Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Աղքատությունը ոչ թե պատճառ է, այլ հետևանք»

«Աղքատությունը ոչ թե պատճառ է, այլ հետևանք»
05.05.2009 | 00:00

ԱԳՐԱՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երկրում գոյություն ունեցող սոցիալական լարվածությունը մեղմելու, բնակչությանը պարենով ապահովելու, գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրները քննարկելիս հաճախ հիշատակվում է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը (ԱՀՌԾ): Կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալ դեպքում աղքատությունը ոչ թե պատճառ է, այլ հետևանք, ուստի պետք է պայքարել ոչ թե հետևանքի, այլ այն ծնող պատճառի դեմ: Նման ծրագրի իրականացման արդյունքում ինքնըստինքյան կվերանա կամ նվազագույնի կհասցվի այսօր տեղ գտած բացասական երևույթների մի զգալի մասը, ներառյալ գյուղատնտեսությունում:
Տնտեսության բոլոր ճյուղերից Հայաստանի համար առանձնահատուկ կարևորվում է գյուղատնտեսությունը` ոչ միայն աշխատուժի ներգրավվածության բարձր տեսակարար կշռի և աշխատանքի ցածր արդյունավետության մտահոգիչ գործոնների, այլև Առևտրի համաշխարհային կազմակերպության պահանջների կատարման ժամկետների սղության և հայրենական ապրանքների մրցունակության բարձրացման հրամայականն իրականություն դարձնելու պատճառով: Այսօր երկրի ՀՆԱ-ի 40 տոկոսն արտադրվում է 340 հազար գյուղացիական տնտեսությունների կողմից: Այն կազմում է ապրանքաշրջանառության մեկ հինգերորդ մասը:
Հողի համատարած սեփականաշնորհումն իր դրական արդյունքների հետ միասին անսպասելի բացասական շրջադարձեր է բերել հայ գյուղացու համար: Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերը բավականին մասնատված են, հատկապես Արարատյան դաշտավայրում: Օրինակ, Արարատի մարզում սեփականաշնորհված 1 հողաբաժնի միջին չափը կազմում է 0,48 հա, Արմավիրում` 0,68 հա, որոնք էլ տրոհված են 3-4 հողակտորների: Հողատարածքների մասնատվածությունն անհնար է դարձնում գյուղտեխնիկայի և մեխանիզացիայի օգտագործումը: Մասնավորապես, դժվարացել է հողերի մշակումը լեռնային բնակավայրերում, որտեղ պահանջվում է տվյալ տեղանքին համապատասխան գյուղտեխնիկա: Չի ձևավորվել նաև հողի շուկան, որը դանդաղեցնում է գյուղատնտեսության զարգացումը ողջ երկրի տարածքում: Մյուս կողմից, նկատվում է հատկապես բերրի հողատարածքների զանգվածային կենտրոնացում համեմատաբար սահմանափակ թվով մարդկանց ձեռքին: Հողատարածքներն այդպիսով վերածվում են լատիֆունդիաների, որոնք անհամատեղելի են ազատ մրցակցության հռչակած սկզբունքների հետ: Մեր համոզմամբ` այնքան վտանգավոր չէ հողերի կենտրոնացման բուն գործընթացը, որքան այն փաստը, որ հողի սեփականատերերից շատերը չեն շտապում զբաղվել դրա մշակմամբ` այն մատնելով պարապուրդի, հետևաբար, ժամանակի ընթացքում հանգեցնելով հողի որակի անկման և երկրի տնտեսության համար այնքան կարևոր առանց այն էլ սահմանափակ պիտանի հողատարածքների ընդհանուր ծավալի կրճատման: Սեփականատերերը, այդպիսով, սպասում են հարմար պահի` խորհրդանշական գումարներով ձեռք բերված հողատարածքներն առավելագույն շահավետությամբ վերավաճառելու համար: Շրջանառությունից դուրս մնացած հողատարածքները վերստին օգտագործելու և սեփականատերերին տնտեսապես հողօգտագործումը հարկադրելու նպատակով առաջարկվում է չօգտագործվող հողատարածքներից գանձել գույքահարկ, այն ամեն տարի երկրաչափական պրոգրեսիայով ավելացնելով մինչև այն աստիճան, որ սեփականատերերին ձեռնտու չլինի չօգտագործվող տարածքների համար մեծ գումարներ վճարել: Արդյունքում անհրաժեշտություն կառաջանա կա՛մ մատչելի շուկայական գներով հողը զիջել դրա իրական արժեքը գնահատողներին, կա՛մ սեփական ուժերով կազմակերպել հողերի մշակում, որը, բնականաբար, նվազագույնի կհասցնի նաև հարկային բեռը:
Անշուշտ, գյուղատնտեսության բնագավառից ակնկալիքներն ավելին են, քան այլ ասպարեզներից, քանզի հենց գյուղատնտեսությունն է կոչված ապահովելու երկրի պարենային անվտանգությունը: Երկրին սննդամթերք մատակարարող գյուղացին ինքն անպաշտպան է և սոցիալապես խոցելի: Առայժմ արդյունավետ քայլեր չեն արվել տարերային աղետներից նվազագույն ապահովագրություն տրամադրելու և տարբեր աստիճանի վնասների անգամ մասնակի փոխհատուցումների համար: Կարևոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել նաև երկրի սելեկցիոն անվտանգությանը` հաշվի առնելով վերջին շրջանում տրանսգենետիկ ձևախեղումներն ու կասկածելի ծագում ունեցող ներմուծված սննդամթերքը, ինչպես նաև այն իրողությունը, որ հայ սելեկցիոներների ստացած մրգի, բանջարեղենի, տարբեր մշակաբույսերի հայրենական բարձրորակ սորտերն իրենց տեղը զիջում են արտերկրից բերված կոմերցիոն սորտերին, որոնք, քանակ և թվացյալ ամրություն ապահովելով, լուրջ սպառնալիքի են վերածվել մարդկանց առողջության համար: Աստիճանաբար վերանում են կարտոֆիլի, ձմերուկի, լոլիկի, այլ մշակաբույսերի հայկական սորտերը:
Տնտեսական բարեփոխումների ներկա փուլում որևէ քայլ անելուց առաջ անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել անցյալի հարուստ փորձը` դրա բացասական հետևանքներից խուսափելու և ուսանելի կողմերն առավելագույնս հաշվի առնելու նպատակով: Ի վերջո, միակ չափանիշը, որով կարելի է դատողություններ անել բարեփոխումների ընթացքի մասին, գյուղացու տնտեսական և սոցիալական վիճակի բարելավումն է, որն էլ թույլ կտա խթանել երկրի տարբեր մարզերի հնարավորինս համաչափ զարգացումը, լքված հողերի վերաբնակեցումը, ինչպես նաև սահմանամերձ գյուղերի դիրքերի ամրապնդումը:
Ակնհայտ է, որ շուկայական տարերքը չի կարող դիտվել որպես նման ռազմավարական խնդիրների լուծման արդյունավետ միջոց: Առողջ մրցակցության համար բարենպաստ պայմաններ ձևավորելու հետ մեկտեղ, պետության հիմնական գործառույթների կիրառության շնորհիվ անհրաժեշտ է իրականացնել նպատակային և ծրագրված ագրարային քաղաքականություն: Ստեղծված իրավիճակում պետության դերը կարող է ակտիվանալ ոչ միայն գյուղացիական կոոպերացիայի մասին օրենքի ընդունմամբ, այլև արտոնյալ վարկերի տրամադրմամբ և պետական մթերումների (պետական պատվերի) նվազագույն քանակով գյուղմթերքների արտադրության խթանմամբ: Սա բխում է պետության կարգավորիչ և վերահսկիչ գործառույթներից և նվազագույն ջանքերով կարող է նպաստել գյուղմթերքների մրցունակության բարձրացմանը` ի տարբերություն զարգացած երկրների քաղաքականության, որը սուբսիդավորման միջոցով արհեստականորեն իջեցնում է գյուղմթերքների գները և հանգեցնում նույնպիսի արհեստական մրցունակության ձևավորման: Պետությունը հնարավոր բոլոր միջոցներով պետք է նպաստի գյուղում փոքր և միջին արտադրությունների զարգացմանը: Այլապես գնալով արմատավորվում է այն մտայնությունը, որ փոքր կամ միջին ձեռներեցություն ասելով պետք է հասկանալ միայն փոքր ու միջին առևտուրը: Ի դեպ, փոքր կամ միջին ձեռներեցությունը գյուղատնտեսության ոլորտում չի կարող սահմանափակվել միայն հողօգտագործմամբ կամ անասնապահությամբ: Կարևոր է նպաստավոր պայմաններ ստեղծել` վերականգնելու փոքր արտադրությունները գյուղական վայրերում, խթանելու ժողովրդական արհեստների զարգացումը և տասնամյակներով ձևավորված ավանդույթների փոխանցումը տեղաբնակ երիտասարդներին: Փոքր և միջին ձեռներեցության հաջողված օրինակ կարող է լինել նաև փոքր ավիացիան: Այն այսօր երկրում գրեթե վերացել է: Գյուղացու համար վճարունակության ցածր մակարդակի պատճառով հաճախ անհասանելի թունաքիմիկատների օգտագործման խնդիրը շատ ավելի մատչելի կդառնա հենց փոքր ավիացիայով հազարավոր հեկտարների հասնող հողատարածքները տարբեր հիվանդություններից բուժելու պարագայում: Եթե նշվածին ավելացնենք նաև երբեմնի հնարավորություններն ու փոքր ավիացիայի արդիական միջոցները` արհեստական անձրևներ առաջացնելու ուղղությամբ, ապա կուրվագծվեն գյուղի, գյուղացիական տնտեսության զարթոնքի իրատեսական հիմքերը:
Ի վերջո, պետության կողմից իրականացվող ցանկացած ծրագիր կարող է հավակնել հաջողության միայն տնտեսության, տվյալ դեպքում` գյուղատնտեսության ոլորտին առնչվող արժանահավատ տվյալների առկայության դեպքում: Մինչդեռ այսօր խիստ մոտավոր պատկերացումներ կան ինչպես ամբողջությամբ վերցրած հանրապետության գյուղատնտեսական կարողության, այնպես էլ առանձին մարզերի ու բնակավայրերի արտադրողական հնարավորությունների վերաբերյալ: Տնտեսական զարգացման ծրագրի և ագրարային քաղաքականության համար կարևորագույն հիմք պետք է հանդիսանան երկրի ընդերքի, բնական հարստության, արտադրական հզորության, մասնագիտական կարողության և դրանց ածանցյալ բաղադրիչների վերաբերյալ տեղեկատվության հավաքումը, մշակումը և վերլուծությունը: Հետևաբար, մեր կողմից առաջարկվում է իրականացնել գյուղատնտեսության մրցակցային առավելությունների հաշվառում, բնակավայրերի անձնագրերի կազմում, ինչպես նաև հողագործության և անասնապահության պայմանների մանրամասն քարտեզագրում հանրապետության ողջ տարածքով մեկ:
Կարևորելով պետության դերը գյուղատնտեսության զարգացման բնագավառում` անհրաժեշտ է նաև մշտապես իրականացնել պետության կողմից հայրենական արտադրության գյուղմթերքների և դրանց վերամշակումից ստացված ապրանքների համար արտերկրի շուկաների բազմաստիճան և բազմակողմանի ուսումնասիրություն, ինչպես նաև հայրենական ապրանքների ցուցահանդեսների ավելի հավակնոտ աջակցություն և գովազդ: Հայրենական ապրանքների գովազդի ամենաարդյունավետ միջոցներից մեկն էլ պետական պաշտոնյաների և գործարարների` արտերկիր գործուղումների ժամանակ հայրենական ապրանքները պատշաճ ներկայացնելն է և որպես հուշանվեր դրանք տարածելը: Այս ամենը` միասին վերցրած, իրենց չեն կարող թույլ տալ անգամ գյուղացիական տնտեսություններից ամենահաջողակները կամ ագրարային հատվածում մեծ կարողություններ ձևավորած միջին կամ խոշոր տնտեսավարողները: Ընդսմին, երկրի հեղինակության և մրցակցային կարողությունների իրացման հարցում պետության դերը գնալով ոչ թե նսեմացվելու է, այլ աճելու` դիմակայելու զարգացած երկրների նետած անարդար մրցակցության մարտահրավերներին: Արտաքին տնտեսական կապերի արդյունավետ համադրումը ևս պետական գործառույթ է` հիմնված գյուղացիական տնտեսությունների ամենակենսական և առանցքային կարիքների հաշվառման վրա: Այս ամենից զատ, կարևոր է ուսումնասիրել ոչ միայն և ոչ այնքան զարգացած երկրների տնտեսավարման մոդելները, որոնք, իհարկե, ձեռք են բերվում զարգացող երկրների համար անհասանելի, իսկ երբեմն նաև անընդունելի միջոցներով, այլև հիմնականում տնտեսության զարգացման համադրելի մակարդակում գտնվող երկրների հաջողության պատմությունները` դրանք փորձելով հարստացնել ու կիրառել հիմնականում տեղայնացման ճանապարհով:
Արտաքին կապերի համադրումը, բնականաբար, չի կարող սահմանափակվել վերոշարադրյալով: Արտաքին կապերի համադրումը, միջազգային կառույցների հետ աշխատանքները կարելի է ավելի արդյունավետ դարձնել անգամ Հայաստանից դուրս չգալով: Մինչ օրս նկատվում են կրկնություններ ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ սփյուռքի տարբեր բարեգործական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերում: Արդյունքում` դժվարությամբ ձեռք բերվող միջոցներ են վատնվում ոչ բավարար հիմնավորումներով, երբեմն մտացածին նպատակների համար: Ինչպես գյուղատնտեսության ներկա կարողության առաջարկվող գույքագրումը, ագրարային հատվածի կարիքները ևս հաշվառման կարիք ունեն: Եվ այս ամենը պահանջում է խիստ համակարգային մոտեցում: Երկրում գործում են ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի Գյուղատնտեսության և պարենի կազմակերպության գրասենյակը, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը, Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ կապերը համակարգող կառավարության ներկայացուցիչը, Համաշխարհային բանկի գրասենյակը և այլ կազմակերպությունների ներկայացուցչություններն ու հավատարմագրված կառույցները: Դրանց մասնագիտական և նյութական օգնության համադրման նպատակով անհրաժեշտ է նախ` հստակ ձևակերպել խնդիրները և միջազգային կառույցների ակնկալվող ներուժն օգտագործել երկրի համար կենսական նշանակություն ունեցող հիմնահարցերը լուծելու համար: Մեր իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծրագրերի արդյունավետ համադրման և աշխատանքների բանիմաց կազմակերպման պարագայում Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար գոյություն ունեցող տնտեսական ներուժը, միջազգային կառույցների և սփյուռքի կարողությունը կարող են բավարար լինել մրցակցային առավելությունների լիարժեք բացահայտման, դրանց շահավետ իրացման և երկրի տնտեսական առաջընթացին շոշափելի ազդակ հաղորդելու համար:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
պրոֆեսոր

Դիտվել է՝ 3609

Մեկնաբանություններ