«Նա երազում էր մի ամբողջ փողոց ձևավորել Երևանում, կատարել ֆանտաստիկ բեմականացումներ իր իսկ ռեժիսուրայով և սցենարով, արդիական ձևավորումներով։
Սակայն...»
Պողոս ՀԱՅԹԱՅԱՆ
«Հենրի Էլիբեկյան»
ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՕԱԶԻՍՈՒՄ
Նախորդ դարի 60-ականներին կերպարվեստի բազմաթիվ ծիածաններ էին կապվել երկրի երկնակամարում։ Երկու կերպարվեստային հրաբուխներ՝ Սարյանն ու Քոչարը, ի սրտե օրհնում էին նոր տաղանդների ծնունդն ու վերելքը։ Հայ ազգային կերպարվեստում աննախադեպ վերելք էր, զարմանալի, նորարար և տաղանդավոր կերպարվեստագետներ էին ի հայտ եկել վրձնամտածողությամբ միմյանցից խիստ տարբեր, սակայն նույնական իրենց գեղարվեստական առաքելությամբ՝ արժանի լինել ազգային կերպարվեստի իրենց վիճակված ժամանակին։ Վրույր Գալստյան և Մինաս Ավետիսյան, Աշոտ Հովհաննիսյան ու Էդվարդ Արծրունյան, Մարտին Պետրոսյան և Ռոբերտ Էլիբեկյան... նաև Գայանե Խաչատրյան, Ալբերտ Պարսամյան, Էդուարդ Խարազյան, Երվանդ Խոջաբաշյան, Բենիկ Պետրոսյան, Հրաչյա Հակոբյան, Սեյրան Խաթլամաջյան, Հենրիկ Սիրավյան և Հենրի Էլիբեկյան։ Այս շրջանը զարմանալի բռնկում է. չէ՞ որ ասպարեզում էին Սարյանի և Քոչարի տաղանդավոր հոգեզավակները՝ Հակոբ Կոջոյանն ու Մհեր Աբեղյանը, Հարություն Կալենցն ու Միքայել Գյուրջյանը, Հովհաննես Զարդարյանը և Ռուբեն Շահվերդյանը, Էդուարդ Իսաբեկյանը և Արփենիկ Նալբանդյանը։ Թվարկումը կարելի է շարունակել, հայոց կենարար գենը պատմական մի նպաստավոր ակնթարթում մշակույթի, գիտության և արվեստի ոլորտներում փայլուն արդյունքներ էր արձանագրում։ Բայց վերադառնանք 20-րդ դարի 60-ական թվականներ, դեպի «Երկրի կերպարվեստի օազիսը»՝ 60-ականների հայ կերպարվեստի շլացուցիչ բռնկումը։
Անուրանալի է Հենրիկ Իգիթյանի ծանրակշիռ դերակատարումը։ Անկեղծ ասած, եթե չլիներ Իգիթյանը, նրան անհրաժեշտ էր ստեղծել։ Նա, ինչպես Սևակը 60-ականների գրական անդաստանում, նորարարության առագաստն էր պարզել ազգային կերպարվեստում և պատերազմ էր հայտարարել մեր ազգային-պետական ինքնությունը ճարակող գավառամտությանը։
Մի առիթով նա նշել է. «Երջանիկ է ոչ թե նա, ով զբոսնում է հարթ ու տրորված ճանապարհով, այլ նա, ով երբեմն նույնիսկ սայթաքելով ընկնում է ու ջարդվածքներ ստանում, ամրանալով նյութի դժվարության, իր առջև դրած խնդիրների դեմ մղած պայքարում, արվեստի նոր, անսպառ շերտերի յուրացման, ծանրամիտների քարացածության դեմ մղված պայքարում և այն պայքարում, որը տարվում է վերջնական համարվող տեսակների դեմ»։ «Վերջնական տեսակների» հրաշալի կոհորտան ձեզ վաղուց ծանոթ է։ Եվ այդ կոհորտայում իր ուրույն տեղն ու դերն ուներ Էլիբեկյան նկարչական տոհմի ավագությամբ երկրորդը՝ Հենրի Վաղարշակի Էլիբեկյանը։
Հենրիկ Իգիթյանի երբեմն հակասական, հաճախ իր ապրած ժամանակի տիրույթներում խորապես չընկալվող կերպարը ժամանակի ընթացքում կգնահատվի ըստ արժանվույն։ Մասնավորապես, «Ռոսլին» արվեստի հանդեսի առաջիկա համարներից մեկում կփորձենք նորովի հասկանալ նրան։
ԽԱՐԽԼԵԼ՝ ՍՏԵՂԾԵԼՈՎ
Հենրի Էլիբեկյանը ծնվել է Թբիլիսիում՝ 1936¬ին։ Հավանաբար Վաղարշակ Էլիբեկյանի թատերականացված հեքիաթներն են կանխորոշել պատանի Հենրիի կյանքի ճանապարհային քարտեզը։ Նա ընտրում է դերասանի մասնագիտությունը՝ 1954-56 թվականներին սովորելով Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտում։ Բայց գեղանկարն ու քանդակը նրա ներաշխարհում օր օրի դառնում են դրության տերը։ 1967-ին՝ բավականին ուշացած։ Տարեկիցները վաղուց էին բուհն ավարտել ու իրենց ճանապարհներն էին հարթում կերպարվեստի բավիղներում, Հենրին 31 տարեկանում է ավարտում գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը։ Մեկ տարի անց մեկնում է Մոսկվա, երեք տարի ապրում և ստեղծագործում է խորհրդային կայսրության մայրաքաղաքում։ Նրա վերադարձը Երևան պայմանավորված էր երկրում սեփական, երբեմն գրեթե անհավանական մտահղացումներն իրականացնելու երազանքով։ 1971-80-ականներին ստեղծում է աննախադեպ մի դիմանկարաշար, պատկերելով նկարիչների, բանաստեղծների և կոմպոզիտորների՝ Կոմիտաս և Չարենց, Փիրոսմանի և Թաիրով, Բեթհովեն, Վախթանգով, Մեյերխոլդ, Փարաջանով և այլք։ Հետո եկավ բնանկարի և նատյուրմորտի ժամանակը։ Բայց ավելի տեղին է հիշել ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանի «Հայ կերպարվեստի զարգացման ուղիները 19-20-րդ դարերում» աշխատության մեջ նրան նվիրված հատվածը. «Անհանգիստ, պրպտող, անընդհատ որոնող, գեղարվեստական արտահայտության նոր ձևեր փնտրող, ավանգարդիզմի անսովոր, հաճախ էքսցենտրիկ, լեզվով դիտողին դիմող արվեստագետ է Հենրի Էլիբեկյանը։ Ե. Քոչարի նման նա նույնպես իր ուժերը փորձում է կերպարվեստի տարբեր տեսակների մեջ, ստեղծագործական մոլեռանդությամբ ու համառությամբ ձգտում է խարխլել դրանց արտահայտչական սպեցիֆիկ սահմանները, նկարչությանը՝ տարածական ու ծավալային, իսկ քանդակագործությանը՝ ժամանակային չափում հաղորդել, շարժման մեջ դնել։ Հ. Էլիբեկյանի արվեստը նույնպես առանձնանում է պլաստիկական էքսպրեսիվ լեզվով, գունային սուր ընկալումներով, ասոցիատիվ վառ ստեղծաբանական-իմպրովիզացիոն ազատ, անկաշկանդ մտածողությամբ»։
Անկասկած արժե Հենրի Էլիբեկյանի ստեղծագործությունները ներկայացնել տողերիս հեղինակի ժամանակին մտահղացած «Մաեստրո Քոչար» պուրակում և երկրի այլ քաղաքների զբոսայգիներում։ Բայց այս ամենը կիրականանա միայն այնպիսի Հայաստանում, որը հենված կլինի «Անկախության հռչակագրի» հիմնադրույթների վրա։
Տիար Հենրին խարխլում էր՝ ստեղծելով։ Եվ այսօր իրականանալի է նրա պատգամը՝ խարխլենք ստեղծելով։
ԴԱՎԱԴԻՐՆԵՐԸ՝ ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԵՐՊԱՐՎԵՍՏՈՒՄ
(ի զեն)
Արգո գեղանկարիչներ, հարգարժան քանդակագործներ, մտովի տեսնում եմ ձեզ Սարյան փողոցում և Հանրապետության հրապարակում, Բաղրամյան և Տիգրան Մեծ պողոտաներում, առհասարակ բոլոր այն վայրերում, որտեղ իշխանակույտը հանրապետության ոստիկանությանը վերածել է ահաբեկչական բիրտ ուժի, որը կիրառվում է հանուն պետականության ինքնության ցույցի ելած ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Նկարեք ոստիկանությանը կցորդված դիմակավորներին, դրանց թիկունքում ուրվագծեք այս ելուզակների դրդիչներին և կնքահայրերին։
Պատմական պահը հասունացել է, որ նկարեք «դժգույն և դժբախտ քաղաք» բերդաքաղաքը, և նրա կենտրոնում երկու խրախճանքի հանգրվան։ Առաջինում մի սեղան է տեղադրված, որի շուրջ, մուղամի նվագակցության տակ, թեյ են խմում երկու տիկնայք` Մեհրիբանը և Աննան։ Երկրորդ հանգրվանում կազմակերպեք մի քանդակագործական սիմպոզիում և կերտեք բերդաքաղաքի բանալիները հրոսակին հանձնող ռազմաքաղաքական դարակազմիկ դավադրության բոլոր շահառուներին, որոնք նույն մուղամի ուղեկցությամբ հարբում ու նշում են պետականակործան դավի դիվային հաղթանակը։ Քիչ հեռվում ահա տեսնում եմ War Conzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովին, որի արձանի մոտ հարկ է մի պղնձաձույլ վահանակ տեղադրել և վրան ոսկետառ քարագրել վերջինիս պատմա-քաղաքական հռչակագիրը. «Ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ գիտեմ, համոզված եմ, ունեմ ապացույցներ, որ Շուշին համաձայնագիրը ստորագրելու պահին, նախքան Ադրբեջանի դրոշի օրը, չէր գրավվել ռազմական ճանապարհով։ Դա ամբողջովին ճշմարտություն է։ Շուշիում գտնվել են Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները»։
ԱՆՊԱՐՏԵԼԻ ԱԶԳԸ ՈՐՄՆԱՆԿԱՐՈՒՄ
Վարդանանց ազգային-ազատագրական պայքարին նվիրված հրաշալի որմնանկարներ են ստեղծվել։ Հանրահայտ է Գրիգոր Խանջյանի «Վարդանանց պատերազմը»։
Այսօր անհրաժեշտ է գնահատել պատմական լրջագույն պահը և այն պատկերել որմնանկարում։
Չեմ խուսափում և ձեզ եմ ներկայացնում ստեղծվելիք որմնանկարների գաղափարը՝ Հայաստանը և հայ ազգը չեն պարտվել այս վերջին պատերազմում։ Հայաստանի, համայն հայության և ազգային ինքնության դեմ սանձազերծվեց սանձարձակությամբ նախօրինակը չունեցող դավադիր մի գործընթաց։ Ստեղծվելիք որմնանկարում լույսի մեջ մտովի տեսնում եմ ազգի և պետության համար նահատակված զինվորին ու սպային, կամավորականներին և, իհարկե, Արցախի փառապանծ ժողովրդին։ Որմնանկարների մթին խորշերում պատկերեք պետականակործան դավի գերագույն հակահերոսներին։
Այսպիսով, ստեղծվելիք, կասկած չունեմ, տաղանդավոր որմնանկարներում կերպավորեք 2020-ի դրախտն ու դժոխքը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ