Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Ինքնաքայքայման ինչ-որ ժառանգական նստվածք կա, որ հարկավոր է չեզոքացնել»

«Ինքնաքայքայման ինչ-որ ժառանգական նստվածք կա, որ հարկավոր է չեզոքացնել»
18.11.2008 | 00:00

«ԱՆՍԱՆՁ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՍԵՎ ԳՈՐԾՆ ԱՐԵՑԻՆ»
Ժողովուրդների բարեկամության շքանշանակիր Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի վերջին 43 տարիների տարեգրությունից անբաժան է նրա ամենաերկարակյաց գեղարվեստական ղեկավարի՝ ՀՀ ժողովրդական և ՌԴ վաստակավոր արտիստ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ անունը։ Նրա հետ այս զրույց-երկխոսությունը լայնախոհ հայացք է՝ ուղղված թատրոնի ներկային, արդի հայ թատերարվեստին, առհասարակ մշակույթին՝ հասարակական-քաղաքական կեցության հենքի վրա։
-Իր գոյության 70 տարիների ընթացքում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հիմնովին հաստատվեց հայկական մշակույթի տիրույթում։ Ինչպիսի՞ն է մեր սիրելի թատրոնի ներկան։
-Երևի թե նույն կարգավիճակում, ինչ նախկին Խորհրդային Միության բոլոր թատրոններն այդ հսկայական տերության փլուզումից հետո։ Թատերական կյանքը կաթվածահար եղավ ամենուր, նույնիսկ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Որևէ մարտավարություն գոյություն չուներ, և անսանձ կամայականություններն իրենց սև գործն արեցին։ Ի լրումն այս ամենի, շրջափակված Հայաստանում տնտեսական աննախադեպ ճգնաժամ սկսվեց։ Այսօր թվում է, թե այն հաղթահարվել է, բայց դա երևութական տպավորություն է։ Դեռ մնացել է մասնիկն այն անդունդի, որն առաջացել էր 90-ականներին։ Պատահաբար չեմ խոսքս քիչ հեռվից սկսում։ Այդ տարիներին ինքնապաշտպանական բնազդի սրացումը բացասաբար անդրադարձավ համազգային ինտելեկտի վրա։ Մթի ու ցրտի հզոր ճնշման տակ մարդիկ թատրոնի մասին էլ մոռացան։
-Չնայած պետական վերաբերմունքի մեջ նկատվող փոփոխությանը, շնորհալի երիտասարդներն ինքնահաստատման կայուն երաշխիքներ առայժմ չեն գտնում մայր հայրենիքում։ ՈՒղեղների, տաղանդների արտահոսքը դեռևս հնարավոր չէ կասեցնել։
-Այս ցավոտ հարցում վճռորոշ նշանակություն ունի Հայաստանի կայուն զարգացումը։ Ճգնաժամի բարոյատնտեսական հետևանքները մնում են չհաղթահարված։ Մարտիմեկյան իրադարձությունները, անշուշտ, հետ մղեցին ժողովրդավարության կուտակած համեստ ներուժի հետագա խորացումը։ Իմ տպավորությամբ՝ դա օվկիանոսի այն կողմում կամ Եվրոպայում «պլանավորված» սադրանք էր՝ Հայաստանում վրացական ողբերգությանը համարժեք խառնաշփոթ հրահրելու նպատակով։ Հայերիս արյան մեջ զարմանալիորեն, ասես պատմականորեն, նստած է սադրանքներին տրվելու գենը։ Չէր կարող ժողովուրդն այդքան կարճ հիշողություն ունենալ ու կրկին ապավինել սադրանքի պարագլուխներին։ Հիմա, երբ լսում եմ նրանց ստահոդ երդումները Ռուսաստանին, ապշահար եմ լինում։
-Նկատի ունեք հակառուսական հիստերիայի երբեմնի մոլեռանդությո՞ւնը։
-Այո, պարզապես զավեշտախաղ է նորովի դիմակավորված նրանց հայտնությունը։ Քանիցս հրապարակավ ելույթ եմ ունեցել, տվել եմ անուններն այն մարդկանց, ովքեր ինձ ստիպում էին փակել ռուսական թատրոնը, սեփական բարի կամքով հեռանալ ասպարեզից, քաղաքից։ Մարտիմեկյան արյունալի դեպքերը, հասկանում եմ, լարվածության կուտակումների պոռթկումով իրականանալի դարձան։ Ցավոք, շատ բան անհայտ է ինձ, քանի որ ինքս ներկա չէի, բեմադրություն էի պատրաստում դրսում։ Այդ տարերային պոռթկումը, ըստ իս, առիթ տվեց միջազգային չար ուժերին համարձակորեն ոտնձգություն անել Հայաստանում փխրուն ժողովրդավարության դեմ։ Եվ, այնուամենայնիվ, ամենացավոտը, իմ համոզմամբ, ղարաբաղյան հիմնախնդիրն է մնում։ Հարազատ Արցախի հարցում մեր իշխանություններն այսօր, կարծես, սկզբունքային դիրքորոշում են դրսևորում։ Բայց, մյուս կողմից, այն շահարկման, մանևրների թիրախ է դարձել մեր շուրջը գտնվող բոլոր պետությունների համար։ Ես Ալիևի հետ հանդիպել եմ մոտ երկու տարի առաջ, Արմեն Սմբատյանի գլխավորած պատվիրակության կազմում, որին սկզբում ընդունեցին Ղարաբաղում, ապա Հայաստանում ու Ադրբեջանում։ Հայաստանում նախագահական ավտոբուսով, ուղեկցող երկու մեքենաներով, քաղաքի երթևեկությունը չխաթարելով, հասանք Քոչարյանի մոտ։ Ճանապարհին Բյուլբյուլօղլին զարմացավ՝ Երևանի կենտրոնում բարենորոգված մզկիթը տեսնելով։ Զարմանքը խորացավ, երբ Քոչարյանը, բարյացակամորեն ընդունելով ադրբեջանական կողմին, բանավիճային խնդիրների քննարկմանը մարդկային պարզ, նուրբ մոտեցում ցուցաբերեց։ Այո, պատերազմի, ռազմական ընդհարումների արդյունքում հայկական կողմը նվաճել է ադրբեջանական որոշ տարածքներ, բայց պատերազմ հրահրողը չէ՞ որ իրենք են եղել... Երբ ժամանեցինք Ադրբեջան, Բինի օդակայանից մինչև նախագահի նստավայր ընկած ճանապարհն ամայի էր՝ ոչ մարդ, ոչ մեքենա։ Ակնհայտ էր հակահայկական տեղեկատվության ու տրամադրվածության թանձրությունը։ Ալիևը կտրուկ դրեց հարցը. դուք՝ մտավորականներդ, գնացեք ու բացատրեք ձեր ժողովրդին՝ վերադարձնելով Ղարաբաղը, կստանաք փոքրիկ նավթամուղ։ Զավեշտածա՜ղր։ Հարուստ ադրբեջանցիներն Արցախի դիմաց «մեծահոգաբար» խոստանում են Հայաստանին իրենց նավթից փոքր-ինչ բաժին հանել։ Ի՞նչ եմ ուզում ասել՝ Հայաստանի պարզած ձեռքը չպետք է օդում կախված մնա։ Հարցը չի կարող միակողմանի լուծում ունենալ։ Արցախը պիտի հայկական լինի։ Ի՞նչ կարգավիճակով, իրենց՝ արցախցիների որոշելիք խնդիրն է։ Վերամիավորո՞ւմ Հայաստանին, թե՞ անկախ պետություն։ Այնտեղ նույնիսկ քարերն են հայերեն խոսում։ Իդեալական կլիներ, իհարկե, եթե Ստեփանակերտի մերձակա շրջանները, Քելբաջարի և Լաչինի միջանցքի հետ, միացվեին Հայաստանին, իսկ պատերազմական թոհուբոհում նվաճված հողերը՝ Ադրբեջանին։ Բայց վերջինս չի գնում փոխզիջման։ Պետք է կարողանանք պաշտպանել մեր ազգային շահերը և չխոնարհվենք ո՛չ Ամերիկայի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ մեզանից հզոր ուրիշ տերության առջև։ Եվ բացահայտ հակադրվենք, եթե դա է պահանջում իրադրության պատմական անհրաժեշտությունը։ Իմ կարծիքով, ՀՀ ներկայիս նախագահը նպաստում է ազգային ինքնագիտակցության բարձրացմանը։ Զգում եմ մեր կոլեկտիվի տրամադրություններից, ամենօրյա շփումներից։ Քիչ չենք՝ 150 հոգի։ Թատրոնի 70-ամյակի տոնակատարությունն էլ դա լիուլի հաստատեց։
-Մարտիմեկյան իրադարձություններով առավել խճճված հասարակական-քաղաքական կեցության հոգևոր-բարոյական փակուղուց ի՞նչ ելք եք տեսնում։
-Տարօրինակ հարցականներ շատ կան մեր ժողովրդի մեջ։ Ինքնաքայքայման ինչ-որ ժառանգական նստվածք կա, որ հարկավոր է չեզոքացնել։ Կարծես թե հաղթահարվում է տեղաբաժանումը՝ լենինականցի, երևանցի, ղարաբաղցի... Պետք է լրիվ արմատախիլ անենք, եթե ուզում ենք համազգային դրոշի տակ միավորվել։ Ժամանակին հայրս ինձ խրատում էր. «Սաշիկ, դու երեք-չորս գլուխ բարձր պիտի լինես հրեայից, ռուսից, ադրբեջանցուց, որպեսզի իրենց երկրում քեզ հավասարի տեղ դնեն»։ Հայաստանից դուրս ապրող հայերիս մեջ այդ գիտակցությունը մշտարթուն է եղել՝ ապահովելով որոշակի գերազանցություն։ Քսանվեց տարեկան էի, երբ ինձ վստահվեց ղեկավարել ամենահին ռուսական թատրոններից մեկը՝ Սմոլենսկինը։
-Ձեր կեսդարյա ստեղծագործական կյանքը հարուստ է ստեղծագործական ճգնաժամի թեժ կետերում ծավալած գործունեության արդյունքում ձեռք բերված հաղթանակներով։ Մեր ռուսական թատրոն էլ նույն առաքելությամբ հրավիրվեցիք։ Եվ վերստին հաջողեցիք՝ զուգահեռ ղեկավարելով «Արշալույս» նորարարական թատրոն-ստուդիան՝ հետագայում դրամատիկի կորիզը դարձած երիտասարդ համախոհներով։
-Իրավացի եք։ Հիմա այդ մրցակցային ոգին չկա Հայաստանում։ Մեր շփումները հայտնվել են համատարած ռաբիսության տիրույթում՝ ցած գլորելով ազգը։ Բարեկրթությունն է վերացել մարդկային փոխհարաբերություններում, ասպետականությունը։ Երեխաներիս համար եմ անհանգստանում, որ «ապերոյական» միջավայրի գերակայության պարտադրանքով յուրացնում են մի բառապաշար, ինչը մտածողություն, վարքագիծ է փոխում, փչացնում։ Եթե փորձեն տարբերվել հասակակիցներից, սպանիչ ծաղրի կենթարկվեն։
-Սերիալավազքը, որ դերասանների ապրուստի հիմնական միջոց է դառնում, չի՞ անդրադառնում բեմարվեստի վրա։
-Մեզանում՝ դեռ ոչ։ Բեմը նաև դաստիարակում է, իսկ մեր դերասանները մշտապես են զբաղված ներկայացումներում։ Հիմա ես նրանց չեմ արգելում խաղալ հեռուստասերիալներում։ Մի պայմանով՝ ներկայացումներից ու փորձերից ազատ ժամերին։ «Նկարահանում ունեմ, չեմ կարող փորձի գալ» արտահայտությունը վերջնագրի արժեք ունի։ Թատրոնի ներսում եղած կայուն կարգապահությունը յուրաքանչյուրի համար աշխատաոճ, ապրելակերպ է դառնում, նպաստում բարեկրթության ընդհանուր բարձրացմանը։ Առայժմ այդ սերիալներում ծանրակշիռ, ստեղծագործական միտքը շարժող տեքստերի չեմ հանդիպում։ Ո՞վ գիտե, գուցե մի օր էլ քանակը որակ տա։ Չի բացառվում։ Առայժմ դրանց տված օգուտն այն է, որ նպաստում են դերասանի հանրաճանաչությանը։ Էկրանից ծանոթ դերասաններին հանդիսատեսն անմիջապես նկատում է թատրոնում, տարվում նրանց խաղով, ծափահարում։ Բարձրանում է հետա- քրքրությունը թատրոնի նկատմամբ ևս։
-Որո՞նք են, ըստ Ձեզ, Հայաստանի թատերական արդի կյանքի ամենաբնորոշ հատկանիշները։
-Դժվարանում եմ սպառիչ գնահատել։ Վերջին 15-20 տարիներին գործող 16 պետական թատրոններից և ոչ մեկի աշխատանքը թատերագիտական խոր վերլուծության չի արժանացել։ Յուրաքանչյուրն իր լուծն է քաշում։ Սունդուկյանի թատրոնը, ինչպես ԾղԸՁ-ը Մոսկվայում, պետք է առաջատարը լինի։ Որոշ ժամանակ դա, կարծես, հաջողվում էր։ Հիմա կրկին չգոյության ամպեր են կուտակվել նրա գլխին։ Գուցե ավելի կործանարար, քան 12 տարի առաջ։ Ես անկեղծորեն դեմ եմ Շահվերդյանի դեմ ծավալված կամպանիային ու հրապարակավ, կարծեմ՝ ամենքից խիստ, արտահայտվել եմ այդ մասին։
-Եկեք մինչև վերջ անկեղծանանք։ Նեղ են մեր արդի թատերաշխարհի շրջանակները։ Ամենքն են իրար ճանաչում։ Շատերն ազգակից-բարեկամներ են։ Եվ անկեղծ գնահատականներից, անաչառ քննադատությունից, որպես կանոն, խուսափում են՝ անձնական հարաբերությունները չփչացնելու նկատառումով։ Առերես հիացմունք են արտահայտում, թիկունքում՝ հրապարակավ մերժում։ Չափազանց անձնավո- րված, խեղաթյուրված են գնահատման չափանիշները։
-Ամենաարտառոցն այն է, երբ կարծիք են հայտնում առանց ներկայացումը դիտելու։ Ես հիշաչար չեմ։ Սրտանց ուրախանում եմ հայկական թատրոնների հաջողություններով, ընդունում նրանց առաջնայնությունը։ Մեզ դրսում նայողներն ասում են. «Եթե Հայաստանի ռուսական թատրոնն այսպիսին է, պատկերացնում ենք, թե հայկականն ինչ բարձր մակարդակ ունի»։ Մենք համաձայն ենք լինել երկրորդը, ինչպես ժամանակին էստոնացի հրաշալի շախմատիստ Կերեսը, ով ընդունում էր Բոտվիննիկի, Սմիսլովի, Սպասսկու գերազանցությունը։ Բայց մեզ պետք է նկատեն հայրենիքում։
Զրուցեց Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3575

Մեկնաբանություններ