Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ո՛չ մամուլի քարտուղար ունենք և ո՛չ էլ ԱԺ-ում նստած խնամի, որ կարողանան մեր ճիշտը պաշտպանել»

Ո՛չ մամուլի քարտուղար ունենք և ո՛չ էլ ԱԺ-ում նստած խնամի, որ կարողանան մեր ճիշտը պաշտպանել»
04.09.2009 | 00:00

«ԻՆՉ ԳՐՎԱԾ Է, ՀԵՆՑ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԵՂԵԼ Է»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ՆԻՆԱ ԱՍԱՏՈՒՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
-Նինա Ասատուրովնա, պարոն Հարությունյանն իր գրքում խոստովանել է, թե երբեմն ինչ-ինչ հարցեր քննարկում է տիկնոջ հետ։
-Այնքան էլ այդպես չէ։ Նա երբեք էլ բոլոր հարցերին ինձ իրազեկ չի դարձրել։ Բայց եթե տեղյակ էի ինչ-ինչ հարցերի, ապա կարող էի և որոշակի խորհուրդներ տալ։ Իսկ անսալ իմ խորհուրդներին, թե՞ ոչ, որոշողն ինքն էր։
-Տեղյա՞կ էիք Ռոբերտ Քոչարյանի` Սուրեն Հարությունյանին արված առաջարկին` վերադառնալ Հայաստանի քաղաքական դաշտ։
-Այդ առնչությամբ կասեմ հետևյալը. 2002-ն էր։ Բադալյան Վոլոդյան, լավ եմ հիշում, եկավ Մինսկ։ Գիտեի, որ քննարկվում է Սուրեն Հարությունյանի` Հայաստանի քաղաքական դաշտ վերադառնալ-չվերադառնալու հարցը։ Սուրեն Գուրգենիչն ինձ տեղյակ պահեց, թե երեկոյան հանդիպելու է Վոլոդյա Բադալյանի հետ։ Տարօրինակն այն էր, որ, ինչպես տեղեկացրեց Սուրեն Գուրգենիչը, Բադալյանը ցանկացել է անպայման հանդիպել ու զրուցել ինձ հետ։ Անկեղծ ասած, զարմացա, թե նա ինձ հետ խոսելու ի՞նչ ունի։ Սուրեն Գուրգենիչը թե` չգիտեմ։ Ինչևէ... Հանդիպումը կայացավ Մինսկից ոչ հեռու գտնվող Ռաուբիչի շրջանի «Օազիս» ռեստորանում։ Զրուցեցինք։ Բադալյանը պնդում էր. «Նինա Ասատուրովնա, համոզեք Սուրեն Գուրգենիչին, որպեսզի վերադառնա Հայաստան»։ Ասացի` նա ինձ չի լսի, ես ի վիճակի չեմ նրան համոզելու, որովհետև նման ազդեցություն ամուսնուս վրա չունեմ։ Նա, թե` «Երբ ժամանակին Կարեն Դեմիրճյանին համոզում էինք վերադառնալ մեծ քաղաքականություն, հակառակվում էր։ Սակայն Ռիմա Աղասևնան նրան համոզեց»։ Ասացի. «Եվ մեծ սխալ գործեց, եթե Ռիմա Աղասևնան չանասար Ձեր հորդորներին, Կարեն Սերոբիչը ողջ կլիներ»։ Այսքանով ավարտվեց մեր խոսակցությունը։ Ըստ էության, ես քաջատեղյակ էի Ռոբերտ Քոչարյանի առաջարկին։
Դրանից հետո Սուրեն Գուրգենիչն աշխատանքային հարցերով մեկնեց Մոսկվա։ Տեղյակ եմ, որ Բադալյանը ևս գնացել է Մոսկվա։ Այնտեղ հանդիպել են մեր ծանոթի բնակարանում, և կրկին նույն հարցի շուրջ է ընթացել զրույցը։ Ես տեղյակ եմ, որ այդ հանդիպմանը ներկա է եղել և Հմայակ Հովհաննիսյանը, որից էլ և կարող եք ճշտել մանրամասները։
-Նինա Ասատուրովնա, հայաստանյան որոշ թերթեր պնդում են, թե Սուրեն Հարությունյանը, մեղմ ասած, ճիշտ չի ասում, որ նման առաջարկ նրան ոչ ոք չի արել։
-Մեղմ ասած, նրանք են կեղծում, որովհետև եղել է նման խոսակցություն, որին անձամբ եմ ներկա գտնվել։ Ի վերջո, այդ ի՞նչ մի բան էր, որ Սուրեն Գուրգենիչն էլ խեղաթյուրեր իրողությունը։ Առաջարկությունը եղել է, միանշանակ, բայց Սուրեն Գուրգենիչը մերժել է։ Անկեղծ ասած, ինքս էլ էի դեմ, չէի ցանկանում, որ նա կրկին Հայաստանի քաղաքական կյանք վերադառնար։
-Եթե տվյալ առաջարկի և այդ առնչությամբ ընթացած բանակցությունների մեջ վտանգավոր ոչինչ չկար, ապա, ըստ Ձեզ, այսօր ինչո՞ւ են ոմանք ամբողջ ճակատով հարձակում սկսել։
-Այդ իրենք պետք է պատասխանեն։ Ի դեպ, ասեմ, որ Հայաստանից հաճախ են զանգում լրագրողներ ու խնդրում, որ Սուրեն Գուրգենիչը որոշ մեկնաբանություններ տա։ Մեկնաբանություն տալու խնդիր չկա, որովհետև իր գրքում նա միայն ճշմարտությունն է ներկայացրել։ Նրա գրածների տակ ինքս էլ կարող եմ ստորագրել։
Եվ վերջում` փոքրիկ հավելում. Հայաստանում ոչ մեկն էլ թող աղմուկ չբարձրացնի, որովհետև ինչ գրված է, հենց այդպես էլ եղել է։ Մեր խիղճը մաքուր է։ ՈՒղղակի մենք ո՛չ մամուլի քարտուղար ունենք և ո՛չ էլ ԱԺ-ում նստած խնամի, որ կարողանան մեր ճիշտը պաշտպանել։
Ճեպազրույցը` Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1650

Մեկնաբանություններ