ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«Երբ ամիրապետը մոտենում է Օձնեցու մարմնի վերքերը տեսնելու, արյան կաթիլ է ցայտում նրա աչքին, և կույր աչքը սկսում է տեսնել»

«Երբ ամիրապետը մոտենում է Օձնեցու մարմնի վերքերը տեսնելու, արյան կաթիլ է ցայտում  նրա աչքին, և կույր աչքը սկսում է տեսնել»
28.09.2012 | 12:06

Հայազգի սրբերի շիրիմներ Հայաստանում քիչ կան. մեծ մասը մնացել է Արևմտյան Հայաստանում: Օշականում Մեսրոպ Մաշտոցի գերեզմանն է, Տաթևի վանքում` Գրիգոր Տաթևացու, Արդվիում` Հովհաննես Օձնեցու, որ նվիրական ուխտատեղի է հայ հավատացյալների համար:
Ամեն տարի ապրիլի 17-ին Լոռվա մարզի Օձուն գյուղում մեծ շուքով նշվում է սբ. Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցու տոնը: Բազմաթիվ ուխտավորներ Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին տաճարում մասնակցում են պատարագի, որից հետո այցելում են Արդվի գյուղի Սրբհանեսի վանք, ուր գտնվում է Օձնեցու շիրիմը:
Տարածաշրջանի շրջանավարտները, ավանդույթի համաձայն, Արդվիի եկեղեցու զանգն են հնչեցնում (միակ պահպանված զանգն է տարածաշրջանում), որ կատարվեն իրենց երազանքները: ՈՒխտավորները, որոնց հոսքը երբեք չի դադարում, պատմում են իրենց հետ պատահած հրաշքների մասին:
Սուրբ Հովհաննես Օձնեցին, որ հայտնի է նաև Իմաստասեր անունով, հայ եկեղեցու մեծագույն հայրապետներից է: Գահակալության 11 տարիներին (717-728 թ.թ.) կարողացել է դիմակայել բյուզանդական ու արաբական ճնշումներին, պայքարել աղանդավորության դեմ:
«Ասում են, որ օտարները նախանձում էին հայերին, որ այդպիսի առաջնորդ են ունեցել: Օձնեցին և՛ քաղաքական, և՛ հոգևոր առաջնորդ է եղել ու լավագույնս ղեկավարել է ազգը,- պատմում է Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը:- Ըստ վարքագիրների, հոգևոր ու մտավոր կատարելությունից զատ, փայլել է նաև արտաքին վայելչությամբ: Արաբ խալիֆը, լսելով Օձնեցու գեղեցկության և իմաստության մասին, ցանկանում է նրա հետ անձամբ հանդիպել և հրավիրում է Դամասկոս (719 թ): Երբ Օձնեցին ներս է մտնում, ներկաները զարմանում են նրա շքեղ տեսքից: Դամասկոսում հայոց կաթողիկոսը ներկայանում է խալիֆին «փայլուն և շքեղ զգեստներով պճնված, աղեբեկ ծաղկյալ մորուսը ոսկեփունջ կազմած և օպնիազից պատրաստված ոսկենկար գավազանով»: Ամիրապետն ասում է, թե ինքը լսել է, որ Հիսուսը և նրա առաքյալները եղել են հեզ ու խոնարհ, աղքատությունը սիրող, պարկեշտ և ճոխությունից հեռու, ուստի ինչպե՞ս է ստացվել, որ նրանց հետևորդը ներկայանում է նման շքեղությամբ: Օձնեցին պատասխանում է, որ նրանք իրենց իշխանությունը գործադրելու և ժողովրդի վրա ազդեցություն ունենալու համար հրաշագործության ուժ ունեին, և քանի որ ինքն այդ ուժը չունի, արտաքին տեսքով ու խոսքով է ազդում մարդկանց վրա, իսկ եթե ուզում է իր ներքինը տեսնել, ասում է, որ պետք է ներկաներին դուրս հրավիրի: Օձնեցին հանում է իր շքեղ զգեստները, և ամիրապետը նրանց ներքո տեսնում է այծի մորթուց քուրձը: Երբ ամիրապետը մոտենում է վերքերը տեսնելու, արյան կաթիլ է ցայտում նրա աչքին, և կույր աչքը սկսում է տեսնել:
Արաբ խալիֆը հայտարարում է, որ հայոց կաթողիկոսի ցանկացած խնդրանքը կկատարի: Օձնեցին նրան դիմում է երեք խնդրանքով. այն է, որ 705-ին Խրամում, Նախիջևանում այրված իշխանների ժառանգները վերադառնան Արևելյան Հայաստան, ժառանգեն իրենց իշխանությունը, նրանցից հարկեր չվերցնեն երեք տարի, մինչև կկայանան։ Խնդրում է նաև, որ եկեղեցուն ազատ գործելու հնարավորություն տրվի, և եկեղեցին ու վանքերը ազատվեն հարկերից:
728-ին Օձնեցին հրաժարվում է կաթողիկոսական գահից, տեղապահ է ընտրում Դավիթ Արամոնեցուն և գալիս է Դվինից Արդվի, զբաղվում է ուսուցչությամբ, ճգնակեցությամբ և կարծում է` լավագույն բանը, որ կարող է անել ազգի համար, աղոթելն է: Այսօր էլ երկնքում մեզ համար բարեխոս է»:
Միասնական հնչած «Հայր մերից» հետո տեր Վրթանեսը վստահեցրեց, որ Օձնեցու բարեխոսությամբ Աստված մեր բոլորի աղոթքը լսելի կանի:
Սուրբ Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի գլխավոր ձեռնարկներից է հայ եկեղեցու բարեկարգման համար 726-ին գումարված Դվինի ժողովը, ինչպես նաև նույն թվականի Մանազկերտի ժողովը, որի նպատակը հայերի ու ասորիների ընդհարումներին վերջ տալն էր:
Օձնեցին թողել է հարուստ ու արժեքավոր գրական ժառանգություն: Նրա «Կանոնագիրք հայոց»-ը հայ իրականության մեջ իրավաբանական առաջին մեծ ժողովածուն է, որտեղ ի մի են բերված եկեղեցական կանոնները: Հեղինակ է նաև բազմաթիվ ճառերի և շարականների:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ