն ի դեպ նույն Երևանի ժամանակն է, մեկը՝ Անկարայինը: Կան նաև ուրիշ քաղաքներ:

Հիմա առանց հույզերի հասկանանք ինչ է կատարվում: Եթե այս «արտինստալյացիայի» հեղինակները լուրջ մարդիկ են, ինչի վերաբերյալ անկեղծ ասած խորը կասկածներ ունեմ, սա մի քանի քայլանի կոմբինացիա է, որը կարող է հետապնդել հետևյալ նպատակները

1. Հանրային ռադիոյի տնօրենի բազմակողմանիորեն վիճարկվող «ընտրություններում» հաղթող ճանաչված անձը շենքում տրամադրություններ է ստուգում և փորձում ընդլայնել իր (ենթադրաբար) ստանձնած հանձնառությունների շրջանակում գործելու թույլատրելի դիապազոնը. այլ կերպ ասած՝ որպես գիտափորձ կարմիր գիծ տրորել: Իսկ ռադիոյի մարդկանց համար սա իսկապես կարմիր գիծ է:

2. Սպասվող փոփոխություններին ընդառաջ զրկել ռադիոյի մարդկանց հանրային աջակցությունից: Հանրային ռադիոն տարիների իր աշխատանքի շնորհիվ արդարացիորեն վայելում է անաչառ և հավասարակշռված լրատվամիջոցի համբավ: Ողնաշարը ջարդելուց առաջ պետք է շրիշակի հավասարեցնել Ընկերության և այդտեղ աշխատող մարդկանց վերաբերյալ հասարակական ընկալումները, որ «Բաքվի ու Անկարայի ժամանակով իրենց աշխատանքը կազմակերպողների» հետևից եկող չլինի:

3. Անել այնպես, որ մարդիկ ուղղակի ամաչեն այդ շենք աշխատանքի գալ, ազատման դիմում գրեն ու նախանշվող կադրային փոփոխություններն անցնեն առանց ավելորդ աղմուկի: Եթե գործընկերներիս մեջ այդպիսի բան արած մարդ կա, խնդրում եմ, դիմումները հետ վերցրեք:

Պատասխանում եմ իրավիճակի շուրջ սոցցանցերում ամենահաճախակին ինձ հանդիպած հարցին: «Էդ շենքում մի նորմալ մարդ չկա, որ էդ Բաքվի ու Անկարայի ժամացույցները հանի»:

Կա ու շատ:

Եթե այդ ժամացույցները դեռ այդտեղ են, ապա, կարծում եմ, միայն այն պատճառով, որ ռադիոյի մարդիկ որոշում ունեն, որ դրանք փակցնողը պիտի իր ձեռքով դրանք հանի և ներողություն խնդրի: Ռադիոն սպեցիֆիկ հիմնարկ է: Ընկերության պատմությունն իմացողները գիտեն, որ այդպիսի կատակներ այդտեղ չեն անում:

Զգո՜ւյշ գործիր Հայաստանում,–

Նե՜ղ են ճամփեքը լեռնական…

և այլն…

Այս պատմության մասին դուք հենց ռադիոյի մարդկանցից էլ իմացել եք: Նրանք գործել են Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների Էթիկական սկզբունքների կանոնագրի 3.3 կետի ոգուն համահունչ, որը ենթադրում է, որ եթե կոլեկտիվի վրա ղեկավարության կողմից կա ճնշում, որին իրենք ինքնուրույն դիմադրել չեն կարող, պիտի խնդրին հասարակական հնչեղություն տան՝ ակնկալելով հանրության միջամտությունը:

Այս պատմությունը Հանրային ռադիոյի գործընկերներս հանրայինացրել են ոչ արտահոսքի տեսքով, ոչ էլ որպես անանուն կամ ֆեյք աղբյուր: Նրանք դա արել են բացեիբաց՝ հասկանալով ռիսկերը:

Հարյուր տոկոսանոց զորակցություն եմ հայտնում նրանց: Ակնկալում եմ նույնը լրագրողական համայնքից:

Հանրային ռադիոյի տնօրենի այսպես կոչված մրցույթում հաղթող ճանաչված և ընկերությունը ժամանակավորապես ղեկավարող Արմեն Քոլոյանին ասելու բան չունեմ: Նա օտարերկրյա քաղաքացի է, տուրիստ, որի «վիզան» շուտով սպառվելու է:

Փոխարենն ունեմ ասելու Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներին՝ Արա Շիրինյան, Արամ Սուքիասյան, Արփի Ոսկանյան, Վահագն Թևոսյան, Վարուժան Օլքինյան, Վասակ Դարբինյան, երբ չեղարկում էինք անկախ մրցութային հանձնաժողովի ինստիտուտը և սեփականում Հանրային ռադիոյի տնօրեն ընտրելու (տվյալ դեպքում չընտրելու) իրավունքը, ասում էիք, որ անում եք դա, որպեսզի ձերը լինի և ընտրությունը և պատասխանատվությունը:

Դե հիմա մի հատ պատասխանատվություն կրեք, տեսնեմ:

(Տենց մի-քիչ կրեք, մինչև հետ գամ):

Իսկ հիմա ամենակարևորը: Բացվեց հերթական օվերտոնի պատուհանը: Մենք սկսեցինք քննարկել բաներ, որոնք նորմալ, բարեկիրթ մարդիկ սովորաբար չեն քննարկում: Նպատակահարմար է արդյոք փակցնել Բաքվի, Անկարայի տո էլ չգիտեմ Սումգայիթի, Դերզորի… և այլն ժամացույցները, թե այնուամենայնիվ այդքան էլ չէ:

Մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք, իսկ մենք համառորեն քննարկում ենք դրա նպատակահարմարությունը:

Գարեգին ԽՈՒՄԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2820

Մեկնաբանություններ