ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Իշխանություններն «Ազատություն» ռադիոկայանը չեն փակի, որովհետև այն արդեն ներսից քանդում է «Ազատության» տնօրենը»

«Իշխանություններն «Ազատություն» ռադիոկայանը չեն փակի, որովհետև այն արդեն ներսից քանդում է «Ազատության» տնօրենը»
20.02.2009 | 00:00

«ԱՌԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՐԴՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ Է ՔԱՐՈԶՈՒՄ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ԵԹԵՐԻՑ»
«Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանում աշխատող ոչ ամերիկացիների աշխատանքային տարրական իրավունքների պաշտպանության հարցը վերջին շրջանում ամերիկյան մամուլի ուշադրության կենտրոնում է։ ԱՄՆ-ի Կոնգրեսից ֆինանսավորվող ռադիոկայանը, որի առաքելությունը ժողովրդավարության արժեքներ տարածելն է, կոպտորեն ոտնահարում է այդ իսկ արժեքները՝ ազգային խտրականության ենթարկելով Պրահայի կենտրոնակայանի ոչ ամերիկացի աշխատակիցներին:
Մի շարք լրատվամիջոցներ վերջին շրջանում զետեղել են «Ազատության» հայկական ծառայության նախկին լրագրող Աննա Կարապետյանի բաց նամակը, որտեղ, մասնավորապես, ասված է. «Ստորագրելով ստանդարտացված աշխատանքային համաձայնագիր, որը ղեկավարվում է Միացյալ Նահանգների համապատասխան օրենքներով, Քոլումբիա Դիսթրիքթի օրենքներով ու կազմակերպության քաղաքականությամբ, ոչ ամերիկացի հրավիրյալ աշխատակիցներն առանց կասկածանքի, վստահորեն ու հպարտությամբ իրենց հանձնել են «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի պաշտպանությանը: Իրականում, սակայն, նրանք ստացել են նույնքան իրավական պաշտպանություն, որքան Գուանտանամոյում պահվողները»։
Մեզ հետ զրույցում ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ այսպիսի պարզաբանում տվեց.
-Խնդիրն այն է, որ 1991 թվականից հետո ամերիկյան օրենքները Միացյալ Նահանգներից դուրս ամերիկյան կազմակերպություններում աշխատող ոչ ամերիկացիների վրա չեն տարածվում։ Այսինքն, ես, որ աշխատում եմ ԱՄՆ-ից դուրս գործող ամերիկյան հիմնարկում, գործատուի հետ որևէ վեճ չեմ կարող լուծել ԱՄՆ-ում։ Չեխիայի դատարանն էլ կաշկանդված է 1963 թվականի մի օրենքով, որի համաձայն օտար երկրների կազմակերպությունները Չեխիայի տարածքում կարող են գործել իրենց երկրների օրենքներով, եթե դրանք չեն հակասում Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության օրենքներին։ Հետկոմունիստական Չեխիայում դեռևս կարիք չի եղել անդրադառնալու և չեղյալ հայտարարելու այս օրենքը, որ ժամանակին Խորհրդային Միությանն է անսահման հնարավորություններ տվել Չեխոսլովակիայում գործելու ուզածին պես, իսկ այսօր կամայականության հնարավորություն է տալիս այդ կոմունիստական վարչակազմերի դեմ պայքարած «Ազատություն» ռադիոկայանի ղեկավարությանը:
Երբ աշխատանքի ընդունվելիս լրագրողը պայմանագիր է ստորագրում, չի պատկերացնում, որ իրեն կարող են մեկ օրվա ընթացքում, առանց պատճառի ազատել աշխատանքից։ Ռադիոկայանի ղեկավարությունը բացատրում է, որ սա բխում է կազմակերպության ներքին քաղաքականության, այսպես կոչված, «աշխատանքի ցանկության» (employment-at-will) սկզբունքից, թեև աշխատանքային պայմանագրում նման կետ նշված չէ: ՈՒ անգամ «աշխատանքի ցանկության» պարագայում ԱՄՆ-ում գործողությունները կամայականության չեն հասնում: Գոյություն ունեն հստակ սահմանափակումներ, որոնց դեպքում գործատուն չի կարող աշխատանքից հեռացնել իր աշխատակցին: Այս դեպքում է, որ ԱՄՆ-ի քաղաքացին հեշտությամբ կարողանում է համապատասխան ատյանում պաշտպանել իր իրավունքները, իսկ ես՝ իբրև ոչ ամերիկացի, զրկված եմ այդ իրավունքից: Եթե ես Ամերիկայի քաղաքացի լինեի, մեծ հաջողությամբ կհաղթեի ԱՄՆ-ի «Հավասար աշխատանքային հնարավորությունների հանձնաժողովում», քանի որ, լինելով երեք մանկահասակ երեխաների մայր ու նույն վայրում 12 տարի աշխատելուց հետո, պետք է սարսափելի մի քայլ կատարած լինեի, որպեսզի ինձ կարողանային հեռացնել աշխատանքից` անգամ «աշխատանքի ցանկության» դոկտրինի պայմաններում: Այստեղ է ազգային խտրականության խնդիրը, ինչի մեղադրանքով էլ, փաստորեն, արդեն գնում եմ Չեխիայի Գերագույն դատարան: ՈՒ սա միայն մեկ մարդու աշխատանքի հարց չէ: Փաստորեն, այսօրվա դրությամբ, «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանի հարյուրավոր լրագրողներ աշխատում են զրոյական պաշտպանվածության ու իրավական վակուումի պայմաններում: Զավեշտն այն է, որ հենց նրանց ձայներով է ռադիոկայանն իր դավանած ժողովրդավարության արժեքները տարածում ոչ ժողովրդավարական երկրներ: Պատկերացնո՞ւմ եք, առանց իրավունքների մարդն իրավունքներ է քարոզում «Ազատության» եթերից։
Աննա Կարապետյանից բացի, ու նրանից երկու տարի առաջ, դատական ատյաններին է դիմել ռադիոկայանից հեռացված մի խորվաթուհի: Այժմ նա խնդրին փորձում է լուծում տալ Չեխիայի սահմանադրական դատարանում և Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Ինչո՞ւ շատերը չեն բողոքում։ «Որովհետև ռադիոկայանի ղեկավարությունն աշխատանքից հեռացնելիս բավականին մեծ գումար է տալիս աշխատակցին՝ լռության դիմաց: Պայմանագիրը, որ ինձ առաջարկում էին հեռանալիս, ունեցել է մի կետ, համաձայն որի` այս ամենի մասին կարող էի պատմել միայն ամուսնուս։ Ա՛յ, այսքան փող կվերցնես և կխոստանաս, որ ոչ մի դատարան չես դիմի և ոչ մեկին չես պատմի, թե ինչ է տեղի ունենում «Ազատություն» ռադիոկայանում: Բայց ես ֆինանսիստ չեմ, ես լրագրող եմ: Շատերը գերադասում են լռություն պահպանելու մասին այդ պայմանագիրը ստորագրել, վերցնել գումարն ու հեռանալ՝ նույնիսկ չկռահելով, որ իրենք իրավունքներ չունեն դատարանում: Ես միայն դատարանում եմ պարզել իրավաբանական այս աճպարարությունների ու մեքենայությունների գոյությունը: Ինձ հաճախ հարցնում են, թե արդյոք նույն ճանապարհը կանցնեի՞, եթե իմանայի, որ այսքան խոչընդոտներ կան: Անկասկած: Եվրոպայում գոյություն չունի «աշխատանքի ցանկության» դոկտրին, ուստի Ստրասբուրգի Մարդու իրավունքների պաշտպանության դատարանը հարցին կնայի այդ տեսանկյունից, հատկապես որ ռադիոկայանը գործում է Եվրամիության անդամ պետության մայրաքաղաքում»,- ասում է Ա. Կարապետյանը։
Օգտվելով առիթից՝ «Ազատության» նախկին լրագրողին խնդրեցինք մեկնաբանել նաև ռադիոկայանի երևանյան բյուրոյում վերջին շրջանում տեղի ունեցած կադրային փոփոխությունների հարցը։
-Տիկին Կարապետյան, ձեզանից հետո «Ազատություն» ռադիոկայանից հեռացվեցին երևանյան գրասենյակի մի շարք պրոֆեսիոնալ լրագրողներ։ Ինչո՞վ կբացատրեք ռադիոկայանի կադրային այդ քաղաքականությունը։
-Գոյություն ունի հայկական ծառայության տնօրեն, որն արդեն մոտ 20 տարի ռադիոկայանում աշխատելուց հետո էլ լրագրող չդարձավ, ու նա իր կողքին, առավել ևս իր ենթակայության տակ, իրենից պրոֆեսիոնալ մարդու չի հանդուրժում: Լինելով նախկին հայաստանցի և նախկին կոմունիստ (!!!)՝ նա դեռ պահպանել է այդ հոգեբանությունը։ Օրեցօր լրագրողները մեկը մյուսի հետևից սկսեցին հասկանալ, որ այդ մարդը զբաղված է միմիայն ինտրիգներով և ոչ թե ռադիոկայանի ծրագրերով: Այսօրվա դրությամբ «Ազատություն» ռադիոկայանը հեռացել է մասնագիտական հիմնական սկզբունքից՝ չեզոք, հավասարակշիռ ու անկողմնակալ լրատվություն տալուց։ Այն, ինչ արեց «Ազատություն» ռադիոկայանը վերջին ընտրությունների ժամանակ, պարզապես խայտառակություն էր: Հավանաբար, «Ազատություն» ռադիոկայանի 50-ից ավելի տարիների պատմության ընթացքում որևէ ծառայության ծրագրերում նման բան չի եղել։ Նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների շրջանում «Ազատության» հայկական ծառայությունը դարձավ ընդդիմադիր միայն մեկ թեկնածուի խոսափողը։ Այն լրագրողները, ովքեր սովոր էին պրոֆեսիոնալ աշխատանքի, դա չէին կարող հանդուրժել: Կարծում եմ, երբ տեսան, որ որևէ բան չեն կարողանում փոխել, ոմանք դուրս եկան, ոմանց էլ հեռացրին։
-Իսկ այդ ամենն «Ազատություն» ռադիոկայանի ամերիկացի ղեկավարներին չի՞ մտահոգում։
-Շատ լավ հարց եք տալիս, հատկապես, որ ես վստահ եմ, որ ամենաբարձր մակարդակով ղեկավարությունը տեղյակ է, թե ինչ է կատարվում հայկական ծառայությունում: Այլ կերպ պարզապես չի լինում: Պարզապես, մոտ 1,5 տարի ռադիոկայանը նախագահ չուներ, և այդ ընթացքում հսկայական խնդիրներ էին կուտակվել։ Երբ 2007-ի սկզբին ռադիոկայանի նախագահ նշանակվեց Ջ. Գեդմինը, նրան հսկայական աշխատանք էր սպասում: «Ազատությունը» 20 երկրներում 28 լեզուներով հեռարձակվող ռադիոկայան է։ Հայկական ծառայությունն ամենափոքրերի թվում է։ Գոյություն ունեն շատ մեծ ծառայություններ՝ 24-ժամյա եթերներով։ Ռադիոկայանի համար կան առաջնային խնդիրներ՝ Ռուսաստան, Իրան, Իրաք, Աֆղանստան, ուստի հայկական ծառայության խնդիրը մի տեսակ ստվերված վիճակում է։ Ես վստահ եմ, որ մաքրելու իմաստով հերթը նաև հայկական ծառայությանը կհասնի: Հուսանք, որ դա շատ շուտ կլինի, որովհետև մինչ ռադիոկայանի տնօրենությունն աշխատում է շատ երկրներում ծրագրերի վարկանիշները գոնե մի քիչ բարձրացնելու ուղղությամբ, Հայաստանում աններելիորեն կորցնում է տարիների աշխատանքով վաստակած վստահությունն ու հեղինակությունը:
-Չե՞ք կարծում, որ ռադիոկայանի թուլացումը ՀՀ իշխանությունների ծրագրած գործունեության արդյունք է։
-Ճիշտ հակառակը, իշխանությունները շտապեցին՝ «Ազատությանն» ազգային հաճախականություններից զրկելով։ Դա մեծ սխալ էր: Երբ ինձ հեռացրել էին աշխատանքից, ես մի հոդված հրապարակեցի հայաստանյան մամուլում, որտեղ նշել էի, որ Հայաստանի իշխանություններն «Ազատություն» ռադիոկայանը չեն փակի, որովհետև այն արդեն ներսից քանդում է «Ազատության» տնօրենը։ Խնդիրը միայն ես չեմ։ Նա եկավ և առաջին հերթին փոխեց Երևանի բյուրոյի բազմամյա տնօրենին, որը հրաշալի թիմ էր հավաքել։ Մեկ տարի անց, երբ դեմքը փրկելու խնդիր կար, նա նոր տնօրեն նշանակեց: Մի խոսքով, 5 տարում 4 տնօրեն փոխելն առնվազն տարօրինակ է: Սա դեռ խոսում ենք հիմնական ծրագրի մասին։ Կա նաև երիտասարդական «Մաքս-լիբերտի»-ն, որտեղ տնօրեններն ավելի մեծ հաճախականությամբ էին փոխվում: Ամեն մի տնօրենի հետ հին կադրերը գնում էին, և ամեն գնացողի հետ ռադիոկայանի մակարդակն աստիճանաբար ընկնում էր, ու սա ակնհայտ էր դառնում: Հայաստանի իշխանություններն այս իրավիճակում անհարկի անհամբերություն ցուցաբերեցին: Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի իր հասցեին եթերից հնչած անձնական վիրավորանքը չտարավ: Գիտեք` «Ազատություն» ռադիոկայանը Հայաստանում ազգային ռադիոհաճախականություն ստացավ միայն Քոչարյանի նախագահ դառնալուց հետո, դրանից առաջ մեզ միշտ մերժում էին: Գուցե հետո նա հաճախ է մտածել, որ ավելի լավ կլիներ չտալ այդ արտոնությունը ռադիոկայանին, սակայն ոչ մի արմատական քայլի չի գնացել ռադիոկայանի դեմ, քանի որ մեր ծրագրերը եղել են հավասարակշռված, քննադատությունը՝ հիմնավոր ու փաստարկված: Անձնական վիրավորանք հասցնելն ընդհանրապես իրական լրագրության հետ կապ չունի, իսկ «Ազատության» պարագայում՝ մի քանի տարի առաջ ուղղակի աներևակայելի էր:
2007-ի օգոստոսին «Ազատությանն» ազգային հաճախականություններից զրկելու համառորեն սկսված ու իրականացրած գործընթացը, ի վերջո, աշխատեց իշխանությունների դեմ ու ռադիոկայանի տնօրենի օգտին: Երբ որևէ կառավարություն նման բան է անում «Ազատության» դեմ, բնականաբար, ռադիոկայանի ղեկավարությունը ծառայության տնօրենին սկսում է պաշտպանել։ Եթե իշխանությունները նման բան չանեին, ռադիոկայանի տնօրենը չէր հերոսանա, ու ղեկավարությունը կմտածեր ռադիոկայանի հայկական ծառայության ներսի խմորումների ու անառողջ վիճակի մասին և ոչ թե ազգային ռադիոհաճախականությունների վրա ամեն գնով ծրագրերը պահելու: Արդյունքում կշահեին և՛ Հայաստանի ռադիոլսողները, և՛ «Ազատություն» ռադիոկայանը կվերադառնար իր բարձունքին:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. -«Իրավունքը de facto»-ն պատրաստ է թեմայի առնչությամբ լսելու նաև հակառակ կողմի կարծիքը։

Դիտվել է՝ 4584

Մեկնաբանություններ