Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Չեմ կարծում, թե հայ ժողովուրդն էնքան է թուլացել, որ չկարողանա Ղարաբաղը պահել»

«Չեմ կարծում, թե հայ ժողովուրդն էնքան է թուլացել, որ չկարողանա Ղարաբաղը պահել»
25.09.2009 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրավունքը de facto»-ի հյուրն է ՀՀ ժողովրդական արտիստ ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲԱՋՅԱՆԸ: Նա դժգոհ է Հայաստանում տիրող անօրենություններից ու օրավուր մեծացող կաշառակերության ախտից: Դրսի աշխարհի վերաբերմունքն էլ մեր ազգի ու երկրի նկատմամբ դերասանը պայմանավորում է Հայաստանի Հանրապետության ներսում առկա անկատարություններով: Այդ անկատարությունների ծիրում, ցավոք, հայտնվել է նաև թատրոնը, և սա առավել շատ է մտահոգում արվեստագետին: Մեր հարցազրույցի ընթացքում շոշափում ենք այս խնդիրները, ինչպես և անդրադառնում դերասանի՝ թատրոնից խռովելու և հայ քնարերգության մեջ ինքնադրսևորվելու ուղիներ հայտնաբերելու մանրամասներին:
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ»
-Պարոն Աբաջյան, ըստ Ձեզ՝ ի՞նչ կփոխվի ԼՂ հիմնախնդրի քննարկումներում Մեթյու Բրայզայի փոխարեն ԱՄՆ-ի նոր ներկայացուցչի՝ Ռոբերտ Բրադկեի նշանակումով:
-Թվում է, թե Ամերիկայի նոր ներկայացուցչի նշանակումով կարող են շահեկան պայմաններ ստեղծվել Ղարաբաղի համար: Ինչքան էլ Նահանգներում աղավաղված լինեն այս կամ այն չափանիշները, այնուամենայնիվ, այնտեղ օրենքներ են գործում: Կան ստույգ օրենքներ, և տա՛ Աստված, որ այդ նոր պաշտոնյան կարողանա դրանց մի մասը գոնե կիրառել այս տարածաշրջանում: Ցավոք, մեզ մոտ՝ Հայաստանում, միշտ չէ, որ օրենքները գործում են: Մեզ մոտ շատ են խոսում կաշառակերության առանձին դեպքերի մասին: Բայց կաշառակերությունը միայն առանձին դեպքերով չի սահմանափակվում: Բոլորն են վերցնում, բոլոր նրանք, ովքեր վերցնելու հնարավորություն ունեն: Իհարկե, մշակույթի աշխատողներն այդ ոլորտից դուրս են: Դուրս են նաև լրագրողները: (Լրագրողներին կաշառք տվող չկա, որովհետև մի հոդվածի համար կաշառելն անիմաստ է): Իսկ պաշտոնյաներն անհագորեն վերցնում են, այնպես որ, մեր երկրում դժվար է արդարություն, կարգ ու կանոն հաստատել, թեկուզ դա փորձի անել Ամերիկայի նշանակած ներկայացուցիչը:
-Ընդունենք, որ Հայաստանում օրենքները չեն գործում կամ վատ են գործում, դա ուղղակիորեն առնչվո՞ւմ է Մինսկի համանախագահողների խմբի կամ մեր ազգային խնդիրներով զբաղվող միջազգային այլ կառույցների աշխատանքի հետ:
-Անպայման առնչվում է: Եթե մի երկրում առուծախը, կաշառք տալ-վերցնելը դարձել են օրվա պահանջ, դա կազդի նաև դրսի աշխարհի վերաբերմունքի վրա: Ես քաղաքական հարցերում մի քիչ անգրագետ եմ, դրանց չեմ խառնվում: Բայց մտածում եմ, որ եթե մեր երկրում ոմանց կարելի է մեծ-մեծ կաշառքներ վերցնել, ապա թող գոնե դերասաններին, արվեստագետներին էլ իրենց աշխատանքի դիմաց լավ վճարեն:
-Պարոն Աբաջյան, Թուրքիայի նախագահը և վարչապետը մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե Հայաստան-Թուրքիա սահմանը կբացվի միայն ԼՂ հիմնահարցի՝ ադրբեջանանպաստ լուծման պարագայում: Ի՞նչ եք կարծում, այսպիսի հայտարարություններով հանդես եկող պետությունից կարելի՞ է որևէ դրական քայլ ակնկալել:
-Հայ ժողովուրդը պիտի միասնական կերպով դեմ դուրս գա դրանց հայտարարություններին: Ի՞նչ է նշանակում՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է: Էդպես չի եղել ի սկզբանե, էդպես չէ և հիմա: Թուրքիան ուզում է Ղարաբաղը բռնի միացնել Ադրբեջանին: Բայց ես չեմ կարծում, թե հայ ժողովուրդն էնքան է թուլացել, որ չկարողանա Ղարաբաղը պահել: Ղարաբաղը կա և միշտ էլ մնալու է մերը: Ես հինգ անգամ եղել եմ Ղարաբաղում: Սովետական տարիներին, այո՛, այնտեղ թուրքեր էին ապրում, բայց կայսրության փլուզումից հետո նրանք գնացին, և Ղարաբաղը դարձավ իսկական հայկական հող:
«ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՏԱՐ ՄԱՐԴԻԿ ԵՆ, ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴՐԱՆՑ ՀԵՏ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԻ»
-Ինչպե՞ս եք գնահատում մեզ համար բախտորոշ այս ժամանակաշրջանում Րաֆֆի Հովհաննիսյանի` պատգամավորական մանդատից հրաժարվելու քայլը:
-Մտածում եմ, որ նա պատասխանատվությունից խուսափեց: Թե չէ ինչո՞ւ պիտի մանդատը վայր դներ: Րաֆֆին կարգին տղա է, գործ անող: Բայց ինչո՞ւ այս խառնակ ժամանակներում մանդատից հրաժարվեց: Դա յուրովի նահանջ է նշանակում: Մինչդեռ նա շատ բան կարող էր անել: Կարող էր չհրաժարվել պատգամավորի կոչումից, մնալ ու պայքարել: Մանավանդ որ մեր պատգամավորների մեծամասնությունը՝ սև կոստյումներ հագած, օտար մարդիկ են, հայ ժողովուրդը դրանց հետ ոչ մի կապ չունի: Ամեն մեկն իր թելն է քաշում, դրա համար էլ մեր երկրում օրենքները չեն գործում:
-Մեկ այլ պատճառաբանությամբ՝ որոշ պատգամավորների՝ անձեռնմխելիությունից զրկելու հարցում գործընկերների անսկզբունքային պահվածքից դժգոհ, ԱԺ մանդատից հրաժարվեց Խաչատուր Սուքիասյանը: Այս հրաժարականի՞ն ինչպես եք վերաբերվում:
-Խաչատուր Սուքիասյանի հրաժարականը շատ տեղին էր, որովհետև գայլերի մի ամբողջ ոհմակ հարձակվել էր նրա վրա և ուզում էր կալանավորել էդ մարդուն: Նա հրաժարվեց, որովհետև չէր ուզում այլևս մասնակցել դրանց խաղին: Էդ սև կոստյումներ հագած, փողկապավոր մարդկանց մեջ հազարից մեկն է մտածող, մյուսները պատահական մարդիկ են, դրածոներ:
-Ձեզ չզարմացրե՞ց այն հանգամանքը, որ մեկ ու կես տարի փախուստի մեջ գտնվող անձնավորությունը հանձնվեց ոստիկանությանը, և մեկ օր անց փոխվեց նրա դեմ սահմանված խափանման միջոցը՝ կալանքը:
-Ես դա էլ չեմ հասկանում: Եթե Խաչատուր Սուքիասյանն այդքան երկար ժամանակ փախուստի մեջ էր գտնվում, ինչպե՞ս մեկ օրում ազատվեց, եկավ տուն: Էդպես ո՞նց կլինի: Ինձ, իսկապես, դա զարմանալի է թվում:
«ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ԲԱՆ Է, ԵՐԲ ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԻՑ ԱՆՑԱԹՈՒՂԹ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ»
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Վրաստանի միջև ծայր առած անհամաձայնությունները: Վերջին շրջանում վիճակը շատ սրված է Բավրայի տարածքում, որտեղ վրացի սահմանապահները հայ գյուղացիներին արգելում են մշակել իրենց հողակտորները: Մեկ այլ խնդիր է հասունանում՝ կապված Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների հետ, որոնց նկատմամբ տիրոջ նկրտումներ են սկսել դրսևորել վրացիները:
-Ինձ համար զարհուրելի բան է, երբ Վրաստանի սահմանն անցնելու համար հայից անցաթուղթ են պահանջում: Այդպես չի եղել երբևէ: Հիմա Վրաստանում վիճակը շատ բարդ է: ՈՒղղակի իրար ուտում են: Արտաքին քաղաքականությունն էլ է խճճված: Ռուսաստանի հետ թշնամանալը սխալ է: Թե հիմա ինչ են մտածում վրացիները, ինչով են մտածում, որ դուրս են գալիս Ռուսաստանի դեմ, չեմ հասկանում: Ի միջի այլոց, քանի որ զրույցի սկզբում խոսեցի կաշառակերությունից, պիտի ասեմ, որ այդ երևույթը Հայաստան է մտել Վրաստանից: Դեռ կոմունիստական ժամանակներից ի վեր վրացիներն են մեզ սովորեցրել կաշառք տալ ու վերցնել:
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԻՄՆԱՐԿ ՊԻՏԻ ՏԵՐ ՈՒՆԵՆԱ, ԲԱՅՑ ԱՅՆՊԻՍԻ ՏԵՐ, ՈՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԱՆՊԱՅՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾԵՐԸ»
-Որպես Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վաստակաշատ դերասան՝ նախընտրում եք գեղարվեստական ղեկավարի՞, թե՞ գեղարվեստական խորհրդի կողմից ղեկավարվող թատրոնը:
-Ես մեծացել եմ մեր մեծերի կողքին՝ Հրաչյա Ներսիսյան, Դավիթ Մալյան, Վաղարշ Վաղարշյան, Ավետ Ավետիսյան: Անուններ, որոնք ոչ միայն մեզ, այլև աշխարհի համար են արժեք: Նրանց ժամանակ Սունդուկյանի անվան թատրոնն այլ էր: Յուրաքանչյուր հիմնարկ պիտի տեր ունենա, բայց այնպիսի տեր, որը կկարողանա անպայման կարգավորել հիմնարկի գործերը: Ես նայում եմ մեր հեռուստաալիքներն ու սարսափում: Գարշելի ծրագրեր են ցուցադրում: Հատկապես Հանրային առաջին ալիքը նկատի ունեմ: Ինչ մայմունություն ասես, չեն անում: Իմ հեռուստատեսությունը դա չի եղել: Իմ ժամանակ հեռուստատեսությունը ներկայացնում էր մեր մեծ գրողներին, մեկնաբանում նրանց գործերը: Հիմա խռի-բռի մարդիկ մտնում են եթեր իրենց անհամ կատակներով: Ես չգիտեմ` էդ հեռուստառեժիսորներն ի՞նչ են մտածում, որ էդ տեսակ հաղորդումներ են տալիս եթեր: Ամոթ է: Վիճակը լավ չէ նաև թատրոնում: Մեր թատրոնին տեր է պետք: Էս թատրոնում տեր չկա, անտեր թատրոն է: Ո՛չ ժողովուրդն է հասկանում, թե ինչու է գալիս թատրոն, ո՛չ մենք ենք հասկանում, թե ինչու ենք խաղում: Եթե թատրոնը մեկ տեր չունենա (և էն էլ՝ բարի տեր, Գուլակյանի, Աճեմյանի նման տեր), վերջացավ էդ թատրոնը, էնտեղ թատրոն չկա: Մի քանի օր առաջ ներկայացում էի նայում ու չէի հասկանում, թե մի խումբ սիրողներ ինչ են անում բեմի վրա: Մտածում եմ, որ սա թատրոն չէ արդեն: Թատրոնում յուրաքանչյուրն իր գույնը պիտի ունենա: Ես տեսել եմ և՛ Փափազյանի, և՛ Հրաչյայի խաղը: Մի անգամ կուլիսներում ջահելներով կանգնած էինք, Հրաչյա Ներսիսյանն էլ՝ մեզ հետ: Բեմում խաղում էր Փափազյանը: Ասացինք. «Հրաչ Ներսեսիչ, Դուք լավն եք, նա ի՞նչ է, որ»: Շուռ եկավ, ասաց. «Լակոտնե՛ր, անիկա մեծ է, մեծ»: Մեծը մեծին հարգելու, գնահատելու կարողություն ուներ: Հիմա էդպիսի բան չկա: Էս ջահելներն ինչ են անում, չեմ հասկանում: Նրանք մեծերին մեծի տեղ էլ չեն դնում: Իրենք իրենց գործն ունեն, ու մեծերը նրանց չեն հետաքրքրում: Որպեսզի այսպիսի բաները բացառվեն թատրոնում, թատրոնը պիտի տեր ունենա, և տերը լուսավոր մարդ պիտի լինի: ՈՒ պիտի ասի. «Սիրելի՛ս, էս բանը քեզ կարելի է, էս՝ չի կարելի»: Վերջապես, թատրոնն առանց տիրոջ պարապ բան է: Տերը պիտի լավը լինի, ուղեկցի, ուղեցույց լինի դերասաններին, ճանաչի նրանց և իմանա՝ ով ինչի է ընդունակ: Ինչո՞ւ ես փոքր-ինչ հեռացա թատրոնից (ո՛չ ֆիզիկապես, ֆիզիկապես էստեղ եմ), որովհետև մտածեցի, որ հայ պոեզիան (սկսած Նարեկացուց, Թումանյանից, վերջացրած ժամանակակից գրողներով) տասը թատրոն արժե: Ինձ իմ ուզած դերը թատրոնում կտան, թե չէ, հարց է: Իսկ պոեզիան իմն է, ինձ հետ է: Եթե ես կարող եմ մենակ երկու-երեք ժամ զբաղեցնել հանդիսականին և լինել մեր գրականության մեծերի հետ, դրանից ավելի լավ ի՞նչ ունեմ անելու: Երևի սա իմ բախտավորությունն է: Բոլոր դերասանները չէ, որ կարող են պոեզիա ներկայացնել:
«ԻՄ ԹԱՏՐՈՆԸ ՊՈԵԶԻԱՆ Է»
-Այսինքն՝ Ձեր ստեղծագործական ծրագրերը հիմնականում շաղկապված են պոեզիայի հե՞տ:
-Այո՛: Եթե թատրոնում իմ ուզած դերն ինձ տան (մի բան, որ չի պատահի), ես կխաղամ: Բայց հիմա իմ թատրոնը պոեզիան է: Դեռևս երիտասարդ տարիներից սիրել եմ թատրոնը: Ավարտել եմ Գյումրու դաշտավարական տեխնիկումը. պիտի ագրոնում դառնայի: Գնացի գյուղ աշխատելու, գյուղացիներն սկսեցին գյուղավարի ձեռ առնել: Ես էլ փախա գյուղից: Դեռ ուսանող ժամանակ փախչում էի դասերից ու գնում Գյումրու թատրոն՝ ներկայացում նայելու, տեսնելու Ցոլակ Ամերիկյանին, Արմեն Արմենյանին, Լևոն Զոհրաբյանին: Տարիներ առաջ, երբ թատերական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանող էի, ինձ բերեցին Սունդուկյան թատրոն: Էն ժամանակ Սունդուկյան մտնելը երազի նման բան էր: Ես պատրաստել էի Լենինի դերը: Երբ այն խաղացի, մեր մեծերից մեկն ասաց, որ այդ դերով դերասանը պիտի ավարտի իր կյանքը, ոչ թե սկսի: Չթողեցին, որ խաղամ: Դա էր պատճառը, որ խռովեցի թատրոնից: Չնայած՝ սուլելով ման էի գալիս, շատ բան չէի հասկանում: Բայց եթե թողնեին, կխաղայի: Եվ, այնուամենայնիվ, թատրոնն ինձ համար մնում է թիվ մեկ օջախը, որտեղ ես մեծացել եմ մեծերի կողքին: Թող որ թատրոնը մնա իմ մեջ որպես սրբություն: Բայց իմ ստեղծագործական ծրագրերը կապված են պոեզիայի հետ: Դերասանը պիտի մաքուր մնա, հենց խարդախեց, արդեն դերասան չէ, վերջացավ: Իսկ հիմա խարդախող դերասանները լիքն են: Լիքն են զոռով դեր պոկողներն ու զոռով դեր տվողները: Ես էդ լիքերից շատ եմ կշտացել: Ավելի լավ է ինքս մեն-մենակ բարձրանամ բեմ ու պոեզիա կարդամ: Ինձ, տարաբախտաբար, դեռ սիրում են: Դե՛ռ:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1550

Մեկնաբանություններ