Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Խափանվեց անխոցելի համարվող էներգետիկ հոսքերի կենսագործունեությունը հարավկովկասյան տարածաշրջանում

Խափանվեց անխոցելի համարվող էներգետիկ հոսքերի կենսագործունեությունը հարավկովկասյան տարածաշրջանում
15.08.2008 | 00:00

«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՌԱՆՑ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ»
Քաղաքականությունը տնտեսության շարունակությունն է։ Այս հայտնի իրողությունը մեր օրերի գլոբալ աշխարհաքաղաքական բախումների համատեքստում, հանուն էժան էներգակիրների անվտանգ ձեռքբերման, կարելի է ձևակերպել այսպես. «քաղաքականությունն այլևս առանց էներգետիկայի լինել չի կարող»։
Արդեն այսօր ակնհայտ է, որ ռուս-վրացական հակամարտությունը դարձել է լրջագույն պրոբլեմ այն երկրների կառավարությունների և մասնավոր ընկերությունների համար, որոնք էապես հետաքրքրված են կասպիական նավթի և գազի արտահանմամբ Հարավային Կովկասի տարածքով։ Բացի այդ, խաղաքարտի վրա են դրված բոլոր լայնածավալ ծրագրերը մեր տարածաշրջանում նոր խողովակաշարերի կառուցման և դրանց ենթակառուցվածքի ընդլայնման վերաբերյալ։ Այս իրողությունը հիմք է տալիս համաձայնելու այն արևմտյան փորձագետների դիտարկումներին, թե ռուսական զորքերի կողմից Վրաստանի սահմանը հատելը պայմանավորված է նաև վերոնշյալ հանգամանքներով։ Դատելով ամենից՝ Մոսկվան վճռականություն դրսևորեց ոչ միայն «կայսերապետական ձգտումներից», Կովկասի նկատմամբ պատմական պատասխանատվությունից կամ բարոյական պարտավորություններից ելնելով։ Ոչ պակաս կարևոր, իսկ գուցե ավելի էական նշանակություն է ունեցել այն հանգամանքը, որ տարածաշրջանով անցնող նավթագազային նոր խողովակաշարերը՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և առհասարակ Եվրամիության ակտիվ նախաձեռնությամբ, սպառնում էին Ռուսաստանին զրկել էներգակիրների տեղափոխման ոլորտում ունեցած մենաշնորհից։
Եթե անդրադառնանք վերջին իրադարձությունների ժամանակագրությանը, ապա շատ հետաքրքրական է, որ դեռ օգոստոսի 6-ին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի թուրքական հատվածում հնչեց առաջին պայթյունը։ Արդյունքում առաջացած հրդեհի պատճառով համաշխարհային շուկա օրական 100 մլն դոլարի թեթև նավթ արտահանող խողովակաշարը դադարեց գործել։ Պայթյունի պատասխանատվությունն ստանձնեց ՔԲԿ-ն, սակայն խողովակաշարի վերականգնումը պահանջելու է մի քանի շաբաթ, իսկ Ադրբեջանի կորուստներն այդ ընթացքում, ամենահամեստ գնահատականներով, կկազմեն մի քանի տասնյակ միլիոն դոլար։
Այնուհետև օգոստոսի 7-ին սկսվեցին ռազմական գործողությունները հարավօսական հակամարտության գոտում, հաջորդ օրը ռուսական ինքնաթիռները ռմբահարեցին վրացական Փոթի նավահանգիստը և մի շարք այլ օբյեկտներ, որոնք գտնվում էին նավթագազային համակարգի կողքին։ Օգոստոսի 9-ին Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, թե ռուսական ավիացիան հարվածել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, սակայն Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ ԱՆԱՏՈԼԻ ՆՈԳՈՎԻՑԻՆԸ հերքեց այդ տեղեկատվությունը՝ հայտարարելով. «Մենք նավթամուղներին չենք հարվածում, որովհետև դա կարող է հանգեցնել էկոլոգիական իմաստով ծանր հետևանքների»։ Նույն օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը հայտարարեց, որ ռուսական կողմը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կենսագործունեությունը խափանելու նպատակ չունի, քանի որ հասկանում է Ադրբեջանի համար դրա կարևորությունը։ Սակայն միաժամանակ հետաքրքրական է, որ հենց օգոստոսի 9-ին ՔԲԿ-ն կրկին սպառնալից հայտարարություն հրապարակեց նոր ահաբեկչական գործողություններ իրականացնելու մասին։
Այս ամենը չէր կարող իր ազդեցությունը չունենալ նավթային ընկերությունների չափազանց զգայուն օրգանիզմի վրա։ Արդյունքում ադրբեջանական նավթի արտահանումը վրացական նավահանգիստներով դադարեցվեց՝ ռազմական գործողությունների՝ այդ շրջանին մոտ լինելու պատճառաբանությամբ։ Օգոստոսի 12-ից կասեցվել է Բաքու-Սուփսա նավթամուղի գործունեությունը, որը հաշվարկված է իբրև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին փոխարինող պահեստային խողովակաշար և նախատեսում է օրական 150 հազար բարել նավթի արտահանում Փոթիի մոտ գտնվող Սուփսա նավահանգստից։ Արևմուտքում մեծ անհանգստություն առաջացրեց նաև Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի գործունեության դադարեցումը, որը Եվրամիությունը դիտարկում է իբրև կապույտ վառելիք մատակարարող չորրորդ միջանցք՝ ռուսական, նորվեգական և հյուսիսաֆրիկյան խողովակաշարերին զուգահեռ։
Այսպիսով, շատ կարճ ժամանակահատվածում, փաստորեն, խափանվեց առաջին հայացքից անխոցելի համարվող էներգետիկ հոսքերի կենսագործունեությունն ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանում։ Եվ ահա Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը մնացել է իբրև կասպիական նավթի արտահանման միակ անվտանգ տարբերակը։ Ավելին, փորձագետները համարում են, որ անխուսափելի է ադրբեջանական նավթի արտահանման ծավալների կրճատումը։ Եթե նախորդ մի քանի տարիներին Ադրբեջանն օրական համաշխարհային շուկա էր արտահանում մինչև 850 հազար բարել նավթ, ապա այժմ այդ ցուցանիշը կիջնի 200-250 հազարի։ Միայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ժամանակավորապես շարքից դուրս գալու պատճառով, առանձին փորձագետների գնահատմամբ, Ադրբեջանի վնասները կկազմեն ոչ պակաս, քան 1 մլրդ դոլար։
Այդքանով հանդերձ, Ռուսաստանի նախաձեռնած փոքրիկ հաղթական պատերազմից հետո հարցականի տակ են դրվել նաև հարավկովկասյան էներգետիկ խողովակաշարերի ընդլայնման ծրագրերը։ Հիշեցնենք, որ հեռանկարում նախատեսվում էր երկարացնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը մինչև Կասպից ծովի արևելյան ափը՝ ղազախական նավթն այդ նավթամուղով Արևմուտք հասցնելու համար։ Ադրբեջանը և Ղազախստանը ջերմորեն պաշտպանում էին այդ ծրագիրը և պատրաստ էին զգալի միջոցներ ներդնել։ Մասնավորապես նախատեսված էր ղազախական Կաշագան հանքավայրի պաշարների հաշվին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի թողունակությունը հասցնել օրական 1,8 մլն բարելի։ Ոչ պակաս հավակնոտ ծրագրեր են նախատեսված նաև գազային ոլորտում, մասնավորապես` «Նաբուկո» խողովակաշարի կառուցումը, որը պետք է Վրաստանով ու Թուրքիայով հասներ մինչև Ավստրիա, դրանով իսկ հնարավորություն տալով Եվրամիությանը՝ ունենալու ռուսական գազի իրական այլընտրանք։
«Հիմա բոլոր այդ ծրագրերը մեծ հարցականի տակ են։ Մի բան է՝ պաշտպանել արդեն իրականացված ներդրումները, և բոլորովին այլ բան՝ նոր հզորությունների ստեղծումը, որը պահանջելու է նոր և խոշոր ֆինանսական միջոցներ»,- Բի-Բի-Սի-ի ինտերնետային կայքում նշել է նավթային քաղաքականության հայտնի փորձագետ Ջոն Ռոբերտսը։ Նրա համոզմամբ, վերջին իրադարձություններից հետո արևմտյան ընկերությունների համար շատ դժվար կլինի ֆինանսավորում հայթայթել Հարավային Կովկասում էներգետիկ ծրագրերի իրագործման համար։ Ադրբեջանցի քաղաքագետ Հիքմեթ Հաջիզադեն իր հերթին նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման շրջանում արդեն Ռուսաստանը շարունակ նշում էր, որ այն անցնելու է անկայուն տարածաշրջանով, մեծ է պայթյունների, ահաբեկչական գործողությունների և լոկալ պատերազմների հավանականությունը։
Սակայն այս ամենը դեռևս ծաղիկներն են։ Հայտնի է, որ էներգետիկ նախագծերը և մասնավորապես «Նաբուկոն» Ջորջ Բուշի և ԱՄՆ պետդեպարտամենտի համար անչափ կարևոր էին։ Ինչպես բազմիցս նշել է արևմտյան մամուլը, պատահական չէր Բուշի ընտանիքի մերձավոր մարդու՝ Մեթյու Բրայզայի նշանակումը Եվրասիայում էներգետիկ հարցերով հատուկ դեսպանորդ, ինչպես նաև այն, որ վերջինս ակտիվորեն հարաբերություններ էր հաստատում Ադրբեջանի առաջնորդների հետ։ Ամենայն հավանականությամբ, հենց այս հատուկ հետաքրքրություններն են պատճառ դարձել ամերիկյան վարչակազմի կոշտ արձագանքներին՝ ընդդեմ ռուսական գործողությունների և ոչ թե ժողովրդավարությունը կամ էլ Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Սակայն, այդքանով հանդերձ, երրորդ համաշխարհային պատերազմ հազիվ թե բռնկվի, թեպետ ռուս-ամերիկյան հարաբերություններում առաջացած սառնությունը երկարամյա սառցադաշտի վերածվելու միտում ունի։ Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ մինչև Ջորջ Բուշի նախագահության ավարտն ամերիկյան դիվանագիտությունն ամենաակտիվ կերպով կշարունակի ընդլայնել իր ներկայությունը Կասպից ծովի տարածաշրջանում։ Ընդ որում, փորձագետների գնահատմամբ, ԱՄՆ-ի քաղաքականության հիմնական ուղղություններն աստիճանաբար դառնալու են հիմնականում էներգետիկ և ռազմական ոլորտները։ Ավելին, եթե նկատի ունենանք Բարաք Օբամայի հարձակումները Ջոն Մաքքեյնի ուղղությամբ, թե վերջինս հանրապետականների շարքերում հանդիսանում է նավթային կորպորացիաների գործիքը, ապա միանգամայն հավանական է, որ նրա ընտրվելու դեպքում էներգետիկ պատերազմները մեր տարածաշրջանում կվերսկսվեն նոր ուժով։ Արդեն այսօր Ջոն Մաքքեյնը հայտարարում է, որ Վրաստանում ԱՄՆ-ի համար խաղաքարտի վրա են դրված կարևոր ստրատեգիական հետաքրքրությունները, հատկապես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շարունակության կառուցումը։
Դժվար չէ կանխագուշակել, որ եթե Վրաստանը փլուզվի, նրա հետ միասին փլուզվելու են Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը վերացնելու եվրոպական հույսերը։ Արդեն այսօր Վրաստանի՝ իբրև անվտանգ և վստահելի երկրի հեղինակությանը լուրջ հարված է հասցված, և այս իրադրության մեջ Վրաստանը պայքարելու է ոչ թե Հարավային Օսիայի, Աբխազիայի կամ էլ ռուսական «ագրեսիան» կանխելու համար, այլ գոյության կռիվ է մղելու։ Միաժամանակ էներգետիկ կախվածությունը վերացնելու խնդիրն Արևմուտքի համար այնքան կարևոր է, որ չի բացառվում, որ ականատես լինենք իրադարձությունների ամենաֆանտաստիկ զարգացման։ Ասենք, Ռուսաստանի ներգործության լծակները չեզոքացնելու համար տեղի ունենա Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումն արևմտյան աշխարհի կողմից, ինչպես նաև Հարավային Կովկասի էներգետիկ քարտեզի վերանայումը՝ նոր, ավելի կայուն երկրների ընդգրկումով։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 10344

Մեկնաբանություններ