Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Եկել էր ԱԺ՝ հաստատելու Դյուրենմաթին

Եկել էր ԱԺ՝ հաստատելու Դյուրենմաթին
08.08.2008 | 00:00

ՄԻ ՄԱՐՏԻ ՄԵԿԻ «ՍՊԱՆՈՒԹՅԱՆ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Որքան հեռանում ենք մարտի մեկից, այնքան ակնհայտ է դառնում՝ ավելի վատ կարող էր լինել, պարզապես Աստծո ողորմածությունն այս հողի նկատմամբ թույլ չտվեց:
Բայց դա էլ կարևոր չէ, որովհետև նույն «հեռվից» ակնհայտ է դառնում, որ մարտի մեկն ընդամենն էպիզոդ էր՝ փոքրիկ առկայծում այն վիճակի, որ կա հայոց մեջ: Եվ որքան էլ պարադոքսալ է, ցավալին ոչ թե զոհերն էին, չնայած կարելի է կարծել՝ դրանից դենն էլ ո՞ւր, այլ այն, ինչ մնաց մարտի մեկից հետո: Պարզվում է՝ մարտի մեկից հետո շատ ավելի վատ բան է տեղի ունենում, քան ինքնին մարտի մեկն էր. մարդկանց միտքը նույնիսկ այդ դեպքերից հետո դույզն-ինչ չի զուլալվում, զտվում: Գոնե տասը զոհերի արյան չափով:
Եզրակացության հանգելու համար պետք էր նախորդ օրն ակնդրել-ունկնդրել հայոց փոխոստիկանապետ Աֆյանին (նույն ինքը՝ Ալեքսանդր, նույն ինքը՝ Սաշիկ, նույն ինքը՝ Սաշա. լրատվամիջոցներից յուրաքանչյուրը ոստիկանին մի անուն էր դրել իր ռեպորտաժներում, ինչը, կարծում ենք, նույնպես պատահական չէ):
Ալեքսանդրն այս երեքշաբթի եկել էր ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ հաստատելու Դյուրենմաթին, որը համոզված է՝ իրական քաղաքական թատրոնը վաղուց գերազանցել է «իր բեմական թատրոնին», ժխտելու քաջարի Շվեյկին: Իր խոսքերով՝ Թատերական հրապարակի, իրականում՝ Ազատության հրապարակի ասպետ Աֆյանը, որը (դարձյալ իր խոսքերով) նստել է Նիկոլայի օրոք, ՆէՊ-ի օրոք, Ալեքսանդրի օրոք (ա՜յ դա Սաշա, ա՜յ դա…). այն է՝ կոմունիստների, ՀՀՇ-ի, Քոչարյանի օրոք և «խեղդել» է բոլոր միտինգները, արդյոք հասկացա՞վ, թե ինչ խոշոր և նույնքան վտանգավոր խաղի մեջ է ինքը ներքաշվել:
Հաստատապես՝ ոչ: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում, երիտասարդ լրագրողուհիների բաց աչքի առաջ նա իրենից կիսագրագետ («կակ պոլոժենո») «միակտղամարդ» կերտեց, չպատասխանեց նույն այդ երիտասարդուհիների անհրաժեշտ հարցերին՝ «յազվություն մի՛ արեք» ասելով ու «չաղ-ուրախ-բախտավոր» հեռացավ ԱԺ ագռավախեղդ տարածքից, մեկ քայլ առաջ գրանցվելով իրական «միակտղամարդուց»՝ օգտագործելով այնպիսի լեքսիկոն, որին կնախանձեր «պարելուն խանգարող գործիքներին, կլիզմաներին տիրապետող» հայտնի «մետրն» իսկ:
Չանդրադառնանք հանգամանքին, թե ընդամենը կես ժամում ինչ դարակերտ ստեր արտասանեց Ալեքսանդր Աֆյանը. «Գնացել էինք զննություն կատարելու, ես փաստերից ելնելով եմ սա ասում, սա է ինչ-որ կա, դա փաստ է, մենք բարձրախոսներով քանի անգամ զգուշացրինք իրենց, բայց ցուցարարները մտել էին պատերազմական գործողությունների մեջ (Աֆյան չի, է՜, «Օ՜ֆյան» է- հեղ.), ու սա փաստ է. «սուգուբո» մահակներով զինված, ձողերով զինված. դա ըտենց էլ կա, ասենք՝ կարող եմ հետո ձեր բոլոր հարցերին էլ պատասխանել, բայց մենք մի քանի անգամ բարձրախոսով զգուշացրինք, որ եկել ենք տեղազննության, ու գնացել էինք առանց ջրանետերի, հատուկ միջոցների… իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ կանգնել էր մեր ծառի մոտ. մենք մի ծառ ունենք էնտեղ, ես իրեն էնտեղ տեսա ժամը տասին, պուլպուլակին կից», և այսպես շարունակ՝ կես ժամ՝ նույն ոգով:
Ոնց տեսնում եք՝ ՆԷՊ-ի օրոք «նստած» փոխոստիկանապետը, որին մշտապես կարող ես տեսնել միտինգավորների վերջին շարքում ինքնահմայված կանգնած, այնքան է «հաճախել» միտինգների, որ այլևս գտնվում է «նեյրոլինգվիստիկ» ազդեցության ներքո (չէ՜, մենք մեզ թույլ չենք տա պետության ներկայացուցչի նկատմամբ օգտագործել «հոգեխանգարմունք» եզրույթը՝ երբե՛ք): Բայց չգիտես ինչու, ու չիմացանք՝ ինչպես, մեկ էլ, ու Ալեքսանդրը՝ Աֆյան, «միակտղամարդու» իր փնտրտուքում այնքան ինքնամեկուսացվեց ու ինքնահեռացվեց հենման կետից, որ վերցրեց ու ասաց՝ «այդ Խաչիկյանը ես եմ». «Մարտի մեկի հրաման տվողը եղել եմ ես՝ հասարակական կարգն ապահովելու համար՝ առավոտյան դեպքերի հետ կապված»:
ՈՒ թե մինչ այդ ժամանակավոր հանձնաժողովի անդամները նայում էին իրար, հետո լրագրողներին ու անընդհատ փռթկացնում էին, այդ պահից սկսած բոլորն էլ հասկացան՝ խաղն առավել հեռու գնացող դիապազոնով է կառուցված, ու լրջացան:
Այսպիսով, վիզուալ «տեղազննությունից» անցնենք քաղաքագիտությանը: Հասկանալի է՝ ժամանակավոր հանձնաժողովն իշխանությունից գծված իր սցենարն ունի, այնտեղ ներկայացված քաղաքական ուժերը՝ իրենց, եկող «հյուրերը»՝ իրենց: Խաղն այդ պահից սկսած՝ փոխվեց: Եվ հասկանալի դարձավ՝ առաջին հայացքից կարելի էր կարծել՝ Ս. Աֆյանը եկել է խարակիրիի և կամիկաձեի իր դերակատարությունը կատարում է շատ լավ. ավտորիտար համակարգերում այլ կերպ չի էլ լինում: Եվ եթե անգամ փոխոստիկանապետի կրթական ցենզը բավարարում էր հասկանալու, թե մարտի մեկի դեպքերի սցենարի հետևում իրականում ինչ է կատարվել, միևնույն է՝ քաղաքական որոշումներն իրավական հարթություն տեղափոխածները շատ մեծ «ծրագրերով» են առաջնորդվում:
Իսկ ժամանակավոր հանձնաժողովի ներկայացուցիչները նրանում ներգրավված են «հատվածաբար». ամենքին տրված էր իր առաջադրանքն ու դերակատարությունը:
Մինչ «առաջադրանքներին» անցնելը՝ մի հետադարձ հայացք փետրվարյան այդքան խճճված, գրեթե չլուսաբանված, իրադարձություններով հարուստ օրերին:
Ակնհայտ է՝ իշխանական ճամբարի այդ օրերի սցենարը գծված է եղել մեկ գլխում: Այո, Քոչարյանի: Սերժ Սարգսյանն ընդամենը կառավարության՝ վարչապետի սենյակում նստած՝ պասիվ հայեցող է եղել:
«Դիտենք» փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերվա իրադարձությունները, երբ Ռ. Քոչարյանը վերադարձավ Ռուսաստանից, ուր մասնակցում էր ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին: Ըստ լավատեղյակների՝ նա վերադարձավ «տագնապ Հայաստանում» անհրաժեշտությունից դրդված: Եկավ, իջավ օդանավակայանում, ասաց՝ «մի օր էլ չկարացիք պահեք վիճակը. էդ չե՞ք»:
Իսկ վիճակը չպահելու «սողացող» հրամանը եթե ինքը չէր տվել, ապա հաստատապես տեղյակ էր, թե ինչ է տեղի ունենում, ինչու, ինչպես և հատկապես՝ ումով:
Հիշենք. Քոչարյանի՝ Մոսկվայում գտնվելու օրերին էր, որ յոթ ՀՀԿ-ական-երկրապահ պատգամավորներ ստորագրեցին հայտնի հայտարարությունը, որն էլ Ազատության հրապարակում կարդաց Մանվել Ղազարյանը, նրանք բոլորով «միացան» Տեր-Պետրոսյանի շարժմանը: Դրանից հետո պատգամավոր-երկրապահ տղերքը «կամուֆուլյաժները» հագել-գնացել էին Երկրապահ, ուր արդեն իսկ կային երեք հազար երկրապահներ, ոմանց ասելով՝ արդեն իսկ «զինված»: Ընդ որում, դա այն օրն էր, երբ միտինգում հայտարարվեց նաև՝ հետ քաշվեք, հենց հիմա միտինգավորներին է միանում Մանվել Գրիգորյանը. ու մեզ բոլորիս հետ կանգնեցրին, միջանցք բացեցին, որպեսզի Մանվելը գա. սպասում-սպասում էինք… իսկ Մանվելը չէր գալիս:
Նույն այդ օրը Մանվելը հայտնի մեկի միջոցով «քսիֆ» է ուղարկում հարկավոր ուղղությամբ. ասեք Սերժին՝ ես իր հետ աշխատողը չեմ, եթե ինքը կպահի Քոչարյանին որպես վարչապետ, ես երկրապահին հետ կքաշեմ, չէ՝ ասեք միանում եմ Լևոնին: «Քսիֆը» տեղ է հասել, թե՝ ոչ, մեզ հայտնի չէ: Գիշերն օդանավակայան ժամանած Քոչարյանին զեկուցվել է իրավիճակի մասին, ըստ մեր աղբյուրի՝ իբր որոշում է եղել. եթե Մանվելը հետ չքաշվի, Քոչարյանը որոշել է «շտուրմ» իրականացնել երկրապահի շենքի հանդեպ: Ավելին՝ իբր պատրաստի վիճակում են եղել տանկեր, ուղղաթիռներ՝ Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ օպերացիան իրականացնելու համար: Քոչարյանը կանչել է Մանվել Գրիգորյանին իր մոտ: Վերջինս չի եկել: Եվ այնուհանդերձ, իշխանավորներից մեկը, ով ողջ ժամանակ գտնվել է երկրապահի շենքում, փորձել է համոզել գեներալ Մանվելին՝ հետ քաշվել, չգնալ բախման, ինչ-որ բանի հասել է. Մանվելը «վերցրել է իր շինելը, գնացել է Արշալույս»… Սերժ Սարգսյանին զեկուցվել է երկրապահի հետ քաշվելու մասին. վարչապետի սենյակում միայնակ նստած, լքված Սերժը վեր է կացել տեղից, թփթփացրել լուրը բերողի՝ Մանվելին հետ քաշելու, բախումը կանխելու հարցում ջանք թափածի ուսին ու ասել է. ես ոչինչ չեմ արել քեզ համար՝ երբեք, բայց նրանց, ում համար շատ բան էի արել, բոլորն ինձ դավաճանեցին…
Այսպիսով, մարտի մեկը հնարավոր է և չլիներ, եթե Մանվելը միանար միտինգավորներին: Հնարավոր է չլիներ, եթե Սերժ Սարգսյանը զիջեր Քոչարյանին:
Ասացինք, այդ ամենը ծրագրավորված է եղել Քոչարյանի գլխում. երկրապահի ակտիվացումը նրան շատ ձեռնտու էր.
ա) վերջապես երիտթոշակառու չդառնալու, վարչապետի պաշտոնը ստանձնելու համար,
բ) Հայաստանում հատուկ դրություն հաստատելու, իր նախագահությունը երկարացնելու, իրադրությունն ըստ իր կամքի դասավորելու համար:
Ինչին՝ ա) իր համաձայնությունը չէր տվել Ռուսաստանը, բ) զարգացումներն այնպես չընթացան, որպեսզի ինքը կարողանար այդ իդեա-ֆիքսերը կյանքի կոչել:
«Օրակարգում» հայտնվեց մարտի մեկը:
Վերադառնանք մարտի մեկի առավոտյան «հրաման տված» և հանձնաժողովականներին հյուր եկած Ս. Աֆյանին:
ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ, հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հարցրեց «հյուրին». համաչա՞փ էր արդյոք Աֆյանի «տված հրամանը», այն է՝ համաչա՞փ էր վեց հարյուր ոստիկանով ութ հարյուր միտինգավորների դեմ դուրս գալու «տեղազննությունը». հիշենք՝ օմբուդսմենի զեկույցում հենց համաչափության հարցն է դրված որպես բանալի… հրաման տվողի համար:
Փոխոստիկանապետի պատասխանն առավել քան «առինքնող» էր. «Զննության գնացել ենք 130 հոգով», քնած ցուցարարների, պուլպուլակի կողքին ծխող Տեր-Պետրոսյանի «պատերազմական գործողություններից» հետո. «Օժանդակ ուժերը, որ չպետք է մասնակցեին զննմանը, մենք մտածել ենք, որ պարտավոր ենք ունենալու, և ունեցել ենք»:
Ոնց ուզում եք՝ հասկացեք ասվածը: Մենք Աֆյանի «գիդը» չենք:
Եվ այնուհանդերձ, հետաքրքիրը դեռ առջևում էր: Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արթուր Բաղդասարյանի կուսներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանն էլ թե՝ պարոն Աֆյան, «էն ո՞վ նայեց լիսածակից, էն ո՞վ …». մի խոսքով՝ ցույց տվեց «ՀԺ» թերթն ու հարցրեց՝ էս ովքե՞ր են, պարոն Աֆյան: «Վա՜յ, բա չես ասի, պարոն Մարգարյան, մեր սպեցնազի տղերքն են, սրանք իրենց շորերի հետևում ունեն «ոստիկանություն» տարբերանշանը. բա հո Ղարաբաղից չե՞ն: Չեն։ Ըսկի չեն»: Բայց ՀԺ-ն համառ գտնվեց ու հաջորդ օրը նույնատիպ նկարով ցուցանեց, որ տղերքի թիկունքին ոչ մի տարբերանշան էլ չի եղել:
Կարո՞ղ ենք եզրակացնել, թե ինչ-որ մեկին կամ բոլորիս միասին՝ ձեռնտու է իմանալ, որ բոլոր դեպքերում… չէ. մենք չենք ասում, որ սպեցնազը Ղարաբաղից էր, պարզապես ֆիքսում ենք՝ տարբերանշան չկար, ու «հյուր» Աֆյանն այս հարցում ևս սխալ էր:
Եվ վերջապես, հասկացա՞վ Աֆյանը, որ երբ ինքն ասում էր՝ հրաման տվողն ինքն է, ինչ է անում իրականում: Իհարկե, չէ. եթե նա ասեր՝ ես չեմ տվել հրամանը, չգիտեմ ով է տվել, իմ կոմպետենցիայից դուրս է դա, ապա բոլորը կսկսեին որոնել՝ ո՞վ է, բոլոր դեպքերում, տվել չարաբաստիկ ողբերգական հրամանը: Բայց երբ ՀՀ փոխոստիկանապետն ասում է՝ «Ե՛ս եմ տվել», հասկանալի է՝ «ոմանք» ցանկանում են, որ ընդգծվի այն միակը, ով կարող էր այդպիսի հրաման տալ:
Սահմանադրության երաշխավորը: Երկրի անվտանգության պատասխանատուն: Իհարկե, Քոչարյան Ռոբերտը:
Բա կարելի՞ էր էդպես «подставка» անել առանց այն էլ Հաագային նախապատրաստվող մարդուն, պարոն Աֆյան, էն էլ ընդդիմության հետ միտինգաթույլտվության-մերձեցման երեկոներից հետո:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6212

Մեկնաբանություններ