Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մենք պետությո՞ւն ենք, թե՞ երկրի հաշվին «տուրիստ» պահողներ

Մենք պետությո՞ւն ենք, թե՞ երկրի հաշվին «տուրիստ» պահողներ
19.12.2008 | 00:00

ՄԻ ՀԱՏ ԷԼ` ՍԻՐԵՑԻ, ՅԱՐԻՍ ԿԵՐԱՆ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պարզվում է, բավականին էքսցենտրիկ, ինքնատիպ անձնավորություն է: Դե, գոնե այդ են հավաստում նրա քայլերն ԱԺ նախագահ դառնալուց ի վեր:
Ոչ օրդինար այդ պահվածքին կարող են նախանձել նույնիսկ Բունյուելի ֆիլմի հերոսները: Բոլորը միասին վերցրած:
Հետևենք քրոնոլոգիային. վիզուալ մանրամասները չենք ներառում. ասենք, ինչքան է նա գեղեցկացել` սանրվածքը «փոխելուց» հետո: Ավելին, եթե նախկինում իր կողմից ընդունվող արտասահմանյան բարձրաստիճան պաշտոնյաներին բարևելիս սկսում էր եղբայրորեն ու, չգիտես ինչու, թփթփացնել վերջիններիս ուսերին, թևերին, մեջքից թեթևակի հրհրելով տանել-նստեցնել բազկաթոռին, այլևս դա չի անում:
Այսպիսով, Հովիկ Աբրահամյանն սկսեց ԱԺ-ի տարածքում եկեղեցի կառուցելու ազգաշահ հայտարարությունից, փոխեց պառլամենտարիզմի իմիջը` միջանցքում գցված նոր գորգերի տեսքով, քայլերի հաջորդական «կասկադով» և մտավ հրապարակայնության դաշտ` հաճելին համակցելով օգտակարի հետ. մի կողմից` լրագրողներին ԱԺ-ի դահլիճ չթողեց, մյուս կողմից` ցուցանեց անսահման լիբերալի իր խրոխտ էությունը, Արարատի մարզի ողջ համքարությանը պառլամենտ բերեց` «Բրաբիոնի» լայնամասշտաբ ծաղկեփնջով (հանուն արդարության մի փոքրիկ թերություն նշենք. սիրելի Արգամիչի մենթալ պլանում` կարծես գիգանտապաշտական տարրեր կան բնավորության մեջ) և այդպես շարունակ` մի շարք հարակից քայլերով նա կարողացավ իր իմիջը վերջնականապես բարձրացնել ու դարձնել անխոցելի: ՈՒ էդպես բարձրաիմիջ էլ մեկնեց Չինաստան: Նույնքան` իր նման էկզոտիկ ու էքսցենտրիկ Արևելք: Ոչ ավելի-ոչ պակաս` 40-հոգանոց պատվիրակությամբ, ուր այցին «անհրաժեշտները», հաշվենք` 20 հոգի, մնացածին, ուղղակի չես հասկանում, թե ինչու է Արգամիչը հասցրել Պեկին:
Չնայած, եթե դիտարկում ենք իր «նշանակման» հաջորդ օրը ողջ Արարատի մարզն ԱԺ բերման ենթարկելու հույժ օպերատիվ ու նույնքան ազգաշահ առաքելությունը (հիշենք, որ հավքերն իրենց թևերով, օձերն իրենց պորտերով չեն կարող ներթափանցել ԱԺ` նիստերի օրը), հասկանում ենք` ինչու: Մարդիկ մեկնել են նույնքան ոչ օրդինար, իր հոգևոր գիտությամբ անչափ հայտնի (Տիբեթն էլ հրեն` մի երկու մետր էն կողմ) Արևելք, որն անվերջ հոգևոր գիտություն ու էժան «տրիկոտաժ» է մատակարարում Եվրոպային... անհարմար չե՞ք զգում, ո՛վ տվեց «խալաթի» անուն, ո՞վ ասաց, թե կարող է իրենք էլ հետները խալաթ բերեն, ինչպես եղավ Արմեն Խաչատրյանի դեպքում:
Էդպիսի բան չենք ասում, բայց մի թեթև զարմանում ենք, որ հիմնական պաշտոնյաները պաշտոնական այցի են մեկնել իրենց տիկնանց հետ, այդ թվում և` Հովիկ Աբրահամյանը (փաստորեն, նա ողջ ընտանիքով է Չինաստանում):
Եվ եթե մի տեղ հասկանալի է վերջինիս տիկնոջ ներկայությունը, որովհետև նման այցերի ընթացքում դա պարզապես արարողակարգ է, ապա, ըստ մեզ փոխանցված լուրերի, ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանի, ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի տիկնայք նույնպե՞ս արարողակարգ են...
Եվ ընդհանրապես, որքանո՞վ է հասկանալի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի այս օրերին Մոսկվայով Պեկին 40-հոգանոց պատվիրակությամբ մեկնելը (չար լեզուներն ասում են` Տիգրան Թորոսյանն էլ մի ուրիշ ծայրահեղություն էր. նա մի գլուխ ԱԺ փողերն էր խնայում. իր հրաժարականից առաջ խորհրդարանի բյուջեում թողել էր 250 մլն դրամ խնայած փող, ապա և` արտասահմանյան նրա պատվիրակությունները 7-8 հոգուց ավելի չէին լինում):
Դե, ասենք, սա էլ ոչինչ:
Բայց որ մեկնում ես այդքան մարդով ու հետն էլ մեկ միլիարդ փող ես խնդրում Չինաստանից, բա դարերով իմաստնություն կուտակած չինացիք չեն մտածո՞ւմ` եղբայր, որ փող չունեք, ո՞ւր եք էդքանին հավաքել, մի հինգ-վեց օրով եկել, բա չեք կարո՞ղ իմաստուն լինել` ձեր փողերը խելամիտ ծախսել:
Արգամիչին մոտ կանգնածներն ասում են. է, մեկ միլիարդը կբերի, թող մի 100-200 հազար էլ ծախսի, ինչ կլինի՞, որ:
Էն կլինի, որ մենք երկիր-պետականությո՞ւն ենք, թե՞ երկրի հաշվին «տուրիստ» պահող, «բազար» անողներ: Սա` «ա»:
Եվ «բ». նույն Արգամիչի շրջապատում ողջ օրը դրած հաշվում էին խմբակցությունների, պատգամավորների, այն է` գործուղման մեկնողների, պետությանն անիմաստ «վնաս» տվողների ցուցակը, մատնանշում դրանք անուն առ անուն:
Բա հիմա ո՞նց հասկանանք:
Արգամիչենց մյուս պատճառաբանությունն այն է, թե իրենք` չինացիք էլ մեծ պատվիրակությամբ են գալիս Հայաստան:
Դե, կներեք, էլի. հենց միայն չինական խորհրդարանի նախագահությունը կազմված է 135 հոգուց, իսկ պառլամենտը` 4 հազար պատգամավորից: Հետո էլ` Չինաստանը միջուկային գերտերություն է: ՈՒ մեզնից դեռ վարկ չի խնդրել:
Դե, լավ, ոչինչ, թող Արգամիչը բերի էդ միլիարդը, հետո կտեսնենք:
Գուցե սկսենք իրեն ավելի «հուժկո՞ւ» սիրել:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3700

Մեկնաբանություններ