Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ռուսաստանը չի կարող այլևս միայն հետևել

Ռուսաստանը չի կարող այլևս միայն հետևել
15.09.2009 | 00:00

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆ ՈՒ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ղարաբաղյան հիմնախնդիրը, իբրև խոշոր հովվաշուն, քնած էր մեծ քաղաքականության շեմին և ոչ ոքի չէր խանգարում ո՛չ Արևելքում, ո՛չ էլ Արևմուտքում։ Սակայն Ռուսաստանի կառավարող արդիական էլիտան, ձգտելով նոր նավթային ու գազային նախագծերի իրագործման, բացի այդ նաև երևակայեց, թե Թուրքիան «նոր կյանք» է սկսում և բավականին տարանջատվել է ամերիկյան քաղաքականության ուղեծրից ու Մոսկվայի հետ հնարավոր դաշինքի ձևավորման ազդակներ է հաղորդում։ Ղարաբաղի «հանձնումը» ազերիներին ռուսներին թվաց միանգամայն իրագործելի խնդիր` Թուրքիայի հետ «նոր» հարաբերություններ կառուցելու շրջանակներում։ Բավականին արագ Թուրքիան, առնելով ղարաբաղյան խաղի համը, այլևս չի ցանկանա դուրս գալ այդ գործընթացից, չնայած ԱՄՆ-ի ջանքերին։ Ռուսաստանը նույնիսկ փորձեց նախաձեռնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը` ձգտելով ոչ միայն Թուրքիային «կապել» իր շահերին, այլև այդ գործընթացից դուրս մղել ԱՄՆ-ին։
ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններն իսկապես տարբերվում են նախկինից, և ամերիկացիները հիմա ստիպված են տարաբնույթ ջանքեր գործադրել Թուրքիայի հավակնությունները զսպելու համար։ Ամերիկյան փորձագետներն արդեն բազմիցս խոստովանել են, որ հեշտ չէ անտեսել Թուրքիայի ձգտումները, նույնիսկ անհնարին է, և ԱՄՆ-ը ստիպված է լինելու իրագործել ավելի ակտիվ քաղաքականություն։ Բայց ԱՄՆ-ի ու Թուրքիայի, այսինքն` գերտերության և տարածաշրջանային տերության միջև հարաբերությունները չեն կարող լինել միանշանակ և միաչափ։ Այդ հարաբերությունները ներառում են հակասական գործոններ ու պայմաններ, գործողությունների համաձայնեցում ու հակազդեցություն։ Այդ իսկ պատճառով ռուսական քաղաքական գործիչների դրսևորած կոմերցիոն մտայնությունն արտաքին քաղաքականության մեջ չի կարող չհանգեցնել այդ դաշտում վիրավորական և նշանակալի տապալումների։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կեղծ գործընթացի ամենասկզբից, որը նախաձեռնեցին ռուսները, ամերիկացիների համար պարզ դարձավ, որ Ռուսաստանի համար սա միայն Թուրքիայի հետ վստահելի հարաբերություններ կառուցելու, բայց ոչ ամենևին Հայաստանին ու Թուրքիային հաշտեցնելու նպատակ ունի։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ցանկացած նախաձեռնություն, որ բխում է երրորդ կողմից, թուրքերն անփոփոխ ու ավանդաբար ընկալում են իբրև իրենց գործերին միջամտելու և թուրքական քաղաքականությունը վերահսկելու նախաձեռնություն։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև համաձայնություններն այս դաշտում բերեցին արագացված մի գործընթացի` արդեն առանց Ռուսաստանի որևէ մասնակցության։ Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Թուրքիան ամենևին էլ մեծ հույսեր չունեն ու չեն ձգտում կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները։ Սակայն և՛ Վաշինգտոնը, և՛ Անկարան շատ են ցանկանում Ռուսաստանին ցույց տալ նրա անկարողությունը Հարավային Կովկասի քաղաքական գործընթացներում։ Դա դարձել է այնքան ակնհայտ և տապալման համազոր ռուսական քաղաքականության համար, որ Մոսկվայում այլևս չեն կարող ձևեր թափել, թե պաշտպանում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Չնայած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ լիարժեք համաձայնություններին երկու ղարաբաղյան և հայ-թուրքական կարգավորման հարցում, Ռուսաստանն իրականում այդ զարգացումների բեմահարթակը բացարձակապես զիջել է ամերիկացիներին։ Ռուսաստանի համար ամենահուսալի քաղաքական ռեսուրսը Հարավային Կովկասում` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, իր կամքից անկախ հայտնվել է ամերիկյան քաղաքականություն իրագործողի դերում` խորությամբ չգիտակցելով այդ գործընթացի ողջ նշանակությունը։
Ռուսաստանն այլևս չի կարող անմասնակից մնալ այս ամենից, բայց խնդիրն այն է, որ կա գործելակերպի պրոբլեմ, անհնարին է ամբողջ աշխարհով մեկ հայտարարել, որ իրենք դեմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Թեպետ արդեն հիմա Ռուսաստանը մոբիլիզացրել է այն ամենը, ինչ հնարավոր է, բոլոր տեղեկատվական, քարոզչական և հասարակական-քաղաքական ռեսուրսները, որպեսզի ամբողջ տարածաշրջանին հասկացնի, թե ինքը դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Սակայն միաժամանակ պարզվում է, որ այդ ռեսուրսները, որոնց տիրապետում է Ռուսաստանը, բավականին աննշան են։ Հասկանալի է, որ որքան հաճախակի ռուսական ԶԼՄ-ները շոշափեն այդ հարցը, այնքան ռուսական քաղաքականությունը կասկածներ է առաջացնելու։ Ի վերջո, Ռուսաստանի դիրքորոշումը կարժանանա դաժան քննադատության ու դատապարտման, ինչի համար Արևմուտքում կան բոլոր հնարավորությունները։ Հանրագումարում կպարզվի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջափակման միակ հետևողական կողմը «Ռեգնում» լրատվական գործակալությունն է` իր դիվերսիոն ու սադրիչ բնույթ ունեցող քույր կայքերով։ Ռուսական դրածոները Հայաստանում բավականին ինքնատիպ մարդիկ են և իրենց հիմնական բնութագրականներով` հեշտ ճանաչելի։ Որպես կանոն, դրանք հիվանդագին հավակնություններ ունեցող տիպեր են, ովքեր տիրապետում են որոշակի կարողության, այսինքն` աղքատ չեն։ Չնայած բազմաբնույթ դիպլոմներին, ունեն գավառական ծագում, երբեմն կլինիկայի ակնհայտ դրսևորումներով, որոնք արտահայտվում են որոշակի մոլուցքի, ասենք, առանց սահմանի ստելու և սեփական անձը պանծացնելու ձևով։ Ընդ որում, անբեկանելի պայման է ռուսական քաղաքացիության կամ գոնե ռուսական անձնագրի առկայությունը։ Հասկանալի է, որ այդ բնույթի դրածոները շատ բան անել չեն կարող, բայց դա պետք էլ չէ, անհրաժեշտ է միայն ստեղծել սադրիչ իրավիճակներ ու պաշտպանել որոշ պրոռուսական թեզեր։ Բայց ի՞նչ դրածոների մասին սկզբունքորեն կարող է խոսք լինել, եթե ռուսները չկարողացան անհրաժեշտ չափով գործողության մեջ դնել Հայաստանի նախագահի քաղաքական հնարավորությունները, որը վերահսկում է խորհրդարանը, հայրենասիրական բնույթ ունեցող քաղաքական կուսակցությունները, բազմաթիվ ԶԼՄ-ներ։
Սակայն այս պարագայում սկզբունքորեն ի՞նչն է մտահոգում Ռուսաստանին։ Խնդիրն այն է, որ նախկինում էական համարվող բազմաթիվ գործոններ, որոնք առնչվում էին թուրք-եվրոպական հարաբերություններին և Ռուսաստանի շահերին տարածաշրջաններում, ԱՄՆ-ի դիրքերին, այլևս կա՛մ արդիական չեն, կա՛մ մեծ նշանակություն չունեն։ Հայաստանը բավականաչափ ինտեգրված է եվրասիական քաղաքական գործընթացի մեջ, ներառյալ Ռուսաստանի հետ հատուկ ռազմաքաղաքական հարաբերությունները, մասնակցությունը ՀԱՊԿ-ում և նույնիսկ այնպիսի միջազգային տնտեսական ու քաղաքական կառույցներում, ինչպիսին է, ասենք, Սևծովյան տնտեսական համագործակցությունը, որ ենթադրում է նաև Ռուսաստանի մասնակցություն ու նրա հետ համագործակցություն։ Ռուսաստանն առաջատար է Հայաստանում արտաքին ներդրումներ կատարելու առումով, վերահսկում է էներգետիկան ու բազմաթիվ կարևոր արդյունաբերական ձեռնարկությունները, փոքր բիզնեսի զգալի մասը։ Հայաստանը կապված է Ռուսաստանին շատ ամուր, և դժվար է ենթադրել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, նույնիսկ ԱՄՆ-ի հովանավորությամբ, կարող է հանգեցնել լուրջ փոփոխությունների հայ-ռուսական հարաբերություններում։ Համենայն դեպս, դա դժվար է պատկերացնել ներկայիս գլոբալ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Անշուշտ, հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման դեպքում Հայաստանը կարող է կոմունիկացիաների օգտագործման առումով, ինչպես նաև Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերություններում ձեռք բերել ազատության լրացուցիչ աստիճան։ Բայց նրա արտաքին քաղաքական առաջնահերթությունները կմնան նույնը, և դա ակնհայտ է դարձնում, որ Ռուսաստանի մտահոգությունները պայմանավորված են այլ հանգամանքներով։
ԱՄՆ-ի համար նոր խնդիրներ են առաջանում Եվրասիայում ու «Մեծ Մերձավոր Արևելքի» տարածաշրջանում, և ԱՄՆ-ը հարկադրված է նոր կառուցվածքներ ստեղծել միջազգային հարաբերություններում։ Կարևորագույն խնդիրներից մեկը Թուրքիայի վերահսկողությունն է, ինչն իր հերթին պայմանավորված է թուրքական գործոնի օգտագործման անհրաժեշտությամբ տարբեր ուղղություններով և ամենից առաջ` եվրոպական։ ԱՄՆ-ն արդեն վաղուց լծակներ է ստեղծում թուրքական հավակնությունները զսպելու համար և օգտագործում Թուրքիայի հակասությունները հարևանների, հարակից տարածաշրջանների այլ պետությունների հետ։ Հայկական գործոնը շարունակում է մնալ կարևոր, թեկուզ և կկորցնի իր նշանակալիությունը, եթե հայ-թուրքական հարաբերությունները չկարգավորվեն։ Այսինքն` ստատիկ վիճակն այս դաշտում հայկական գործոնին հաղորդելու է երկրորդական նշանակություն, մինչդեռ անհրաժեշտ է այն վերակենդանացնել, զարգացնել, իսկ դա հնարավոր է անել միայն Հայաստան-Թուրքիա որոշակի հարաբերություններ ստեղծելու պարագայում։
Միաժամանակ Թուրքիային ամերիկյան քաղաքականության մեջ վերապահված է մի դերակատարություն, երբ նա պետք է հանդես գա Եվրամիության և Եվրոպայի առաջատար պետությունների վրա ազդեցության լծակի գործառույթներով։ 2009-ի ապրիլին Կոստանդնուպոլսում Բարաք Օբամայի ելույթը պետք է դիտարկել որպես հայտ, իսկ ավելի շուտ` ստորջրյա գործընթացներն իբրև ազնիվ խաղ ներկայացնելու փորձ։ ԱՄՆ-ը ձևացնում է, թե Ջորջ Բուշի քաղաքականությունը վերջացած է, և ինքը ձգտում է Թուրքիայի հետ նախկին կոնտեքստով ու նախկին պայմաններով հարաբերությունների վերականգնմանը։ Սակայն սա միայն անհաջող փորձ է Թուրքիայի ու Եվրոպայի նկատմամբ «երկակի զսպման» ծրագիր իրագործելու ուղղությամբ։ Առաջին հերթին դա ենթադրում է, որ Թուրքիան ավելի կապված կլինի Եվրամիության հետ ինտեգրացիոն պարտավորություններով, ինչը, սակայն, աստիճանաբար դուրս է մղվում արդիական խնդիրների շրջանակից։ Երկրորդ` Եվրամիությունն ավելի ու ավելի մեծ ճնշման է ենթարկվում ԱՄՆ-ի կողմից Թուրքիային իր կազմ ընդգրկելու առումով, իսկ այդ ճնշումը, ըստ էության, սպառվել էր վերջին ութ տարիների ընթացքում։ Հայ-թուրքական հարաբերությունների լիարժեք կամ մասնակի կարգավորումը կարող է լուրջ փաստարկ դառնալ Թուրքիային Եվրամիություն խցկելու համար, թեկուզ և ԱՄՆ-ում հրաշալի հասկանում են, որ այդ ամբողջ խաղը բացարձակ բլեֆ է ու փոխադարձ խաբեություն։ Թուրքիային Եվրամիություն ընդգրկելու անհնարինության մասին որոշումը եվրոպացիների կողմից շատ հիմնավոր բնույթ ունի, և նույնիսկ եթե Թուրքիան պաշտոնապես ճանաչի 1915-ի Հայոց ցեղասպանությունը, Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ եվրոպական պետությունների համար դա որևէ նշանակություն չի ունենա։ Թեկուզ և եվրոպացիների համար Թուրքիայի այդպիսի որոշումը խիստ անցանկալի է։ Եվրոպական ուղղությունը եղել ու մնում է հիմնականն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ, և Թուրքիայի նման հզոր գործոնը պետք է աշխատեցվի ամբողջ ծավալով։ Ընդ որում, հարկ է ուշադրություն դարձնել, որ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմում, Մերձավոր Արևելքի հարցերով լավ մասնագետների առկայությամբ հանդերձ, չկան Թուրքիայի վերաբերյալ լուրջ քաղաքական ծրագրավորողներ։ Այդ իսկ պատճառով առայժմ ԱՄՆ-ի բոլոր նախաձեռնությունները` Թուրքիայի հետ կապված և բոլոր այն պրոբլեմների ուղղությամբ, որոնք առնչվում են Անկարային, չեն կարող ունենալ խորքային ու բազմակողմանի մշակվածություն, կրելու են մակերեսային բնույթ, ինչպես Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության բազմաթիվ այլ ուղղությունների պարագայում է։
Բայց նույնիսկ այսպիսի հեղհեղուկ կառուցվածքի պայմաններում, որը զրկված է անհրաժեշտ քաղաքական ռեսուրսներով ապահովվածությունից, ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում կա մտայնություն, որ Հայաստանը կիրականացնի աշխարհաքաղաքական ճեղքում և նոր դիրքեր ձեռք կբերի տարածաշրջանում։ ԱՄՆ-ը երկար ժամանակ Հայաստանին վերաբերվել է իբրև մի պետության, որը գտնվում է ամերիկյան արտաքին քաղաքականության ռազմավարական ռեզերվում և այժմ դուրս է բերվում այդ ռեժիմից ու վերածվում տարածաշրջանային քաղաքականության ակտիվ փաստարկի։ Ընդ որում, ակնհայտ է դառնում, որ Հայաստանը վերածվում է ոչ միայն տարածաշրջանային, այլև եվրոպական քաղաքականության բաղադրիչի և հայտնվում միջազգային ուշադրության կենտրոնում։ Հայ-թուրքական հարաբերություններն այս կամ այն չափով, սակայն, անփոփոխ համակարգային «կապվածություն» ունեն ԱՄՆ-ի քաղաքականությանը` Ռուսաստանի, Իրանի, Եվրոպայի, հնարավոր է նաև Մերձավոր Արևելքի նկատմամբ։ Սակայն ամերիկացիների գլխավոր նպատակն այն է, որ Թուրքիան ներքաշվի որոշակի խաղի կանոնների դաշտ, իբրև Հայաստանի հետ հարաբերություններ կառուցելու նախապայման։ Դա նշանակում է, որ Թուրքիան պետք է ենթարկվի այդ կանոններին, հետևաբար, ԱՄՆ-ի քաղաքականությանը։ Երկակի տարբերակումն ակնհայտ է. եթե «փակ սահմանը» Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրելու փաստարկ է, ապա «բաց սահմանը» ենթադրում է նրա կախվածությունը նոր խաղի կանոններից։ Ցանկացած դեպքում գործադրվում է Թուրքիային զսպելու ծրագիրը։ Իհարկե, այդ զսպումը չի կիրառվելու միայն Թուրքիայի քաղաքականության վրա Հայաստանի նկատմամբ, այլև առնվազն ամբողջ Հարավային Կովկասում։ Թուրքիան, աջակցություն ստանալով ԱՄՆ-ից եվրոպական ուղղությամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ունեցած իր պրոբլեմների առումով, ավելի զիջող կդառնա Կիպրոսի հիմնախնդրում և Ղարաբաղի հարցում։ Ահա թե երբ ղարաբաղյան նահանգը պաշտոնապես ու վերջնականապես կստանա միջազգային ճանաչում` իբրև Հայաստանի մասը, երբ Հարավային Կովկասը վերջնականապես ԱՄՆ-ի ազդեցության գոտում ներառելու գործընթացը կհասունանա։
Ռուսաստանը չի կարող հաշտվել այն բանի հետ, որ Հարավային Կովկասը դուրս մնա իր ազդեցության գոտուց, ինչպես նաև այն իրողության հետ, որ Հայաստանի համար նախապատրաստված է աշխարհաքաղաքական ճեղքման հնարավորություն։ Հավանական է, որ երկրորդ հանգամանքը, այսինքն` Հայաստանի ներգրավումը Ռուսաստանի համար խորթ ու թշնամական միջազգային խաղում, Մոսկվայի համար առավել անցանկալի է, նկատի ունենալով գործընթացի արագությունը և դրա առաջնահերթությունն ԱՄՆ-ի քաղաքականության մեջ։ Սակայն Ռուսաստանն էլ սարսափով ու շփոթվածությամբ է հետևում նրան, թե ինչպես Հայաստանում իր գործընկերները, այսինքն` երկրի քաղաքական ղեկավարությունը, ավելի ու ավելի են ներքաշվում այդ խաղի մեջ և հաճույքով ընդունում Վաշինգտոնից եկող ազդակներն ու նախաձեռնությունները։ Ռուսաստանը համարում է, որ չափազանց շատ տնտեսական ու քաղաքական ռեսուրսներ է ներդրել Հայաստանում, որպեսզի թույլ տա այդքան արագ ու արդյունավետ իրագործել այն, ինչի մասին տասնամյակներ շարունակ մտորում էին երևանյան բյուջետային մտավորականները հասարակական գրադարանների ծխարաններում։ Հայաստանի ներկայիս ղեկավարները նախընտրեցին «կուրորեն» խաղալ բավականին կեղծ խաղ, որպեսզի հասնեն մեկ հիմնական նպատակի և վերջապես հայտնվեն որևէ միջազգային քաղաքական գործընթացում իրենց լեգիտիմության ճանաչման և համապատասխան ձեռքսեղմումների համար։ Հայկական հասարակական-քաղաքական միտքը բացարձակ ֆիասկո է ապրել, այն առհասարակ գոյություն չունի, կամ կան միայն մասնակի խոսակցություններ «պատի հետ»։
Այս պայմաններում ի՞նչ կարող է անել Ռուսաստանը։ Այս կամ այն ձևով Հայաստանի նկատմամբ սանկցիաների կիրառումը, օրինակ` վարկերը կասեցնելու կամ գազամատակարարումը դադարեցնելու ճանապարհով, ուղղակի լուրջ չէ։ Դա կասկածի տակ կդնի հենց Ռուսաստանի դիրքերը։ Իրական լուծումն ուղղակի մակերեսի վրա է, այն է` նպաստել իշխանության փոփոխությանը։ Հիմա ով էլ լինի Հայաստանի ղեկավարը, ռուսական շահերը հաշվի են առնվելու ոչ նվազ չափով։ Հնարավոր է նույնիսկ աջակցություն Լևոն Տեր-Պետրոսյանին ու նրա կոմպանիային։ Եթե Ռուսաստանը 2008-ի աշնանից մինչև 2009-ի ձմեռը փորձեց իրագործել աշխարհաքաղաքական գրագողություն և զբաղեցնել ԱՄՆ-ի տեղն ու դերը ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, ապա միանգամայն հնարավոր է, որ ռուսները փորձեն համարժեք քայլ իրականացնել Հայաստանի ներքին կյանքում։ Ակնհայտ է դարձել, որ ԱՄՆ-ը «խաղագումար» չի դնի Լևոն Տեր-Պետրոսյանի վրա, դա նրանց տեսանկյունից չափազանց խաղարկված, չաշխատող ու հեղինակազուրկ տարբերակ է։ Շատերի համար դա պարզ է արդեն վաղուց, սակայն վերջին տարվա ընթացքում ավելի ակնհայտ դարձավ։ ԱՄՆ-ը «խաղագումարը» դրել է Րաֆֆի Հովհաննիսյանի վրա, և նրա հակաթուրքական հայտարարությունները միայն ժողովրդականություն ձեռք բերելու քայլեր են` ապագա նախագահական ընտրություններում մասնակցելու հեռանկարով։ Շատ տարիներ առիթ եմ ունեցել առնչվելու ամերիկյան փորձագետների հետ, ովքեր սերտ կապված են վարչակազմին, և երբևէ չեմ նկատել համոզիչ հետաքրքրվածություն Լևոն Տեր-Պետրոսյանով։ Իսկ այն հանգամանքով, որ Հայաստանի իշխանությունները մշտապես ճնշում են Րաֆֆի Հովհաննիսյանին, հետաքրքրվել են շատերը, այդ թվում` պետդեպարտամենտի պատերի ներսում։
Եվ ընդհանրապես, Րաֆֆի Հովհաննիսյանի առնչությամբ Վաշինգտոնում իրականացվել է լուրջ աշխատանք։ Ըստ այդմ, ինչո՞ւ այս իրավիճակում Ռուսաստանը չի կարող հետաքրքրություն ցուցաբերել Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ։ Մանավանդ, եթե նկատի ունենանք, թե ովքեր են Ռուսաստանի նախագահի աշխատակազմում զբաղվում արտաքին քաղաքականությամբ, կարելի է միանգամայն հավանական համարել, որ Մոսկվայում կհանգեն կամ արդեն իսկ հանգել են Հայաստանում քաղաքական ղեկավարությունը փոխելու մտքին։ Այսպիսի մարդկանց հետ ռուսների համար աշխատելը դարձել է բարդ, ամերիկացիների համար տհաճ է, բայց հեշտ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1788

Մեկնաբանություններ