Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Իրենց պարտադրանքով համանախագահները սրբագործում են Լենին-Աթաթուրք հայակեր քաղաքականությունը

Իրենց պարտադրանքով համանախագահները սրբագործում են Լենին-Աթաթուրք հայակեր քաղաքականությունը
01.09.2009 | 00:00

ԳՈՆԵ ՄԻ ԹՈՒՐՔ ՋԵՎԴԵԹ ՓԱՇԱՅԻ ՉԱՓ ԻՄԱՑԵ՛Ք ՁԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Քանի որ մեր «հրեշտակ փրկիչները» մեզ հայրենազրկել են թուրքերի ձեռքով՝ Զեյթունից մինչև Սասուն, Կարսից մինչև Բաքու, պարտավոր են գոնե հարգել թուրքերի վկայությունը Հայաստանի մասին: Ահա թե ինչու մենք շրջանառության մեջ ենք դնում հենց իրենց՝ թուրքերի վկայությունները, որ գուցե վերականգնվի նրանց հիշողությունը:
19-րդ դարի երկրորդ կեսի թուրք պատմագիր Ջևդեթ փաշան (մահացել է 1894-ին), որը ժամանակին եղել է պետական բարձրաստիճան պաշտոնյա և գրել է 12 ստվարածավալ հատորներից բաղկացած օսմանյան պետության 1774-1825 թթ. պատմությունը, իր «Պատմության» մեջ Հայաստանի մասին գրել է թե այն «բաժանվում է երկու մասի, մեկը՝ Էրզրումի և Վանի շրջանները, որոնք օսմանյան պետությանն են պատկանում, երկրորդը՝ Գենջեի, Ղարաբաղի և Երևանի շրջանները, որոնք մտնում են Իրանի մեջ» (Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին, հ. Ա, 1961 թ., էջ 249): Եվ սա գրվել է մի ժամանակ, երբ Բեռլինի վեհաժողովից հետո սուլթանական կառավարությունը մշակում էր հայերին բնաջնջելու ծրագիրը, ու տպագրվել է 1884-ին, երբ նույն օրերին մի այլ թուրք գործիչ՝ Քյամիլ փաշան, 1877-1878 թթ. պատերազմի դասերը հաշվի առնելով, իշխանություններից պահանջում էր. «Հայաստան անունն ունեցող կղզյակները պետք է ջախջախենք, մենք պետք է մեր հողի երեսից ջնջենք հայ ազգը»: Ջևդեթ փաշան հերթականորեն վերջինն էր Գենջեի (Գանձակ, Ելիզավետապոլ, Կիրովաբադ) և Ղարաբաղի (Արցախ) հայկականությունն ու հայապատկանությունն օտարազգի վկայողների մեջ: Իսկ դա նշանակում է, որ մինչև 19-րդ դարի վերջը, ավելի ստույգ՝ մինչև 1917-ի դեկտեմբերը, երբ Լենինի ու երիտթուրքերի համագործակցությամբ գործողության մեջ մտավ պանթուրանական ծրագիրը, Գանձակն ու Ղարաբաղը մնացել էին հայկական էթնոտարածք, չնայած հազարամյակներ շարունակ մեծ մասամբ գտնվել են հզոր նվաճողների տիրապետության տակ: Մինչդեռ իրենց պարտադրանքով համանախագահները սրբագործում են Լենին-Աթաթուրք հայակեր քաղաքականությունը, որի արդյունքում պատմականորեն ձևավորված Լեռնային Ղարաբաղի մեկ երրորդ մասում միայն ձևավորեցին ինքնավար մարզ՝ դրա շրջանակներից դուրս թողնելով ոչ միայն արաքսամերձ վարելահողերը, այլև միատարր հայ բնակչություն ունեցող շրջանները՝ Շամխորից մինչև Գյուլիստան, որոնք հետո բռնազավթվեցին գորբաչովյան տանկերի զորությամբ: Որ համանախագահները տարածքային նման պահանջներ են ներկայացնում, ո՛չ տարօրինակ է, ո՛չ անակնկալ: Նրանք ելնում են 1988-ին նախորդող իրավիճակից, որը հարմար վիճակ է Բաքվի նավթի ու գազի տերերին սիրաշահելու, իրենց կողմը թեքելու համար:
Հայտնի է, որ երբ Լենինի, Աթաթուրքի և Բաքվի մուսավաթական կառավարության պայմանավորվածությամբ 11-րդ կարմիր բանակը 1920-ի ապրիլի 28-ին մտավ Բաքու, երկրատարածքում ստեղծվեց հայերի ու մահմեդականների վերազգային, ինտերնացիոնալ հանրապետություն, և հայերը ճանաչվեցին որպես պետականաստեղծ ժողովուրդ: Այդ ժամանակ Բաքվից մինչև Ղազախ, Ելիզավետապոլ-Կիրովաբադից մինչև Շաքի պատկառելի թվով հայեր էին ապրում իրենց պապենական տարածքներում: Մի տարի հետո, Կովբյուրոյի 1921 թ. հուլիսի 5-ի տխրահռչակ որոշմամբ, Լենինը Լեռնային Ղարաբաղն էլ բռնակցեց այդ հանրապետությանը: Ճչացող այս ճշմարտությունն են ուրանում Մինսկի խմբի համանախագահները, ուրանում ոչ միայն հանրապետության ողջ տարածքով սփռված հայկական տարածքների գոյությունը, այլև Ղարաբաղի ազատագրված տարածքների վերադարձի սպառնալիքն են կախում մեր գլխին՝ հարազատ մնալով իրենց ավանդական քաղաքականությանը:
Եթե մեր պարոն պատմաբանները մի թուրք Ջևդեթ փաշայի չափ տեղյակ լինեին իրենց հայրենիքի արևելյան հատվածին, այնտեղ կատարված վայրիվերումներին, կտեսնեին, որ մենք տարածքային կորուստներ ենք ունեցել ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև Շամախու, Շաքիի, Արեշի ու Ղազախի կողմերում, զրկվել ենք Բաքվից, որտեղ 1890 թ. վիճակագրությամբ հայերի թվաքանակը 2,5 անգամ ավելի է եղել ազերիներից (հայեր՝ 25897, ազերիներ՝ 9877): Եվ գիտականորեն կհիմնավորեին տարածքային փոխզիջումներն այլ հարթություն տեղափոխելու անհրաժեշտությունն ու այդ պահանջը կներկայացնեին իշխանություններին:
Եվ քանի որ այդ տարածքներին վերաբերող վտանգն ավելի շատ ներսից է, քան դրսից, մատնացույց ենք անում կատարված որոշ իրողություններ, որոնք վկայում են հետագա վտանգների հնարավորության մասին:
Հայազգի զավակները երկու անգամ ազատագրեցին Դիզակի անուրանալի մաս կազմող Հորադիզը, երկու անգամ էլ հետ դարձրին ազերիներին: Երբ ազատագրվեց Ֆիզուլի դարձրած Կարյագինոն, ավելի քան 100 կմ հեռավորության վրա գտնվող Ժդանովի շրջանի ազերիները մի մարդու պես լքեցին շրջանը: Առաջին հայացքից տարօրինակ այս փաստի առնչությամբ անհրաժեշտ ենք համարում թռուցիկ ներկայացնել մի տեղեկանք:
Հայտնի է, որ ժամանակին Լենկ Թեմուրը հիմնահատակ ավերեց հայոց Բայլական քաղաքն ու նրա շրջակայքը, և մինչև 1928-ն այն անմարդաբնակ ու ամայի տարածք էր: 1928-ին, Բաքվի կարգադրությամբ, մարզի յուրաքանչյուր գյուղից որոշակի քանակով մարդկային ուժ տեղափոխեցին այդ ամայի տարածք, վերաբացեցին հազարամյակների խորքից եկող ավերված ջրանցքը՝ Գյավուր արխը, ձևավորեցին 13, այսպես կոչված, կոմունաներ ու վերակենդանացրին գյուղատնտեսությունը: 1938-ին այն դարձրին ինքնուրույն շրջան՝ դուրս բերելով մարզի ենթակայությունից, դարձնելով հանրապետական ենթակայության: Շրջանը բացառապես հայ բնակչությունից էր կազմված՝ իրենց հայ ղեկավարներով: 50-ական թվականներից մեթոդիկ ղեկավարությամբ շրջան խցկեցին ազերիներին՝ առաջին հերթին փոխելով ղեկավարության ազգային կազմը: Շրջանի թուրքացման վերջին գործողությունը 1988-ին էր, երբ թուրքական խառնամբոխը մտցրին սովխոզներ և հայերին հիմնովին դուրս մղեցին այնտեղից: Բայց շրջանի թուրքացման գործընթացն այնքան թարմ էր, որ այնտեղ բնակվածները դեռևս լիարժեք չէին ընտելացել իրենց նոր պայմաններին, չէին մոռացել իրենց նախկին բնակության վայրերը և բավական էր լսեին մեր կողմից Կարյագինոյի ազատագրման մասին, որպեսզի լքեին Ժդանովի շրջանը՝ համոզված, որ երկրի իսկական տերերն են գալիս:
Մեր ազատամարտիկները մի երկու տանկով, հետախուզական նպատակով, հասան իրենց հայրերի ստեղծած Ժդանով, երկու օր մնացին մարդաթափ շրջանում, բայց բարձր ղեկավարության կարգադրությամբ հետ դարձան, որ հետո սահման դարձնեն Մարտունու փեշերը՝ շրջանի վարելահողերը ևս թողնելով հակառակորդին:
1994-ի գարնանը թշնամու պարտությունն այնքան հիմնովին էր, որ կարող էինք լիարժեք ազատագրել թուրք Ջևդեթ փաշայի մատնանշած Հայաստանի այդ մասի տարածքները: Բայց ի՞նչ արեցինք: Մարտակերտում կռվող զորաջոկատներից մեկի հրամանատար Նորայր Դանիելյանը ներկայանում է Ստեփանակերտի ղեկավարությանը, օգնություն խնդրում, որ գոնե թույլ տան Մարտակերտի շրջանն ամբողջովին ազատագրել: Մերժում ստանալուց հետո հայտարարում է, որ առանց օգնության էլ ազատագրելու է շրջանի՝ թշնամու ձեռքում մնացած գյուղերը, բայց տեղ չհասած՝ սպանվում է, և Մարտակերտի 9 գյուղ ու շրջանի ամենաբերրի հողերը մնում են օկուպացված:
Ահա իրերի իրական վիճակը։ Հակամարտության ողջ ժամանակաընթացքում մենք պետականորեն անտեսել ու արհամարհել ենք քարոզչական պատերազմը, բուն ճշմարտությունն աշխարհին ներկայացնելու կամքը, իսկ մասնավոր նախաձեռնությունների փորձերն էլ դեմ են առել իշխանությունների անտարբերության պատնեշին: Մեր կողմից ո՞ր մեկն է երբևէ միջազգային ատյաններում բարձրացրել Չարդախլուի, Գետաշենի, Շահումյանի հարցը, տարածքային զիջումներ կատարելու խոստումներից այն կողմ ո՞վ է որևէ քայլ կատարել հանուն մեր ազգային շահերի: Համենայն դեպս, խախուտ զինադադարից այս կողմ մենք նման քայլերի ականատես չենք եղել: Մինչդեռ հակառակորդն աշխարհով մեկ մեզ վարկաբեկում է որպես իրենց սրբազան հայրենիքը բռնազավթողի, մեր հայրենիքը, մեր պատմությունը, մեր նյութական ու հոգևոր մշակույթը, մեր քաղաքական ու մտավոր գործիչներին իրենցը հռչակելով՝ շլացրել է անտեղյակ աշխարհին, իր հաղթարշավում ՀՀ-ի տարածքը դարձրել «Արևմտյան Ադրբեջան»: Եվ անտեղյակ աշխարհն էլ հավատում է այդ սանձարձակ ստերին, մանավանդ որ, մեր կողմից որևէ հակահարված չի լինում: Վկան՝ ՄԱԿ-ում անցկացված քվեարկությունը:
Անկախ մեր ցանկությունից ու կամքից՝ համանախագահող պետությունների հակասությունները տարածաշրջանում ազդեցության ոլորտների համար մղվող մրցապայքարում թույլ չեն տալու հարցի մոտալուտ լուծում: Իսկ դա դուռ է բացում մեզ համար, որպեսզի շտկենք մեր աններելի բացթողումներն ու սխալները, հիմնովին, անշրջանցելի փաստերով ու վկայություններով, անհրաժեշտության դեպքում` պատճենահանելով սկզբնաղբյուրները, որպեսզի մեր վկայակոչումները սովորական հայտարարություն չհամարեն, աշխարհի դատին ներկայացնենք բուն ճշմարտությունը մեր հայրենիքի այդ հատվածների մասին, ուր 300 տարի հետևողականորեն իրականացրել են ցեղասպանություն ու տարածքների բռնայուրացում: Այս ճանապարհով, միայն այս ճանապարհով կարող ենք դիմագրավել մեզ նետված մարտահրավերներին:
Ինչ մնում է տարածքներ զիջելու պարտադրանքին` «անվտանգության միջազգային երաշխիքների» հետ, դրանք մերժելով պիտի մերժել: Բավական է մի թիզ անգամ հետ նահանջենք, որպեսզի առանց մեզ հարցնելու «անվտանգության» ուժերը նորանոր «Կոլցո» օպերացիաներով այնքան թուրքեր մտցնեն Ղարաբաղ, որ մենք հայտնվենք չնչին փոքրամասնության վիճակում և ստիպված լինենք գաղթական դառնալ: Այդ է վկայում երկրատարածքի 300-ամյա արյունոտ պատմությունը՝ սկսած Պետրոս Առաջինից ու Նադիր շահից մինչև Գորբաչով: Համանախագահների պարտադրած տարածքային զիջումների ու խաղաղարար ուժերի ընդունումը հավասարազոր է Ղարաբաղը սկուտեղի վրա դրած ազերիներին հանձնելուն:
Մնում է մի հորդորով դիմել մեր մտավոր, քաղաքական ու պետական այրերին: Պարոննե՛ր, գոնե մի թուրք Ջևդեթ փաշայի չափ իմացե՛ք ձեր հայրենիքը, նրա անցած արյունոտ ողբերգական անցքերի մեջ հերոսականության ճանապարհը, որպեսզի կարողանաք ճիշտ կողմնորոշվել ներկա մարտահրավերների լաբիրինթոսում, կարողանաք պաշտպանել մեր ազգային իրական շահերը և հանդես չգաք հայտարարությամբ, թե Քարվաճառը չպետք է տալ, որովհետև թուրքերն այնտեղից կարող են թունավորել մեր ջրերը:
Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4823

Մեկնաբանություններ