38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայ բռնցքամարտիկների ոսկյա խաղերը համաշխարհային ռինգում

Հայ բռնցքամարտիկների ոսկյա խաղերը համաշխարհային ռինգում
23.12.2008 | 00:00

ՍՊՈՐՏ
Արթուր Աբրահամի երրորդ բարձունքը

Արթուր Աբրահամը երրորդ տարին անընդմեջ ճանաչվեց Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ։
IBF տարբերակով աշխարհի ութակի չեմպիոնը «Boxsport» հանդեսի, ինչպես նաև հատուկ հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվել են բռնցքամարտի հեղինակավոր մասնագետներ, դարձյալ ճանաչվել է առաջինը։ Արթուր Աբրահամն առաջ է անցել Գերմանիայում մեծ հեղինակություն վայելող կաշվե ձեռնոցի այնպիսի հանրահայտ վարպետներից, ինչպիսիք են գերծանր քաշայիններ Վիտալի և Վլադիմիր Կլիչկո եղբայրները։
-Դա ինձ համար մեծ պատիվ է,- ասել է Աբրահամը,- ես անչափ ուրախ եմ մասնագետների և բռնցքամարտի երկրպագուների այդ որոշման համար։ Մենք շատ աշխատեցինք, որպեսզի հասնենք հաջողության, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մարզչիս և ողջ թիմին` աջակցության համար։ Առանց նրանց օգնության ես ոչնչի չէի հասնի։
Հիշեցնենք, որ այս տարի, իհարկե, նախորդ տարի նույնպես, Աբրահամը երեք անգամ դուրս եկավ ռինգ և երեքում էլ հասավ հաղթանակի։ Մարտ ամսին պահպանեց իր տիտղոսը` 12 ռաունդանոց մարտում նոկաուտի ենթարկելով Էլվին Այալային, հունիս ամսին, առաջին անգամ հանդես գալով ԱՄՆ-ում, առավելության հասավ Էդիսոն Միրանդայի նկատմամբ, իսկ նոյեմբերին ևս մեկ անգամ պաշտպանեց իր տիտղոսը` պարտադիր հավակնորդ Ռաուլ Մարկեսի հետ մարտում։ Նշենք նաև, որ Արթուր Աբրահամի մարզիչ ՈՒլլե Վեգները նույնպես ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն մարզիչ։ Ի դեպ, 66-ամյա մասնագետն այս տիտղոսը ստացավ վեցերորդ անգամ` այս տարի այն կիսելով Ֆրից Զուդների հետ։
-Ինձ համար մեծ պատիվ է վեցերորդ անգամ անընդմեջ ճանաչվել լավագույն մարզիչ։ Այն ավելի է արժևորվում, քանի որ մրցակցությունը տարեցտարի ավելի ու ավելի է մեծանում,- ասել է Վեգները։
Արթուրի այս տարվա նվաճումներից հարկ է առանձնացնել ևս մեկը։ Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի նախկին սանը սահմանեց նաև հարվածների ուժգնության համաշխարհային ռեկորդ։ Այն որոշվում է հատուկ թեստի միջոցով` բռնցքամարտիկի առանձին հարվածների ուժգնության աստիճանը որոշակի ժամանակահատվածում։ Եթե Արթուրի նախկին ցուցանիշը 1521 միավոր էր, ապա այժմ այն հավասար է 1631-ի։
-Մենք այդ թեստն անցնում ենք երրորդ անգամ։ Բռնցքամարտի պատմության մեջ դեռ ոչ ոք այդպիսի արդյունք ցույց չի տվել։ Սա նաև խոսում է այն մասին, որ Արթուրն ամբողջովին չի բացահայտել իր ներուժը, և ապագայում մենք կարող ենք նրանից առաջընթաց ակնկալել,- ասել է Վեգները։
Այսօր Արթուր Աբրահամը ևս մեկ երազանք ունի. նվաճել այս քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը։ Կաշվե ձեռնոցի մեծագույն վարպետը վաղուց ցանկություն է հայտնել հանդիպելու WBC և WBO տարբերակով աշխարհի չեմպիոն Քելի Պավլիկի հետ։
Ես պատրաստ եմ փետրվարին ժամանել ԱՄՆ և միավորիչ մարտ անցկացնել Պավլիկի հետ, եթե, իհարկե, նա ցանկանա հանդիպել ինձ հետ,- ասել է Աբրահամը։ Հիշեցնենք, որ Արթուրի մրցամարտերի կազմակերպիչ Վիլֆրիդ Զաուերլանդը 2,5 միլիոն եվրո է առաջարկել աշխարհի չեմպիոն Ֆելիքս Շտուրմին` Արթուրի հետ մրցամարտ անցկացնելու համար։
Առայժմ ոչ Շտուրմը և ոչ էլ Պավլիկն այս գայթակղիչ առաջարկին չեն արձագանքել...

Դարչինյանը ևս հիացրեց
Անցնող տարին հաջող էր նաև վանաձորցի Վախթանգ Դարչինյանի համար։ Վախթանգն առաջինը հայ բռնցքամարտիկներից նվաճեց առաջին թեթևագույն քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը` պարտության մատնելով WBC և WBA տարբերակներով աշխարհի չեմպիոն Քրիստիան Միխարեսին։ Ի դեպ, Վախթանգը փետրվարի 7-ին ուժերը կչափի հանրահայտ մեքսիկացի Խորխե Արսեի հետ։
Խոսելով առաջիկայում կայանալիք այդ մարտի մասին` Արսեն ասել է.
-Դա ինձ համար դժվարին մարտ կլինի։ Դարչինյանը շատ ուժեղ է։ Ես նայել եմ Միխարեսի և Մալդոնադոյի հետ նրա մարտերը և համոզվել, որ նա հզոր հարվածներ ունի, սակայն Վիկն ունի նաև տեխնիկական շատ թերություններ, որոնցից ես պետք է օգտվեմ։ Դարչինյանն առավել վտանգավոր է առաջին ռաունդներում, որից հետո նրա ագրեսիվությունն ու ուժը նվազում են։ Ես այդ մարտին շատ լավ կնախապատրաստվեմ, որպեսզի կարողանամ դիմանալ մրցակցիս մեկնարկային ճնշմանը և կոտրել նրան հետագա ռաունդներում: Իսկ թե դա որքանով կհաջողվի նրան, հայտնի կդառնա փետրվարի 7-ին, որը սարերի հետևում չէ։ Հայտնի է միայն մի բան. սիրողական ռինգում, ի տարբերություն մրցակիցների, Վազգեն Բադալյանի սանը հասել է ծանրակշիռ նվաճումների։ Նա երկու անգամ հավասարը չի ունեցել Եվրոպայի գավաթի խաղարկություններում, երրորդն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում և աշխարհի գավաթի խաղարկությունում, իսկ Սիդնեյի օլիմպիական խաղերում հասել է մինչև 1/8-րդ եզրափակիչ։ Այնպես որ, Արսեին իսկապես սպասվում է չափազանց դժվարին քննություն, և, կարծում ենք, այս անգամ էլ հաղթական շեփորները կհնչեն ի պատիվ պրոֆեսիոնալ ռինգի մեծագույն վարպետի` Վախթանգ Դարչինյանի...
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4165

Մեկնաբանություններ