Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Ոչ մի Սերժ Սարգսյան, այդ մասին պետք է իմանանք միայն ես, Հարությունյանն ու Բադալյանը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը

«Ոչ մի Սերժ Սարգսյան, այդ մասին պետք է իմանանք միայն ես, Հարությունյանն ու Բադալյանը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը
28.08.2009 | 00:00

ԱՍՏՎԱԾ ՉԱՆԻ, ՈՐ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՎԵՐԱԴԱՌՆԱ ՆԱԽԱԳԱՀԻ ԱԹՈՌԻՆ
«Իրավունքը de facto»-ն իր թիվ 60-ում և 62-ում թարգմանաբար հատվածներ էր ներկայացրել ՀԿԿ կենտկոմի նախկին առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի` Մոսկվայում հրապարակված «Անցյալի և ներկայի մասին» հուշերի գրքից։ Դրան հետևեցին ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանի և Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տնօրեն Վիկտոր Սողոմոնյանի արձագանքները «Հայոց աշխարհում»։
Օգոստոսի 25-ին «Իրավունքը de facto»-ն ստացավ անձամբ Սուրեն Հարությունյանի նամակ-պատասխանը։ Շնորհակալություն հայտնելով խմբագրությանն իր գրքից որոշ հատվածներ հայ ընթերցողին թարգմանաբար ներկայացնելու համար` պարոն Հարությունյանն ի մասնավորի գրում է.
Ամենից առաջ ուզում եմ ընդգծել, որ ինձ զարմացրեց հստակ կողմնորոշում ունեցող որոշ անձանց արձագանքն իմ գրքի առնչությամբ։ Չէի պատրաստվում որևէ պատասխան տալ կոպիտ կեղծիքներին ու կիսագրագետ հարձակումներին, սակայն բարեկամներիս պնդմամբ, այնուհանդերձ, որոշեցի կարճ պատասխանել։
Առաջին հերթին իմ գիրքը Քոչարյանի անձի հետ կապելը վիրավորական է իմ հրապարակման համար։ Քոչարյանը գրքում ներկայացված է որպես շատ սովորական անձնավորություն, ով, իմ կարծիքով, արժանի չէ այդպիսի մեծ ուշադրության։ Իսկ գիրքը շոշափում է հարցերի լայն շրջանակ, որոնք մտահոգում են մեր ժողովրդին, բազմաթիվ պրոբլեմներ, որոնք արդիական են այսօրվա Հայաստանի համար։ Ամեն ինչ Քոչարյանի անձի հետ կապելու փորձերն առնվազն ծիծաղելի են, և ես դրանում տեսնում եմ քոչարյանական կլանին պատկանող բարեկամների և մարդկանց` ամենաանամոթ կեղծիքների միջոցով նրա վարկաբեկված կերպարը սպիտակեցնելու անհաջող փորձ։ Քոչարյանի մերձավոր ազգական Վոլոդյա Բադալյանը «Հայոց աշխարհ» թերթում տպագրված իր հոդվածում ակնհայտորեն կաշվից դուրս է գալիս։ Իզուր չեն ասում, որ հիմար բարեկամը թշնամուց վատ է. կարելի է ստել, բայց իմանալ ստի սահմանները։
Բերեմ միայն մեկ օրինակ. Բադալյանի հոդվածում նշվում է, թե մեր երկրի ղեկավար Հարությունյանն աղետի գոտում հայտնվեց միայն դեկտեմբերի 11-ին կամ 12-ին` Նիկոլայ Ռիժկովին ուղեկցելով։ Այս սուտը հերքման կարիք չունի, որովհետև աղետի գոտում բոլորը գիտեն, որ 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից անմիջապես հետո ես, այդ ժամանակ Հայաստանում գտնվող ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Շչերբինայի հետ, ուղղաթիռով մեկնել եմ Լենինական։ Իրավիճակն այնպիսին էր, որ երկրաշարժից հետո խզվել էր կապն աղետի գոտու հետ, և մենք չգիտեինք, թե ինչպիսին է օբյեկտիվ պատկերը։ Եվ երբ սեփական աչքերով տեսա ամեն ինչ, միանգամից Լենինականից զանգահարեցի Մոսկվա` ԽՄԿԿ կենտրոնական կոմիտե։ Կառավարական կապի պահպանված միակ հեռախոսը գտնվում էր Լենինականի ՊԱԿ-ի քաղաքային վարչությունում։ Ի դեպ, Մոսկվայի հետ խոսակցությունը ծանր ստացվեց։ Ինձ ասացին, որ Հայաստան կժամանի ԽՍՀՄ պետպլանի նախագահի առաջին տեղակալ Բիբինի գլխավորությամբ մի հանձնաժողով և կպարզի իրավիճակը։ Դա ինձ հունից հանեց, և ես հայտարարեցի. «Դուք ի՞նչ է, ծիծաղո՞ւմ եք, հանրապետությունում ազգային աղետ է, իսկ դուք ինձ մոտ եք ուղարկում Բիբինին։ Դուք ինձ ստիպում եք օգնության համար դիմել միջազգային հանրությանը»։ Ի պատասխան հնչեց հարց, թե ո՛ւմ եք Դուք անհրաժեշտ համարում տեսնել Հայաստանում։ Պատասխանեցի, որ պետք է գա ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահի մակարդակով մեկը։ Ինձ խոստացան անհապաղ զանգահարել ԱՄՆ-ում գտնվող Գորբաչովին և նրա հետ որոշել այդ հարցը։ Այս խոսակցությունը տեղի է ունեցել ԽՄԿԿ կենտկոմի քարտուղար Ն. Ն. Սլյունկովի հետ, որը, գլխավոր քարտուղարի ԱՄՆ-ում գտնված ժամանակ, կենտկոմում տեր ու տնօրինություն էր անում։ Դրանից անմիջապես հետո ստեղծվեց կենտկոմի քաղբյուրոյի հանձնաժողով` Ն. Ռիժկովի գլխավորությամբ։ Իսկ Լենինականում մենք Շչերբինայի հետ առաջին օրը մոտ 5 ժամ անցկացրինք, հրատապ հանձնարարականներ տրվեցին բանակի հրամանատարին, համապատասխան մինիստրությունների և գերատեսչությունների ղեկավարներին` անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։ Լենինականից մենք ՊԱԿ-ի քաղաքային վարչության ղեկավարի մեքենայով մեկնեցինք Սպիտակ, իսկ հետո` Կիրովական։ Երևան վերադարձանք դեկտեմբերի 8-ի առավոտյան ժամը 5-ին։ Ես անմիջապես գնացի կենտկոմ, հեռախոսային խոսակցություն ունեցա Գորբաչովի հետ, որը զանգահարել էր ԱՄՆ-ից։ Այս մասին պատմում եմ մանրամասն, որ ցույց տամ, թե ինչ աստիճանի ստորության կարելի է դիմել` փաստերը խեղաթյուրելով, որպեսզի մոլորության մեջ գցեն անտեղյակներին։
Ինչ վերաբերում է Քոչարյանի նախընտրական շտաբը գլխավորելու` ինձ ներկայացված առաջարկություններին, ընտրություններից հետո վարչապետի կամ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնելու հեռանկարով, ապա այդ մասին բավականին մանրամասն ասված է իմ գրքում, և դրան ոչինչ ավելացնել չեմ կարող։ Քոչարյանն ինձ ասել է, որ Ազգային ժողովի որոշ պատգամավորներ հարց են բարձրացրել երկրի քաղաքական կյանք իմ վերադարձի մասին։ Նա անձամբ ինձ այս կամ այն պաշտոնը զբաղեցնելու առաջարկ չի արել, բայց այդ առաջարկն արել է Բադալյանը Մինսկում և Մոսկվայում` մեր հանդիպումների ժամանակ։ Բնականաբար, ես դա ընկալել եմ որպես Քոչարյանի առաջարկություն, քանի որ Բադալյանն ինձ հետ խոսում էր նրա անունից։ Սակայն նշեմ, որ այդ առաջարկություններն ինձ համար բացարձակապես հրապուրիչ չէին և ոչ մի տպավորություն չթողեցին ինձ վրա, քանի որ հաստատապես որոշել էի չվերադառնալ Հայաստանի քաղաքական կյանք։ 2002-ի հունիսի 7-ին Մինսկում դեմ առ դեմ մեր հանդիպման ժամանակ Քոչարյանին այդ մասին ասացի. «Ես ալերգիա ունեմ Հայաստանի քաղաքական կյանքից և խնդրում եմ հանգիստ թողնել ինձ իմ նախկին տեղում»։Այս հարցի շուրջ ուրիշ ոչինչ ասել չեմ կարող։ Ավելացնեմ միայն, որ Բադալյանն ինչ-որ պահի բերանից թռցրեց, թե Քոչարյանի հետ խոսակցության ժամանակ ինքն ասել է, որ այս հարցով կխորհրդակցի նաև Սերժ Սարգսյանի հետ։ Իսկ նա պատասխանել է. «Ոչ մի Սերժ Սարգսյան, այդ մասին պետք է իմանանք միայն ես, Հարությունյանն ու Բադալյանը»։ Դա ինձ որոշ չափով զարմացրեց, համենայն դեպս, ակամա ծնվեց միտք, որ նրանց միջև հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ անամպ չէ։ Կարող եմ ասել, որ ինձ համար այն ժամանակ վերջնականապես որոշեցի, որ չեմ վերադառնալու երկրի քաղաքական կյանք։ Այդտեղ պետք չէ այլ պատճառներ որոնել, բացի դիվանագիտական աշխատանքը շարունակելու ցանկությունից, որովհետև այդպիսիք չեն եղել։ Բադալյանն իր հոդվածում ժխտում է 2002-ի հունիսի 7-ին Քոչարյանի հետ իմ հանդիպման փաստը։ Մինչդեռ այն տեղի է ունեցել առավոտյան, այն ռեզիդենցիայում, որտեղ նա մնացել էր գիշերելու։ Հիշում եմ նույնիսկ, որ հանդիպման ժամանակ նա մարզազգեստով էր։ Ես ներկա եմ եղել նաև Բելառուսի նախագահի կազմակերպած պաշտոնական ընդունելությանը և չեմ հասկանում, թե ինչ պատճառներ կան այդ հանդիպումների փաստը ժխտելու։ Հավանաբար, Բադալյանի մեծ երևակայությունը նրան հաճախ դավաճանում է։
Եվս մեկ հարցի մասին. դատելով ամենից, ոմանք անհանգստացած են այն առումով, որ ես ինչ-որ բանի եմ հավակնում Հայաստանում։ Կարող եմ նրանց հանգստացնել. չունեմ հավակնություններ և չեմ ունեցել վերջին տարիների ընթացքում։ Բայց կասեմ, Աստված չանի, որ Քոչարյանը հերթական կեղծված ընտրություններից հետո վերադառնա նախագահի աթոռին։ Ես դրան չեմ հավատում, որովհետև գիտեմ մեր ժողովրդի տրամադրվածությունը։ Նրա մասին կարծիքս արտահայտել եմ «Անցյալի և ներկայի մասին» իմ գրքում։
Սուրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1918

Մեկնաբանություններ