Այս օրերին սոցիալական ցանցերը ողողված են տարբեր բովանդակությամբ նյութերով, որոնց մի մասը, մեղմ ասած աբսուրդային իրականության պատկերն է, մի մասն էլ՝ զոմբիացած ֆեյքերի ու վարձու մեկնաբանների լկտի բարբաջանքը: Ռեալ ու անկողմնակալ դատողություններ անողները ցավոք, շատ քիչ են: Զրուցակիցս արցախցի սիրված երգչուհի ԼԻԼԻԹ ԱՎԱՆԵՍՅԱՆՆ է:
-Լիլիթ, մի քանի օր է արդեն Արցախում ես։ Ի՞նչ է փոխվել։
-Ամեն ինչ փոխվել է, քանի որ մենք նույնը չենք կարող լինել: Նոր կյանք է սկսվում բոլորիս համար, առաջին քայլերը, հուսով եմ, դեպի լավ ապագա: Ցավս խորն է… Տեսնել այս ամենն ու չցավել՝ ուղղակի անհնար է: Բայց վստահ եմ, որ արցախցին չի՛ կոտրվելու, դա մեր հողից է գալիս, մեզ ուժ են տալիս մեր տղաները, զոհված հզոր տղաների մասին հիշողություններն ու նրանց սխրանքը:
-Այսօր մարդկանց տարբեր շրջանակներ քննարկում են ստեղծված իրավիճակը։ Նաև քաղաքական ուժերն են որոշ քայլեր անում այս ամոթալի իրավիճակից դուրս գալու համար։ Քո կարծիքով` վարչապետի հրաժարականն ինչ-որ բան կփոխի՞։
-Վարչապետի պահով կասեմ մեկ բան՝ հրաժարականը քիչ է: Աստված է դատողը:
-Պատմության մեջ ամոթալի է՞ջ բացվեց հայերիս համար։
-Իմ կարծիքով` ամոթալի չի կարելի անվանել մեկ մարդու պատճառով: Մի հոգին չի կարող մի ողջ հզոր ազգ խայտառակել: Մեր տղաները կռվել են մինչև արյան վերջին կաթիլը: Հող սիրողը պահել է հայրենիքը, չսիրողը՝ հանձնել: Փառք մեր բոլոր հերոսներին: Պետք է սրբությամբ պահենք նրանց անունը: Իսկ այդքան խեղված ճակատագրերի համար դեռ պետք է արժանի հատուցում լինի: Մեծ ցանկություն ունեմ, որ անհայտ կորածները մի օր հրաշքով տուն գան, վիրավորները բուժվեն և ամեն ինչ բարեհաջող լինի: Արցախը կապրի, միանշանակ կապրի: Կապրենք և մենք, իսկ պատիժը չի ուշանա: Միշտ հպարտ ասում եմ` պատիվ ունեմ։
Զրույցը`
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ