Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ռուս-թուրքական «բարեկամության» վախճանը

Ռուս-թուրքական «բարեկամության» վախճանը
23.06.2009 | 00:00

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԵԾՐՈՒՄ
«Չնայած Մոսկվայի ջանքերին և այն հանգամանքին, որ Կրեմլը շարունակում է «Հարավային հոսք» գազամուղային նախագծի լոբբինգը, Թուրքիան չի պատրաստվում խոչընդոտել այլընտրանքային «Նաբուկո» գազամուղի կառուցման հարցում։ Այդ գազամուղով է, որ ադրբեջանական, իսկ միգուցե թուրքմենական գազը կհոսի Եվրոպա։ Օրերս Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Իլդիզը հայտարարեց, որ բազմիցս հետաձգված միջկառավարական համաձայնագրի ստորագրումը «Նաբուկո» նախագծի վերաբերյալ տեղի կունենա հուլիսին։ Բացառված չէ, որ այդպիսով Անկարան ոչ միայն աջակցում է թուրքական տարածքով ևս մեկ գազամուղի կառուցմանը, այլև արտահայտում է իր դժգոհությունը Մոսկվայից, որը, ինչպես համարում է Թուրքիան, խոչընդոտում է թուրքական ապրանքների արտահանմանը Ռուսաստանի Դաշնություն»։ Սա մեջբերում է ռուսական «Նեզավիսիմայա գազետայի» մի հոդվածից, որը տպագրվել է օրերս ու տարածվել նաև ռուսական ինտերնետային կայքերում։ Դատելով ըստ ամենայնի, ռուս-թուրքական հարաբերությունները կրկին մտնում են ճգնաժամի փուլ, և պատճառն այստեղ միայն գազը չէ կամ, ավելի ճիշտ, ոչ այնքան գազը։
Հիշողությունը թարմացնելու դեպքում դժվար չէ մտաբերել, որ ընդամենը մեկ տարի առաջ հենց Մոսկվան էր խրախուսում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Թուրքիայի նախագահին Հայաստան ֆուտբոլային խաղի հրավիրելու Հայաստանի ղեկավարության նախաձեռնությունն էլ այդ նույն շրջանում ի հայտ եկավ` ոչ առանց Կրեմլի ակտիվ միջամտության ու մասնակցության։ Բազմիցս խոսվել է այն մասին, որ ռուս-վրացական պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրադրությունը և հատկապես Վրաստանում ԱՄՆ-ի դիրքերի աննախադեպ ամրապնդումը մղեցին Մոսկվային Անկարայի հետ դաշինքի փնտրտուքի` համատեղ ուժերով ամերիկյան ազդեցությունը տարածաշրջանում կասեցնելու նպատակով։ Այդ նախաձեռնության մեջ կար յուրօրինակ տրամաբանություն, քանի որ 1921-ին Անկարան ու Մոսկվան համատեղ ջանքերով էին «հավաքել» տարածաշրջանի անվտանգության համակարգն ու սահմանները։ Եվ, ըստ այդմ, նոր խաղացողների ներթափանցումը տարածաշրջան, ի դեմս Եվրամիության և հատկապես ԱՄՆ-ի, միշտ էլ հղի է եղել տարածաշրջանի անվտանգության համակարգի, ըստ այդմ, նաև նախկինում գծված սահմանների վերանայման վտանգով, ինչը բացարձակապես չի բխում Մոսկվայի, որոշակի առումով նաև` Անկարայի շահերից, եթե այդ համատեքստում նկատի ունենանք հայկական հարցի աննախադեպ ակտիվացումն ամերիկյան քաղաքականության օրակարգում։
Սակայն տեղի ունեցավ այն, ինչ չէր կարող տեղի չունենալ, որովհետև ռուս-թուրքական գլոբալ հակադրությունը տարածաշրջանում իր մեջ կրում է այնպիսի խորքային բաղադրիչներ, որոնք ամերիկացիների դեմ ռուս-թուրքական դաշինքի ձևավորումը դարձնում էին սկզբունքորեն անհնարին։ Եվ խնդիրն այստեղ բնավ էլ «դաշնակից» Հայաստանին պաշտպանելու Մոսկվայի պատրաստակամությունը։ Հայաստանի ղեկավարությանը Թուրքիայի հետ երկխոսության մղելով` արդեն Ռուսաստանի ներկա ղեկավարությունը ցույց տվեց, որ հայկական շահերն իր համար բացարձակապես երկրորդական նշանակություն ունեն կամ չունեն առհասարակ, եթե խոսքը վերաբերում է ավելի գլոբալ ու կարևոր պայմանավորվածություններին։ Եվ այսպիով, ի՞նչ էր ակնկալում Մոսկվան Անկարայից, և ի՞նչը ստանալ չհաջողվեց։
Ռուսական վերլուծական շրջանակներում տարածված տեսակետներից և հրապարակվող հոդվածներից կարելի է հանգել եզրակացության, որ վերջին մեկ տարվա ընթացքում ռուս-թուրքական շփումների հիմնական առանցքում Մոսկվայի համար եղել է հետխորհրդային տարածքի վերաբերյալ Անկարայի հետ համաձայնություններ ձևավորելու խնդիրը։ Ընդ որում, ռուսական տարբեր վերլուծաբանների և Կրեմլին մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ, Ռուսաստանը ձգտել է Թուրքիայի հետ բանակցություններում հասնել այնպիսի համաձայնությունների, որոնք այսուհետ կբացառեին թուրքական ներթափանցումը Հյուսիսային Կովկասի մահմեդական հանրապետություններ։ Ռուսական կողմը ցանկացել է Անկարայից ստանալ հաստատուն երաշխիքներ, որ Թուրքիան կդադարեցնի Հյուսիսային Կովկասի արմատական մահմեդական շարժումներին ցուցաբերվող ամեն տեսակի աջակցություն, ինչն իր շարունակական դրսևորումն է ունեցել ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր։ Բավական է նշել, որ Սաուդյան Արաբիան ու Թուրքիան այն երկու հիմնական պետություններն են, որոնք չեչենական դիմադրական շարժմանն ամենաինտենսիվ աջակցություն են ցույց տվել անցած տարիներին, և դա չի սահմանափակվել սոսկ ֆինանսական ներարկումներով ու անգամ զենքի տրամադրմամբ։ Ավելին, Թուրքիան եղել է Հյուսիսային Կովկասում ամենաակտիվ հետախուզական գործունեություն ծավալող պետությունը, և 2000-ից ի վեր, ըստ տարբեր աղբյուրների, այդ երկրի մոտ 600 գործակալներ են բացահայտվել Ռուսաստանի տարածքում, որոնք գործել են ոչ միայն հյուսիսկովկասյան մահմեդական հանրապետություններում (Չեչնիա, Ինգուշիա, Կարաչաևո-Չերքեզիա, Ադիգեյա, Դաղստան), այլև Թաթարստանում, Բաշկորտոստանում, Կալմիկիայում և անգամ Յակուտիայում։ Որքան կարելի է հասկանալ առանձին հրապարակումների տողատակերից, Անկարան սկզբունքորեն հրաժարվել է այս հարցում Մոսկվայի հետ որևէ համաձայնության գալուց, ըստ որոշ վերլուծական հրապարակումների` Թուրքիայի հավակնությունները տարածվում են նույնիսկ Աբխազիայի վրա, և Անկարան Կրեմլի առջև հարց է բարձրացրել, որ այդ հանրապետության փաստացի միավորումը Ռուսաստանին, Մոսկվայի լայնածավալ ռազմական ներկայության վերականգնումը Աբխազիայի տարածքում, բացարձակապես չեն ոգևորում Անկարային։ Այլ կերպ ասած, Թուրքիայի կողմից եղել է առաջարկ Աբխազիայում «համատեղ» կամ համաձայնեցված ռուս-թուրքական ներկայության վերաբերյալ, որի դեպքում էլ Անկարան, իբր, պատրաստ է որոշակի ժամկետներում նույնիսկ ճանաչել Աբխազիայի անկախությունը` բացառելով նույն քաղաքականության որդեգրումը Հարավային Օսիայի պարագայում։
Մի խոսքով, տարածաշրջանի վերաբերյալ ընդհանուր համաձայնություն չի կայացել, թեպետ, ըստ ռուսական մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների, բավականին ճանաչված վերլուծաբանների (Ս. Մարկով, Ա. Պրոխանով և այլք), եթե Անկարան համաձայներ դադարեցնել իր միջամտությունը Հյուսիսային Կովկասում, ինչն առայսօր լրացուցիչ խնդիրներ է ստեղծում այստեղ ռուսական իշխանությունների համար, Մոսկվան պատրաստ է եղել երաշխիքներ տրամադրել, որ 1921-ին հաստատված սահմանները չեն վերանայվի, Ռուսաստանը ջանքեր կգործադրի պարտադրելու Հայաստանին` հրաժարվելու Հայ դատի պահանջատիրությունից որպես պետական քաղաքականություն, ռուսական շուկան արտոնյալ պայմաններով կբացվի թուրքական ապրանքների համար, Ռուսաստանը չի խոչընդոտի թուրք-ադրբեջանական հարաբերությունների սերտացմանը` համապատասխան ջանքեր գործադրելով նաև Ղարաբաղի հարցում Ադրբեջանի պահանջները բավարարելու ուղղությամբ։
Ըստ ամենայնի, ռուս-թուրքական երկխոսության հաստատմանը, անշուշտ, խոչընդոտել է ԱՄՆ-ը, որը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդական նախաձեռնությունը Մոսկվայից խլելով, սկսել է այն օգտագործել որպես բավականին արդյունավետ լծակ Անկարային «ավանդական ազդեցության ուղեծիր» վերադարձնելու համար։ Սակայն սխալ կլինի ռուս-թուրքական տապալված երկխոսության պատճառները որոնել միայն ամերիկացիների «դավադրական» գործունեության մեջ։ Անցած մեկուկես տասնամյակի ընթացքում Թուրքիան այնպիսի լուրջ ջանքեր է ներդրել, հսկայական ֆինանսական, տեղեկատվական, քարոզչական, հետախուզական ու քաղաքական ռեսուրսներ ծախսել Հյուսիսային Կովկասում, Ղրիմում, Հարավային Կովկասում նոր ազդեցություն ու լծակներ ձեռք բերելու ուղղությամբ, որ անգամ հայկական հարցում Ռուսաստանի կողմից զիջումների պատրաստակամությունը չէր կարող հարկադրել նրան հրաժարվելու տարածաշրջանային գերտերության կարգավիճակին համարժեք ծրագրերից ու մտադրություններից։
ՈՒստի և պատահական չէ, որ գեոքաղաքական դաշտում ռուս-թուրքական տապալված երկխոսությունն իր ազդեցությունն է թողնում երկու պետությունների տնտեսական փոխհարաբերությունների վրա։ Լինելով ռուսական գազը բավականին էժան գներով սպառող երկրներից մեկը` Թուրքիան շատ ակտիվ գործունեություն է ծավալում էներգետիկ այլընտրանքների ձևավորման ուղղությամբ։ Անգամ այն պայմաններում, երբ Եվրոպան բոլորովին ցանկություն չունի Թուրքիային տեսնելու եվրոպական միասնական ընտանիքում, Անկարան չի դադարում բախել Եվրամիության դռները` դրանք բացելու համար տարբեր բանալիներ փորձելով։ Հիմա, հավանաբար, Անկարայում հանգել են հետևության, որ «Նաբուկոյի» ճանապարհին կանաչ լույս վառելը կարող է նույն ձևով լուսավորել իրենց ճանապարհը դեպի եվրոպական ընտանիք, քանզի Եվրամիությունը Ռուսաստանից իր էներգետիկ կախվածությունը նվազեցնելու լուրջ ցանկություն ունի ու պատրաստ է համապատասխան միջոցներ ներդնել այդ նպատակին հասնելու համար։ Այլ հարց է, որ այդ գազամուղը ռեսուրսներով ապահովել հնարավոր չէ առանց Իրանի մասնակցության, ինչը, ի դեպ, նույնպես չի բացառվում, եթե նկատի ունենանք, որ եվրոպական առաջատար երկրների հետ համագործակցությունը երբեք էլ մերժելի չի եղել Թեհրանի համար։ Խնդիրն այն է, որ ավագ դաշնակից Ռուսաստանը մեկ տարվա ընթացքում հերթական անգամ ցույց տվեց Հայաստանին, թե առհասարակ որքան փոքր արժեք է ունենում հնազանդ դաշնակիցը։ Իսկ Բելառուսը վերջին օրերին հակառակ օրինակը ցույց տվեց, որ եթե երկու ժողովրդի նույն հատվածներն ապրում են առանձին պետություններում, կարող են ունենալ իրարամերժ շահեր, և այդ դեպքում յուրաքանչյուրի համար գործում է «своя рубашка ближе к телу.» սկզբունքը։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 2458

Մեկնաբանություններ