ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Նրա վերջին խոսքն էր` Հայաստան

Նրա վերջին խոսքն էր` Հայաստան
11.10.2012 | 17:20

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գրադարանում տեղի ունեցավ հանդիսություն` նվիրված Գրադարանավարի օրվան։ Երեկոն բացեց թաղապետարանի աշխատակազմի, կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արևիկ Պետրոսյանը և փոխանցեց վարչական շրջանի ղեկավարի շնորհած պատվոգրերը գրադարանային համակարգի տնօրեն Լենա Սարգսյանին և Դանիել Երաժիշտին` համայնքի մշակութային կյանքին ակտիվ մասնակցության համար։ Իր հերթին, գրադարանի տնօրենը շնորհակալագրեր հանձնեց աշխատակիցներին, տարվա ակտիվ ընթերցասերներին և հանդիսավար, ասմունքող Աննա Կոստանյանին։ Ներկաներին երգով ու նվագով ողջունեցին թիվ 84 մանկապարտեզի սաները, Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտները, հնչեցին նաև հայ դասականների և ինքնուսների բանաստեղծություններ։

Ահա այս տոնական մթնոլորտում տեղի ունեցավ կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանին (1956-2001 թթ.) նվիրված` Դանիել Երաժիշտի գրքի շնորհանդեսը։ Չնայած իր կարճատև կյանքին, Լուսիկյանը զգալի հետք թողեց մեր մշակութային կյանքում։ Նա ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային և ստեղծագործության բաժինները։ 1984-ից, ասպիրանտուրան ավարտելուց հետո, դասավանդել է կոնսերվատորիայում։
1992-ին նշանակվել է ՀՀ մշակույթի փոխնախարար, 1997-ին հիմնադրել է Հոգևոր երաժշտության ուսումնասիրության պետական կենտրոնը։ Լուսիկյանի ակտիվ մասնակցությամբ կազմակերպվել են «Բռավո, Հայաստան» (ԱՄՆ), «Հայաստանի շավիղներ» (Ֆրանսիա) փառատոները, բեմադրվել են նոր ներկայացումներ և այլ միջոցառումներ, որտեղ նա հանդես է եկել նաև որպես կոմպոզիտոր և դաշնակահար։ 2000-2001 թթ. Լուսիկյանը գտնվում էր Լոս Անջելեսում, որտեղ «Լարկ» դպրոցի աշակերտների մասնակցությամբ ձայնագրեցին նրա «Տոտիկ-տոտիկ» մանկական երգերի շարքը։ Այստեղ էլ կոմպոզիտորն ավարտեց իր երկրային կյանքի ուղին։ Նրա վերջին խոսքն էր` Հայաստան։
Այս ամեն մասին տեղեկանում ենք հիշյալ մենագրությունից։ Գիրքը բաղկացած է երեք բաժնից` կենսագրական, ստեղծագործական-վերլուծական և հուշագրական։
Գլուխների վերնագրերն արդեն իսկ ուրվագծում են կոմպոզիտորի և նրա արվեստի դիմագիծը։ Ահա մի քանիսը. «Անավարտ սիմֆոնիա-անավարտ կյանք», «Նրա երգն ավելին արժե, քան այլոց սիմֆոնիաները և օրատորիաները» (մոսկովյան մրցույթում նրա հաղթանակի առթիվ կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանի գնահատականն է), «Պիոներական» քայլերգից մինչև «Գողգոթա», «Գարուն կանչող ժամհարը», «Լուսաժպիտ բալետը» («Ճպուռն ու մրջյունը» և այլն)։
Գիրքը բացվում է երջանկահիշատակ Էդվարդ Միրզոյանի խոսքով. «Երևի չգտնվեր մի մարդ, որ նրա մասին լավ չմտածեր և լավ չխոսեր... Ես համոզված եմ, որ վատ մարդը լավ երաժշտություն չի կարող ստեղծել...
Նրա ամեն մի գործ, անկախ ժանրից, միայն և միայն ուրախացրել է... Նրա ուսուցիչ Ղազարոս Սարյանը շատ ուշադիր էր և բարձր է գնահատել Ստեփանի տաղանդը...
Այս ամենը, ինչ ասացի, միայն ճշմարտություն է»։
Գրքի հեղինակն ընթերցողին է ներկայացնում նաև կոմպոզիտորի գործերի խորաթափանց վերլուծությունը` հայրենասիրական, քնարական երգերի (Վ. Տերյանի, Հ. Սահյանի, Էդ. Միլիտոնյանի և իր իսկ խոսքերով գրված), Լարային կվարտետը, «Սիրամարգ» ջութակի մենանվագը։ Հատկապես մեծ տեղ է տրված կոմպոզիտորի վերջին գործին` «Գողգոթա» դաշնամուրային կոնցերտին, որը Լուսիկյանը կատարել էր 1998 թ. նոյեմբերի 6-ին` Գերմանիայի Հալլե քաղաքի կամերային նվագախմբի ընկերակցությամբ։
«Լուսիկյանի կոնցերտը մի «սիմբիոզ» է, որում սինթեզված են հոգևորը, ժողովրդականը, դասականը, դաշնամուրի զարդոլորուն նվագը մերթ հնչում է իբրև շարական, մերթ նմանվում գուսանական իմպրովիզացիայի` հնչում իբրև քանոն, սանթուր, թառ...» (Դանիել Երաժիշտ, Ստեփան Լուսիկյան, Ե., 2012, էջ 70)։
Կոմպոզիտորի կերպարն ամբողջացնում են ժամանակակիցների գնահատականները։ «Գողգոթա» կոնցերտը նրա գլուխգործոցն էր, Լուսիկյանի «ոսկեվարդը», որը նա դրեց Երաժշտության պատվանդանին» (Սվետլանա Նավասարդյան)։
«Ով երբևէ լսել է Սևանա լճի ափին գտնվող տաճարի մոտ հնչող դուդուկի նվագը, նա կնկատի, թե որքան է Լուսիկյանի ինտոնացիան բուն հայկական մշակույթի մաս հանդիսանում» (Թոմաս Բուխհոլց, գերմանացի կոմպոզիտոր, Հալլե, 06.11.1998 թ.), «Այսօր էլ ականջիս պարզ հնչում է նրա հեղինակած «Շողոքորթը» բեմադրության չքնաղ երաժշտությունն իր «Թադեի երազով», որը իրավամբ գնահատվել էր իբրև երաժշտական մտքի կատարելություն» (Ռուբեն Մաթևոսյան)։
«Ստեփանը կա և կլինի... Հենց նրա անմոռանալի անձին է կարելի ամենայն իրավացիությամբ վերագրել նոր սերնդի գնահատականը, որը տրված է մեծատաղանդ Դանթե Ալիգիերիին, և որը փորագրված է նրա գերեզմանաքարին. «Այստեղ նա չկա, փնտրեք նրան ողջերի մեջ» (Արմեն Սմբատյան, պրոֆեսոր, արտակարգ և լիազոր դեսպան, 13.06.2006 թ.)։
Հիշյալ շնորհանդեսը և առհասարակ, Գրադարանավարի օրը զարդարեցին Ս. Լուսիկյանի ձայնագրված երկու երգերը` «Երանի» և «Հայաստան»։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ