Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Սեպտեմբերին սպասվում է նորմայից 1-2 աստիճանով ցածր ջերմաստիճան»

«Սեպտեմբերին սպասվում է նորմայից 1-2 աստիճանով ցածր ջերմաստիճան»
28.08.2009 | 00:00

ՑՈՒՐՏ ԱՄԱՌ
Այս ամառն անակնկալ էր բոլորի համար։ Մեր համաքաղաքացիները նման հով և տեղումներով առատ եղանակ չեն հիշում։ Ի՞նչ բացատրություն են տալիս այս երևույթին օդերևութաբանները. այս հարցով դիմեցինք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ ԳԱԳԻԿ ՍՈՒՐԵՆՅԱՆԻՆ։
-Հուլիս-օգոստոս ամիսներին հանրապետության տարածքին հիմնականում բնորոշ են բարձր ջերմային ֆոնով և սակավ տեղումներով եղանակային պայմանները,- ասաց մասնագետը։- Դա պայմանավորված է նրանով, որ այդ ամիսներին հանրապետության տարածքում ակտիվանում են հարավարևմտյան, հարավային, արևադարձային չոր և տաք օդային հոսանքների ներթափանցումները։ Սակայն, ինչպես ցույց է տալիս 1843 թվականից մինչ օրս Հայպետհիդրոմետում արխիվացված վիճակագրական նյութերի վերլուծությունը, նման ամառները մեր հանրապետության տարածքում աննախադեպ չեն։ Գոյություն ունեն ցիկլեր, որոնք կրկնվում են 20-21 տարին մեկ։ Այսինքն, 20-21 տարվա պարբերությամբ դիտվում են ավելի առատ տեղումներով և ցածր ջերմային ֆոնով ամառներ։ Դա պայմանավորված է մթնոլորտի ընդհանուր շրջանառության առանձնահատկություններով։ Այսինքն, խախտված է այն օդային հոսանքների ցիկլային փուլերի շրջանառությունը, որոնք ներթափանցում են հարավից և ապահովում են մեր կլիմային բնորոշ ամառային եղանակը, և տաք օդային հոսանքների փոխարեն հիմնականում Սև ծովի շրջաններից, Ռուսաստանի եվրոպական տարածքից հանրապետության տարածք են ներթափանցում ծովային, ավելի բարձր հյուսիսային լայնությունների ցուրտ և խոնավ օդային զանգվածներ, մթնոլորտային ճակատներ, և այդ մթնոլորտային ճակատների անցումն ուղեկցվում է անձրևներով, ամպրոպներով, կարկտահարություններով և օդի ջերմաստիճանի նվազմամբ։ Նույն պրոցեսները տեղի ունեցան այս տարի։
-Ո՞ր թվականներին է արձանագրվել նման ցուրտ ամառ։
-1939-ին, 1963-ին, 1974-ին, 1982-ին, 1992-ին մենք ունեցել ենք այսպիսի ցածր ջերմային ֆոնով և առատ տեղումներով ամառներ։ Սա նշանակում է, որ այս երևույթն աննախադեպ չէ։ Կարող եմ նշել տարիներ, երբ տեղումների քանակն ավելի շատ է եղել, քան այս տարի։ Օրինակ, եթե այս օգոստոսին տեղումների քանակն Արարատյան դաշտում նորման գերազանցել է 2-3 անգամ, ապա 1963-ի նույն ժամանակաշրջանում ավելի է եղել 7-8 անգամ։
-Առաջիկա օրերին մեզ ի՞նչ եղանակ է սպասում։
-Սինոպտիկական իրադրությունը հանրապետությունում փոխվում է։ Արևմուտքից՝ Թուրքիայի տարածքից, մոտենում է ցուրտ մթնոլորտային ճակատ։ Օգոստոսի 28-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են անձրև և ամպրոպ, տեղ-տեղ` կարկուտ։ Ամպրոպները կուղեկցվեն ուժեղ քամիներով՝ մինչև 23 մ/վրկ, և սպասվում է ցուրտ օդի ներհոսք։ Օգոստոսի 28-ի ցերեկը տեղումները հանրապետության արևմտյան շրջաններում կդադարեն և կպահպանվեն միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում ու Արցախում։ Իսկ 29-31-ին օրվա ընթացքում հիմնականում սպասվում է առանց տեղումների եղանակ, միայն երեկոյան ժամերին և գիշերը հյուսիսային հատվածում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը, օգոստոսի 29-ից սկսած, աստիճանաբար կբարձրանա մոտ 2-4 աստիճանով, ինչը պայմանավորված կլինի հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ։
-Ի՞նչ կանխատեսումներ ունեք աշնան համար։ Դարձյա՞լ անակնկալներով լի եղանակ։
-Անակնկալներով լի ոչ մի կանխատեսում չունենք։ Ոչ մի էքստրեմալ երևույթ, ուժեղ ցրտեր կամ շոգեր չեն կանխատեսվում։ Հանրապետության ողջ տարածքի համար սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը 1-2 աստիճանով նորմայից ցածր կլինի, իսկ տեղումները՝ նորմայից ավելի։
-Տեղումների առատությունը և ցուրտ եղանակն ի՞նչ վնասներ են հասցրել գյուղատնտեսությանը։
-Հաճախ դիտվել են կարկտահարություններ, ինչից բավականին վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաներն ու պտղատու այգիները։ Թեև, եթե այս տարին համեմատենք 2008-ի հետ, ապա կարկտահարության դեպքերը գրեթե հավասար են։
-Հայպետհիդրոմետը նախապես զգուշացնո՞ւմ է շահագրգիռ կողմերին եղանակային անակնկալների մասին։
-Անպայման։ Այս տարի եղել է 12 նախազգուշացում, երբ սպասվել են վտանգավոր օդերևութաբանական երևույթներ։ Հայպետհիդրոմետն այդ մասին իրազեկում է կառավարության բոլոր շահագրգիռ կառույցներին, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն վնասի չափը նվազագույնի հասցնելու համար։
Զրույցը` Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1781

Մեկնաբանություններ